ՏԻԳՐԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «Մեղրեցին մեծ հարգանք է տածում զինվորի հանդեպ, սիրում սահմանապահ ջոկատը, ջոկատն էլ ժողովրդին է սիրում»

11.09.2014 15:21
2106

Օգոստոսի 23-ին Մեղրիում տեղի ունեցավ ուշագրավ մի հանդիսություն: Մեղրու սահմանապահ ջոկատի հրամանատարությունը, սպայական անձնակազմի ներկայացուցիչները, ինչպես եւ տարածաշրջանի համայնքների ղեկավարները հավաքվել էին Տիգրան Դանիելյանի` թոշակի անցնելու կապակցությամբ զորացրման ու Մոսկվա տեղափոխվելու առիթով:

Երկար տարիներ զբաղեցնելով սահմանապահ ջոկատի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների բաժնի պետի պաշտոնը` փոխգնդապետ Տիգրան Դանիելյանը լավագույնս է կատարել իր պարտականությունները եւ սահմանապահ ջոկատի ու տարածաշրջանի համայնքների, հասարակական կազմակերպությունների ու տնտեսվարող սուբյեկտների հետ ապահովել սերտ համագործակցություն, ինչի համար եւ հեղինակություն է վայելում Սյունիքի մարզում:

Ծառայության ընթացքում Տիգրան Դանիելյանն աշխատել է միմյանց հաջորդող ութ հրամանատարի հետ, ովքեր ըստ արժանվույն են գնահատել նրա աշխատանքը: Փոխգնդապետի աշխատանքը բարձր են գնահատել նաեւ ՌԴ եւ Հայաստանի Հանրապետության բարձր իշխանությունները:

Օգոստոսի 23-ի հանդիսությանը մասնակցում էին նաեւ «Սյունյաց երկիր» թերթի ներկայացուցիչները:

Այդ օրն էլ զրույց ունեցանք Տիգրան Դանիելյանի հետ:

– Պարո՛ն Դանիելյան, «Սյունյաց երկիր» թերթի խմբագրակազմի անունից շնորհակալություն ենք հայտնում Ձեզ` մոտ տասը տարվա ջերմ, բարիդրացիական հարաբերությունների համար: Ճիշտ է, այդ հարաբերության ջատագովը նաեւ զորամասի հրամանատարներն են եղել, բայց դրա կերտողն ու, կարելի է ասել, դարբինը Դուք եք եղել: Անկեղծորեն պետք է նշենք, որ Ձեր հեռանալուց հետո ինչ-որ բան կպակասի Մեղրու սահմանապահ ջոկատում, բայց համոզված ենք, որ Ձեզանից հետո էլ լավագույն ավանդույթները կշարունակվեն: Տարիների ընթացքում Ձեր գործունեության կարեւոր հատկանիշներից մեկը թափանցիկ եւ հրապարակային աշխատելաոճն է եղել, որ այսօր խնդիր է շատերի համար:

– Գիտե՞ք ինչ, եթե ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում, այդտեղ թափանցիկությունից բացի այլ բան լինել չի կարող: Եթե օրենքով նախատեսված է հրապարակային դարձնել այս կամ այն երեւույթը, բացարձակ անհրաժեշտ չեն փակ օղակներ, որովհետեւ տրված հրամաններում մշտապես նշվել են հրապարակայնության սահմանները: Եթե յուրաքանչյուր ոք գիտի իր տեղն ու դերը, անհրաժեշտ չէ ինչ-որ բան թաքցնել: Թաքցնելու բան առանձնապես չունենք էլ. Ժողովրդից ի՞նչ պիտի թաքցնես, երբ դու ծառայում ես նրան` գիշեր-ցերեկ հսկելով սահմանը, ապահովելով նրա անվտանգությունը: Մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ «Սյունյաց երկիրը» հայոց պետության հզորացման, հանրապետության սահմանների անվտանգության ապահովման, հայ-ռուսական դարավոր բարեկամության հետագա խորացման ջատագով է: «Սյունյաց երկիրը» վաղուց նաեւ մարզի հոգեւոր-մշակութային, հասարակական-քաղաքական կյանքի լուրջ բաղադրիչներից է: Եվ մենք չէինք կարող չհամագործակցել նման լրատվամիջոցի հետ: Այդ հարթակից էլ ժամանակ առ ժամանակ ներկայացնում ենք մեր զորամասի առօրյան:

– Եվ քանի՞ տարի ծառայելուց հետո եք թողնում Մեղրու սահմանապահ ջոկատը:

– Համարյա 22 տարի է, ինչ ծառայում եմ Մեղրու սահմանապահ ջոկատում: Մինչ այդ երկու տարի ծառայել եմ խորհրդային բանակում` Մերձբալթիկայում: 1992 թվականին՝ պատերազմական ժամանակներում եմ այստեղ անցել ծառայության` զբաղեցնելով տարբեր պաշտոններ: Հետագայում սովորել եմ սահմանապահ զորքերի Մոսկվայի ինստիտուտում, որից հետո անցել վերապատրաստման դասընթացներ Մոսկվայի սահմանապահ ակադեմիայում: Վերջին տարիներին Մեղրու սահմանապահ ջոկատի անձնակազմի հետ տարվող դաստիարակչական աշխատանքների բաժնի պետն էի:

– Մեր պետության ու ժողովրդի համար դժվարին այդ ժամանակներում` 1992-ին, ի՞նչը Ձեզ բերեց Մեղրու սահմանապահ ջոկատ:

– Ծանր պատերազմական օրեր էին: Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը նոր էի ավարտել եւ նպատակ չունեի լքել հայրենիքս: Կապանի հրետակոծություններից մի պահ հանգստանալու նպատակով որոշ ժամանակով եկա Մեղրի, ու այնպես ստացվեց, որ շփվելով այդ զորամասի հրամանատարության հետ` չհրաժարվեցի ծառայության անցնելու առաջարկից: Թեպետ պետք է նշեմ, որ եթե Մեղրու սահմանապահ ջոկատում չստացվեր, հայկական զորամասում ծառայության կանցնեի: Իմ որոշումը պայմանավորված էր այդ օրերի իրավիճակով` հայ-ադրբեջանական լարված հարաբերություններից բխող, երբ ազգովի թե՛ նյութապես, թե՛ հոգեպես աջակցում էինք պատերազմի մասնակիցներին, վիրավորներին: Ծառայության տարիներին դրսեւորելով բարձր պատասխանատվություն եւ նվիրվածություն` աստիճանաբար գտա իմ արժանի տեղը Մեղրու սահմանապահ ջոկատում:

– Տարիքի՞ պատճառով եք թողնում ծառայությունը:

– Ռուսական բանակում ծառայությունն ունի իր հստակ սահմանափակումները` օրենքով կարգավորված: Ես արդեն 46 տարեկան եմ եւ անցնում եմ թոշակի` տեղափոխվելով Ռուսաստանի Դաշնություն:

– Թույ տվեք նշել` մեր տպավորությունն այնպիսին է, որ ռուսական զորամասն առանց Ձեզ դժվար է պատկերացնել, մանավանդ զորամասի մշակութային կյանքը, որովհետեւ Դուք իսկապես մեծ ներդրում ունեք նախորդ տասնամյակներում ձեւավորված ավանդույթների պահպանման, նոր ավանդույթների ստեղծման եւ մի շարք նախաձեռնությունների իրականացման գործում:

– Տարիների ընթացքում բազում աշխատանքներ են կատարվել զորամասում: Ի սկզբանե էլ իմ աշխատելաոճի մեխը եղել է զինվորի եւ սպայի մեջ ամենից առաջ մարդկային հատկանիշներ տեսնելը, վերադասի հրամանների պատշաճ կատարումն ու ենթականերին հարգելը: Բացի դրանից` մեծ աշխատանքներ ենք տարել, որպեսզի պահպանենք հայ եւ ռուս ժողովուրդների միջեւ դարերով ձեւավորված բարեկամությունը: Հետխորհրդային տարիները, հիրավի, մեր ժողովրդի համար ինչ-որ չափով անորոշության ժամանակներ էին: Բայց, փառք Աստծո, բարձրագույն ղեկավարությունը, տեղական ինքնակառավարման մարմինները հստակեցրին, որ ռուսական զորամասի ներկայությունն այս տարածաշրջանում կայունության երաշխիքներից մեկն է: 1941թ. օգոստոսի 25-ին Կապուտջուղի խորխորատներում՝ Քաջարան քաղաքից 20 կմ հեռավորության վրա, Իրանից վերադարձող խորհրդային ինքնաթիռի վթարից զոհվել են ավագ լեյտենանտ Կոնստանտին Սոկոլովը (Ղրիմի Թեոդոսիա քաղաքից), լեյտենանտ Վադիմ Խասանովը (Չելյաբինսկի մարզի Զլատոուստ քաղաքից): Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի, Գալինա Բորիսովնա Աղախանյանի, Քաջարանի այն տարիների քաղաքապետ Ժորա Հովսեփյանի հետ Քաջարանում համատեղ տեղադրեցինք զոհված օդաչուների հուշաքարերը: 1996-97թթ. զորամասը մի քանի անգամ համերգներով հանդես եկավ Քաջարանի բնակչության առջեւ` ժողովրդի անորոշությունը ցրելու եւ դրական լիցքեր հաղորդելու համար: Մեր առջեւ կարեւոր խնդիր էր ծառացած. Խորհրդային Միության փլուզումից հետո կայունացնել հայ-ռուսական հարաբերությունները: Եվ տարեցտարի այդ առումով առաջընթաց գրանցեցինք ու հասանք նրան, որ բոլորն էլ հասկացան՝ միայնակ ոչնչի չեն կարող հասնել: Գտնվելով բարդ աշխարհագրական տարածքում` ռուսական զորամասի առկայությունն ուղղակի անհրաժեշտություն էր Սյունիքում: Այդպես է նաեւ այսօր:

– Բազմիցս մասնակցելով մշակութային միջոցառումների` ուրախությամբ նկատել ենք, որ դրանք բազմաբնույթ են, եւ, կարելի է ասել, Ձեզ հաջողվել է զորամասի մշակութային կյանքը հասցնել միանգամայն նոր մակարդակի:

- Առհասարակ յուրաքանչյուր զորամասում անհրաժեշտություն է որոշ ժամանակով կտրվել զուտ զինվորական առօրյայից, մարդու հոգեբանության մեջ պարբերաբար փոփոխություն մտցնել` մեծ նշանակություն տալով գեղագիտական դաստիարակությանը: Ես ուրախ եմ, որ Մեղրու տեղական իշխանությունների հետ միասին կարողացանք վերականգնել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին համապատասխան ուշադրություն դարձնելու ավանդույթը, որ Խորհրդային Միության փլուզումից հետո համարյա տասը տարի մոռացվել էր: Սա հոգեբանական մեծ հարված էր նրանց համար: Մեզ հաջողվեց նոր կյանք տալ այդ ավանդույթին, քանի որ պատմությունը մոռանալ չէր կարելի. յուրաքանչյուր ազգ ուժեղ է նախեւառաջ իր հիշողությամբ, մոռանալով ոչնչի չես կարող հասնել: Մշակույթն էլ պատմության մի մասնիկն է, եւ այն պահպանելն անհրաժեշտություն է: Ու նման շատ նախաձեռնություններ ու գործեր:

– Զորամասի անձնակազմի հետ ամեն անգամ շփվելով` այն համոզմանն ենք հանգել, որ գործ ունենք զինվորական համերաշխ, միասնական ընտանիքի հետ, որտեղ զորամասի բազմազգ լինելը ոչ թե խնդիր է, այլ` արժանիք:

– Մենք բոլորս զինվորներ ենք եւ ծառայության ընթացքում կարող ենք հայտնվել շատ դժվարին իրավիճակներում: Զինվորների ներքին համերաշխությունը հաջողության գրավականներից մեկն է: Երբ Արցախյան պատերազմի տարիներին ծառայում էի զորամասում, այստեղ տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային: Ինձ բախտ վիճակվեց տեսնել այն, ինչ ի սկզբանե` 1926 թվականից, դրվել էր զորամասի արժեքային համակարգի հիմքում` ինտերնացիոնալիզմ, ժողովուրդների բարեկամություն: Աշխատանքի անցնելուց հետո առաջին քայլս տարիներով ստեղծված այդ ավանդույթների վերականգնումն էր: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր ինձ օգնեցին: Շնորհակալ եմ իմ բոլոր հրամանատարներին, իսկ ես ծառայել եմ միմյանց հաջորդած ութ հրամանատարի ղեկավարությամբ: Նրանք ոչ միայն պաշտպանում էին յուրաքանչյուր նախաձեռնություն, այլեւ ձգտում դրան ինչ-որ բան ավելացնել: Ազգային խտրականություն երբեք չի եղել մեզ մոտ, տարիները ցույց են տալիս, որ կարելի է ու անհրաժեշտ նոր ժամանակները կառուցել առանց ժողովուրդների` միմյանց հանդեպ ատելության: Համերաշխությունը նպաստեց կոլեկտիվի ձեւավորմանն ու ամրապնդմանը:

– Այն կապը, որ կա Մեղրու սամանապահ ջոկատի ու Մեղրի քաղաքային համայնքի, մերձակա գյուղերի միջեւ, միայն դրվատանքի ու ընդօրինակման է արժանի: Կարծես թե իրար լրացնում էիք. ռուսական զորամասը դարձել է տարածաշրջանի պարտադիր բաղադրիչը:

– Այդ համագործակցությունն անհրաժեշտ է: Ո՞ւմ է պետք զինվորն առանց ժողովրդի կամ ժողովուրդն առանց զինվորի իրավիճակը: Մեր զորամասի դարպասները բաց են բոլորի համար, բաց դռների օր ունենք, զորամաս են այցելում դպրոցականները, Մեղրու բնակիչները: Բոլոր տոնակատարություններին մասնակցել ենք, եւ արդիական են հետեւյալ խոսքերը` ասված խորհրդային ժամանակներում. «Սահմանը պահում է ողջ ժողովուրդը»: Ժողովրդի հետ միասնաբար ավելի հեշտ է կատարել այն առաջադրանքները, որոնք տալիս է բարձր հրամանատարությունը: Առանց մեղրեցու դա հնարավոր չէ: Ի դեպ, մեղրեցին շատ հյուրասեր է, մեծ հարգանք է տածում զինվորի հանդեպ, սիրում սահմանապահ ջոկատը, ջոկատն էլ սիրում է ժողովրդին:

– Ուրիշ ի՞նչ տպավորություններով եք հեռանում զորամասից:

– Հեռանում եմ բարձր տրամադրությամբ` 22 տարվա ընթացքում դաստիարակել եմ հազարավոր զինվորների, ովքեր ինձ հիշում ու գնահատում են: Մի քիչ էլ տխուր եմ, որովհետեւ բաժանվում եմ իմ սիրելի զորամասից, իմ հոյակապ ընկերներից: Աստծուն շնորհակալ եմ, որ հնարավորություն տվեց ծանոթանալ տարբեր ազգերի ներկայացուցիչների, շատ մարդկանց հետ, ունենալ հիանալի հրամանատարներ: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցելիս ձեռք եմ բերել շատ բարեկամներ եւ հեռանում եմ հաճելի հիշողություններով: Բայց այն, ինչ ունի սկիզբ, ունի նաեւ վերջ, սա իմ սիրելի զորամասն է, եթե բախտ վիճակվի, նորից կվերադառնամ: Համոզված եմ` ամեն ինչ կշարունակվի: Ծառայությունս թողնում եմ գլուխս բարձր, ինչպես վայել է յուրաքանչյուր սպայի:

– Բարի ճանապարհ եւ նորանոր հաջողություններ:

– Շնորհակալ եմ:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34