Թաթուլ Մանասերյան. «Առաջին հերթին չպետք է թույլ տալ գյուղերի ամայացումը. դա մեծ աղետ է համայնքների բռնի խոշորացման հետեւանքով »

19.01.2018 14:59
1770

Հարցազրույց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ

Ծնվել է 1960թ. ապրիլի 14-ին Երեւանում: 1984թ. ավարտել է Կիեւի (Ուկրաինա) պետական համալսարանը: Տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: 10 մենագրությունների եւ 500-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ: 

1983 թվականից դասավանդում է Հայաստանի եւ արտերկրի համալսարաններում: 1984-1989 թթ. աշխատել է ԽՍՀՄ պետպլանի պլանավորման եւ նորմատիվների ԳՀԻ հայկական մասնաճյուղում՝ գիտական խմբի ղեկավար, 1989-1990 թթ. Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում` նախագահի գլխավոր խորհրդական, 1990-1991թթ.` Ա. Սախարովի անվան հիմնադրամի գլխավոր տնօրեն, 1991-1992թթ.` «Արմենթրեյդ» կանադական ընկերության ներկայացուցչության տնօրեն: 1992-1997թթ. եղել է «Արմենթրեյդ-Կալիֆոռնիա» խորհրդատվական ընկերության նախագահ, 1993-1997թթ.` Հարավային Կալիֆոռնիայի Ռեդլընդս համալսարանի պրոֆեսոր, 1997-1998թթ.` Զարգացման հայկական գործակալության ուսումնական կենտրոնի ղեկավար, 1998-1999թթ.` ՀՀ նախագահի քաղխորհրդի տնտեսական հանձնախմբի նախագահ, 1999-2000թթ.` Զբոսաշրջության զարգացման հայկական միության նախագահ, 2000-2001թթ.` ՀՀ արտգործնախարարի խորհրդական եւ միջազգային կազմակերպությունների բաժնի պետ, 2001-2002թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջազգային բաժնի պետ, 2002-2003թթ.` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար: 2003թ. «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր: 

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ «Արդարություն» խմբակցության անդամ, իսկ 2006թ. սեպտեմբերից ընդգրկված չէ խմբակցություններում եւ պատգամավորական խմբում: Անկուսակցական: Ամուսնացած է, ունի չորս երեխա:

2018 թվականի առաջին օրերից հանրապետությունում թեւածում է առանձին ապրանքատեսակների գների բարձրացման ալիքը, որն իսկապես մարդկանց մտահոգում է: Այս օրերին հանրապետության մամուլը ողողված է թեմային առնչվող հարցադրումներով, իրարամերժ գնահատականներով, տեսակետներով:

 «Սյունյաց երկրի» խմբագրությանը եւս բազմաթիվ հարցեր են ուղղվել, որոնց շուրջ էլ հունվարի 12-ին հարցազրույց ունեցանք ճանաչված տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանի հետ:

- Պարո՛ն Մանասերյան, նախ՝ շնորհակալություն «Սյունյաց երկիր» թերթին հարցազրույց տալու պատրաստակամության համար: Մեր զրույցի թեման 2018թ. առաջին օրերից հայ հանրության առջեւ ծառացած նոր հիմնախնդիրն է՝ առանձին ապրանքատեսակների գների բարձրացումը:

Ինչո՞վ էին պայմանավորված գների նման տատանումները՝ հարկային օրենսդրության փոփոխությա՞մբ, Եվրասիական տնտեսական միության մաքսային ընդհանուր կանոնների կիրարկմա՞մբ, թե՞…

- Իհարկե, պատճառները տարբեր են, դրանք, նախեւառաջ, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համատեքստում ընդհանուր փոփոխությունների արդյունք են՝ ակցիզային հարկերի հետ կապված: Սակայն ընդհանուր առմամբ դրանք բոլորն իրար հետ վերցրած (ե՛ւ դիզվառելիքի, ե՛ւ բենզինի, ե՛ւ ավտոմեքենաների համար գազի, ծխախոտի, ալկոհոլային խմիչքների) գնաճի վրա չպետք է ունենային ավելի քան կես տոկոսային կետի տատանում՝ ընդամենը 0.5 տոկոսային կետի չափով: Հետաքրքիր է, որ 0.22 տոկոս՝ նշվածից ավելի քիչ, գնաճի վրա ազդում են այն ապրանքները, որոնք մեր երկիրը ներկրում է Եվրասիական տնտեսական միության մաքսատուրքերի փոփոխությամբ: Եվ կան գնաճի վրա անուղղակի ազդեցություններ՝ մոտ 0,15 տոկոսային կետով: Այս ամենը բացատրեցի, որ պարզ լինի գնաճը, որ Կենտրոնական բանկը թիրախավորում է գների կայուն մակարդակ ապահովելու համար, եւ նշածս բաղադրիչները՝ 0.5, 0.22 եւ 0.15 տոկոսային կետով, ամբողջն իրար հետ կազմում է 0.9 տոկոս կամ մեկ տոկոս, որ ավելացվել է երեք տոկոսին, որ Կենտրոնական բանկը պիտի փորձի 2018 թվականին գների կայունությունն ապահովել: 

Բայց խնդիրն այն է, որ ընդհանուր առմամբ պետական վերահսկողությունը, որ իրականացնում են տարբեր կառույցներ, պատշաճ չէ, այս առումով ունենք խնդիրներ: Վերահսկողության ոչ պատշաճ կատարումը հանգեցնում է նրան, որ կան չարաշահումներ: Երբ արտաքին շուկաներում փոքր-ինչ թանկանում են ապրանքները, Հայաստան ներկրողները դրանց գներն ավելացնում են ոչ թե նույնաչափ, այլ անգամներ ավելի կամ շատ բարձր տոկոսներով, ինչը բնակչության վրա ծանր է նստում: Այս մասին է խոսքը. եթե պետությունն իր կարգավորիչ եւ վերահսկիչ գործառույթները պատշաճ իրականացնի, ապա գնաճը կլինի կառավարելիի սահմաններում: Բայց քանի որ այդպես չէ, գնաճը դառնում է լուրջ սպառնալիք:

- Էլ ի՞նչ կավելացնեիք այս հարցադրման առումով:

- Բանն այն է, որ եթե Հայաստանն ինքնաբավ լինի տեղական արտադրության ապրանքներով (խոսքն առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, որ սոցիալապես անապահով խավն ավելի հաճախ է օգտագործում՝ հաց, հացամթերք, կարտոֆիլ եւ այլն), գնաճը նման սահմաններ չէր ունենա: Իսկ Հայաստանը գոնե այդ ապրանքների գծով, իմ խորին համոզմամբ, կարող է իրեն ինքնաբավ դարձնել: Դրա մասին են վկայում իմ կատարած հաշվարկները, ուսումնասիրությունները, գոնե առաջին անհրաժեշտության տասը ապրանքատեսակից յոթի գծով Հայաստանը կարող էր ինքնաբավ լինել, բայց…

- Կարելի՞ է ասել, որ գների տատանումների ալիքը կանգ է առել, թե՞ դա շարունակվում է:

- Գների ալիքը չի կարող այս պահին կանգ առած լինել, քանի որ հանրապետության նախագահը նոր է հանձնարարականներ տվել. եւ եթե անգամ գործընթացը մեկ օր չվերահսկվի, ապա կարող է վերածվել լրջագույն սպառնալիքի: Իրականում խնդիրն այն է, որ եթե նույնիսկ երկրի ղեկավարը խորհրդակցություն չհրավիրեր, ապա նախարարները պարտավոր էին իրենց գործառույթները կատարել, եւ պետք է ասել՝ դատապարտելի է որոշ նախարարների կողմից իրենց պարտականությունների մեջ այդչափ թերանալը:

- Վերջին երկու տասնամյակում թանկացումներ շատ են եղել, բայց այս մեկն առավել ցավագին է ընկալվում: Արդյո՞ք պատճառն այն է, որ գների տատանումներին զուգահեռ 2018-ին չեն բարձրանա աշխատավարձերը, կենսաթոշակները, նպաստները, թե՞ ուրիշ պատճառներ էլ կան:

- Այս վերջին նշվածները հիմնական պատճառ են: Տնտեսագետները գոնե դա շատ լավ գիտեն, որ եթե բնակչության եկամուտները փոքր-ինչ ավելի արագ չեն աճում, քան գներն են բարձրանում, ապա նման տնտեսության մեջ ակամա առաջանում է սոցիալական լարվածություն: Սա շատ կարեւոր է, մինչդեռ ոչ միայն աշխատավարձերը չեն բարձրանում, այլեւ թոշակների, նպաստների ինդեքսավորում չի կատարվում: Մյուս կողմից՝ եթե մենք տեղական արտադրողին չենք սատարում, չենք մոտիվացնում, որ նա լուծի պարենային անվտանգության խնդիր, ապա սոցիալական լարվածությունը դառնում է անխուսափելի:

- Կառավարությունում պարտավո՞ր էին նախապես (2017-ին) իմանալ, կանխատեսել, թե ինչ է սպասվում սպառողական շուկայում 2018-ի սկզբից:

- Միանշանակ: Դա ոչ միայն կառավարության անդամները, այլեւ առաջին կուրսի ուսանողը հանգիստ կարող էր կանխատեսել: Եվ ամոթալի է, որ մարդիկ, ովքեր զբաղեցնում են պատասխանատու պոստեր այդ ոլորտում, թերացել են իրենց պարտականությունների մեջ: Միակ կառույցը, որ կարողացել է դա անել պատշաճ, ՀՀ կենտրոնական բանկն է, որ իր նկատառումները ներկայացրել է Ազգային ժողով եւ հանրությանը: Բայց միայն Կենտրոնական բանկի ջանքներով հնարավոր չէ գնաճը զսպել, որովհետեւ, հիշեցնեմ, Կենտրոնական բանկն իր գործունեությունն իրականացնում է դրամավարկային քաղաքականության միջոցով, իսկ մյուսները, յուրաքանչյուր ստորաբաժանում, յուրաքանչյուր պետական կառույց, արդեն նշեցի, որ մասով պիտի անեն:

- Հետաքրքիր է՝ նախկին Խորհրդային Միության երկրների շարքում ուրիշ ո՞ր հանրապետությունում գների նման տատանումներ եղան այս տարեսկզբին: 

- Գների տատանումներ լինում են բոլոր երկրներում: Բայց դրան զուգահեռ իրականացվում է համարժեք սոցիալ-տնտեսական քաղաքականություն, որն անպայման արձագանքում է գների աճին: Մեզ մոտ նախ՝ արձագանքն ուշացած է, երկրորդ՝ ըստ էության մենք արձագանք չունենք մյուս մասով՝ եկամտային մասով, այսինքն՝ եկամուտները չեն տատանվելու, չեն բարձրանալու 2018 թվականին:

- Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, եթե գործողության մեջ դրվի, ի՞նչ ազդեցություն (դրական կամ բացասական) կունենա լայն սպառման ապրանքների գների վրա:

- Որեւէ ազդեցություն այս պահին չեմ տեսնում, չի էլ լինի, եթե համապատասխան պաշտոնյաների ներկայիս անգործությունը շարունակվի: Եթե Հայաստանի կառավարությունը համարժեք քայլեր չձեռնարկի, նախեւառաջ, իրացնելու ազգային մրցակցության առավելությունները եւ ներկայանալի դառնալու այս համատեքստում, ապա կարող է լինել նույն տխուր վիճակը, ինչ եղել է Բուլղարիայում, Ռումինիայում, Հունգարիայում եւ այլ երկրներում: Եվ հակառակը: Եթե մենք կարողանանք պրոակտիվ լինել, նախաձեռնող լինել եւ կարողանանք ճիշտ հաշվել ու իրացնել մեր հնարավորությունները, ապա լավագույն օրինակների թվում կարող ենք լինել, ինչպես Լեհաստանը, Չեխիան, որոնք կարողացել են ճիշտ պատրաստել իրենց երկրի տնտեսությունները տնտեսական լարված իրավիճակների մարտահրավերներին համահունչ:

- Առհասարակ տնտեսությունն ի՞նչ լծակներ ունի այս հարցում. այո՛, մեզանում շուկայական հարաբերություններ են գործում, գների քաղաքականությանը պետությունն իրավունք չունի միջամտելու, բայց…

- Անկախության առաջին տարիներից սխալ պատկերացում է ձեւավորվել, 1990-ականներին նեոլիբերալները Հայաստանի տնտեսությունը հանգեցրին ուղղակի կազմալուծման: Այդ մոլուցքը, ցավոք սրտի, շարունակվեց հետագա տարիներին, բայց այժմ ակնհայտ է, որ լիբերալ գաղափարախոսությունը թաղվել է, այլեւս չկա այդպիսի գաղափարախոսություն որեւէ պետության զինանոցում, չկա այնպիսի երկիր, որ բացարձակ ազատական քաղաքականություն վարի, հակառակը, անգամ զարգացած երկրներն արժեւորում են պետության դերը: Երկրորդ՝ պետությունը, անկախ իր սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակից, անկախ քաղաքական կամքից, կառավարման համակարգից, իրականացնում է երկու կարեւորագույն գործառույթ՝ կարգավորիչ եւ վերահսկիչ, կարգավորիչը՝ օրենքներով, կառավարության որոշումներով, իսկ վերահսկիչը՝ բնականաբար, այն կառույցներով, որոնք կոչված են կիրարկելու օրենքները եւ թույլ չտալու օրինախախտումներ: Այս երկուսը Հայաստանի համար պարտադիր են, բայց վերջին տարիներին թուլացել են: Ուզում եմ մի բան ավելացնել. ես հեղինակել եմ «Պատերազմի տնտեսագիտություն» աշխատանքը, որ վերաբերում է Հայաստանին: Գրքում ներառված են դրույթներ, որոնք առնչվում են պատերազմը չավարտած երկրի տնտեսության խաղի կանոններին, այսինքն՝ եթե մենք չափից շատ ազատական տնտեսություն ենք վարում, պատերազմը դեռեւս չավարտած, ուղղակի շատ խոցելի ենք դառնում ե՛ւ հակառակորդի համար, ե՛ւ մյուս երկրների համար, որ թշնամի չեն, բայց մրցակից երկրներ են: Այս իմաստով Հայաստանի կառավարությունը պարտավոր է ուղղակի հաշվի նստել փոփոխվող իրավիճակի եւ պայմանների հետ ու իրենից կախվածն անել՝ նախ՝ հստակ տեսական քաղաքականություն մշակելով՝ ներառյալ ագրարային քաղաքականությունը, որը բացակայում է: Գյուղնախարարությունն առանձին քայլեր անո՞ւմ է՝ չգիտեմ. կաթիլային ոռոգում, սուբսիդավորմամբ մասնակի ինչ-որ վարկերի մարում եւ այլն: Բայց այդ ամենի համար պարտադիր չէ ունենալ գյուղնախարարության ուռճացված կառույց. մեկ հոգի կարող է գալ Իսրայելից եւ ասել՝ գիտե՞ք, ես տեսել եմ կաթիլային ոռոգում, եկեք դա ներդնենք Հայաստանում: Բայց հարյուրավոր մարդիկ պետք չէ պահել մի նախարարությունում եւ այդքան օտարված մնալ գյուղական տնտեսությունից: Ընդհանրապես գյուղնախարարությունը մի շենքում չպիտի գործի: Այնտեղ կարող են լինել երկու-երեք հերթապահ, մյուսները պարտավոր են լինել գյուղերում՝ տեղերում: Եվ առաջին հերթին չպետք է թույլ տալ գյուղերի ամայացումը, որոնց թիվը, իմ խորին համոզմամբ, հասնում է երեք հարյուրի: Դա մեծ աղետ է համայնքների բռնի խոշորացման հետեւանքով, ու սրա համար ահազանգել եմ եւ շարունակելու եմ ահազանգել:

- Ի՞նչ պիտի արվի, որ մեղմվի այս գնաճը, թեպետ մեկ-երկու քայլի մասին Դուք արդեն ասացիք:

- Նախ՝ պետք է տեղական արտադրությունը զարգանա, եթե տեղական արտադրությունը զարգանա, մենք կախվածություն չենք ունենա դրսից՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով, եւ արտաքին շուկայի ապրանքների գները մեզ համար այլեւս սպառնալիք չեն կարող լինել: Երկրորդ՝ պետությունը պիտի զսպի գերշահույթ ստացողների ախորժակը, ովքեր ժողովրդին պարզապես խաբում են: Նաեւ մի նկատառում երկրորդ կետից բխող. գազալցակայաններում գազի լիցքավորումը պիտի հաշվարկվի կիլոգրամներով եւ ոչ թե խորանարդ մետրերով: Վերջինիս դեպքում չարաշահումները բազմապատկվում են: Տեսեք՝ նորից հանգեցինք պետության վերահսկիչ գործառույթին: Այսինքն՝ եթե պետությունը բոլոր ճակատներում իր տեղում լինի, կարծում եմ՝ ոչ թե չենք ունենա գնաճի այսպիսի սպառնալիք, այլ, ընդհակառակը, կունենանք զարգացող տնտեսություն, որի աճը թույլ չի տա գների այսպիսի տատանումներ:

- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով ունենք, այս նեղ օրերին դրա դերը չտեսանք…

- Այդ մասին ինձ մի հիշեցրեք, որովհետեւ վրդովված եմ, որովհետեւ խնդրո առարկայի շուրջ խորհրդակցությունում այնպիսի մարդիկ էին հավաքվել… Ինձ մոտ այն  տպավորությունն էր ստեղծվել, որ պատերի տակից հավաքել են գինարբուքի մեջ գտնվող մարդկանց, բերել նստեցրել այնտեղ, նոր ծանոթացնում են, թե ինչ պետք է անել: Այդ պաշտոնյաները ոչ թե պետք է սպասեին հրահանգի կամ խորհրդակցության, այլ պարզապես հանգիստ չպիտի ունենային եւ արտակարգ ռեժիմով պիտի աշխատեին ու ապրեին, որովհետեւ ժողովրդի գլխին աղետ է կախված: Իսկ այդ դեպքում չեն հանգստանում: Հանգստանում են այն ժամանակ, երբ կարողանում են ապահովել արժանավայել կենսակերպ, երկրի տնտեսության կայուն զարգացում:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ եւ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43