«Տեր լինելով՝ ծառայենք մեր քաղաքին»

20.10.2015 12:43
2365

Այս խորագրով Կապան քաղաքի տոնը մեկնարկեց հոկտեմբերի 13-ին Գարեգին Նժդեհի վերակառուցված հրապարակում երգող շատրվանների բացման արարողությամբ, որին մասնակցում էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Քաղաքի տոնին նվիրված բարեմաղթանքի խոսք ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: Տաղավարներում ցուցադրված էին կապանցի արտադրողների ապրանքատեսակները, սյունիքյան կերակրատեսակներ: Երգերի կատարումներով հանդես եկան քաղաքապետարանի դպրոցականների ու կանանց երգչախմբերը:

Հաջորդ օրերին անցկացվեցին մշակութային միջոցառումներ: Հոկտեմբերի 14-ին Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնը հանդիսականին ներկայացրեց Զորայր Խալափյանի «Պռոշ Պռոշիչի երազը» մեկ գործողությամբ կատակերգությունը (բեմադրությունը՝ Կարո Նաղդալյանի): Հաջորդ օրը Վ.Սարգսյանի անվան մանկական զբոսայգու բեմահարթակը տրամադրվել էր «Վահան Մանուկյան» երգի ստուդիայի սաներին, ովքեր հանդես եկան Կապանին նվիրված համերգով: Հոկտեմբերի 16-ին  ժամանակակից արվեստի թանգարանի Կապանի մասնաճյուղում տեղի ունեցավ գրաֆիկական աշխատանքի ցուցահանդեսի բացում: Ցուցադրանքում ներկայացված էին Ռուդոլֆ Խաչատրյանի, Հովհաննես Զարդարյանի եւ այլ գեղանկարիչների գրաֆիկական եւ կոմպոզիցիոն աշխատանքներ:

Քաղաքի օրը նշվեց հոկտեմբերի 17-ին: Գիշերը տեղացող հորդառատ անձրեւն առավոտյան միայն ժամը 9-ին մոտ դադարեց: Աննպաստ եղանակի պատճառով քաղաքապետարանի մերձակա այգում ժամը 10-ին նախատեսված գեղանկարչական աշխատանքի ցուցահանդեսը կայացավ կեսօրից հետո Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում: Նկարակալներին Կապանի արվեստի եւ գեղարվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի եւ արվեստի պետական քոլեջի սաների գեղանկարչական գործերն էին, ցուցադրված էին նաեւ դիզայներական աշխատանքներ: Իսկ «Կապանի օր» տոնակատարությանը նվիրված միջոցառումների շարքը սկսվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի այցելությամբ, որտեղ տոնի խորհրդին նվիրված եկեղեցական պաշտոն կատարեց Կապանի հոգեւոր հովիվ Վահան քահանա Հեբոյանը, այնուհետեւ բարեմաղթանքի խոսքեր հղեց կապանցիներին քաղաքի տոնի առթիվ: Եկեղեցում քաղաքապետարանի մանկական երգչախումբը (ղեկավար՝ Գայանե Հարությունյան) հնչեցրեց Կոմիտասի «Ազգային օրհներգը»:

Հաջորդ հանգրվանը Բաղաբուրջի հուշահամալիրն էր: Նախ ծաղիկներ դրվեցին անհայտ զինվորի, Սպիտակյան երկրաշարժի զոհերի եւ Արցախյան պատերազմում զոհված խաղաղ բնակիչների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարերի պատվանդանին, այնուհետեւ հարգանքի տուրք մատուցվեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ  մերօրյա ազատամարտում զոհված մարտիկների հիշատակին, կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

«Կապանի օր» տոնակատարության ծրագիրը ներառում էր նաեւ մարզական միջոցառումներ: Մանկան աշխուժություն էր Շահումյան-2 հասցեում՝ «Ամերիաբանկի» առջեւի հրապարակում, որտեղից մեկնարկեցին միջոցառումները: Նախ անցկացվեց կրոսավազք, որին մասնակցում էր 160-ից ավելի դպրոցական, այնուհետեւ մրցուղի դուրս եկան պատանի հեծանվորդները, որոնց թիվն անցնում էր քառասունից: Հեծանվավազքում լավագույն ճանաչվածին հանձնվեց հեծանիվ, իսկ կրոսավազքում եւ հեծանվավազքում մրցանակային տեղեր գրաված մասնակիցներն արժանացան մեդալների ու հուշանվերների: Քաղաքապետին կից երիտասարդական խորհուրդը տոնական տորթ էր պատրաստել տվել, որն այս անգամ բաժանվեց Կապանի երեխաների խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատության, Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի Կապանի մասնաճյուղի, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի, «Առաքելություն Հայաստան» բարեգործական հկ ցերեկային կենտրոնի, «Արծվաբույն» տարեցների կենտրոնի միջեւ եւ տնայցերով հասցվեց «Հույսի եւ հավատի օջախ» բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներին: Կապանի քաղաքապետարանը համերգ էր կազմակերպել փոքրիկների համար:

Տոնական օրվա գլխավոր միջոցառումը Կապանի մշակույթի կենտրոնում էր, որտեղ կայացավ հանդիսավոր նիստ ու տոնական համերգ: Հանդիսությանը ներկա կապանցիներին, հյուրերին բարեմաղթանքի խոսքեր հղեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը: «Մաղթում եմ, որ յուրաքանչյուրիդ ընտանիքում տիրի ջերմությունը, ուրախությունը եւ լավատեսությունը վաղվա օրվա հանդեպ: Ցանկանում եմ, որ քաղաքի օրը, հիրավի, ամենասիրելի տոնը դառնա բոլոր նրանց համար, ովքեր հպարտորեն կրում են կապանցի անունը:

Այսօր մեր համայնքում բնակվողները ամեն պահ կերտում են քաղաքի պատմությունը, եւ ձեզնից յուրաքանչյուրը, որ կատարում է իր ամենօրյա աշխատանքը, հարստացնում է հարազատ օրրանի կենսագրության էջերն իր ներդրումով: Ուստի տոնական օրը առիթ է հիշելու եւ շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր ավանդ են ունենում Սյունիքի մարզկենտրոնի զարգացման գործում:

Քաղաքի օրը առիթ է նաեւ թերթելու անցյալի էջերը, ամփոփելու կատարածը եւ ուղենշելու անելիքները», - մասնավորապես ասաց քաղաքապետը:

Շնորրհավորանքի խոսք ասաց նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը՝ նշելով, որ Կապանը, որ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ արժանի հակահարված տվեց հակառակորդին՝ ամոքելով իրեն հասցված վերքերը, գնալով բարեկարգվում ու գեղեցկանում է: Կապանի օրվա կապակցությամբ մի շարք անձինք արժանացան քաղաքապետի խրախուսանքին. կրթության, մշակույթի, առողջապահության, արտադրության ոլորտի մեկ տասնյակից ավելի մարդկանց հանձնվեցին շնորհակալագրեր եւ պատվոգրեր:

Հայրենի քաղաքի կյանքում ունեցած ավանդի եւ վաստակի համար «Կապան» ոսկե հուշամեդալով պարգեւատրվեցին «Կապան» վոկալ-գործիքային անսամբլի մենակատար, մեներգիչ Մայիս Դավթյանը, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից Սամվել Պողոսյանը, Կապանի Ալ.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Արզումանյանը, հետմահու՝ գեղանկարիչ Ռոբերտ Կամոյանը եւ «Ռոսիյանե» հասարակական կազմակերպության նախագահ Գալինա Աղախանյանը: «Կապանի պատվավոր քաղաքացի» կոչմանն արժանացան Ռոբերտ Էջանանցին եւ Ռուդիկ Գրիգորյանը: Հանդիսավոր նիստի ավարտին համերգային ծրագրով հանդես եկան երաժշտական կոլեկտիվներ եւ անհատ կատարողներ: Համերգն ավարտվեց «Կապան» երգով՝ կանանց երգչախմբի կատարմամբ, որ հնչեց առաջին անգամ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08