Տիգրան Գրիգորյանի «ԱՆՄԱՀՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՆՎԱԳ» ՊՈԵՄԸ

19.06.2023 11:26
950

Ի՜նչ կա ավելի սքանչելի, քան պարզ ու զուլալ զգացումները, որ հոսել ու անցել են մանկության միջով, երբ, ինչպես Հովհաննես Շիրազն է ասում՝  «Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...»։

Այնուամենայնիվ, այդ անգիտության մասին խոսելն այսօր գիտությամբ զբաղվել է նշանակում, որի հայելային ջրերի միջից մենք երբեմն-երբեմն ոսկե ձկնիկներ ենք դուրս հանում։

Ցավոք, ուրիշ են ժամանակները մերօրյա Հայաստանում, և կենսասիրության ու արևաշող երազանքների թևերին տարուբերվելու մեր ձգտումները այդպես էլ չհատեցին խորհրդային իրականության մեր մանկապատանեկան հասակի սահմանները և չուղեկցեցին մեզ՝ մեր ապրած հետագա օրերի միջով...  Դրանք մնացին այնտեղ, անցյալի ջրերում, և, երանի նրան, ով երբեմն-երբեմն հեռավոր այդ ջրերի մեջ ճողփյունով խաղացող ձկնիկներ է նկատում։

Ի՞նչ է խորհում իր մանկության ջրափին նստած բանաստեղծ Տիգրան Գրիգորյանը, ի՞նչ է զրուցում նա զվարթ ճողփյուններով ջրերից դուրս ցայտող ոսկեգույն ձկնիկների հետ, երբ ջրերը դուրս են հորդել ապրված կյանքով ծանրապատված ամբարտակից այս կողմ։

Մանկության հուշերն ամբարտակներ ետ քաշող բանալիներ են։ Սա է այն պարզ ճշմարտությունը, որով պայմանավորված էլ, այսօր ահա մեր առջև հոսում է Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» պոեմը՝ իր թախծախառն կենարարությամբ։

Պտտում է իր հիշողության բանալին բանաստեղծն, ու իր իսկ հիշողությունն ահա, հավատարիմ գանձապահի նման բացում է մանկության գետը կասեցնող ամբարտակի դռները, որոնցից այն կողմ այն ամենն է, ինչ ընկալվել է, կերպավորվել ու պահեստավորվել հին ու երանելի օրերի մեջ... Հենց այդտեղ էլ ծայր է առնում համանվագը, որի նախերգանքի համար մի թաքուն կարոտով, ասես, ականջիս է հասնում շիրազյան «Հայ ժողովրդի երգ»-ն՝ իր վերելքի նոտաներով

Աչքերիս մեջ գարնան օրեր,

Ճամփես՝ բախտիս սարերն ի վեր՝

Ելնում եմ ես քարերն ի վեր,

Ելնում եմ ես սարերն ի վեր,

Քարե՜ր, սարե՜ր, դարե՜րն ի վեր:

Բախտս աստղերն են վեր պահել,

Ջահել եմ ես ու ձիս ջահել,

Չեմ նկատում քարեր ճամփիս,

Չեմ նկատում սարեր ճամփիս,

Քարե՜ր, սարե՜ր, դարե՜ր ճամփիս:

Ահա հայ ժողովրդի անմահության համանվագի մեջ շիրազյան կատարումը, որի երգային հնչյուններն, ասես, տարածվելով հայոց հինավուրց երկրի գյուղ ու քաղաքով, սար ու ձորերով, զուգերգող են փնտրում՝ ավելի լիացնելու, շռայլորեն տարածելու մարդկային կենսասիրական զգացումները։

Իմ խոսքը հենց այդ մասին է, այն մասին, որ Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագ» վերնագիրը կրող պոեմով ես բացահայտեցի նրան՝ շիրազյան կենսասիրական ձայներանգների հետ զուգահեռվող, զուգերգակ բանաստեղծին՝ իր բաժին համանվագի չափազանց վարպետորեն կատարումով հանդերձ։

Նույն այդ, նրա կատարումով, ահա այսպես է սկսվում պոեմը

Վաղընջական կյանքի առասպելը՝ նորած,

Աղջամուղջում ցայգի հարություն է առել...

Եվ երբ հորիզոնի վրա այգն է շառագունում, ցայգի աղջամուղջում հարություն առած գյուղն ասես մեկեն անզուգական ձայներով ու հովվերգական պատկերներով է լցվում.

Հորիզոնի վրա ա՜յգն է շառագունում.

Կարոտաբաղձ մայու՜ն... Թախծագորով բառաչ...

Ծիծառնե՜րն են զվարթ ճռվողյունով ճախրում,

Ճնճղուկներն իրենց վեճն են մղում առաջ...

 

Ժայռերի հետ մերված ողջ թաղերից հերթով,

Աքլորները զիլ-զի՜լ ծուղրուղու են կանչում...

Կարծես «Ժայռերի հետ մերված» գյուղի արևածագը թռչուններն են իրենց դյութիչ ձայնարկումներով ավետելով՝ գյուղաբնակներին հանձնում։ Գյուղի մեծն ու փոքրը, մայրն ու մանուկը, կինը, տղամարդը՝ յուրաքանչյուր արարած վաղնջական կյանքի այդ առասպելի մեջ արթնանում և մինչև պոեմի ավարտն անմահության իր անշփոթելի ու տիպական երակն է պահպանում։

Անիմանալի իրողությունների հորձանուտ է այս կյանք կոչվածը, որտեղ, երբեմն քեզ թվում է, թե հմուտ նավավարի նման թիավարում ես ինքդ քո օրերի միջով, օգտագործելով սեփական նավի ու թիերի հնարավորությունները։ Սակայն, ջուրն իջեցվող մեր թիերն ընդամենն անուժ, անկյանք գործիքներ են՝ առանց հիշողության, առանց հավատարիմ մեր այդ գանձապահի։

Ու հանում է նա՝ այդ հավատարիմ գանձապահն ահա, բանաստեղծի համար իր պահած գանձերը, ու հոսում է ամենը, ինչ ընկալվել, կերպավորվել ու պահեստավորվել է բանաստեղծի համար, նրա մանուկ ու պատանի օրերի մեջ։ Ահա եկել է այն օրը, երբ ետ են քաշվել ամբարտակները՝ նորովի իմաստավորելով բանաստեղծի կյանքը և իրեն ներկայացած անցյալում, իր մանկության ջրերում նա ոսկե ձկնիկներ որսացող ձկնորս է դարձել։

Ահա և նա՝ գրչի հարվածներով մանկության ոսկե ձկնիկներ ի ցույց դնող բանաստեղծը, որ պտտում է վարպետաշունչ ու հմայիչ իր նվագարկիչը... պտտում է, բարձրաձայնում անմահության համանվագը... Ու, երբ տխրածոր ու արևաշող նոտաներն իրար են խառնվում, մանկությամբ արդարացվող անգիտության անհոգս ընդարմացումներով առաջ է տանում իր երգը, իր բառն ու խոսքը, որոնցով էլ ձևավորվել է անցյալի երանաշատ օրերը գովերգող այս պոեմը։

Նրա բաց հոգու դռներից դուրս սահող մեղեդիներն այստեղ շատ հաճախ վեհությունները մոռացումից փրկող  հիշեցումներ են՝

Վերին ձորի խոժոռ, լերկ ժայռերի գրկում

Ղունղունում են վայրի աղավնիներն անուշ...

Հին կամրջին կպած այգիների խորքում

Իջևանել է մի ամպանման մշուշ...

 

Հաճախ էլ՝ անցյալով շաղախված հուշերը համբուրողներ են՝

Տատիս ձա՛յնն է նորից մեր ականջին հասնում,

Տատս թոնթորալո՜վ կանչում է մեզ հացի,

«...Աշխարհն արար վախտին միշտ ճաշի է նստում՝

Խաղի՜ն գերի էս փուչ եթիմներից բացի...»։

«Անմահության համանվագ»՝ աննման պոեմ, ուր թեթևասահ հմայքների մեջ անգամ արևաշող սպասելիքների զրնգուն թմբկահարումներ կան

Օդը կա՜նգ է առել։ Տապ է տոթակալած։

Անգամ գե՜տն է մի կերպ թավալվելով շարժվում...

Գժված մեղուների գվվոցն ահագնացած,

Մղձավանջի նման մա՛րդ է շշմեցնում...

 

Շոգի թմբիրի բութ հոգեվարքից փախած՝

Վերին ձորի խորունկ ջրվեժն ենք մենք հասել...

Ու ջրերի սառը շիթերի տակ ցայված՝

Սրթսրթալո՜վ, տաքուկ քարափներին պառկել...

Պոեմում պատկերներ կան, որոնք ոչ միայն ժամանակագրական կամ պատմագրական, այլև՝ գեղարվեստական մեծ արժեքներ են ներկայացնում

Թթենու տակ տախտի, մեր «տեղերը» մտած,

Պապիս մասին տատիս զրույցներն ենք լսում,

Իսկ տնակում քեռիս, մահճակալին փռված,

«Խաղաղ Դո՜ն»-ն է դարձյալ հափշտակված կարդում...

 

Ու չնայած ապրած կյանքին հալածական՝

Տատս էլի փա՜ռք է տալիս Երկնավորին,

Որ Մեծ հայրենական պատերազմում դաժան,

Ո՜ղջ է մնացել իր որբ մեծացած որդին...

Տիգրան Գրիգորյանի «Անմահության համանվագը» հզոր է այնքանով, որ հայրենի լեռնաշխարհի աննման տեղավայրն ու գյուղական աշխարհի հոգսերը հովվերգական ընկալումներով ներկայացնող բանաստեղծը, ասես անուղղակի անդրադարձով նաև խոսում է բակունցյան՝ ծաղկափոշու մեջ թաթախված բզեզի մասին, որին աշխարհը երանելի ճոճք էր թվում, խոսում է Արփաչայում լողացող տղաների մասին, որոնց մեջ էր բախտավոր անգիտությամբ երազող մեծն Շիրազը, խոսում է այն Սահյանի մասին, ում տխրությունը լացի էր փոխվում ամեն իրիկնահացի... Ու այդ ամենը ընթերցողին է մատուցվում որպես ժամանակային մի հատվածի բովանդակություն, որն այս, հետևյալ  քառատողում է՝

Դպրոցական տարի՛ք, արձակուրդնե՜ր ամռան...

Խորհրդային կյանքի հավատով լի՜ օրեր...

Աշխարհն արևահամ ցնորքի՛ էր նման...

Ու թվում էր՝ անմա՜հ ապրելու եմ դարեր...

...Ու՞ր են նրանք, որտե՞ղ մնացին, կամ՝ ու՞ր գնացին Անմահության համանվագներ կերտող մեր մեծ բանաստեղծները։ Նրանք առջևում են, նրանք ելնում են «...սարերն ի վեր//Քարեր, սարեր, դարերն ի վեր»։

Նրանց հետ է նաև նրանց զուգերգը պահող Տիգրան Գրիգորյանը՝ իր չնաշխարհիկ, թեթևասահ նկարագրությունների մեջ տիպական պատկերներով ու թանկագին կերպարներով հարուստ «Անմահության համանվագ» պոեմով։

Այս պոեմն, իսկապես, երգ է անմահության մասին, որի ճանապարհը բացվում է այն օրը, երբ նստում ես մանկության ոսկեշող ջրափին։

 

ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57