«Ուսուցիչը կարեւոր է, ուսուցումը՝ էական». մեկնարկում է Edcamp-ը

22.06.2020 10:57
1039

Հունիսի 22-ին մեկնարկելու է Edcamp ուսուցչական-կրթական երկրորդ (չ)կոնֆերանսը: Հարթակ, որտեղ ուսուցիչներն ու դպրոցում աշխատող մյուս մասնագետները հանդիպելու են՝ փորձ փոխանակելու, իրար լսելու, իրարից սովորելու:

Հանրակրթական բարեփոխումները հաճախ չեն հաջողվում, որովհետեւ ուսուցիչներն որոշումների կայացմանը չեն մասնակցում, իրենց մոտեցումները չեն արտահայտում, այդ փոփոխություններն իրականացնելու կարողությունն ու հմտությունը չեն ունենում: 
Ինքնազարգացմամբ զբաղվող, ոգեշնչված, բարեփոխումներն առաջնորդող ուսուցչական համայնք ձեւավորելու նպատակով «Պարադիգմա» կրթական հիմնադրամը 2019-ին կազմակերպեց առաջին ուսուցչական համաժողովը՝ Edcamp-ը:

«Մեր կարգախոսն է՝ «Ուսուցիչը կարեւոր է, ուսուցումը՝ էական»: Մենք ուզում ենք փոխել ուսուցչի մասին պատկերացումները: Բայց որպեսզի հանրությունը վստահություն ունենա ուսուցչի նկատմամբ, պետք է համոզված լինի, որ ուսուցիչը տիրապետում է իր գործին ամբողջությամբ: Ու այստեղ ուսուցիչը կարեւոր գործ ունի անելու: 

Մեր նպատակն է խթանել, որ ձեւավորվեն ուսուցչական սովորող համայնքներ: Դրա համար պետք է ազատ միջավայր, որտեղ ուսուցիչները սովորում են լինել բաց՝ փորձը, խորհուրդներ փոխանակելու, միմյանցից սովորելու, մասնագիտական առումով իրար վստահելու համար: Երբ կա այդ միջավայրը, շահում են բոլորը՝ երեխաները, կրթությունը»,- ասում է «Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը:

 

Նարեկ Մանուկյանը  Նարեկ Մանուկյանը

Լուսանկարը` Վահան Ստեփանյան

 
Կրթական համաժողովի մասնակից կամ խոսնակ կարող են դառնալ Հայաստանի եւ Արցախի դպրոցների ուսուցիչները, տնօրենները, երեխաների հետ աշխատող այլ մասնագետներ: Ովքեր ցանկանում են հանդես գալ որպես խոսնակ, լրացնում են հայտը, մանրամասն ներկայացնում թեման, հիմնավորում սեփական հաջողված կամ անհաջող փորձը, որով ցանկանում են կիսվել: Կրթության ոլորտի մասնագետներից կազմված խորհուրդն իրականացնում է հայտերի «կույր» գնահատում: 

«Հայտերը դիտարկում ենք 3 հիմնական սկզբունքով: Առաջինը՝ հայտերի ամբողջականությունն է, որ բոլոր բաժինները հստակ կառուցվածք ունենան: Օրինակ՝ չլինի, որ ներկայացնի մի վերնագիր, բայց խոսի բոլորովին այլ բովանդակության մասին: Երկրորդ՝ ներկայացվող նյութը չհակասի մանկավարժական կամ հետազոտություններով ամրագրված մոտեցումներին: Օրինակ՝ եթե մեկի թեման վերաբերում է աղջիկների եւ տղաների առանձին ուսուցում կազմակերպելուն, ապա նա պետք է ներկայացնի, թե ինչ հետազոտությունների վրա են հիմնված իր փաստարկները: Եթե այդ հետազոտությունները չկան, մենք հայտը չենք ներառի: 

Երրորդ՝ հայտերն ընտրելիս առաջնորդվում ենք աշխարհագրական ներկայացվածությունն ապահովելու սկզբունքով: Մեր նպատակն է խոսնակներ ունենալ ոչ միայն Երեւանից, այլեւ՝ մարզերից: Եթե Երեւանից եւ մարզից 2 խոսնակ նույնական թեմա են ներկայացնում, խրախուսում ենք, որ համագործակցեն, համատեղ հանդես գան»,-ասում է Նարեկ Մանուկյանը:

Անցած տարի 120 մասնագետ ցանկացել էր հանդես գալ որպես խոսնակ: Ընտրել էին 60-ին: Այս տարի 270 հայտ է ստացվել, 54-ը՝ հաստատվել: Հետադարձ կապ պահում են բոլորի հետ, մանրամասն հիմնավորում, թե ինչու է հայտը մերժվել, ինչպես կարելի է այն բարելավել՝ հաջորդ տարի ներկայացնելու համար:

Աճել է ոչ միայն սեփական փորձն ու գիտելիքները կիսել, այլեւ նոր բան սովորել ցանկացող մասնագետների թիվը: Անցած տարի մասնակցության 1 500 հայտ ստանալուց հետո դադարեցրել էին հայտերի ընդունումը, որովհետեւ տարածքը սահմանափակ էր: Քանի որ այս տարի համաժողովն առցանց է լինելու, մասնակցելու հնարավորություն կունենա մոտ 3 000 հոգի:

Լուսանկարը` «Պարադիգմա» կրթական հիմնադրամ

Համաժողովն անցկացվելու է հունիսի 22-ից 27-ը: Մասնակիցներն ազատ են՝ ընտրելու իրենց նախընտրած թեման, բանախոսին: Եթե մի քանի րոպե լսելուց հետո հասկանում են՝ իրենց սպասումները չարդարացան, կարող են կիսատ թողնել: Սա կարեւոր է ազատ կրթական միջավայր ձեւավորելու համար:

Թեմաների սահմանափակում կամ ընտրված շրջանակ չկա: Ազատ են խոսելու իրենց անհանգստացնող, հուզող, ոգեւորող հարցերի շուրջ: Եթե կան թեմաներ, որոնք, ըստ համաժողովի կազմակերպիչների, կարեւոր են, բայց որեւէ մեկը դրանց չի անդրադարձել, իրենք են հրավիրում խոսնակների Հայաստանից կամ արտերկրից:

«Այս տարի հրավիրել ենք կրթության ոլորտի համաշխարհային հեղինակությունների, մարդկանց, որոնց որեւէ համաժողովում տեսնելը երազանք կլիներ: Դիլըն Ուիլիամը «Ձեւավորող գնահատում» կոնցեպտի համահեղինակն է, որն աշխարհում դասականի համարում ունի կրթության ոլորտում: Ձեւավորող գնահատումն այսօր Հայաստանում գնալով ավելի է կարեւորվում: Դա գնահատումն է՝ առանց գնահատական դնելու, առանց միավորի, ամեն երեխայի դիտարկելով որպես առանձին, ինքնուրույն սովորողի եւ ոչ թե բոլորին մի գծի վրա դնելով: 

Ունենք խոսնակ, որը ներկայացնելու է զորեղ գիտելիքի կոնցեպտը, թե ինչպես է որոշվում դպրոցում որ գիտելիքը ներառել, որը՝ ոչ: Հեռավար ուսուցման ոլորտում աշխարհի 5 լավագույն մասնագետներից մեկն է լինելու մեր խոսնակը: 

 

Լուսանկարը` «Պարադիգմա» կրթական հիմնադրամ

Գունդա Տիրեն ներկայացնելու է Էստոնիայի կրթական բարեփոխումները: 2018-ին Աշակերտների միջազգային գնահատման (մաթեմատիկա, բնագիտություն եւ ընթերցանություն) ծրագրի՝ PISA-ի շրջանակում Էստոնիան 5-րդն էր աշխարհում ու առաջ էր անցել Ֆինլանդիայից, իսկ ֆինանսական գրագիտությամբ առաջինն է աշխարհում: Փորձելու ենք հասկանալ, թե հետխորհրդային տարածքի երկիրը, որը խորհրդային տարիներին վիճակագրական շատ ցուցանիշներով զիջել է Հայաստանին, ինչպես է դարձել աշխարհում 5-րդը:

Ֆիննական հայտնի դասագրքերի հեղինակ Պասի Սալբերգի հետ խոսելու ենք երկու հարցի շուրջ՝ ինչպես ձեւավորել վստահություն դպրոցների նկատմամբ, եւ ինչու թողնել, որ երեխաները խաղան դպրոցում: Խաղի վերաբերյալ խոսնակներ ունենք նաեւ Հայաստանից, բայց ուզում ենք խորացնել այս թեման, որովհետեւ խաղերի միջոցով ուսուցումը շատ կարեւոր, նորարար ուղղություն է կրթության մեջ»,-ասում է Նարեկ Մանուկյանը: 

Այս տարի ԿԳՄՍ նախարարության, ԱԺ համապատասխան մշտական հանձնաժողովի հետ համագործակցությամբ եւ ոլորտի շահառուների ներգրավմամբ՝ երկու քննարկում է լինելու՝ նախադպրոցական եւ ներառական կրթության վերաբերյալ: Իսկ համաժողովի վերջին օրը նախարար Արայիկ Հարությունյանն ու փոխնախարար Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին ներկայացնելու ու նրանց հետ քննարկելու են կրթական երկու բարեփոխում՝ ուսուցիչների խրախուսման համակարգի եւ հանրակրթության բովանդակության փոփոխության վերաբերյալ: Սա հնարավորություն է անմիջական քննարկում սկսել նախարարության եւ ռեֆորմների շահառուների միջեւ՝ նախքան այդ բարեփոխումները կընդունվեն:

Լուսանկարը` «Պարադիգմա» կրթական հիմնադրամ

 
«Համաժողովից հետո ցանկանում ենք հրապարակել հիմնական թեմաների կամ մտահոգիչ հարցերի վերաբերյալ մի ուղեցույց: Մեր նպատակն է Edcamp-ը դարձնել հարթակ, թեմաները դնել բաց քննարկման, որպեսզի թե՛ անհատ հետազոտողները, թե՛ կառույցները այդտեղից վերցնեն իրենց անհրաժեշտ բովանդակությունը, զբաղվեն այդ թեմաներով»,-նշում է Նարեկ Մանուկյանը:

Մինչեւ տարեվերջ «Պարադիգմա» հիմնադրամը նախատեսում է եւս երկու նախաձեռնություն իրականացնել: Հուլիսին մեկնարկելու են «Պարադիգմա զրույցները»: Կրթության միջազգային հեղինակությունների հետ զրույցների շարքը ուղիղ եթերում՝ նպատակ ունի կրթության ոլորտում առաջադեմ գիտելիքը հասանելի դարձնել Հայաստանի մասնագետներին: Իսկ առարկայական ուսուցման նորարարությունների խթանման ծրագիրը կսկսեն սեպտեմբերին:

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41