«Սյունյաց երկիր» թերթի՝ Մորուս Հասրաթյանին նվիրված բացառիկ համարի շնորհանդեսը Երեւանում

25.03.2019 16:31
1453

«Սյունյաց եկրի» թողարկած բացառիկ համարների թիվը հասնում է մոտ երկու տասնյակի՝ նվիրված հայ ազգի մեծերին, Սյունիքի ոստաններին: Եվ նման հատուկ թողարկումների շնորհանդեսներ են եղել Կապանում, Գորիսում, Սիսիանում: Այս անգամ՝ Երեւանում: 

Մարտի 22-ին Երեւանի «Օպերա Սուիթ» հյուրանոցում տեղի ունեցավ «Սյունյաց երկիր» թերթի՝ Մորուս Հասրաթյանին նվիրված հատուկ համարի շնորհանդեսը: 

Միջոցառմանը մասնակցում էին գրականագետներ, պատմաբաններ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներ, Աժ պատգամավորներ, Մորուս Հասրաթյանի հարազատները, նախկին ուսանողները: 

Խորհուրդ կա նրանում, որ շնորհանդեսը սկսվեց ժողգործիքների «Երգանի» քառյակի ելույթով, որ հնչեցրեց սայաթնովայական մեղեդիներ՝  կարծես հավաստելով ճշմարտությունը, որ Մորուս Հասրաթյանն անուրանալի ավանդ ունի սայաթնովագիտության մեջ:

Առաջինը ելույթ ունենալու պատիվը տրվեց Մորուս Հասրաթյանի կրտսեր  որդուն՝  ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր-պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանին: Շնորհակալություն հայտնելով  «Սյունյաց երկիր» թերթի խմբագրությանը՝ բացառիկ համար լույս ընծայելու  եւ հովանավորին՝ բավականին շքեղ ու ծախսատար հրատարակության տպագրությանը նպաստելու համար, բանախոսը նշեց, որ սա Մորուս Հասրաթյանին նվիրված  «Սյունյաց երկրի» երկրորդ  հրատարակությունն է. երեք տարի առաջ տպագրվեց մի բացառիկ համար, որը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական  խորհրդի որոշմամբ տպագրվել է  առանձին գրքով՝ «Մորուս Հասրաթյան. նշանավոր սյունեցին, ականավոր պատմաբանն ու բանասերը» խորագրով: Նաեւ հավելեց, որ ներկա հրատարակությունը  նախորդից տարբերվում է նրանով, որ ներկայացված են Հասրաթյան տոհմի մյուս ներկայացուցիչները, ովքեր ավանդ են ունեցել հանրապետության մշակութային, սոցիալ-տնտեսական կյանքում, նախեւառաջ՝ Երեւանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը, ում պաշտոնավարման օրոք Երեւանը ծաղկում  ապրեց, ինչպես նաեւ ամսագրում զետեղված են Հասրաթյան տոհմի շառավիղները:

Տեսաերիզի միջոցով ներկայացվեց Մորուս Հասրաթյան հայագետի, գիտնականի, նվիրյալ մարդու կյանքի առանցքային դրվագները, պատմվեցին հուշեր: 

ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Թովմաս Պողոսյան. «Մորուս Հասրաթյանը հայ ժողովրդի ամենամեծ երախտավորներից է, հայագիտությամ մեջ նշանավոր դեմք, ինձ առավել գերել են Սայաթ-Նովայից  նրա կատարած թարգմանությունները: ՈՒշադրություն դարձրեք ամեն բառին ու խաղերի կառուցվածքին, հատիկ-հատիկ, ամեն մեկն ընտրված է անթերի լեզվով: Այդքան հարազատ, այդքան ճշմարտացի Սայաթ-Նովային տիրապետող մեկին չգիտեմ: Շատ լավ է թարգմանել, աննման: Կասկած երբեք չեն հարուցում, որ դա Սայաթ-Նովան չի գրել»: Թ. Պողոսյանի այս խոսքը հնչեց էկրանից:

Ելույթ ունեցավ Մորուս Հասրաթյանի ուսանողը՝ լրագրող Յուրի Սահակյանը, ով «քայլող հանրագիտարան» Մորուս Հասրաթյանի մասին իր հեղինակած հուշերի գիրքն անվանել է՝ «Մորուս Հասրաթյան. թանկագին քարը»: Յու. Սահակյանը Մ. Հասրաթյանի ուսանողն է եղել եւ նշեց, որ գիտնականի հետ յուրաքանչյուր հանդիպում  մի յուրօրինակ աշխարհ էր, գեղեցիկի, մարդկայինի հետ շփվելու մի առիթ, որ մարդու կյանքում անմոռաց է մնում: Երբ հայրենի Սիսիան էր այցելում, ժողովուրդն օղակում էր նրան, եւ գիտնականը սիրով էր պատասխանում  յուրաքանչյուրի հարցին, հետաքրքրվում ամեն մեկի որպիսությամբ: «Մորուս Հասրաթյանն իր ողջ էությամբ ժողովրդի հետ էր, հուշերիս գրքի մեջ այդ միտքն ընդգծել եմ, դեմ էր, երբ մարդուն գնահատում են կոչումով կամ զբաղեցրած դիրքով» -այսպես եզրափակեց իր խոսքը Յու. Սահակյանը:

Բանասիրական գիտությունների դոկտոր, սայաթնովագետ Հենրիկ Բախչինյանը հուշեր ներկայացրեց. «Մի անգամ եմ հանդիպել Մորուս Հասրաթյանին, 1975 թվականին: Դա պատմական օր էր: «Սովետական Հայաստան»  թերթում հրապարակվել էր իմ հոդվածը: Կարդալով այն՝ իր մոտ  հրավիրեց երիտասարդիս, ասելով՝ մի քանի խոսք ունեմ հաղորդելու: Մեկ անգամ եմ հանդիպել ընդամենը Հասրաթյանին, նրան համարում եմ մեկ օրվա ուսուցիչս, բայց նրա տված մեկ օրվա դասն ինձ համար տեւում է ահա մինչեւ հիմա՝ քառասուն եւ ավելի տարի: Հասրաթյանն  ասաց, որ եթե ուզում եմ զբաղվել գիտությամբ, առավել եւս սայաթնովագիտությամբ, ապա պիտի զինվեմ խորագիտակությամբ, սովորեմ լեզուներ, խորանամ բանասիրության մեջ: Շատ լավ է, ասաց, որ թիֆլիսեցի ես, վրացերեն գիտես, բայց պիտի նաեւ արեւելյան լեզուներով հետաքրքրվես, պիտի անպատճառ Սայաթ-Նովայի ձեռագրերով զբաղվես: Հիշեց իր ժամանակի մի քանի դիլետանտների, որոնք, իր ասելով, գրչի մի հարվածով, թեթեւ ձեռքով ցանկանում են գյուտեր անել եւ ոչ միայն սայաթնովագիտության, այլեւ ընդհանրապես գիտության մեջ ոչինչ չեն բերում, ավելին՝ խանգարում եւ խոչընդոտում է սայաթնովագիտությանը, ինչպես խանգարել եւ խանգարում են հենց իրեն՝ Մորուս Հասրաթյանին: 

Ինքը փառահեղ մարդ էր, պատկառելի անձնավորություն, իրեն ոչ թե խրատատուի, խորհրդատուի դեր էր վերապահում, այլ այդ ամենն այնքան հիմնավոր ասաց, գիտնականին վայել լրջությամբ, որ տասնամյակներով դաջվել էր հիշողությանս մեջ եւ աշխատում եմ մինչեւ հիմա կատարել վաստակաշատ գիտնականի պատգամը: Իմ Մորուս՝ շատ-շատ շնորհակալություն հոգածության համար»:

Միջոցառմանն անդրադարձ եղավ Մորուս Հասրաթյանի վիճահարույց հոդվածներին: Որոշ մասնագետներ Վարդան Մամիկոնյանի գերեզմանը փնտրել են Ավարայրի դաշտում, ոմանք Նախիջեւանի Աստապատ գյուղի մոտ, Կարմիր վանքին կից սրբավայրում, ոմանք՝ Արագածի լանջերին: Մորուս Հասրաթյանը պնդում էր, որ սպարապետ Մամիկոնյանի աճյունն Անգեղակոթ գյուղում է՝ Նախիջեւան տանող խճուղու եզրին: Ըստ նրա՝ գոնե տեսականորեն Անգեղակոթի Սուրբ Վարդան Զորավոր եկեղեցում թաղված պիտի լինի սպարապետի դին, ու հողին են հանձնել Ավարայրից նահանջող հայոց զորքերը: Մորուս Հասրաթյանը պնդում էր, որ իր սկսած պեղումները շարունակել է պետք, ամենածանր գործն ինքն արել է: 

Ելույթ ունենալով՝ հնագետ Տիգրան Ալեքսանյանը փոխանցեց ներկաներին, որ պեղումներ են արել  Մորուս Հասրաթյանի  նշած վայրում, հայտնաբերվել են  վաղ միջնադարում բավականին տարածված թաղումներ, մասունքներն ուղարկվել են Եվրոպա՝ փորձաքննության, որից հետո կտրվեն մի քանի հարցերի պատասխաններ:

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանն իր խոսքը սկսեց շնորհակալությամբ ու երախտագիտությամբ, որոնք նախեւառաջ ուղղված էին համարի հովանավոր Միքայել Մինասյանին եւ հաջողություններ մաղթեց նրան։ Բանախոսն անդրադարձավ Մորուս Հասրաթյան գիտնականին հատուկ համար նվիրելու պատմությանը ու նշեց, որ առաջին անգամ թերթն առանձին համարով նրան ներկայացրել է 2016 թվականին, ու մեկ տարի առաջ գաղափար հղացավ եւս մեկ բացառիկ համար նվիրել Մորուս Հասրաթյանին՝ այս անգամ` ամսագրային տարբերակով։ Այս համատեքստում Սամվել Ալեքսանյանը երախտագիտության խոսք հնչեցրեց ամսագրի ստեղծմանն իրենց նպաստը բերած մայրաքաղաքի գիտական հիմնարկներին եւ գիտնականներին` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դավիթ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյան, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյան, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյան, ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Մուրադ Հասրաթյան, հանրապետությունում ճանաչված հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյան։ Մարդիկ, ովքեր համարի ստեղծման առաջին օրվանից մինչ լույս ընծայումը խմբագրության աշխատակազմի կողքին էին։ «Նման մարդկանց աջակցությունը պարտավորեցնում է եւ, մենք քաջալերված ենք  շարունակելու այդ գործընթացն ու անպայման նման կարգի համարներ շարունակելու ենք հրատարակել»,- հավաստիացրեց Սամվել Ալեքսանյանը եւ հավելեց, որ խմբագրությունը պատրաստվում է մի ամբողջական համար նվիրել Խնձորեսկ գյուղին։

Երախտագիտության խոսք ասաց Մորուս Հասրաթյանի «հոգեզավակը»՝ նրա ուսանողը` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր Աելիտա Դոլուխանյանը. «Շատ երջանիկ եմ, որ եղել եմ Մորուս Հասրաթյանի ուսանողը, բայց իմ շփումը նրա հետ չի ավարտվել միայն ուսանողության շրջանում, այլ ասպիրանտական տարիներին, եւ երբ արդեն գիտությունների թեկնածու էի, նրան հաճախ այցելել եմ, երբ աշխատում  էր պատմության թանգարանում։ Խորապես գնահատելով Հենրիկ Բախչինյանի ելույթը, ուզում եմ ասել, որ Մորուս Հասրաթյանը շատ մեծ գործ է կատարել Սայաթ-Նովայի ժառանգության ուսումնասիրման համար, որ նրա անունը միջազգային հնչեղություն ունի։ 1999 թվականին Օքսֆորդում լույս է տեսել մի ստվար հատոր «Սայաթ-Նովա` 18-րդ դարի տրուբադուր», եւ այդ գրքում  70 անգամ հղում կա  Մորուս Հասրաթյանին։ Պետք է ասել, որ Չարլզ Դաուսեթը, ով հիանալի գիտի վրացերեն, թուրքերեն, պարսկերեն, Օքսֆորդի նշանավոր պրոֆեսորներից է, շատ հարցերում ուղղակի շարունակում է Մորուս Հասրաթյանին։ Ինձ թվում է` դրանից մեծ գնահատական  չկա։ Ուզում եմ մի դրվագ ներկայացնել Գրիգոր Հասրաթյանին առնչվող. 1963 թվականին, երբ ուսանող էի, բացվեց Սայաթ-Նովայի հուշարձանը, մայրաքաղաքի ուսանողության անունից ես եմ ասել գնահատանքի խոսքը, բայց դա չէ էականը։ Իմ կողքին կանգնած էին 20-րդ դարի ամենանշանավոր նկարիչներ, գրողներ` Ռոքուել Քենտը. Ստեյնբեքը եւ շատ ուրիշներ։ Ես կուզենայի, որ չմոռանանք Երեւան քաղաքի այդպիսի ղեկավարին, որպիսին էր Գրիգոր Հասրաթյանը։

Եվ երրորդը, որ կուզեի նշել, այն է, որ իմ խորին համոզմամբ՝ Մորուս Հասրաթյանի վրա ամենամեծ ազդեղությունը թողել են մեծագույն հայագետներ Նիկողայոս Մառը եւ Հովսեփ Օրբելին, որովհետեւ նա մի մարդ էր, ով իր վարքագծով շատ նման էր նրանց։ Մի անհատականություն էր, որի գործի եւ խոսքի մեջ ոչ մի հակասություն չկար։ Ես ուրախ եմ, որ այդ մեծ հայրենասերի, միջազգային առումով մեծության աշակերտն եմ եղել»։

Շնորհանդեսը եզրափակվեց «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի գործադիր տնօրեն Մերի Մելիքյանի խոսքով, ով երախտագիտություն հայտնեց «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմին, խմբագիր Սամվել Ալեքսանյանին՝ բացառիկ թողարկման համար եւ հայտնեց, որ հիմնադրամն առաջիկայում եւս հանդես կգա նոր նախաձեռնություններով։ 

Շնորհանդեսից հետո տակավին միջոցառման մասնակիցները չշտապեցին բաժանվել իրարից. շարունակում էին հուշեր  պատմել, շփվել նրա հարազատների հետ, նաեւ նրանց հետ լուսանկարվում էին՝ հավերժացնելով հիշարժան օրը: Մորուս Հասրաթյանի ավագ որդու՝ Բակուրի դուստր Նունե Հասրաթյանն ընտրել է պապիկի մասնագիտությունը. ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը: Տպավորված է «Սյունյաց երկրի» հրատարակած համարով, նրանում զետեղված նյութերի բազմազանությամբ: Պապիկին հիշում է որպես մարդասեր, շրջապատի նկատմամբ ուշադիր մարդ, ով անսահման սիրում էր Սյունիքը: Քանի որ Մորուս Հասրաթյանը շփվել է Չարենցի հետ, Նունե Հասրաթյանը նրանից հարցրել է, թե մեծամի՞տ էր Չարենցը, պապը մի բառով է  պատասխանել՝ հանճարեղ էր: Պապի տան դռները միշտ բաց էին այցելուների համար, իսկ կիրակի օրը միշտ ճաշկերույթ էր լինում: Հասրաթյանենց տանը հաճախակի էին լինում բեյրութցի ուսանողներ (Մորուս Հասրաթյանը երկու տարի դասավանդել  է Բեյրութի հայկական քոլեջում):

Վահրամ Օրբելյան

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25