Ուխտագնացություն Մեծ Իշխանասարի երկնահաս եւ աստղաթաթախ գագաթ

01.08.2020 16:53
13147

Սյունեցիների համար հազարամյակներ շարունակ նվիրական դարձած Մեծ Իշխանասարի գագաթ բարձրանալը մեզ համար երազանք էր դեռեւս մանկության տարիներից:

Սրբասարի գագաթ բարձրանալն առավել հրատապ դարձավ 2019-ին, երբ սկսեցինք «Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի իրագործումը:

Ծրագրի առաջին փուլին նվիրված հատուկ թողարկման մեջ («Սյունյաց երկիր», N9 (525), 30 ապրիլի 2020 թ.), որում ներկայացվեցին Գորիսի տարածաշրջանի պաշտամունքային վայրերը, Մեծ Իշխանասարի եւ մերձակա սրբավայրերի, նաեւ Վերիշեն, Ակներ գյուղերի տարածքում գտնվող պաշտամունքային վայրերի մասին չքնաղ մի հոդված պատրաստեց մեր թերթի մեծ բարեկամ Գագիկ Հայրումյանը:

Սակայն Մեծ Իշխանասարը յուրովի սկիզբ է (մեր պատկերացմամբ) Սիսիանի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրերը ներկայացնելու համար, որովհետեւ լեռան գագաթից գրեթե ամբողջապես երեւում է Սիսիանի տարածքը: Մյուս կողմից՝ Սիսիանում քիչ տեղեր կան, որտեղից չի երեւում Մեծ Իշխանասարը:

Ուստի եւ որոշեցինք Սիսիանի տարածաշրջանի քրիստոնեական սրբավայրեր կատարելիք մեր ուխտագնացությունը սկսել Մեծ Իշխանասարից:

Եվ 2020 թ. հուլիսի 5-ին հաջողվեց իրականություն դարձնել մեր վաղեմի երազանքն ու բարձրանալ Մեծ Իշխանասարի գագաթ:

 

Աշխարհագրական տեղեկանք

Իշխանասար լեռնազանգվածի ամենաբարձր գագաթն է Մեծ Իշխանասարը:

Գտնվում է Սյունիքի եւ Արցախի սահմանագլխին, Գորիս քաղաքից հյուսիս-արեւմուտք:

Բարձրությունը 3552 մ է, որոշ աղբյուրներում՝ 3548 մ:

Վերին նեոգենի հրաբխային գոյացում է՝ կազմված հիմնականում դացիտային, անդեզիտա-դացիտային լավաներից:

Լեռնագագաթից դեպի հյուսիս գտնվում է Փոքր Իշխանասարը (3456 մ):

Հյուսիս-արեւմուտքում Իշխանասարը 2500-2700մ բարձրության թամքոցով ձգվում է դեպի Ծղուկի լեռնազանգված:

Հարավից մի ճյուղով միանում է Եռաբլուրներ լեռնագագաթներին:

Գագաթային մասում կա խառնարան:

Արեւելյան եւ արեւմտյան լանջերը զառիթափ են՝ մասնատված հովիտներով:

Արեւելյան ստորոտում է սառցադաշտային ծագման Սեւ լիճը՝ 2666 մ բարձրության վրա:

Սեւ լճից արեւելք Սագի լիճն է, որը Սեւ լճից անհամեմատ փոքր է եւ ամռանը դառնում է սակավաջուր. այդտեղից է սկիզբ առնում Խոզնավար գետը:

Մեծ Իշխանասարը Երեւանից 207 կմ, Վերիշենից 18 կմ, Նորավանից 9 կմ հեռավորության վրա է:

 

Անվանումը մատենագիտության մեջ

Իշխանասար Մեծը մատենագիտության մեջ գործածվում է մի քանի անուններով՝ Ըշըգլը, Ըշըխլը, Ըշըխլը Մեծ, Ըշըխլու, Իշըխլի, Իշըխլի Մեծ, Իշիխլի, Իշիխլի Մեծ, Իշիխլու, Իշխլու Մեծ, Իշիկլը, Իշխանասար, Իշխլի Մեծ, Իշխլու, Իշղլու Մեծ, Սուրբ Օհաննես, Քաչալդաղ, Քեչալդաղ, Քիլիսալի:

«Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան»-ի (Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան) վերոնշյալ տեղեկատվության առթիվ, սակայն, մի վերապահում ունենք. Քաչալդաղ, Քեչալդաղ անվանումը Մեծ Իշխանասարին վերագրելը կոպիտ սխալ է: Քաչալդաղ կամ Քեչալդաղ լեռը Գլուխ Ձագեձորո լեռն է, որի գագաթը պարզորոշ երեւում է Գորիս քաղաքից եւ առհասարակ տարածաշրջանի շատ վայրերից: Այդ լեռը, որ 2865 մ բարձրություն ունի, Սեւ լիճն արեւմուտքից երիզող լեռն է:

Մեծ Իշխանասարին տրվել է նաեւ Ֆարմաշ, Թարփանմազ անունները:

 

Մեծ Իշխանասար տանող ճանապարհները

Լեռնագագաթ կարելի է բարձրանալ մի քանի ճանապարհով:

Առաջին երթուղի. Գորիս-Երեւան մայրուղուց Վաղատին տանող ճանապարհից՝ դեպի հյուսիս-արեւելք:

Երկրորդ երթուղի. Գորիս քաղաքի մուտքից (նախկին «Ավանգարդ» տնտեսության անասնապահական շենքերի մոտակայքից) դեպի հյուսիս:

Առաջին եւ երկրորդ երթուղիները հատվում են Էշամեյդանում, որտեղից էլ երթուղին ձգվում է հյուսիս:

Երրորդ երթուղի. Վերիշենի տարածքով (Խոզնավար, Վաղատուր եւ Խանածախ տանող ճանապարհ) բարձրանալ Սեւ լիճ, որտեղից էլ՝ դեպի արեւմուտք:

Չորրորդ երթուղի. Ակների տարածքով բարձրանալ Իշխանասարի ստորոտ, որտեղից էլ դեպի հյուսիս-արեւմուտք:

Ակներից եւ Վերիշենից ձգվող ճանապարհները կարող են հատվել  Սեւ լճից դեպի արեւմուտք գտնվող հովիտներում:

Հինգերորդ երթուղի. Սիսիանի Իշխանասար գյուղից (նախկին անվանումը՝ Ղզլջուղ) դեպի Մինքենդ ձգվող դաշտային ճանապարհից դեպի հարավ-արեւելք:

Երթուղիներից յուրաքանչյուրը ենթադրում է ժամանակային տարբեր տեւողություն եւ յուրօրինակ ռելիեֆային առանձնահատկություններ:

 

«Սյունյաց երկիրը» վերելքը սկսեց Ակներ գյուղից

Ակները նախկին Բռուն կամ Բուռուն կամ Բռունք գյուղն է՝ Գորիս քաղաքից մոտ 5 կմ հյուսիս-արեւմուտք:

Ակների մոտով է հոսում Գորիս գետը, որի հենց այդ հատվածը կոչվում է Վարարակ:

Գյուղի մոտով է հոսում «Տերտերի առու» կոչվող ջրանցքը, որ կառուցվել է դեռեւս 10-րդ դարում, իսկ դիմացի բարձրադիր վայրում Ակների երկու ՀԷԿ-ն է:

Գյուղի շրջակայքում կան կիկլոպյան կառույցների, միջնադարյան բերդի ու այլ շինությունների հետքեր:

Ակներից ճանապարհ ընկանք հուլիսի 5-ի վաղ առավոտյան՝ ժամը 6-ին:

Ճանապարհ ընկանք Ակների վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանի ուղեկցությամբ եւ նրա ամենագնացով:

Գյուղից մինչեւ գյուղի յայլաղներ, որ գտնվում են Մեծ Իշխանասարի ստորոտում, 9 կմ է:

Ճանապարհը համեմատաբար լավ վիճակում է:

Վերելքը սկսվում է սրբավայր ձորից, որի աջ կողմում Խաչին օսն է կամ Սուրբ Հակոբը:

Սրբավայրը ժողովուրդը նաեւ Խաչ է կոչել, Ակնին ճիրին խաչը, Ակնին խաչը:

Խաչին օսի մասին հանգամանալից տեղեկություններ է հաղորդում Գագիկ Հայրումյանը վերոնշյալ հոդվածում:

Խաչին օսից ձախ Ակներ աղբյուրի ակունքներն են:

Խաչին օսի ձորով (քարանձավախմբի արեւմտյան մասով) հոսում է Դաղձուտ գետակը, որը Վարարակի ձախ օժանդակներից է:

Խաչին օսն անցնելու հետո ճանապարհի ձախ մասում մեզ ընդառաջ է գալիս գեղեցիկ մի խաչքար՝ Ակոնի խաչը (հայտնաբերվել է 30-40 տարի առաջ):

Խաչին օսից հյուսիս հայտնի Մթնաձորն է (դրան առանձին անդրադարձ ենք կատարել): Հեռվից երեւում են Ուղտի քաշկառը, Կարմրաքարը:

Մեծ թեքություն ունեցող լեռնալանջը հաղթահարելուց հետո մենք հարթավայրում ենք:

Նախ եղանք Ակների անասնապահների յայլաղատեղիում. վրաններից ծուխ էր ելնում, իսկ մեզ նախեւառաջ դիմավորեցին ուրթի շները: Ապա եղանք Հարթաշենի յայլաղատեղիում, հետո՝ Գորիս քաղաքի անասնապահների մոտ:

Այդտեղ մեզ դիմավորեցին եւ հյուրընկալեցին Համլետ Թոխսանց ու Հերմինե Մաթեւոսյան ամուսինները: Նրանք եկել են Գորիս քաղաքից եւ այդտեղ կազմակերպում են սեփական 1200 գլուխ ոչխարի եւ 70 գլուխ խոշորի ամառային խնամքը:

Նախաճաշելուց եւ նախապատրաստական որոշ աշխատանքներ տանելուց հետո Սպարտակ Մինասյանի ամենագնացով 1-1.5 կմ շարունակեցինք վերելքը, քանի դեռ մեքենան կարող էր բարձրանալ:

Մոտ ժամը 10-ին կանգ առանք լեռան հարավ-արեւելյան ստորոտի այն մասում, որտեղից այլեւս անհնար էր մեքենայի ընթացքը:

 

***

Վերելքը պետք է շարունակեինք ձիերով:

Նախապես այդտեղ էր հասել Գուրգեն Մինասյանը՝ վեց ձիով. երեքը քուռկիկ էին՝ եկել էին զամբիկի՝ իրենց մոր հետեւից: Դրանք Սպարտակ Մինասյանի երամակի լավագույն երիվարներից էին:

Եվ մոտ մեկ ժամ ձիերով ճանապարհ անցանք…

Գորիսի պետական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գուրգեն Մինասյանը, ով քաջածանոթ է այս կողմերի ամեն սար ու ձորի, ամեն քար ու կապի, գնում էր առջեւից՝ իր Սեւուկ նժույգով:

Այնուհետեւ Մարիամն էր՝ Լուսո ձիով:

Վերջում ես էի՝ Ջեյրանը հեծած:

Գուրգենն ընթացքում պատմում էր երեք այդ նժույգի արժանիքների մասին. Լուսոն իմաստուն զամբիկ է՝ ձիավորին հնազանդ, երեք անհանգիստ քուռկիկների անվերջ խաղն անգամ նրա վարգին չէր խանգարում:

Իսկ Ջեյրանը…Ազնվացեղ հովատակ է. ասում են՝ ձի չէ միայն, նաեւ ձիապան է, ձիերի երամակն ինքն է հավաքում եւ ամեն մայրամուտի յայլաղատեղի բերում, նրա ներկայությամբ երամակից որեւէ ձի չի կարող փախչել:

Ձիերն այնքան վստահ էին վերելքը հաղթահարում, քարակույտերը շրջանցում, որ նրանց գավակներին խփելու կարիք չէր լինում:

Եվ, այդուհանդերձ, որպեսզի վստահ լինեինք հարմար թամբերի վրա, ոտքներս դրել էինք ոչ պակաս հարմար ասպանդակների մեջ:

Ավելի թեք տեղերում էլ, սանձը բաց թողած, բռնում էինք ձիերի բաշից…

 

***

Մի կանաչ, հեքիաթային աշխարհ էր բացվել մեր առաջ, եւ ամեն մի թմբի ու բարձունքի հետեւում նոր պատկերների էինք ականատես լինում, երբեմն դադար առնում եւ վայելում այդ գեղեցկությունը:

Եղանակը սկզբնապես զով էր, մի պահ նույնիսկ պայթեցին ամպերը, բայց հետո երկնակամարում երեւաց արեգակը:

Ալպիական այդ վայրերում (ասում են) խոտը համով է եւ յուղաբեր. պատահական չէ, որ սարերի լանջերին՝ տարբեր տեղերում, երեւում էին ոչխարի հոտեր, կովերի նախիրներ:

Մեր գլխավերեւում ժամանակ առ ժամանակ երեւում էին թեւերն ամպերի մեջ թրջված արծիվներ, ագռավներ, ուրիշ հավքերի երամներ:

Մի փոքր ավելի ներքեւ արտույտներն ու տատրակներն էին սեր անում, երբեմն էլ հայրեններ կարդում:

Իսկ գետնի վրա… Ծաղիկների  ու գույների իրարանցում:

Մեզ տեսնելով՝ քնաթաթախ ու կապույտ զանգակներն էին ամենուր վեր թռել ու բացվել, ալպիական մանուշակներն էին հանդեսի ելել:

Ծաղիկների մի մասը մեզ անծանոթ էր, ուստի եւ Գուրգենի պարզաբանումն էինք ժամանակ առ ժամանակ ունկնդրում:

Այդ ամենից, ակամա, մեր հոգու կրակն էր թեժանում, այդ ամենից համոզվում էինք վերստին՝ Մեծ Իշխանասարի լանջերը, մերձակա հովիտները միայն բարություն եւ մաքրություն են շաղ տալիս:

 

***

Մեկ ժամ անց եռագագաթ Իշխանասարի հարավ-արեւելյան գագաթի ստորոտում էինք:

Ձիերն այլեւս անկարող էին բարձրանալ. երկար պարաններով կապեցինք քարերից՝ հանգստանալու եւ բուրումնավետ արոտից օգտվելու հնարավորություն տալով նրանց:

Առջեւում մեր ուխտագնացության ամենադժվարին փուլն էր. ամբողջովին քարերով պատված-ծածկված լեռը պետք է բարձրանայինք ոտքով. պահանջվում էր խիստ թեք այդ լանջով բարձրանալ մոտ 700 մետր:

Իրար թիկնած ու ժանիքները սրած քարեր՝ մամռակալած, ծալ-ծալ փեշերով բարձունքներ, միմյանց գլխի թառած ապառաժներ…

Վերելքի այդ հատվածը  պահանջեց մոտ մեկ ժամ. ժամը 12-ին լեռան առաջին (հարավ-արեւելյան) գագաթին էինք:

Այդտեղից ավելի հստակ ու պարզորոշ երեւաց երկրորդ եւ երրորդ գագաթ գնալու ուղին:

***

Քիչ հանգտանալուց հետո շարժվեցինք դեպի երկրորդ գագաթ:

Ավելի պարզորոշ դարձավ, որ լեռան լանջերը ոչ բոլոր տեղերում են ձմեռային շրջազգեստը հանել:

Տեղ հասնելու համար պետք է հաղթահարեինք ձյան շերտը, ինչը հաճույքով արեցինք:

Երկրորդ գագաթում արդեն մեզ դիմավորեց եւ գուրգուրել սկսեց զմրուխտե զեփյուռը, որը, սակայն, երրորդ ու վերջին գագաթ բարձրանալուն զուգահեռ աստիճանաբար փոխակերպվում էր քամու՝ ձորերի տապից խրտնած եւ լեռնագագաթ բարձրացած քամու:

Ուրցն էր իր խոնավ աչքերը բացել եւ հեքիաթային բույրը տարածել:

Երկրորդ լեռնագագաթից դեպի արեւմուտք եւ դեպի հարավ մեր առջեւ բացվեց Սիսիանի ամբողջ տարածաշրջանը:

Հենց այդտեղից սկսած մեզ հետ, կարծեք, զրույցի բռնվեցին Աղոթարանը, Ուղտասարը, Արամազդը, Կապուտջուղը…

 

***

 

…Եվ ահա երկնքի մեջ մարգարեացած լեռան ամենաբարձր եւ սրբացած գագաթին ենք:

Ահա Աստծո աստղաջրած՝ սյունիքյան գահաթոռ-վայրում ենք:

Այդտեղ երկնքից մեր ականջին բան են ասում ամպերը, դարերը…

Ներքեւում՝ մեր ոտքերի տակ՝ իրար գլխի թառած, իրար ծոց մտած սարեր են, ձորեր, կիրճեր:

Բազմաթիվ լճակներ են՝ մանկան արցունքի պես ջինջ: Դրանց մարգարիտը, անշուշտ, Սեւ լիճն է, Իշխանալիճը (մեր ուխտագնացությունից հետո Սեւ լճին առանձին անդրադարձ ենք կատարել):

Ամենագագաթին երկաթե խաչն է. ասում են՝ Սիսիանի տարածաշրջանի Իշխանասար գյուղի երիտասարդներն են տարիներ առաջ տեղադրել՝ նախկին մատուռի տեղում:

Խաչի ստորին մասում՝ իրար գլխի ժողոված ոչ մեծ քարեր են՝ ներսում՝ վառած մոմեր, կողքը մի քանի շիշ՝ ներսում գրվածքներ պարունակող թղթեր, որոնք չբացեցինք ու չընթերցեցինք (ասում են՝ այդտեղ այցի եկող ուխտավորներն իրենց անուններն ու երազանքները գրում են եւ շշի մեջ դրած պահ տալիս սրբավայրին):

Կար նաեւ մի քար՝ սրբապատկերով, որ համեմատաբար նոր էր:

Մոտ մեկ ժամ լեռնագագաթին մնալուց, առ Աստված աղոթք բարձրացնելուց եւ հավերժից ու հավիտենականությունից մի պտղունց վայելելուց հետո բռնեցինք հետդարձի ճանապարհը:

***

Լեռան գագաթին մենք հիշեցինք Գուսան Աշոտին, Համո Սահյանին, ովքեր Մեծ Իշխանասարը հավերժորեն բնակեցրել են նաեւ գեղարվեստական գրականության արեւոտ անդաստանում:

Այդ թեմայով Գուսանի երգերն ու Սահյանի բանաստեղծությունները (ուխտագնացությունից հետո) ներկայացրել ենք առանձին հրապարակմամբ:

 

Իշխանասար Մեծը՝ Սուրբ Հովհաննես, Սուրբ Ավանես, Սուրբ Օհանես, Սարի սուրբ Վանես, Սարի սուրբ

Մեծ Իշխանասարը կոչվել է նաեւ սրբասար:

Իշխանասարի պաշտամունքային նշանակությանն անդրադարձել է Ստեփան Լիսիցյանը (Զանգեզուրի հայերը, էջ 275). «Վարդավառի օրը հավատացյալները մեծ բազմությամբ դիմում էին սրբազան լեռների գագաթներին գտնված սրբավայրերի այցելությանը: Այստեղ գտնվում էին հրաշագործ գերեզմաններ՝ որեւէ պարզ խաչքարով զարդարված կամ շատ նոր ժամանակների շինված անարվեստ մատուռով հովանավորված: Բարձրանում էին Սարվարդի (Սալվարդի), Իշխանասարի (Իշիխլիի)  Սուրբ Օհանեսը եւ մանավանդ Խուստուփի գագաթները…»:

Ստեփան Լիսիցյանը ներկայացնում է նաեւ տոնակատարության ընթացքն Իշխանասարում.«Մեծ Իշխանասարը՝ Մեծ Իշիխլին տեղացիներին հայտնի է նաեւ որպե Սըփ Օհանէսի սար: Նա ավելի մատչելի է հյուսի-արեւելյան կողմից, որտեղ նրա ստորոտից ոչ հեռու կանաչ ափերի մեջ ծփում է Սեւ լճի՝ Կարագյոլի կապտավուն հայելին: Հին ժամանակ այժմյան Գորիսի վարչական շրջանի գրեթե բոլոր գյուղերից բազմաթիվ ուխտավորներ, ո՛րը ձիով կամ ջորիվ, ո՛րը բոբիկ ոտով, անողորմաբար բզզելով ծանր անասունը, ընտանիքի մեծ ու փոքրով շրջապատված՝ շտապում էին Վարդավառի տոնին սարը բարձրանալ: Իրենց բեռը ներքեւում՝ սարի ստորոտին թողնելով, նրանք մի քանի արահետներով շարան-շարան ձգվում էին սարն ի վեր դեպի գագաթը, որտեղ կոպիտ խաչքանդակներով զարդարված վիմաքարեր են կուտակված մի անհայտ գերեզմանի վրա: Այստեղ լույսեր՝ մոմեր վառելով՝ կպցնում էին քարերին, վառում էին կոպիտ կավե ճրագների բամբակե պատրույգները, բարեպաշտությամբ համբուրում էին քարերը եւ իրենց ջերմեռանդ աղոթքները դեպի արեւելք առաքելով՝ հայցում էին մուրազների կատարում: Այնուհետեւ իջնում էին սարերից եւ լճից ոչ հեռու մի տափարակ հրապարակի վրա, բերած մատաղացուն մորթում: Քահանաներն իրենց տիրացուների հետ մեկի մոտից մյուսի մոտ վազվզելով՝ իրենց հասանելիք ոչխարի կամ գառան բուրդն ու մորթին էին հավաքում: Շուրջը վխտում էին մանրավաճառներ, խնձորեսկցի աշուղներն այս եւ այն խմբին միանալով՝ իրենց երգի ու նվագի համար մեծարվում էին եւ իրենց վարձատրությունը ստանում»:

Ուխտագնացության վերջին կանգառում. զրույց ամենալուսավոր, ամենապայծառ,  «արցունքի պես ջինջ» Բակունցի մասին

Մեր վերջին կանգառն Ակներ գյուղի յայլաղատեղին էր:

Հյուրընկալվեցինք Սպարտակ Մինասյանի ընտանեկան ուրթում, որ քարե տնակ էր:

Սպարտակի հրաշալի մայրը՝ տիկին Սոսիկն առատալի սուփրա բացեց եւ ամենակարեւորը՝ մեզ գոմշի մածուն առաջարկեց:

Մեր զրույցը նախեւառաջ Իշխանասարի արոտների պրոբլեմների մասին էր: Իսկ խնդիրներից գլխավորն անասունների համար ջրի պակասն էր, թեեւ Մեծ սարի լանջերում բազմաթիվ լճակներ կան, որտեղից կարելի է ջուրը խողովակներով հասցնել յայլաղի այն տեղերը, որտեղ սովորաբար հանգրվանում են ֆերմաները:

Բայց Սպարտակ Մինասյանը շուտով մեր զրույցը տարավ այլ՝ գրականագիտական, ավելի ստույգ՝ Բակունցյան թեմայի ուղղությամբ:

Մորական կողմից Բակունցը սերում է Վերիշենից: Եվ ամենայն հավանականությամբ նա իր Հարություն (Արթին) պապի հետ մանկության տարիներին բազմիցս եղել է Իշխանասարի հովիտներում: Այնպես որ՝ Բակունցը գրականություն էր մտել իր աշխարհից՝ Գորիսից ու Զանգեզուրից եւ դրանց հիման վրա էր ստեղծել իր աշխարհը:

Սպարտակ Մինասյանն Ակների եւ Վերիշենի տարեցներից է լսել՝ տեղանունները, դարձվածքները, որոնցով վերնագրված են Բակունցի շատ գործեր, գրողը վերցրել է հենց այս վայրերից:

Օրինակ «Ալպիական մանուշակ»՝ գլուխգործոցային ստեղծագործությունը…

Նուրբ եւ քնարական այդ պատմվածքի վերնագիրը կարող էր ծնվել միայն Մեծ Իշխանասարի լանջերին փռված դեղնավուն (ծիրանագույն) մանուշակներից: Միայն այդ մանուշակների ազդեցությամբ կարելի էր կյանքի բանաստեղծական ընկալման այնպիսի համադրության հասնել, որ տեսնում եք պատմվածքում:

Կամ «Կարմրաքար» վեպը, որից մեզ հատվածներ են հասել:

Անշուշտ, վեպը Կարմրաքար անունով գյուղի մասին է, որն ավելի ճիշտ 1914-ից առաջ եղած հայկական գյուղերի ընդհանրական պատկերն է:

Արդյո՞ք այդ տեղանունը Բակունցը չի վերցրել Մթնաձորում գտնվող Կարմիր քարից, որ նաեւ Կարմրաքար է կոչվում:

Իսկ Մթնաձորի ասքը (ե՛ւ պատմվածքների շարքը, ե՛ւ նույնանուն պատմվածքը, ե՛ւ «Մթնաձորի չարքը»)…

Հիշո՞ւմ եք, թե ինչպես է սկսում «Մթնաձորը» պատմվածքը. «Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը…»:

Այդ վայրերում 20-րդ դարասկզբին դեռ հզոր էին առասպելները, հեթանոս դարերի շունչը, որոնց ազդեցությունը տեսնում ենք «Մթնաձորը» շարքի պատմվածքներում:

Արդյո՞ք Իշխանասարի ստորոտում գտնվող Մթնաձոր տեղանունը չէ, որ գրական աշխարհ է տեղափոխել Բակունցը: Ի վերջո Մթնաձորը դա ձոր չէ սոսկ, որին մենք անդրադարձ ենք կատարել առանձին (ուխտագնացությունից հետո), այլ…

Մթնաձորը դա Զանգեզուր-Սյունիք աշխարհն է: Մթնաձորը Բակունցի համար դարձել է մեծ աշխարհ, մի ուրույն աշխարհ: Եվ այնքան էր Բակունցը խորացել այդ աշխարհում, որ Չարենցը զգուշացրեց՝«Աշխատիր, սակայն, որ մութ այդ ձորում/ Քո պայծառ ուղին անդարձ չկորչի»:

 

Հ.Գ.

…Երանի՜ այն հավքերին, որ ամեն օր բարձրանում են Իշխան Մեծ սարի գագաթ:

Երանի՜ այն ամպերին, որ ժամանակ առ ժամանակ գրկում են Մեծ Իշխանասարի կատարները:

Երանի՜ այն ուխտավորներին, որ նոր-նոր պիտի բարձրանան Սրբասարի գագաթ:

Սամվել Ալեքսանյան

 

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25