ԹՈՂ ՎԵՐՑՆԵՆ ԳԱԼՉՅԱՆԻ ՔԱՐՏԵԶՆԵՐԸ, ԿՏԵՍՆԵՆ, ՈՐ ԱՅԴ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՂԵԼ ԵՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ

04.02.2022 11:31
3518

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ՀՀ արտգործնախարարության՝ սահմանակից երկրների վարչության այժմ նախկին պետ Արսեն Ավագյանի նախագահությամբ դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացին միտված պարբերական քննարկումներ են կազմակերպվել` մասնագետների մասնակցությամբ: Այդ քննարկումներին մասնակցել է նաեւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Սակայն անցած տարվա հոկտեմբերից, երբ Արսեն Ավագյանը նշանակվեց Իրանում ՀՀ դեսպան, Մելքոնյանի խոսքով, այլեւս քննարկումներ չեն հրավիրվում։ Հիշեցնենք, որ Սյունիքում նոյեմբերին տեղի ունեցած մարտերից հետո Ռուսաստանը հորդորեց Հայաստանին ու Ադրբեջանին՝ շուտափույթ սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա սկսել։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց մասնագիտական հանձնաժողով ձեւավորելու մասին։ Մինչ այս պահը, սակայն, այդ հանձնաժողովից նորություն չկա։ Աշոտ Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ իրեն  առաջարկե՞լ են հանձնաժողովին անդամակցել, գուցե` խորհրդատվական նպատակով։

- Ես մի քանի անգամ մասնակցել եմ արտաքին գործերի նախարարությունում գործող հանձնաժողովի նիստերին՝ Արսեն Ավագյանի գլխավորությամբ, եւ մեր ձեռքի տակ եղած նյութերը, քարտեզները տրամադրել ենք իրենց։ Ոչ միայն ես եմ մասնակցել, այլեւ մեր ինստիտուտից աշխատակիցներ։

- Հանձնաժողովը ե՞րբ է սկսել գործունեությունը, արդեն ավարտե՞լ է  աշխատանքները, ի՞նչ պարբերականությամբ էիք նիստերին մասնակցում՝ խնդրում եմ մանրամասնեք։

- Արսեն Ավագյանը երբ նշանակվեց Իրանում ՀՀ դեսպան, դրանից հետո ես լուր չունեմ այդ հանձնաժողովից։ 20 թվականի նոյեմբերի 9-ից հետո է ձեւավորվել, ես անձամբ մի երեք նիստի եմ մասնակցել։ Մեզնից քարտեզներ են ուզել, այդ խնդրով քննարկումներ են եղել, մեր ինստիտուտի աշխատակիցներն անգլերեն, ռուսերեն, հայերենով հայ-ադրբեջանական սահմանների վերաբերյալ գիրք են տպել՝ ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ, այսինքն՝ մենք մեր օգնությունը ցույց ենք տվել։

- Իսկ ի՞նչ եք կարծում, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի՝ ապագայում ստեղծվելիք հանձնաժողովի կազմում ձեր մասնակցությունն անհրաժե՞շտ է, նկատի ունեմ՝ պատմաբանների, որովհետեւ խոսք է գնում, որ ՊՆ-ն է զբաղվում դրանով, եւ ինքն էլ ձեւավորելու է կազմը։

- Եթե իրենք դրա կարիքը չունենան, մեր մասնակցությունը ո՞նց է լինելու։ Կարծում եմ, որ մասնագետների մասնակցությունը պարտադիր է, եւ ես գիտեմ, որ պաշտպանության նախարարությունն էլ ունի հենց այդ հարցերով զբաղվող նեղ մասնագետներ, մնացած պրոցեսն ընթանում է առանց մեր մասնակցության, հետեւաբար, ավելին չեմ կարող ասել։ Մենք, որպես այդպիսին, խորհրդատվությունն ապահովում ենք նաեւ հիմա, երբ մեզնից խորհրդատվություն են ուզում, տրամադրում ենք։

- Իսկ ի՞նչ նյութեր եք տրամադրել, օրինակ, դրանց մեջ կա՞ այնպիսի քարտեզ, որով Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատված գտնվել է Ադրբեջանի կազմում:

- Մենք տրամադրել ենք 20-ականների քարտեզներ եւ հետագայի վերաբերյալ քարտեզներ։ Օրինակ, ես նույնիսկ գենշտաբի քարտեզներ եմ ունեցել` Սովետական Միության, որը եւս փոխանցել եմ իրենց։

- Քարտեզներ տրամադրելուց բացի, բովանդակային հարցեր է՞լ եք քննարկել։ 

- Բնականաբար, քննարկել ենք․ երբ են անկլավներն առաջացել, մինչեւ 26 թվականն ինչ վիճակ է եղել` 1920 թվականի դեկտեմբերի 2-ից։ Անշուշտ, այդ բոլոր նյութերում մանրամասն այս բոլորի մասին խոսվում է։

- Ի վերջո, կարո՞ղ եք ասել, Գորիս-Կապան ճանապարհի` ադրբեջանցիների վերահսկողության տակ հայտնված հատվածը որեւէ քարտեզով հայկական չի՞ եղել, եղել է ադրբեջանակա՞ն, ինչի մասին հայտարարում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներից շատերը։

- Ախր էնպես կատեգորիկ հարց եք տալիս` ադրբեջանական ընդհանրապես չի էլ եղել ոչ մի բան, ադրբեջանական ասվածը մի արհեստական գաղափար է, ես ո՞նց պատասխանեմ այդ հարցին, ո՞նց ասեմ՝ ադրբեջանական է եղել։

- Մեր պաշտոնյաները բա ո՞նց են վստահ պնդում, թե Հայաստանի որեւէ քարտեզով նշված ճանապարհը հայկական չի եղել։

- Ուրեմն թող վերցնեն Ռուբեն Գալչյանի հրապարակած քարտեզները եւ կտեսնեն, որ այդ տարածքները եղել են Խորհրդային Հայաստանի կազմում, հետո՝ 26-ից հետո, անցել են Խորհրդային Ադրբեջանին, այդ թվում՝ լճերի հատվածը, որ առաջ Վարդենիսի շրջանի մեջ էր մտնում, իսկ հիմա՝ Քարվաճառի շրջանի։ 20-ականներին Խորհրդային Հայաստանը բավականին խեղճ վիճակում էր, Անդրկովկասի դաշնության մեջ Ադրբեջանի եւ Վրաստանի խոսքն էր անցնում, դնում էին Կենտգործկոմի նիստին եւ հարցը քննարկում ի վնաս Հայաստանի։ Մենք ունենք նաեւ փաստաթղթեր, որտեղ Հայաստանը բողոք է ներկայացնում, թե ինչու եք առանց մեզ հարցնելու հարցերը, օրինակ՝ լճերի հարցը, լուծել հօգուտ Ադրբեջանի, վերեւից պատասխան էին ստանում՝ «խնդիրը քննարկվել է եւ այլեւս վերաքննարկման ենթակա չէ»։

- Ի՞նչ եք կարծում՝ ո՞ր թվականի քարտեզներով կիրականացնեն դելիմիտացիան ու դեմարկացիան։ 

- Ես չեմ կարող ասել։ Բայց եկեք հասկանանք, որ դելիմիտացիա նշանակում է փաստաթղթերի համաձայնեցում կողմերի միջեւ, եթե դա դեռ տեղի չի ունեցել, ո՞նց կարելի է ասել, թե խնդիրն ինչպես է լուծվելու, որ թվականի քարտեզով։ Պետք է նախ դելիմիտացիա լինի, ապա՝ դեմարկացիա։

- Իշխանության ներկայացուցիչների հարցազրույցներից տպավորություն է, որ խոսքը 1975-ի կամ էլ դրանից հետո ընկած ժամանակահատվածների քարտեզների մասին է։

- Ես չեմ կարող ասել, բայց եթե արդեն որոշված լիներ, ինչո՞ւ էին մեզնից այդ քարտեզներն ուզում։ Հարցը պետք է իշխանություններին ուղղել։

- Հայկական կողմի շահերից ո՞ր թվականի քարտեզն է բխում, ձեզնից խորհուրդ հարցրե՞լ են։

- Բնականաբար, մենք ասել ենք՝ մինչեւ 1926 թվականի քարտեզները։ Ադրբեջանի համար, իհարկե, ձեռնտու են ամենավերջին քարտեզները, որովհետեւ իրադրությունը հօգուտ իրենց է փոխվել։ Կարծում եմ՝ այս պատճառով էլ պրոցեսը բավական երկար կտեւի։ Եթե հայկական կողմն անմիջապես համաձայնի, որ 70-ականների քարտեզներն իր համար դելիմիտացիայի հիմք են, նշանակում է սահմանների հարցում, բնականաբար, կտուժենք։ Կտուժենք անկլավների հարցում, Ձեր ասած՝ Շուռնուխի ճանապարհի, Վարդենիսի լճերի: Ինչ վերաբերում է Սեւ լճին, դրա 75 տոկոսը Խորհրդային Միության տարիներին եղել է Հայաստանի տարածքում, 1/4-ի չափով` իբր նրանց անասունները ջրելու պատրվակով տվել են Ադրբեջանին, բայց հիմա, ինչպես գիտեք, մեծ մասն Ադրբեջանի վերահսկողության տակ է։

 

Եկել ենք Տիգրանաշեն՝ ցույց տալու Փաշինյանին, թե ինչու այն չպետք է հանձնի․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

10.09.2026 23:39

Գորիսում ՔՊ-ի թեկնածուն Առուշ Առուշանյանն է

10.09.2026 21:00

Հայերը՝ «քոչվոր ցեղ», հայերենը՝ «թուրքերենի բարբառ», ընդդիմությունը՝ «շովինիստ». Բաքվի խաղաղությունը

10.09.2026 17:33

Ընդդիմադիր ուժերի ղեկավարների կալանավորման հարցը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների և ՌԴ դեսպանի հանդիպման առանցքում

10.09.2026 17:27

Կես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղել

10.09.2026 17:08

Վոլոդյա Մարտիրոսյան․ այդպիսի մարդկանցով է հողը հայրենիք դառնում

10.09.2026 16:52

Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով

10.09.2026 15:55

Դեղերի փոխհատուցման կարգը փոխվում է․ ի՞նչ դեղեր այլևս չեն ներառվի հաշվարկներում

10.09.2026 15:19

Երկու դիմանկար, 42 էջ և կենսաչափական տվյալների պահոց․ ինչ է փոխվելու ՀՀ անձնագրում

10.09.2026 14:58

Ֆրանսահայ Յարութիւն Խաչատուրեանի ուշագրավ նախաձեռնությունը․ ուսումնասիրվում է Սյունիքի խաչքարային արվեստը

10.09.2026 14:46

Հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

10.09.2026 14:28

Իրանը Կապանում նոր գլխավոր հյուպատոս ունի

10.09.2026 14:17