Ծննդկանն ու երեխան մահացել են, հարազատները ծեծել են բժշկին

27.12.2016 17:19
2470

Կիրակի` դեկտեմբերի 25-ին, Կապանի բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպք է գրանցվել: Մինչեւ ծնվելը մահացած է եղել նաեւ պտուղը:

Բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Սամվել Միկոյանից տեղեկացանք, որ 26-ամյա կինն ընդունվել է դեկտեմբերի 24-ին, ժամը 14:00-ին: Այդ ժամանակ արդեն պտուղը մահացած է եղել: «Պտղի սրտի զարկերը չենք զգացել, ուղարկել ենք «էխոյի», էխոսկոպիստը հաստատել է մեր ախտորոշումը` 37-38 շաբաթական մահացած պտուղ», - ասաց Սամվել Միկոյանը: 

Բժշկի փոխանցմամբ, մահացած պտուղները շատ վտանգավոր են եւ բերում են ներանոթային մակարդելիության սիստեմի խանգարման: Եղանակային այս պայմաններում, 350 կմ ճանապարհ կտրելով, կնոջը Երեւան տեղափոխելը բժիշկները գնահատել են ռիսկային եւ որոշում է ընդունվել նրան հոսպիտալացնել: Հետագայում զարգացել է ծննդաբերական գործունեություն: Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 4:40-ին, ծնվել է մահացած երեխան: Այնուհետեւ բժիշկները նկատել են, որ արյան մակարդում բացարձակ տեղի չի ունենում:

«Մենք, մինչեւ ծննդաբերությունը այդ խնդիրը կանխատեսելով, պրոֆիլակտիկ նշանակումներ ենք արել, որ մակարդելիության սիստեմը մի քիչ բարելավվի: Հեղուկներ ենք ներարկել, ամեն ինչ արել ենք, բայց բժշկությունն այսօր ի զորու չէ, որ բոլոր խնդիրները 100 տոկոսով հաղթահարի: Ծննդաբերությունից հետո նույնպես արյան մակարդելիության սիստեմը կարգավորող դեղորայքներ ենք նշանակել, պլազմա ենք արել, որը պատվիրում ենք Գորիսից, մորից ենք փոխներարկել եւ այլն», - մանրամասնեց բաժանմունքի վարիչը: Տեսնելով, որ կոնսերվատիվ` դեղորայքային մեթոդներն արդյունք չեն տալիս, որոշում է ընդունվել վիրահատել կնոջը: Բժիշկ Միկոյանի խոսքով, սկզբում վիրահատությունից փորձել են հնարավորինս խուսափել` հաշվի առնելով, որ դա եղել է կնոջ առաջին հղիությունը եւ նպատակ են ունեցել պահպանել արգանդը` մայրանալու հնարավորությունից հետագայում նրան չզրկելու համար: 

«Ուղղակի 26 տարեկան կին էր, զրկվել էր երեխայից, եթե մենք շուտ գնայինք վիրահատության, արգանդն անպայման պետք է հեռացնեինք, դրա համար չարչարվեցինք, որպեսզի գոնե արգանդը պահպանենք: Բայց, էլի եմ ասում, մենք փրկիչներ չենք: Ինչ որ արել ենք, օգուտ չի տվել: Հետագայում տեսնելով, որ դեղորայքային միջոցն արդյունք չի տալիս, գնացել ենք վիրահատության: Վիրահատությունը դեռ չվերջացած, սրտի կանգ է տեղի ունեցել, որը վերականգնել հնարավոր չի եղել: Թե հետագայում դատաբժշկությունը եզրակացություն կտա, ես ինչ կարող եմ ասել», - նշեց Կապանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչը:

Հարցին, թե հնարավոր կլինե՞ր փրկել կնոջ կյանքը, եթե շուտ դիմեին վիրահատական միջամտության` չփորձելով պահպանել արգանդը, բժիշկը պատասխանեց.

«Գիտեք ինչ կա, նա ծննդաբերությունից հետո նորմալ քանակով արյուն է կորցրել: Եթե դա կազմում է քաշի համեմատությամբ 0.5 տոկոս, համարվում է թույլատրելի արյան կորուստ: Իր մոտ թույլատրելի արյան կորստից էլ ցածր է եղել: Եթե մենք գնայինք վիրահատության, կարող է ավելի շատ կորցներ եւ այս երեւույթներն ավելի շուտ զարգանային, դարձյալ չկարողանայինք փրկել կնոջ կյանքը»:

Կինը մինչեւ ծննդաբերելն իմացել է, որ արգանդում աղջնակն արդեն մահացած է: Բայց թե ինչ պատճառով դա կարող էր տեղի ունենալ, հայտնի չէ: Սամվել Միկոյանը նշում է, նման դեպքերին հատուկ մի շարք պատճառներ, ինչպես օրինակ, արյան բացասական ռեզուս, պորտալարի փաթաթում, այս պարագայում չեն եղել: «Այստեղ գուցե հավանական է զույգերի միջեւ անհամատեղելիություն, որ 37-38 շաբաթականում հանկարծ ներարգանդային մահ է տեղի ունենում: Պտուղը մենք ուղարկել ենք քննության: Դատաբժիշկները կպարզեն՝ ինչն է պատճառը», - ասաց նա: Հղիության ընթացքը, ինչպես փոխանցել են Միկոյանին, չի ուղեկցվել բարդություններով:

Մահացած ծննդկանի ու երեխայի հարազատները համոզված են, որ իրենց ընտանիքին պատուհասած այս մեծ ողբերգությունը բժիշկների մեղքով է: Նրանք փորձել են վրեժխնդիր լինել:  
«Մենք` հայերս, սիրում ենք բռունցքներով հարցեր լուծել: Ոչ մի քաղաքակիրթ երկրում այսպիսի բան չի լինի, որ բժիշկն այսքան անպաշտպան լինի: Բոլոր նորմալ հիմնարկներում անվտանգության աշխատակիցներ կան: Երեւանի համարյա բոլոր բուժհիմնարկներում նույնպես անվտանգության աշխատակիցներ են նստած: Իսկ մեզ մոտ ինքնադատաստան են տեսնում: 20 հոգի դուռը բացեցին, թափվեցին վրաս, սկսեցին բռունցքներով, քացիներով խփել: Իրավունք չունենք բռունցքով մեր հարցերը լուծել, հասկանո՞ւմ եք: Մտածում են, որ մահ է եղել, ուրեմն բժիշկը մեղավոր է: Բայց բժշկությունը հարյուր տոկոսանոց չէ», - ասաց մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի ղեկավար Սամվել Միկոյանը:

Հ.Գ. Կապանի բժշկական կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ երեկ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Ըստ այդմ, Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ծննդկանի մահվան դեպքի առթիվ: 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:20-ին, Կապանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ընկերության մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում գրանցվել է նորածնի, այնուհետեւ վերջինիս մոր՝ 1990 թ. ծնված Մարինե Իվանյանի մահը: Նախնական տվյալներով՝ Մարինե Իվանյանը 2016 թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, «մահացած պտուղ» ախտորոշմամբ ընդունվել է «Կապանի ԲԿ» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, որտեղ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 11:30-ին, ծնվել է մահացած պտուղը, որին հաջորդել է բուժվող հիվանդ Մարինե Վարդանի Իվանյանի մահը:

Սյունիքի մարզային քննչական վարչությունում դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով («Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»): Նշանակվել են մահացած պտղի եւ Մ. Իվանյանի դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Աննա Զախարյան
26.12.2016
armtimes.com

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19