Տանձավեր-Շուռնուխ կառուցվող ճանապարհն անցնում է մի ավերակ գյուղի տարածքով. ինչպե՞ս էր գյուղը կոչվում

10.12.2021 10:28
2463

Երբեմնի այդ գյուղին անդրադարձել ենք «Սյունյաց երկիր» թերթի 2020 թ. ապրիլի 30-ի N 9 (525) համարում (էջ 50). համարն ընդհանրական վերնագիր ուներ՝ «Ուխտագնացություն Սյունիք»:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ գյուղը կոչվում էր Մաճ:

Գտնվում է Բարձրավան գյուղից մոտ 6 կմ հարավ-արևմուտք՝ Կապանի տարածաշրջանի Տանձավեր գյուղից 2-3 կմ հյուսիս-արևելք, Կատար լեռան ստորոտում, անտառապատ ձորահովտում:

Հիշատակում է Ստեփանոս Օրբելյանը՝ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք-Քաշունիք գավառում:

867 թ. Սյունիքի տեր Վասակ իշխանի դուստր Քուպղիդուխտն իր սեփական այդ գյուղը՝ շրջակա հող ու ջրով,  նվիրել է Տաթևի վանքին:

Ըստ հին հարկացուցակի (13-րդ դար)՝ վանքին տալիս էր 7 միավոր հարկ:

Պահպանվում են շինությունների, գերեզմանատան հետքեր, եկեղեցին, որի անունը չկարողացանք ճշտել:

1939 թվականից հետո գյուղը լքվել է:

Մինչ այդ (19-րդ դարում) գյուղում ժամանակավորապես հանգրվանել էին ազերի-թուրքեր, ովքեր գյուղից հեռացվեցին 1918-20 թթ.:

 

                                                                                                          ***

Ահա թե ինչ է գրում Ստեփանոս Օրբելյանն այդ գյուղի մասին «Սյունիքի պատմություն» գրքում (Երևան 1986, էջ 204):

...Տեր-Սողոմոնի մոտ է գալիս նաև  անզավակ Քուպղիդուխտը, որը Սյունյաց տեր Վասակի դուստրն էր, Փիլիպեի քույրը և Հրահատ իշխանի կինը, ու իր հոգեբաժինը նվիրում է սուրբ խաչին և Տեր-Սողոմոնին: Գրում է նաև այսպիսի վճռագիր. «Ես՝ Սյունյաց Տեր Վասակի դուստր Քուպղիդուխտս, մոտենալով ծերության ժամանակներին, մտաբերելով երկրային կյանքի ունայնությունը, հավիտենական կյանք ցանկացա. և քանի որ մարմնավոր կյանքիս  ընթացքում զրկված էի զավակ ունենալու բաժնից, սուրբ խաչն ու աստվածապատիվ և հոգևոր տեր Սողոմոնին՝ Սյունյաց եպիսկոպոսին ինձ համար ընդունեցի հոգևոր զավակ՝ հույս ու ապավեն  իմ մեղավոր հոգուն. և Բաղաց գավառից մի գյուղ՝ Մաճ անունով, որը նախապես Սյունյաց տեր և իմ եղբայր Ատրներսեհը ինձ էր տվել, իսկ նրանից հետո իմ տեր Հրահատը գնել էր իմ եղբորից ու ինձ հոգեբաժին արել, ես՝ Քուպղիդուխտս, այդ  գյուղը լեռներով ու դաշտերով, մարգով ու արտով, գետով, ջրով ու ցամաքով, ծառերով ու տունկերով տվեցի սուրբ խաչին ու Սյունյաց եպիսկոպոս Տեր-Սողոմոնին: Իմ հոգին հանձնեցի քեզ, Տեր-Սողոմոն, այժմ տնօրենը դու ես և սրբերից նրանք, ովքեր պիտի հաջորդեն Սյունյաց այս աթոռում՝ մյուս եպիսկոպոսները, (կարող եք) վայելել այդ գյուղն  ամբողջովին՝  իր սահմաններով, մինչև հավիտյան: Ո՛չ ես, ո՛չ իմ եղբորորդիները և ո՛չ ուրիշ ավատառուներ չհամարձակվենք վեճ հարուցել ու հակառակվել: Իսկ եթե մեկը հանդգնի խոսք բացել իմ կատարածի դեմ և ցանկանա խախտել իմ այս նվիրատվությունը, աստծուց ու այդ սուրբ խաչից դատապարտվի, հոգևոր տերերից նզովվի և իմ,  ծնողներիս, կյանքիս ընկեր իշխան Հրահատի բոլոր մեղքերի ու հանցանքների համար աստված նրան տուժեցնի. նա սատանայի ու իր կամակատարների հետ անշեջ կրակի մեջ տանջվի: Գրեցի հայոց երեք հարյուր տասնվեց թվականին՝ վկայությամբ իմ եղբորորդիներ իշխան Վասակի, իշխան Աշոտի, իշխան Գրիգորի, իշխան Սահակի, իրենց ազնվականների ու բոլոր շնհերցիների: Գրածիս առավել հաստատության համար նաև կնքել տվեցի Սյունյաց եպիսկոպոս, աստվածապատիվ հոգևոր Տեր Սողոմոնի վավերական մատանիով: Եվ եթե մահմեդական պաշտոնեություն փոխարինի ու հափշտակել ջանա, հազարից հազար նալլաթ ստանա ու իր փեղամբարի կողմից մերժված լինի»:

 

                                                                                                         ***

Մաճ գյուղի տեղագրության հարցում տեսակետ է հայտնում Ղևոնդ Ալիշանը «Սիսական» գրքում (էջ 282):

Ահա՝ «Մերձ ի Մաճ կամ ի նմին ձորահովտի թուին ինձ  եւ Տանձավայր գիւղ, ի յետնոց Տանձաւեր կոչեցեալ. եւ Խողվանի, զոր՝ նոր ցուցակի թեմին Տաթեւոյ ասէ լինել մէզրէ Մալտաշ գեղջ. իսկ ի հնումն՝ առանձնակ վիճակ նորին ցուցանի կոչիլ Վանանդաձոր, յանուն Վանանդ գեղջ, որ նույնպէս ի կարգին մերձ Տանձավայրի դասի...»:

 

Հ.Գ.

Մաճ գյուղի եկեղեցու տեղը  ցույց տվեց ու մեզ սրբավայր ուղեկցեց Տանձավեր-Շուռնուխ ճանապարհը կառուցող «Սահակ եւ Արցափ» ՍՊԸ գործադիր տնօրեն Համլետ Խուդաբաշյանը, ում մեր շնորհակալությունն ենք հայտնում:

Հրաշալի տաճար է Մաճ գյուղի եկեղեցին: Թեև գավիթը քանդված է, բայց եկեղեցին կանգուն է, դիմացել է դարերի փորձություններին:

Հավանաբար 5-6-րդ դարերի կառույց է: Ներքին լուծումներով շատ նման է Գորիսի տարածաշրջանի Վաղատուր գյուղի Ներքին թաղի կամ Ներքին Բայանդուրի եկեղեցուն: Նման է նաև Կապանի տարածաշրջանի Երիցվանքում կիրառված ճարտարապետական հնարքներին:

Ափսոս սակայն, որ Աստծո այդ տաճարը տարիներ իր վեր, նաև հիմա (անասունների արոտային շրջանում), օգտագործվում է իբրև անասնագոմ:

Մեր հորդորն ենք հղում Տանձավեր գյուղի վարչական ղեկավար,  հարգելի Բագրատ Հակոբյանին՝ շտկելու ամոթալի այդ վիճակը:

Սամվել Ալեքսանյան

8 դեկտեմբերի 2021 թ.

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08