«Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն Իրանում էր

26.09.2024 10:27
637

Սեպտեմբերի 24-ին, Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի առաջարկությամբ և ընկերակցությամբ, «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն այցելեց Իրանի Իսլամական Հանրապետություն։

Մինչև Իրանի տարածք անցնելը եղանք իրանցի շինարարների մոտ, ովքեր կառուցում են Հյուսիս–հարավ մայրուղու Ագարակ–Քաջարան 32 կմ երկարությամբ հատվածը։ Այնտեղ զրույց ունեցանք շինարարությունն իրականացնող Tunnel Sadd Ariana և Abad Rahan Pars International Group կազմակերպությունների ներկայացուցիչ, տեխնիկական տնօրեն Ալի Ռեզա Բայաթի հետ (հարցազրույցի տեքստը՝ առաջիկայում)։

Մեղրիի մաքսակետի տարածքում ծանոթացանք նոր մաքսատան շինարարական աշխատանքներին, որը նույնպես իրականացնում են իրանցի շինարարները։

Նոր մաքսատան կառուցման անհրաժեշտությունն առաջացել էր այն իրողության շնորհիվ, որ Հայաստան–Իրան բեռնաշրջանառությունը (հատկապես վերջին 2-3 տարում) էականորեն աճել է․ օրական երկկողմ երթևեկող մեքենաների թիվը հասել է մոտ 600–ի՝ նախկին 250-ի փոխարեն։

Իրանի տարածք մտանք ՀՀ–ի և ԻԻՀ–ի միջև Մեղրիի սահմանային կամրջով, որը շահագործման էր հանձնվել դեռևս 1995 թվականին։ 207,72 մ երկարությամբ և 13,5 մ լայնությամբ կամուրջը, կարծեք, այլևս չի բավարարում տվյալ տարածքով իրականացվող բեռնափոխադրումների ներկայիս պահանջներին։

Իրանի տարածքում, բնականաբար, առաջինը եղանք Հայաստանի սահմանային Նորդուզ անցակետում։

Մեղրի–Նորդուզ սահանային անցակետը Հայաստանի և Իրանի ցամաքային հաղորդակցության միակ կետն է։

Նորդուզի անցակետը, որպես Իրանի դարպաս՝ դեպի Եվրասիական շուկա, այդ երկրի արտահանման գործում կարևոր դերակատարություն ունի և պայմաններ է ստեղծում Եվրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների ավելացող ներկայությունն ապահովելու համար։

Նորդուզի անցակետում հանդիպեցինք անցակետի պետ Թաղի զադեի հետ և զրույց ունեցանք  մեզ հետաքրքրող հարցերի շուրջ։

Հաջորդ կանգառն Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու՝ Նորդուզում գտնվող կենտրոնական գրասենյակն էր։ Այնտեղ մեզ հյուրընկալեց կենտրոնի տնօրեն Հադի Կոհանդելը (նրա հետ զրույցը՝ առաջիկայում)։

Իրան կատարած մեր այցի գլխավոր նպատակը «Արաքսի միջանցքի» ստեղծման գործընթացին ծանոթանալն էր։ 107 կմ երկարությամբ այդ միջանցքը, որը հետխորհրդային շրջանում տրանսպորտային կապ է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև, ներկայումս մեծամասշտաբ հիմնանորոգման է ենթարկվում Իրանի կողմից։ Դա այն միջանցքն է, որին ծանոթ յուրաքանչյուր մարդու համար երիցս անհեթեթություն է թվում «Զանգեզուրի միջանցք» շինծու թեմայի շուրջ ցանկացած խոսակցություն։

«Արաքսի միջանցքի» մասին մեր տպավորություններն ու նկատառումները կհրապարակենք առաջիկայում (ծանոթացանք ստեղծվող միջանցքի Նորդուզ–Ջուլֆա մոտ 60 կմ երկարությամբ մայրուղու վրա կատարվող աշխատանքներին)։

Այնուհետև այցելեցինք Ջուլֆա քաղաք, որտեղ եղանք «Արաս» ազատ տնտեսական գոտու երեք ձեռնարկությունում՝ էլեկտրական վառարանների գործարանում (VAHDAT TALASH KARA ARAS. NOBLE KIND), կահույքի ֆաբրիկայում (ISTIKBAL) և անձեռոցիկների գործարանում (PAK SEVEN NOVIN ARAS)։

Ջուլֆա քաղաքը գտնվում է Արաքսի ափին, ԻԻՀ Արևելյան Ատրպատականի Ջուղա գավառի շրջկենտրոններից է, ճանաչված վայր է զբոսաշրջության ու տնտեսության տեսակետից։ Այդ քաղաքում է արտաքին աշխարհի հետ Իրանին կապող առաջին երկաթուղային կայանը՝ կառուցված 1912 թվականին։ Քաղաքն Արաքս գետով բաժանված է Նախիջևանի տարածքում գտնվող հայոց Ջուղա բնակավայրից, որի սրբությունները տարիներ առաջ պղծվել են ադրբեջանցիների կողմից։

Մեր այցելության վերջին կանգառն իրանահայ ամենաերևելի անձանցից մեկի՝ Խոջա Նազարի կողմից 17-րդ դարում կառուցված և նրա անունը կրող քարավանատունն էր կամ իջևանատունը։ Առաջիկայում կանդրադառնանք մեծանուն այդ հայի կյանքին ու գործունեությանը։

Մեկօրյա այցը, ժամանակի սղության պատճառով, հնարավորություն չտվեց ուխտագնացություն կատարել նաև՝ պետության կողմից լավագույնս պահպանվող քրիստոնեական սրբավայրեր, որոնցով հարուստ է տվյալ տարածաշրջանը։

Նորդուզ–Ջուլֆա (և հակառակ ուղղությամբ) ճանապարհին չէինք կարող մեր հայացքը կտրել Արաքսի ձախափնյա հովիտներից, բնակավայրերից ու լեռնագագաթներից։ Դա հայոց Սյունիքի մի մասն է, հայոց Գողթնն է, որոնք ադրբեջանական գերության մեջ են։ Հեռվում նույնիսկ երևում էին մեր սրբասուրբ Աղոթարանի, Կապուտջուղի գագաթների արևմտահայաց լանջերը։

Ինչպես արդեն ասացինք, մեր այցի ընթացքում ծնված լրագրողական նյութերը ընթերցողին կներկայացնենք առաջիկայում՝ առանձին–առանձին։ Իսկ առայժմ մեր երախտագիտությունը՝ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին՝ Իրանի Իսլամական Հանրապետություն հրավիրելու և նման հետաքրքիր շրջագայություն կազմակերպելու համար։

Լուսանկարները՝ Շուշաննա Հարությունյանի

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08