«Տաթեւեր» ճոպանուղին շունչ է տվել տարածաշրջանի համայնքներին

05.12.2016 16:42
2758

Վեց տարի առաջ՝ 2010-ի հոկտեմբերին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում գործարկվեց «Տաթեւեր» ճոպանուղին, որ ռեկորդային էր ոչ միայն երկարությամբ (5752 մետր), այլ նաեւ կառուցման ժամկետով՝ տասը ամիս: 2008-ին տարբեր ազգության եւ կրոնական պատկանելության մարդիկ միավորվեցին Տաթեւի վանական համալիրի վերածննդի գաղափարի շուրջ՝ մոսկվայաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի գլխավորած հիմնադրամի շրջանակում: 28 մլն դոլարի նվիրատվություն կատարած Ռուբեն Վարդանյանին հաջողվել էր իր գաղափարով ոգեւորել մոտ 100 հայ եւ օտարերկրացի բարերարների: «Տաթեւի վերածնունդ» ծրագրի «Գործունեության հաշվետվություն» տեղեկատուից իմանում ենք, որ ծրագրի դոնոր հանդես է եկել տարբեր ազգությունների եւ դավանանքի 146 անձ՝ աշխարհի 18 երկրից, ում հիմնադրամի հիմնադիրները հայտնել են իրենց երախտագիտությունը: Նրանց աջակցությամբ կառուցվել է ճոպանուղին, կառավարության հատկացրած միջոցներով վերականգնվել վանք տանող ճանապարհը, բարեկարգվել շրջակայքը, կառուցվել ճոպանուղու «Հալիձոր» եւ «Տաթեւ» կայանները, այժմ էլ Տաթեւի վանական համալիրում վերականգնման աշխատանքներ են կատարվում (Սուրբ Աստվածածին եկեղեցին է վերականգնվում):

Միշտ էլ ձգտել ենք անդրադառնալ ճոպանուղու աշխատանքին, բայց ինչ-ինչ հանգամանքներ խանգարել են: Նոյեմբերի 25-ին՝ աշնան վերջին, պայծառ օրերից մի օր խմբագրության ստեղծագործական խումբը հասավ «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայան, որտեղ մեզ դիմավորեց ճոպանուղու ղեկավար Վահե Բաղդասարյանը: Թռուցիկ ծանոթությունից տեղեկացանք, որ Երեւանի պետհամալսարանի երկրաբանության ֆակուլտետն է ավարտել, բայց հիմնականում էկոնոմիկայով է զբաղվել, այնուհետեւ աշխատել տարբեր ծրագրերում, որոնցից վերջինը կոչվում էր «Անասնապահության ծրագիր Սյունիքի մարզում», որից հետո «Տաթեւի վերածնունդ» ծրագրում էր՝ որպես համայնքների զարգացման գծով ղեկավար: Երկու տարի է՝ ղեկավարում է «Տաթեւեր» ճոպանուղին:

Ո՞րն էր ճոպանուղու կառուցման գաղափարը, չէ՞ որ այն թանկարժեք ինժեներատեխնիկական կառույց է եւ նույնքան թանկ հաճույք Հայաստանի նման նվազ հնարավորություններ ունեցող երկրի համար:

Բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանը որոշեց ճոպանուղի կառուցել, որ կզարգացներ տուրիզմը եւ կօգներ տեղաբնակներին ավելի դյուրին տեղաշարժվել: Եթե մինչեւ ճոպանուղի կառուցելը Գորիս-Երեւան մայուղուց մեկ ժամ էր պահանջվում Տաթեւի համալիր հասնելը, ապա այժմ կես ժամ է տեւում ճոպանուղի նստելը եւ Տաթեւ հասնելը», -  մանրամասնում է մեր զրուցակիցը: Նաեւ տեղեկացնում է, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի շրջանակում Տաթեւում եւ հարակից համայնքներում զբոսաշրջային ենթակառուցվածքի զարգացմանը միտված քայլեր են ձեռնարկվում, միջոցներ են ներդրվում (այդ թվում ճոպանուղու տոմսերի վաճառքի հասույթը) վանական համալիրի վերակառուցման նպատակով: Հիմնադրամի մի ուղղվածությունը Տաթեւի վանքին հարակից համայնքների սոցիալ-տնտեսական զարգացումն է, այլեւ մշակութային կյանքի աշխուժացումը, նաեւ ավանդույթներն ու սովորույթները ներկայացնող հետաքրքրական միջոցառումների կազմակերպումը, որոնք կարող են տարածաշրջանն ավելի գրավիչ դարձնել այցելուների եւ զբոսաշրջիկների համար:

Վահե Բաղդասարյանի փոխանցմամբ՝ նախկինում տարեկան մոտ 1500 մարդ էր այցելում Տաթեւի վանք, իսկ ճոպանուղին գործարկելուց հետո վերջին երեք տարում մոտ 100 հազար մարդ (տարեկան): «Որպես այդպիսին՝ Տաթեւը դարձել է գլոբալ տուրիզմի կենտրոն: Տուրիստական գործակալությունների ցանկում Տաթեւի վանական համալիրն ու «Տաթեւեր» ճոպանուղին միշտ տեղ են գրավում», - հավաստիացնում է նա:

Ապրիլյան պատերազմը սրբագրումներ մտցրեց շատ ոլորտներում: Մամուլում էլ շրջանառվում էր այն վարկածը, ըստ որի՝ պակասել են Հայաստան այցելող տուրիստները:

- Ապրիլից մինչեւ օգոստոս ուղեւորահոսքի կրճատում ունեցանք, ընդհանուր առմամբ՝ եթե Հայաստանում բիզնես ես հիմնում, բիզնես-պլանի ռիսկերի մեջ պիտի նախատեսես այդ հանգամանքը, որ մենք պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, մի փոքր ցնցումն ազդում է տուրիզմի վրա: Տուրիստն այսօր նայում է քարտեզին, որի վրա Ղարաբաղը Հայաստանին չափազանց մոտ է երեւում, քարտեզի վրա այդ հեռավորությունը հավասարվում է զրոյի: Կարծում է, թե մարտի դաշտ է գալիս: Բայց իրականում մենք գիտենք, որ այդպես չէ: Ամեն դեպքում մոտ չորս տոկոսի անկում ունեցանք, համեմատած մյուս կոմերցիոն կազմակերպությունների հետ, շատ մեծ չէ անկումը, եթե 20-30 տոկոս լիներ, մտահոգությունների տեղիք պիտի տար», - պարզաբանում է ճոպանուղու ղեկավարը:

«Երբ նոր էր կառուցվում ճոպանուղին, անընդհատ խոսվում էր անվտանգության, հուսալիության մասին, Ձեր տնօրինման ժամանակ էքստրեմալ վիճակներ եղե՞լ են», - հարցնում ենք:

- Չեն եղել, եթե լինեին էլ, կարող էինք շատ արագ լուծել, որովհետեւ ճոպանուղու «տեխնիկական» թիմում ընդգրկված մասնագետները պատրաստ են, եթե պատահար լինի, օպերատիվորեն վերացնել անսարքությունը: Ճոպանուղին անվտանգ եւ հուսալի է, քանի որ ունի երկու կրող եւ մեկ քաշող ճոպան: 25 կամ 30 հոգին, որ նստելու են վագոնախցի մեջ, այն քաշը չունեն, որ մի բան պատահի: Երկրորդ՝ ամեն տարի Շվեյցարիայից մասնագետներ ենք հրավիրում (այն կազմակերպությունից, ով կառուցել է ճոպանուղին), որ պարբերաբար տեխնիկական զննում կատարեն: Ե՛վ արգելակները, ե՛ւ այն ամենը, ինչ ցանկով նախատեսված է, ստուգվում եւ փորձարկվում են:

«Տաթեւեր» հետադարձի ճոպանուղին կառուցվել է «Տաթեւի վերածնունդ» ծրագրի շրջանակում եւ իրականացրել ճոպանուղիների կառուցման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ավստրաշվեյցարական «Doppelmayr/Garaventa» ընկերությունը: Ընդ որում՝ մեխանիկական կողմն ապահովել է շվեյցարական Garaventa, էլեկտրական մասը՝ ավստրիական Doppelmayr կազմակերպությունը: Կանխարգելիչ ի՞նչ աշխատանքներ են կատարվում: «Պրոֆիլակտիկան տարբեր բնույթ ունի՝ սկսած վագոնների դիրքի փոփոխությունից, որ կատարվում է ամսական մի անգամ, ճոպանները յուղվում են տարեկան մի անգամ, ամեն շաբաթ ստուգվում է յուղման համակարգը, իսկ շարժիչային սենյակում ստուգվում է ամբողջ համակարգը՝ հիդրավլիկ, արգելակման: Մի խոսքով ամեն ինչ ստուգվում է՝ երեքշաբթի օրվանից ճոպանուղու՝ վեց օր անխափան աշխատելու համար: Ծագած անսարքություններն օպերատիվորեն վերացվում են: Այնպիսի մասնագետների ունենք, որ նույնիսկ շվեյցարացիներն են զարմացած նրանց պրոֆեսիոնալիզմից», - պատմում է Վահե Բաղդասարյանը:

Ճոպանուղին, նախեւառաջ, աշխատատեղ է նրան հարակից գյուղերի եւ Գորիսի բնակիչների համար, ստեղծել է 55 աշխատատեղ: Ամռան տարեշրջանում, երբ ուղեւորահոսքն ավելանում է, աշխատակիցների թիվն էլ է ավելանում երկու-երեք հոգով: Իսկ պարտադի՞ր է աշխատակիցների համար օտար լեզվի իմացությունը: «Նման խիստ պայման չենք դրել, որ, ասենք, հավաքարարը կամ այգեպանը պիտի անգլերեն իմանան: Բնականաբար, տոմսավաճառը կամ հուշանվեր վաճառողը պետք է լավ տիրապետեն անգլերենին եւ ռուսերենին: Մենք այն երկիրը չենք, որ տարեկան 60 մլն տուրիստ է մտնում, եւ անտեսենք այն հանգամանքը, որ մեզ մոտ եկածներից մեկը կարող է գոհ լինել, մյուսը՝ դժգոհ: Այնպես պիտի անենք, որ Հայաստան եկած տուրիստը գոհ վերադառնա: Սպասարկումը պիտի բարձր մակարդակով լինի, այն երկրներից չենք, որտեղ միայն իրենց լեզվով պիտի հաղորդակցվես, ուզում ես՝ հասկացիր, ուզում ես՝ ոչ»:

Ինչ վերաբերում է ճոպանուղուց օգտվելու գներին, զեղչերի համակարգ է գործում: Նախ՝ «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված համայնքների համար ճոպանուղուց օգտվելը հազար դրամ է, ձմռան այս օրերին Սյունիքի մարզի բնակիչների համար մինչեւ մարտ ամիս տոմսը նույնպես արժե հազար դրամ՝ երկկողմանի երթեւեկության համար՝ ամառվա սեզոնի հինգ հազարի փոխարեն: Նույն հազար դրամն է ուսանողների համար՝ տեղացի, թե արտերկրից ժամանած: Դպրոցականները, եթե խմբով կամ դասարանով են գալիս, ուղեկցող են հատկացնում՝ վանական համալիրին եւ շրջակա միջավայրին ծանոթացնելու համար (մշակվել է 15 քայլարշավային երթուղի):

- Երբ տուրիզմի մասին խոսում են ամենաբարձր մակարդակով, անպայման ենթադրում ենք ենթակառուցվածքների զարգացում (հյուրանոցային տնտեսություն, սպասարկման օբյեկտներ եւ այլն), ձեր ունեցած տեղեկություններով Տաթեւից մինչեւ Գորիս ի՞նչ անդրադարձավ ունեցավ ճոպանուղու կառուցումը տարածաշրջանի ենթակառուցվածքների զարգացման վրա, - սա եւս խնդրո առարկային առնչվող հրատապ հարցերից է:

- Ճոպանուղու բացվելուց առաջ Տաթեւ գյուղում կար գիշերակացի եւ առավոտյան նախաճաշի նվազ հնարավորություն, ճոպանուղու բացվելուց հետո շատացավ հյուրատների քանակությունը, մենք ծրագիր իրականացրինք, հյուրատները, որոնք մասնակցեցին ծրագրին, ստացան շատ ցածր տոկոսով վարկավորում եւ այսպես ասած՝ հարմարավետ պայմաններ ստեղծվեցին, որ տուրիստը գա գիշերի, առավոտյան նախաճաշի եւ անցնի իր գործերին: Ճոպանուղուն հարակից ավտոկանգառում տեղեկատվական վահանակ է տեղադրված, որում նշված հյուրատներն են, որ մասնակցել են ծրագրին, հյուրատներում կան ինտերնետ-կապ, նորմալ սանհանգույց: Մշտապես տարբեր փորձագետներ ենք բերում, համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, տարբեր ոլորտի զարգացման համար, դեկտեմբերին, օրինակ, Հոլանդիայից գալու են մասնագետներ, որ զարգացնեն ձիավարությունը Տաթեւ համայնքում:

Դժվարություններին վերաբերող հարցերի թվում մեր զրուցակիցը նշեց ճոպանուղու՝ մայրաքաղաքից հեռու լինելը, ինչը դժվարություններ է հարուցում վանական համալիրով հետաքրքվողների եւ ճոպանուղուց օգտվողների համար, մանավանդ ձմռան ամիսներին:

…Թերթի աշխատակիցներին պատեհ առիթ ընձեռվեց օգտվելու Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի ճոպանուղու ծառայությունից, թռչնային բարձրությունից հիանալու սյունիքյան բնաշխարհի գեղեցկությամբ: Երկնային ուղին անցնում էր Որոտանի գեղատեսիլ կիրճի վրայով, դրանից զատ՝ մոտ 12 րոպե տեւող թռիչքի ընթացքում վագոնախցիկում երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն տեղակատվություն էր հնչում պատմաճարտարապետական այն հուշարձանների վերաբերյալ, որ գտնվում էին ճոպանուղու ճանապարհին:

«Տաթեւ» կայանում հանդիպեցինք տուրիզմի զարգացման մասնագետ Հայկ Մելքոնյանին եւ Տաթեւի վանական համալիրի վերականգնողական աշխատանքները հսկող Սանահին Մանասյանին, ովքեր պատասխանեցին «Սյունյաց երկրի» հարցերին իրենց ղեկավարած ոլորտների վերաբերյալ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հ.Գ.

Երբ նյութը պատրաստ էր տպագրության, ճոպանուղու ղեկավարից տեղեկացանք, որ Տաթեւ է ժամանել «Garaventa» ընկերության երկու մասնագետ, սպասվում է «Doppelmayr» ընկերության մի մասնագետի այցը՝ տարեկան տեխնիկական զննում անցկացնելու համար: Նաեւ նպատակ կա մոդեռնացնել վագոնները, որ 25-ի փոխարեն տեղավորեն 30 մարդ:

Վասակաբերդը, որ կրում է Հայոց ու Վրաց մարզպան (440-451 թթ․) և Սյունյաց աշխարհի մեծագույն զավակ Վասակ Սյունու անունը

25.12.2024 16:13

1,6 մլրդ դոլար 2025-ին վճարելու ենք պետական պարտքի մայր գումարի համար. Վահե Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

25.12.2024 15:24

«ՄԵԾ ՀԱՅՔ»-Ի պարային շքահանդեսը Գորիսի բեմում

25.12.2024 14:34

Փոքր մոդուլային ռեակտորների կառուցումը՝ Հայաստանի էներգետիկ համակարգի քանդելու միջոց․ ուսումնասիրություն

25.12.2024 14:32

Կրեմլն արձագանքել է Փաշինյանի բացակայությանը

25.12.2024 14:23

Ջերմաստիճանը դեկտեմբերի 26-28-ի ցերեկը աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

25.12.2024 14:19

Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ

25.12.2024 12:40

Իրանի նախագահը հանդիպել է սրբազան պաշտպանության երկու հայ նահատակների ընտանիքների հետ

25.12.2024 11:21

Ալբանական «Monitor» շաբաթաթերթը հոդվածով անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

25.12.2024 10:14

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10