Տաթեւի վանքը՝ հոգեւոր, մշակութային եւ դպրության կենտրոն

02.06.2015 16:09
3032

Մայիսի 27-ին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց գիտաժողով «Տաթեւի վանքը՝ հոգեւոր, մշակութային եւ դպրության կենտրոն» թեմայով: Գիտաժողովի մասնակիցները նախ եղան Տաթեւի վանքում, սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում, որտեղ հնչեց Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Մակար վարդապետ Հակոբյանի գովաբանական աղոթքն ու օրհնության խոսքը՝ գիտաժողովի մասնակիցներին: «Ով չգիտի Տաթեւացի կամ չի ապրում Տաթեւացու ուսմունքով, ապա նա չի կարող տեղյակ լինել հայ սուրբ եկեղեցու մասին, նա ուրեմն չի ընդունելու ոչ առաքյալներին, ոչ լուսավորիչ հայրապետին, ոչ Մեսրոպ Մաշտոցին, ոչ Նարեկացուն», - իր խոսքում մասնավորապես ասաց Մակար վարդապետը, հավելելով՝ շատ հարցերում սուրբ Գրիգոր Տաթեւացին կարողացավ հստակ լուծում տալ, կարողացավ բանաձեւել հայոց եկեղեցու դիրքորոշումը: Պայքարելով քաղկեդոնականության դեմ՝ կարողացավ հայոց եկեղեցին մաքրել, կարողացավ իր աշակերտների միջոցով Սսից հայրապետական աթոռը տեղափոխել Սուրբ Էջմիածին, կարողացավ իր սրբության միջոցով Աղթամարի կաթողիկոսներին թողություն տալ, արձակել նրանց մեղքերը: Եվ չապրել Տաթեւացիով, չքայլել Տաթեւացու հետ, անիմաստ է մեր քարոզածը, անիմաստ է օծվել քրիստոնյա հայոց աշխարհում:

Գիտաժողովը տեղի ունեցավ Տաթեւի Սուրեն Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում: Նախ Տաթեւի վանքի երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Սարգսյան) հնչեցին հոգեւոր երգեր: Այնուհետեւ բացման խոսքով հանդես եկավ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սեյրան Առաքելյանը: Ներկաներին ողջունեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, վերոնշյալ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Աշոտ Փիլիպոսյանը: Գիտաժողովը նախաձեռնողներին շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը՝ կարեւորելով նման միջոցառման անցկացումը Տաթեւում:

Իր զեկուցման մեջ Գրիգոր Տաթեւացի աստվածաբանին, փիլիսոփային ու մանկավարժին ներկայացրեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աելիտա Դոլուխանյանը՝ հայոց հայրապետին համեմատելով ֆրանսիացի լուսավորիչներ Վոլտերի եւ Ժան-ժակ Ռուսսոյի հետ: Բանախոսը նկատի ուներ Տաթեւացու խորագիտակությունը եւ առաջադեմ հայացքները:

Տաթեւացին Հովհան Որոտնեցու հետ կարողացավ իրականացնել գրեթե պետական կարեւոր գործ՝ ունիթորությանը վերջ տալով Հայաստանում: Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ այդ գործը Տաթեւի համալսարանն իրականացրեց իր երկու իմաստուն հայրերի հետ միասին, բայց այդ գործում ոչ պակաս մեծ դեր է կատարել մեկ ուրիշ սյունեցի՝ Ստեփանոս Օրբելյանը, ով ասում էր. «Ավելի լավ է մեր հայրերի օրենքներով գնանք դժոխք, քան հոռոմների հետ դեպի դրախտ»: Եվ պարզվեց, որ դա ազգապահպանման ամենաճիշտ ուղին էր: Գրիգոր Տաթեւացու մեծությունը, շարունակեց իր միտքը բանախոսը, շատ բարձր է գնահատել ֆրանսիացի հայագետ Ֆրեդերիկ Մակլերը, ով Փարիզում 1933-ին ֆրանսերենով եւ գրաբարով հրատարակեց Տաթեւացու «Ընդդեմ տաճկաց» հակաճառությունը: Հայագետը նշում է, որ այդ ժամանակ հայերը կրթվելու շատ մեծ կարիք ունեին եւ շատ մեծ վտանգ էր սպառնում նրանց՝ որպես տեսակի, վերացմանը: Եվ այդ գրքով Տաթեւացին կարողացավ ապահովել հայ ազգի հարատեւումը՝ հայի մեջ պահելով ազգային գիտակցությունը: Յուրաքանչյուր մանկավարժի առաջին գործը հենց դա պետք է լինի, - եզրակացրեց բանախոսը:

Տաթեւի համալսարանի հիմնադիր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ Հովհան Որոտնեցուն էր նվիրված փիլիսոփայական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող Անուշ Մինասյանի զեկուցումը:

Պատմական գիտությունների թեկնածու, Երեւանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դոցենտ, հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ավագ գիտաշխատող Աշոտ Մանուչարյանը զեկուցեց «Տաթեւի վանքի արձանագրությունները՝ հայոց եկեղեցու սկզբնաղբյուր» թեմայով:

Ճարտարագիտական համալսարանի դասախոս, ճարտարագիտության թեկնածու Նատալյա Թադեւոսյանը զեկուցեց «Տաթեւի վանական համալիրի պատմական վերակառուցումները» թեմայով:

Պատմական գիտությունների թեկնածու Արտակ Գզոյանի խոսքը Տաթեւի համալսարանի գործունեության մասին էր:

Տաթեւի վանահայր Միքայել վարդապետը ներկայացրեց ծաղկաքաղ Գրիգոր Տաթեւացու քարոզներից:

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Գրետա Հակոբյանը ներկայացրեց Գրիգոր Տաթեւացու «Սողոմոնի առակների մեկնությունը» երկի դիդակտիկական արժեքը:

Գրիգոր Տաթեւացու «Լուծմունք»-ը որպես «Երգ երգոցի» մեկնության նոր դրսեւորում թեմայի վերաբերյալ զեկուցեց ԵՊՄՀ հայ հին եւ միջնադարյան գրականության եւ նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Լիլիթ Հովսեփյանը:

ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ազգագրության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանի խոսքը Գորիսի ժողովրդական ձիթհանների մասին էր:

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտնական քարտուղար, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանի զեկուցման թեման էր «Տաթեւի համալսարանը որպես հայ միջնադարյան մասնագիտացված երաժշտության կենտրոն»:

Տաթեւի մանրանկարչական դպրոցին էր նվիրված Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետության տեսության ամբիոնի ասիստենտ Արմենուհի Բաբաջանյանի խոսքը:

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը համառոտ անդրադարձ կատարեց Մովսես Տաթեւացու կյանքին ու գործունեությանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ հարց ու պատասխան ներկայացված զեկուցումների վերաբերյալ:

Միջոցառման ավարտին Աելիտա Դոլուխանյանը երախտագիտություն հայտնեց Սյունիքի մարզպետարանին, Գորիսի քաղաքապետարանին, միջոցառման անցկացմանը նպաստած  անձանց եւ հույս հայտնեց, որ գիտաժողովի նյութերը կհրատարակվեն ու հասանելի կդառնան ընթեցողների լայն շրջաններին:

Ամփոփելով գիտաժողովի աշխատանքները՝ Սեյրան Առաքելյանը հավաստիացրեց, որ նմանատիպ գիտաժողովները Սյունիքի մարզում կլինեն շարունակական:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19