Թե ինչ է լինում հետո, երբ «հայրենասիրություն» բառը դարձնում են ծամոն եւ շիրմա

22.04.2014 16:44
3174

Ս.թ. ապրիլի 10-ին տեղի ունեցավ «Դանդի փրիշս մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանի հանդիպումը մարզկենտրոնի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ընկերության տեղեկատվական կենտրոնում կազմակերպված հանդիպմանը մասնակցում էին նաեւ «Սյունյաց երկրի» լրագրողները: Եռամսյակը մեկ կազմակերպվող նմանատիպ հանդիպումն այս անգամ, սակայն, դուրս եկավ ավանդական հունից: «Սյունյաց երկրի» խմբագիր Սամվել Ալեքսանյանը Հրաչ Ջաբրայանին ուղղեց մարզկենտրոնի հանրությանը մտահոգող բազմաթիվ հարցերից մի քանիսը, որոնք, մեծամասամբ, մնացին անպատասխան: Սամվել Ալեքսանյանի հարցերն ու Հրաչ Ջաբրայանի պատասխանները` ստորեւ:


 

– Պարո՛ն Ջաբրայան, Դուք բավականին գումար` մոտ 200 մլն դրամ եք ուզում ներդնել (եւ արդեն սկսել եք ներդնել) Կապանի նախադպրոցական հաստատությունների վերանորոգման համար, ինչը, անշուշտ, դրվատելի է: Բայց նախադպրոցական հաստատություններից մեզ ահազանգում են, որ նորոգումներն իրականացվում են թերություններով, խոտանով ու հավելագրումներով: Հետաքրքիր է` ո՞ր շինարարական կազմակերպությունն է այդ աշխատանքներն իրականացնում, ո՞վ է շինարարական կազմակերպության հիմնադիրը (սեփականատերը), ղեկավարը: Ե՞րբ եւ ի՞նչ մրցույթի արդյունքում է շինկազմակերպությունը ստացել Կապանի մանկապարտեզները վերանորոգելու իրավունք:

– Նախ` ասում եք 200 մլն դրամ, քիչ եք ասում, դրանից ավելի գումար ենք ներդնելու մեր քաղաքի նախադպրոցական հիմնարկներում: Նախկինում մանկապարտեզների վերանորոգումը կամ շինարարությունն անում էր ինքը` մանկապարտեզը կամ քաղաքապետարանը: Այսինքն` մեզ ներկայացնում էին հաշվարկ, մենք այդ հաշվարկի հիման վրա փոխանցում էինք գումար, որ աշխատանքներն իրենք անեն: Ժամանակի ընթացքում նկատեցինք, որ աշխատանքներն անում են ոչ այն որակով, որ կուզեի տեսնել: Մենք տեսանք, որ աշխատանքներն արվում են, բայց որակը լավ չէ կամ լավ չէ օգտագործված շինանյութերի որակը կամ փողը ճիշտ ձեւով չի ծախսվում, ինչպես որ պիտի ծախսվեր: Եվ իմ հանձնարարությամբ կազմվեց շինարարական խումբ, որում ընդգրկվեցին մի քանի անգործ մարդիկ` մասնագիտությամբ շինարար: Իմ որոշմամբ, իմ հրամանով այդ խումբը կազմվեց մի անհատի կողմից, ում անունը ճիշտ չեմ համարում հնչեցնել: Բայց ես նրան լավ եմ ճանաչում: Եվ կայացվեց որոշում, որ բոլոր շինարարական գործերը սրանից հետո այդպես կատարվեն, որից հետո ես կկատարեմ անձնական ստուգումներ, ու դրանից հետո միայն փողը կփոխանցվի շինարարական կազմակերպությանը: Եվ որեւէ տենդերի պրոցես չի եղել, որովհետեւ դրանից առաջ, երբ երեք-չորս անգամ փորձեցինք տենդեր անցկացնել, տհաճ երեւույթ ստեղծվեց: Այսինքն` եթե երեք-չորս հիմնարկ տենդերին պիտի մասնակցեն, համաձայնում են` ինչ գին պիտի տան, եւ բոլորի ներկայացրած գներն իրարից երեք-չորս հազար դրամով են տարբերվում, ու նրանք համաձայնության են գալիս, թե ով պետք է տենդերը շահի` պայմանով, որ հետո միասին աշխատեն: Ես տեսա այդ ամենը, ինչն ինձ համար շատ տհաճ էր: Եվ ես ստեղծեցի իմ ղեկավարության ներքո գտնվող այդ կազմակերպությունը:

– Այսինքն դա «Դանդի փրիշս մեթալս Կապանի» ենթակառո՞ւյցն է:

– Այո, դա մեր կառույցն է:

– Եվ ո՞վ է այն անձնավորությունը, ում միջոցով ստեղծել եք շինարարական կազմակերպություն, ում միջոցով տնօրինում եք այդ աշխատանքները, բայց նրա անունը չեք ուզում հնչեցնել: Դուք հայտարարել եւ հայտարարում եք, որ թափանցիկ աշխատանքի կողմնակից եք, ինչը նշանակում է, որ չեք պատրաստվում հանրությունից ինչ-որ բաներ թաքցնել, մանավանդ որ մեր հարցադրումն իր մեջ պետական կամ բիզնես գաղտնիք չի պարունակում:

– Պարո՛ն Ալեքսանյան, կարծում եմ, որ Ձեր հարցումը տեղին չէ, որովհետեւ այդ անձի ով լինելը կարեւոր չէ, մանավանդ որ հատկացված գումարների նպատակային օգտագործումը վերահսկվում է իմ կողմից: Իսկ եթե այդ մարդն ուզում է` թող բացահայտվի, բայց ի՞նչ կարեւոր է, թե ով է այդ մարդը:

– Պարո՛ն Ջաբրայան, շատ կարեւոր է պարզել, թե ով է այդ մարդը: Ի վերջո Կապանի մանկապարտեզների համար մի քանի հարյուր մլն դրամ է ուղղվում, բայց գաղտնի է պահվում այդ գումարները տնօրինող անձնավորության անունը: Այդ ի՞նչ առեղծված է: Մենք ստիպված կլինենք առաջիկայում Ձեզ պաշտոնական հարցում ուղարկել` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա: Եթե դարձյալ չպատասխանեք, ապա այդ մարդու անունը կբացահայտենք դատարանի միջոցով:

Երկրորդ` ուզում ենք բարձրացնել Ձեր ընկերության կողմից ձեռք բերվող կրի հարցում առաջացած արտառոցությունը: Տարիներ շարունակ Ձեր ընկերությունն անհրաժեշտ կիրը ձեռք է բերել Կապանի «Վայբլ» ՍՊԸ-ից, իսկ վերջին ժամանակներս սկսել եք կիրը ձեռք բերել Պարսկաստանից: Եվ Կապանից կիր ձեռք չբերելու պատճառով մոտ 60 մարդ Կապանում կանգնած է աշխատանքը կորցնելու վտանգի առջեւ: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու չեք գնում Կապանում արտադրվող կիրը, այլ գնում եք Պարսկաստանից: Հետաքրքիր է իմանալ պարսկական մատակարար կազմակերպության անվանումը: Հետաքրքիր է իմանալ նաեւ` ի՞նչ գներով եք Պարսկաստանից կիր գնում եւ ի՞նչ գներով էիք «Վայբլից» գնում: Խնդրում ենք զուգահեռ անցկացնել նաեւ կապանյան կրի ու պարսկական կրի որակի միջեւ: Եվ, ի վերջո, Ձեզ չի՞ մտահոգում այն կապանցիների ճակատագիրը, ովքեր կզրկվեն աշխատանքից` կրի պատվերը կրճատվելու պատճառով: Տարօրինակ է` Կապանի հանքարդյունաբերական ձեռնարկությունը նախընտրում է կիրը ձեռք բերել Պարսկաստանի ադրբեջանցիներից եւ ոչ թե Կապանի ձեռնարկությունից:

– Պարո՛ն Ալեքսանյան, Ձեր հարցումը շատ հետաքրքիր է, բայց Դուք այս պահին ինձ վիրավորում եք, եթե ասում եք` Պարսկաստանի ադրբեջանցիներից: Ձեր փոխարեն ես զգույշ կլինեի եւ այդպես չէի ասի:

– Հայերս ատրպատականցիներին կոչում ենք ադրբեջանցիներ, եւ ուրեմն վիրավորանքի մասին խոսք լինել չի կարող:

– Նախ ասեմ, որ բիզնեսին առնչվող որոշումները ես պարտավոր չեմ բացահատել որեւէ մեկին: Այս հիմնարկի տնօրենը, «Դանդիի» փոխնախագահը ես եմ: Այսինքն` բիզնեսին առնչվող որոշումները կայացնում եմ մեր ներքին պետք եղած կարգապահական եւ կամ դասված օրենքների հիման վրա: Այս պահին ես որոշել եմ կիրը գնել այլ կազմակերպությունից, որովհետեւ ֆինանսական մեծ տարբերություն կա ի շահ մեր հիմնարկի, հսկայական տարբերություն կա նաեւ որակի առումով: Իսկ եթե ասում են, որ այդ հիմնարկում 60 աշխատավոր է կրճատվելու, ապա պետք է ասեմ` այդ մեկն ընդհանրապես մեզ հետ կապ չունի, իրենք կիր մատակարարում են հանքարդյունաբերական այլ ընկերությունների եւս: Եվ եթե նրանք միայն մեզ մատակարարելու համար այդքան աշխատավոր են վերցրել, ապա իրենք իրենց հիմնարկի գործը լավ չեն վերահսկում: Այնուհետեւ` ինձ ոչ ոք չի ասել, որ այդքան մարդ է կրճատվելու այդ ընկերությունում: Իսկ թե գների ինչպիսի տարբերություն կա` դա բիզնեսի գաղտնիք է, որ ես, ճիշտն ասած, չպիտի բացատրեմ:

– Այո, Դուք բիզնեսի ղեկավար եք, բայց դա Կապանի համար սկզբունքային հարց է… Եվ չեք ուզում բացահայտել: Միգուցե որակի տարբերության մասի՞ն խոսեք:

– Որակի մեծ տարբերություն կա:

– Արդյո՞ք դա նշանակում է, որ նախորդ տարիներին Ձեր ընկերությունը մեծ սխալ է թույլ տվել, երբ «Վայբլից» է գնել կիրը: Մի՞թե նախորդ տարիներին կրի որակական տարբերությունը Ձեզ չէր անհանգստացնում:

– Երբ մենք սկսեցինք թեստավորումներ անել, այսինքն` մեր լաբորատորիայում ստուգել, եւ արդյունքներն ի հայտ եկան, մեր որոշումը վերանայեցինք: Նախկին տնօրենների որոշումների մասին բացատրություն տալ չեմ կարող: Այնպես որ` ե՛ւ որակի, ե՛ւ գումարի մեծ տարբերություն կա, ու ես պիտի պաշտպանեմ «Դանդիի» շահերը:

– Եթե խոսքն իսկապես «Դանդիի» շահերի մասին է, ապա մատնանշեք, խնդրեմ, գնի եւ որակի կոնկրետ տարբերությունը:

– Պարո՛ն Ալեքսանյան, Դուք ինձնից հարցնում եք մեր բիզնեսի գաղտնիքները:

– Եղավ… Մի հարց եւս: Տեսեք, թե ինչ է կատարվում: Կապանում կա բեռնատար մեքենաների բավականին մեծ ռեսուրս: Բայց Դուք այդ բեռնատարները չեք օգտագործում ընկերության բեռնափոխադրումների համար: Հետաքրքիր է` ո՞ւմ (ո՞ր կազմակերպության) միջոցով եք ընկերության բեռները փոխադրում: Ինչպե՞ս հասկանալ` Կապանի «Կամազը» կամ «Կրազը» չե՞ն կարող այստեղից խտանյութը հասցնել Երեւան եւ անպայման դրսի մեքենանե՞րը դա պիտի անեն: Ի՞նչ տրամաբանությամբ եք Դուք առաջնորդվում:

– Գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո տենդեր արեցինք, որին մասնակցեց չորս հիմնարկ, մեկն ընտրվեց: Եվ ընտրվեց այն հիմնարկը, որ նախկինում մեզ տրամադրում էր փոխադրամիջոցներ, եւ շարունակեցինք աշխատել նույն հիմնարկի հետ: Նախեւառաջ ասեմ, որ արտահանումի լիցենզիայի հարց կա: Ձեր ասած կապանյան հիմնարկներն ու բեռնատարները լիցենզիա չունեն, եւ չեն կարող արտահանել այդ խտանյութը: Եվ, ի վերջո, Ձեր նշած փոխադրամիջոցները, վստահեցնում եմ, բավարար չեն` խտանյութը վերջնական կետ հասցնելու համար: Այդ պատճառով որոշեցինք մնալ նույն գործընկերոջ հետ, որ տարիներ ի վեր խտանյութը փոխադրում էր դեպի Փոթի: Առաջարկված գինը շատ հարմար է, իրենք անհրաժեշտ լիցենզիան ունեն, ունեն միջազգային նավահանգիստների հետ աշխատելու փորձ:

– Եվ ո՞ւմ է պատկանում այդ ձեռնարկությունը, որ շահել է մրցույթը, չէ՞ որ մեր պայմաններում պատահական տնտեսվարողը չի կարող հաղթող ճանաչվել այնպիսի մրցույթում, որի առարկան մի քանի մլն դոլար է:

– Թող Նորայր Աղայանը պատասխանի:

Նորայր Աղայան. – Դա միջազգային ընկերություն է, դա տեղական ընկերություն չէ, անունը «Սոֆմար» է, իսկ մնացածի մասին Դուք կարող եք հետաքրքրվել եւ ճշտել:

– Դուք իսկապե՞ս չեք ճանաչում այն մարդուն, ում հետ միլիոնավոր դոլարի պայմանագիր եք կնքել:

– Չեմ ճանաչում:

– Պարո՛ն Ջաբրայան, ի՞նչ նպատակով կրճատեցիք Ձեր ընկերության ավտոհավաքակայանը: Հետաքրքիր է` այդ «բարեփոխմամբ» ընկերությունը որքա՞ն շահույթ է ստանում ամսական (եւ արդյո՞ք ստանում է), այդ «բարեփոխմամբ» քանի՞ մարդ աշխատանքից զրկվեց:

– Չէ, հաստատ ընկերությունը ոչ մի բան չկորցրեց: Ի վերջո մենք հանքարդյունաբերական ընկերություն ենք: Եվ մեր հիմնարկը պետք է կենտրոնանա անվտանգ հանքարդյունաբերության վրա: Ավտոբուսները, որ տեղափոխում էին մեր աշխատողներին, տարիներ ի վեր գործել են նույն ոճով: Մեր վարորդներն այնքան էին հմտացել, որ նույնիսկ ավտոբուսների տակ ավելորդ բաքեր էին տեղադրել, գալիս էին ընկերության տարածքում դիզվառելիք լցնում, տանում քաղաքում վաճառում, մի բան, որ որեւէ տնօրեն չպիտի հանդուրժեր: Այդ ավտոբուսները մենք վաճառեցինք, գնորդը կապանցի է, Կապանի մեջ ստեղծվեց վեց-յոթ աշխատատեղ: Նույն սերվիսը տասը օրվա ընթացքում կարողացանք տրամադրել մեր աշխատավորներին:

– Արդյո՞ք դա նշանակում է, որ հավաքակայանը վերացնելու պատճառը նաեւ վարորդների գողությունն էր:

– Դա թողնում եմ Ձեր ենթադրությանը:

– Բնապահպանության տեսչության պետ Լեւոն Պետրոսյանը չորս տարի առաջ հայտարարեց (նաեւ մեր թերթում), որ Ձեր ընկերությունը մոտ 50 մլն դրամի ծառատունկ է իրականացրել Կապանի մերձակայքում: Անցել է չորս տարի: Կարո՞ղ ենք Ձեր օգնությամբ, միասին, գնալ եւ տեսնել, թե ինչ վիճակում են գտնվում այդ ծառերը:

– Թող պարոն Վահե Վարդանյանը պատասխանի:

Վահե Վարդանյան. – Այդ ծրագիրն արվել է Կապանի անտառտնտեսության հետ համատեղ: Աշխատանքն ընդունել է Կապանի անտառտնտեսությունը: Դուք կարող եք իրենց օգնությամբ ճշտել, թե ինչ վիճակում են այդ ծառերը:

– Տարեց կապանցիները մեզ պատմում են, որ դարերով Կապանում կողպեք հասկացողություն չի եղել, այսինքն գողության հավանականություն քիչ է եղել: Իսկ ահա Դուք գրեթե բոլոր ասուլիսներում եւ հանդիպումներում ազդարարում եք կոմբինատում տարածված գողության մասին: Ի դեպ, անգամ խորհրդային տարիներին, երկու-երեք պահակի պարագայում, կոմբինատից այդ մասշտաբի գողություններ չէին կատարվում: Ինչպե՞ս եղավ, որ դարեր շարունակ կողպեք չօգտագործող կապանցին ստիպված (ըստ Ձեզ) կոմբինատից անընդհատ գողություն է անում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս միանգամից փոխվեց կապանցու հոգեկերտվածքը: Անվտանգության այդքան աշխատակիցներ եւ տեսախցիկներ լինելով հանդերձ գողություն են անում: Միգուցե պատճառները փնտրեք այնտեղ, որտեղ մինչեւ հիմա չեք փնտրել: Միգուցե պատճառները փնտրեք ներսում: Եվ ինչպե՞ս հասկանալ` Դուք ասում եք` այս կամ այն գողության հեղինակին գիտեմ, բայց իրավապահներին չեմ ասի:

– Պարո՛ն Ալեքսանյան, Դուք մեղվի փեթակը խառնում եք Ձեր մատով: Նախեւառաջ մի ենթադրեք, որ գողությունները նոր են սկսվել: Ինքներդ ասացիք, որ «Դանդին» թափանցիկ է աշխատում…

– Դրա համար էլ նման հարցեր ենք տալիս` ակնկալելով անկեղծ պատասխան:

– Պարոն Ալեքսանյան, ես էլ գիտեմ, դու էլ գիտես, որ գողությունը մարդու մեջ չի առաջանում մի գիշերվա ընթացքում, այլ տարիների ընթացքում: Ես էլ գիտեմ, դու էլ գիտես, որ սովետական ժամանակներում (երբ բոլոր հիմնարկները եղել են պետության հովանու ներքո) մարդիկ հիմնարկից տանում էին, որովհետեւ պետական սեփականություն էր: Այդ մտածելակերպը փոխելը դժվար է: Եթե բացահայտ խոսում ենք այդ հարցերի մասին, ապա չի կարելի ասել, որ այդ երեւույթները նոր են: Բայց եւ այնպես մենք ուզում ենք դաստիարակել մեր ժողովրդին: Ես կուզեմ, որ այս քաղաքը հասնի, ինչպես մարդիկ են ասում, եվրոպական մակարդակի: Դրան հասնելու համար, նախեւառաջ, պիտի փոխենք հոգեբանություն եւ մտածելակերպ: Այսօրվա դրությամբ սեփականատերը ներդրել է 131 մլն դոլար: Դա սեփականատիրոջ փողն է: Եվ նա է որոշում, թե ինչպես պահպանել այդ ներդրումը: Այս պահին ունենք աշխատակազմ, որ ներառում է բավականին թվով պահակներ` այդ ներդրումները պահպանելու համար:

– Եվ վերջին հարցը: Պարո՛ն Ջաբրայան, ի՞նչ պաշտոն է Ձեզ մոտ զբաղեցնում Սասուն Մանուկյանը, ո՞վ է նա: Եթե կարելի է` իր աշխատանքային պայմանագիրը ներկայացրեք լրագրողներին, թող մարդիկ ծանոթանան դրան եւ տարատեսակ ենթադրություններ չանեն:

– Նախեւառաջ ասեմ, որ Սասուն Մանուկյանն իմ լավագույն ընկերներից է, եւ ասեմ, որ դա գաղտնիք չէ: Ես նույնիսկ հանրապետության նախագահի հետ հանդիպման գնալիս ինձ հետ Սասունին եմ տարել, որովհետեւ մարդ արարածն իր կողքին պետք է ունենա վստահելի մարդիկ, որոնց վստահում է հարյուր տոկոսով: Ես ինքս ինձ շրջապատել եմ լավ ընկերներով, լավ տնօրեններով, որոնց վստահում եմ հարյուր տոկոսով, այդ խմբի մեջ տեղ է գրավում նաեւ Սասուն Մանուկյանը:

– Էլի թող Ձեր ընկերը լինի, բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում, մենք այլ հարց ենք տալիս` ի՞նչ պաշտոն է զբաղեցնում նա կոմբինատում:

– Սասունն աշխատում է որպես տնօրենի խորհրդատու ե՛ւ քաղաքական հարցերով, ե՛ւ ներքաղաքական հարցերով:

– Կրկնում ենք` հնարավո՞ր է ծանոթանալ գործատուի եւ նրա միջեւ կնքված աշխատանքային պայմանագրին: Պարզապես զարմանալի է` Դուք հայտարարում եք, թե բիզնես միավոր եք եւ քաղաքականությամբ չեք զբաղվում, մի քիչ հետո էլ ասում եք` Սասունը խորհրդական է քաղաքական եւ ներքաղաքական հարցերով: Այդ ի՞նչ քաղաքականությամբ եք զբաղվում: Միգուցե տրամադրե՞ք նրա աշխատանքային պայմանագիրը:

– Հիմնարկի աշխատանքային գաղտնիքները մնում են աշխատանքային գաղտնիքներ:

Հ.Գ. Շատ հետաքրքիր զրույց էր. պարոն Ջաբրայանն այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց մեր հարցերից եւ ոչ մեկին: Ըստ էության թափանցիկ աշխատելու մասին նա ունի միանգամայն այլ պատկերացումներ:
Նշված հանդիպման եւ մեր զրույցի ընթացքում ակնհայտ դարձավ, որ Կապանի համար էական նշանակություն ունեցող, հանրությանը լրջագույնս մտահոգող բազում հարցերում ինքն այնքան էլ կողմնակից չէ հրապարակայնությանը: Բայց դա այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն ու մտահոգողն այն է, որ կոմբինատի ղեկավարության մի շարք քայլեր տարակուսանք են առաջացնում եւ ուղղակիորեն վնասում են Կապանի սոցիալական կացությանը: Առավել մտահոգիչ է, որ ընկերության գլխավոր տնօրենն այդ քայլերն անում է «հայրենասիրություն» բառը տեղի-անտեղի օգտագործելով, հայրենասիրության մասին սեփական պատկերացումները շաղ տալով:
Իհարկե, գործող օրենքի սահմաններում հետամուտ կլինենք, որ զրույցի ընթացքում բարձրացված հարցերի սպառիչ պատասխանը ստանանք: Մինչ այդ, սակայն, կուզենայինք, որ պարոն Ջաբրայանը «հայրենասիրություն» բառը գործածելիս նախեւառաջ հիշեր` հայրենասիրությունն ապրելու եւ գործելու կերպ է եւ ոչ թե...

Վրաստանի տուրիստական կազմակերպությունն իր էջից հեռացրել է Լոռու մարզին վերաբերող աղմկահարուց գրառումը, որով կիսվել էր Զուրաբիշվիլին

05.11.2024 00:30

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43