Վաչագան Ադունց. «Տիրոջ զգացում ունենալը դրական արդյունքներ կտա»

22.09.2015 15:22
2173

(Հարցազրույց Գորիսի քաղաքպետ Վաչագան Ադունցի հետ)

- Պարոն Ադունց, մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակ է անցել Ձեր պաշտոնավարությունից, մի տարվա հեռավորությունից գնահատելով եւ ամփոփելով արվածը, այնուամենայնիվ, ի՞նչ բացթողում եք արել, ո՞ր թերությունը կշտկեիք:

- Ասեմ, որ անցած մեկ տարում ավելի շատ պլաններ ենք մշակել, ավելի շատ ծրագրեր ենք նախանշել, նաեւ նախնական պայմանավորվածություններ ձեռք բերել, համաձայնագրեր ստորագրել ամենատարբեր կառույցների, անհատ մարդկանց հետ: Այս վերջին մեկ տարում հիմնական շեշտը դրել եմ այն բանի վրա, որ գորիսեցիների մեջ ավելի խոր արմատներ ձգի տիրոջ զգացումը: Ձգտել եմ բոլորին համոզել, որ ոչ միայն քաղաքի ղեկավարները պետք է քաղաքի հոգսերով ապրեն, այլեւ յուրաքանչյուր գորիսեցի: Խնդիրն այն է, որ ոչ մի բարեկարգում կամ սանմաքրում դրական արդյունք չեն կարող տալ, եթե ըստ ամենայնի չպահպանվի արվածը:

Երկրորդ՝ ձգտել եմ քաղաքացիներին տներից հանել: Ինչ-որ բան հաջողվել է, երեւի: Յուրաքանչյուր գնահատական կուզեի բնակիչները տային: Ամեն դեպքում տեսնում եմ, որ բնակիչներին տներից հանելու գործընթացը ստացվել է: Քաղաքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել: Նույնիսկ ինքս, երբ կարդացի քաղաքապետարանի գործունեության մեկ տարվա հաշվետվությունը, հաճելիորեն զարմացա: Դա նպաստել է, որ բնակչությունը տնից շատ է դուրս եկել, շփվել իրար հետ: Ինձ համար առաջին ձեռքբերումը քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտի ավելի առողջացումն է: Որովհետեւ ոչ միայն Գորիսում, այլեւ հանրապետությունում դա լուրջ խնդիր է: Համոզված եմ՝ սոցիալական ցանցերը հանգեցրել են նրան, որ մարդիկ հիմնականում հաղորդակցվում են համացանցով, իսկ նախկինի անմիջական շփումը, իրար հետ հանդիպելն աստիճանաբար հուշ են դառնում: Ձգտել եմ ժողովրդին տնից հանելով, նրանց անմիջական շփումը կազմակերպելով՝ վերադառնալ հին ավանդույթներին, ինչը, կարծեք, ստացվել է:

Բայց նաեւ ասեմ, որ համայնքի առջեւ ծառացած խնդիրները բազմազան եւ բազմաբնույթ են: Երբ կշեռքի մի նժարին դնում ենք հնարավորությունները, մյուս նժարին՝ ցանկությունները, վերջիններս բազմակի անգամ գերակշռում են: Բայց առկա հնարավորությունները որքան էլ սուղ են, չենք հրաժարվում մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնելուց, մեր ամենօրյա պարտականությունները՝ կապված աղբահանության, սանմաքրման, բարեկարգման, փողոցային լուսավորության ապահովման եւ թափառող շների վերացման հետ, հնարավորինս ձգտում ենք կատարել: Եվ այս ոլորտում, թող ինքնագովազդ չլինի, տեղաշարժը տեսանելի է:

- Այնուամենայնիվ, ո՞րն է ըստ ձեզ համայնքի առջեւ ծառացած ամենասուր խնդիրը:

- Կարող է զարմանալի թվալ, որ այս փուլում կարեւորն այն է, որ ժողովրդի մեջ սերմանել ենք գաղափարը, որ արվածի չափ համահավասար կարեւոր է այն, որ արվածը պահպանվի, ինչպես նշեցի վերեւում: Որ յուրաքանչյուր ոք քաղաքին վերաբերվի այնպես, ինչպես իր տան բակին, իր սեփական տարածքից չտարբերի եւ չաղտոտի քաղաքը: Այսպիսի մի միտք կա. քաղաքն ակնահաճո է դառնում ոչ թե մաքրելով, այլ չաղտոտելով: Ցավոք, մեր որոշ քաղաքացիների կենցաղավարման կուլտուրան հեռու է բավարար լինելուց: Ահա, տեսնում եք այս վերակառուցված հրապարակը (խոսքը Գրիգոր Տաթեւացու հրապարակի մասին է, որ երեւում է քաղաքապետի աշխատասենյակից. ծանոթ խմբ.), երբեմն տեսնում եմ՝ նստած զրուցում են, աղբարկղը կողքը դրած, արեւածաղկի սերմերի կեղեւները թափում են ոտքերի տակ: Այ սա չպիտի լինի:

- Խնդրեմ ներկայացրեք Գորիս քաղաքի տեղական բյուջեն, նրա ձեւավորման բաղադրիչները:

- Տեղական բյուջեն շատ սուղ է, ինչը ստիպում է, որ մեր ծրագրերը սեղմենք, պատկերավոր ասած՝ մեր գոտիները ձգենք: 2015թ. բյուջեն 484մլն դրամ է՝ նախորդ տարվա 440մլն դրամի փոխարեն: Բայց նաեւ ասեմ, որ ձգտում ենք տեղական եկամուտների հոսքերն ավելացնել, որը մեզ հաջողվում է, բայց նաեւ վիճակագրական ոչ ուրախացնող մի թիվ ունենք. տեղական եկամուտները բյուջեի 16-17 տոկոսն են կազմում, ավելի շատ լրավճարներ ենք ստանում: Որքան էլ փորձում ենք սեփական եկամուտներն ավելացնել, այնուամենայնիվ, բյուջեի հաշվեկշռում մեծ տեղ չունի: Սեփական եկամուտները հիմնականում գոյանում են հողի հարկից, գույքահարկից, նաեւ տեղական տուրքերից: Առաջին երկուսի մեծ բազա չունենք, ինչով էլ պայմանավորված տեղական բյուջեի սուղ լինելը:

- Որքա՞ն է Գորիս քաղաքի բնակչությունը:

- Վերջին մարդահամարի տվյալներով 23 հազարից մի քիչ ավելի:

- Սրանից բխող մի հարց. իսկ ինչպիսի՞ն է զբաղվածության վիճակը Գորիսում:

- Խիստ մտահոգող հիմնախնդիր է դա մեզ համար: Այս պահին ձեռքիս տակ չունեմ բնակչության զբաղվածության վերաբերյալ վերջին թվական տվյալները, բայց վիճակը մխիթարական չէ: Մենք մեծ արդյունաբերական ձեռնարկություններ չունենք, այսօր Գորիսի բնակչության մեծ մասը զբաղված է գյուղատնտեսությամբ եւ արհեստագործությամբ, ինչպես բոլոր ժամանակներում է Գորիսի բնակչությունը զբաղված եղել, նաեւ հյուրանոցային տնտեսությամբ: Լուրջ արտադրական հզորություններ չունենք: Սա է խնդիրների խնդիրը:

- Մեր նախորդ հարցազրույցում եւս շոշափեցինք Վարարակն գետի հունի մաքրման հարցը, որը մի հսկա հակասանիտարական օջախի է վերածվել, այդտեղ ոչ միայն կենցաղային աղբն են նետում, այլեւ կոյուղաջրեր են թափվում:

- Շատ լուրջ եւ ցավոտ խնդիր շոշափեցիք: Բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, Համաշխարհային բանկի հետ բանակցություններ են վարվում: Որպես գերակա շահ՝ ընտրել ենք Գորիսում տուրիզմի զարգացումը, մշակվել է ծրագիր, որում առաջնահերթ տեղ ենք տվել Վարարակն գետի հունի մաքրմանը, ափամերձ տարածքների բարեկարգմանը: Համաշխարհային բանկն իր ծրագրերի մեջ մտցրել է Գորիսի զբոսայգիների նորոգումը, հաջորդական քայլերի մեջ, կարծում եմ՝ կներառվի Վարարակն գետի հունի մաքրումը: Չեմ թաքցնում, որ դա լուրջ ներդրումներ է պահանջում, բայց հուսով եմ, այս հրատապ խնդրին կարող ենք անդրադառնալ Համաշխարհային բանկի ծրագրերով, քանզի տեղական բյուջեի սուղ միջոցներով հազիվ թե մի բան ստացվի: Գործը գլուխ կգա միայն ներդրումների միջոցով:

- Մեր ունեցած տեղեկություններով խնդրահարույց է մնում նաեւ աղբավայրի հարցը:

- Մենք Եվրամիության մի ծրագրի ենք մասնակցում միավորվող համայնքների շրջանակում: Գորիսի, Սիսիանի փնջերը միասին ծրագիր են ներկայացրել, առաջին փուլն անցել ենք, այդ ծրագրի շրջանակում նախատեսել ենք Գորիսում եւ աղբատար մեքենա ձեռք բերել, պլաստիկ աղբարկղներ հայթայթել, եւ նախատեսել աղբավայրի ցանկապատում եւ այլն:

- Հաճելի է տեսնել, որ Գրիգոր Տաթեւացու հրապարակի վերակառուցում-բարեկարգումն ավարտին է հասցվել: Քիչ բնակավայրեր կարող են հպարտանալ նման ակնահաճո հրապարակով:

- Հրապարակի ավարտուն տեսքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել հովանավորին՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, ում անձնական ներդրումներով հրապարակը կառուցվեց: Նաեւ կուզեմ ավելացնել, որ Սյունիքի մարզպետի հովանավորությամբ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի տարածքում կառուցվում է Արցախյան պատերազմի նահատակներին նվիրված հուշարձան: Ի դեպ, Գրիգոր Տաթեւացու հրապարակի շինարարության ամբողջացմանը ներդրում ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ձեռնարկության տնօրենությանը:

- Համաձա՞յն եք կարծիքին, որ Գորիսի երբեմնի ինքնատիպ ճարտարապետական դեմքը աղավաղվում է:

- Եթե մյուս բնակավայրերում նման երեւույթ առկա է, ապա կասեմ, որ Գորիսի դեպքում տեղին չէ: Եղածը գրեթե ամբողջությամբ պահպանել ենք: Դա նաեւ մասնագետների կարծիքն է: Մի քանի ծրագրեր կան, որ Գորիսը մրցույթով շահել է. Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական համաժողովի եւ Ավստրիական Միջազգային տնտեսական համագործակցության կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ՀՀ քաղաքաշինության նախարարության աջակցությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել Գորիսում իրականացնել «Խելացի քաղաքային լուծումներ՝ անցումային եւ զարգացող երկրների համար» պիլոտային ծրագիրը: 2015թ. հուլիսի 22-ին Գորիսը դարձել է «Համաշխարհային պատմական ժառանգության քաղաքներ» կազմակերպության անդամ, որի հիմքում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաժողովի՝ համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանման հռչակագիրն է: Հենց այս ծրագրերում հաղթելու կռվանը եղել է Գորիսի պահպանված ճարտարապետական տեսքը: Նաեւ դրա շնորհիվ ուզում ենք Գորիսում տուրիզմը զարգացնել, քանզի աշխարհին ցույց տալու բան ունենք:

- Գորիսում, եթե չենք սխալվում, ծայրամասային թաղամասերը կենտրոնի հետ կապող ճանապարհահատվածները բարեկարգելու խնդիր կա, մանավանդ Ավանգարդ թաղամասը, որ ուսանողական թաղամաս է: Այդ մասին մեկ անգամ եւս բարձրաձայնվեց վերջերս կայացած կրթության աշխատողների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ:

- Ուզում եմ առիթն օգտագործել եւ ուրախ լուր հաղորդել բնակչությանը, նաեւ շնորհակալություն հայտնել կառավարությանը, որի ծրագրերի մեջ մտցվել է «Ավանգարդ» թաղամասի բարեկարգումը, արդեն նախագիծը պատվիրվել է, «Ավանգարդ» թաղամասի Մամիկոնյան փողոցի եւ Վանքի տափ թաղամասի բարեկարգման նախագծային աշխատանքներն արդեն ավարտին են հասնում, առաջիկայում շինարարական կազմակերպությունն ընտրելու մրցույթ կհայտարարվի: Միաժամանակ հայտնեմ, որ թաղամասերի միջեւ տրանսպորտային կապը բարելավելու նպատակով առաջիկայում կազմակերպվելիք մրցույթով տրանսպորտի կազմակերպությունների առջեւ պայման ենք դնելու երթուղային միկրոավտոբուսները փոխարինել ավտոբուսներով: Նախկին երթուղիները փոխվել են, սեպտեմբեր ամսվա ընթացքում մրցույթ է նախատեսված, արդեն ավտոբուսներ կան երթուղիներում, շատ շուտով գորիսեցիները տուն կհասնեն ավելի հարմարավետ պայմաններում:

- Քույր քաղաքների հետ բարեկամությունն ի՞նչ է տալիս Գորիսին: Ինչպես երեւում է քաղաքապետարանի աշխատանքների հաշվետվությունից, փոխայցելություններից զատ՝ գործն այն կողմ չի անցնում:

- Ճիշտ եք: Մի քանի օր առաջ Վիենի քաղաքապետ պարոն Կովակսի հետ զրույց եմ ունեցել մեկ ժամից ավելի եւ նույն բանն էի պնդում, որ փոխայցելություններից պիտի անցնենք գործնական հարաբերությունների դաշտ, թեեւ Վիենի հետ մեր բարեկամությունը գործնական շփման ապացույցներ ունի, բազմաթիվ ծրագրեր են իրականացվել. մեր եկեղեցին ենք համատեղ վերականգնել, Գորիսի հիվանդանոցին է օգնություն ցուցաբերվել, զգալիորեն բարեկարգվել է Գորիսի առողջապահական համակարգը թե՛ բժշկատեխնիկական, թե՛ կադրերի վերապատրաստման առումով: Օգնություն է ցուցաբերվել Գորիսի փրկարար ծառայությանը, համագործակցություն կա մշակութային, սպորտային եւ պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում: Ասեմ, որ քարանձավների վերականգնման ծրագիր ունենք, մենք մաքրման աշխատանքներն արել ենք, իրենք վերականգնումը պիտի ֆինանսավորեն: Այս տարվա նոյեմբերին Գորիսի պատվիրակությունը կլինի Ֆրանսիայում, նախատեսվում է առաջիկա երեք տարվա համագործակցության պայմանագիրը թարմացնել: Բելառուսում եղել ենք 2015թ. հուլիսի 1-3-ին՝ մասնակցելով Բելառուսի հանրապետության տոնին եւ Գորիսի քույր քաղաք Նեսվիժի օրվան նվիրված միջոցառումներին: Այնտեղ առաջարկ եմ արել մեր փոխհարաբերությունները տեղափոխել գործնական դաշտ, արդեն պայմանավորվածություններ կան, բելառուսական Նեսվիժ քաղաքն ունի համագործակցության փորձ բազմաթիվ քույր քաղաքների հետ, որոնց հետ համատեղ ծրագրեր ունեն արված, փորձելու ենք ինքներս ընդգրկվել այդ համատեղ ծրագրերի մեջ: Վիենն էլ, Նեսվիժն էլ հետաքրքրված են էկոլոգիապես մաքուր մեր սննդամթերքով: Իհարկե, Բելոռուսում էլ է զարգացած գյուղատնտեսությունը, բայց երբեք չէր խանգարի, որ քույր քաղաքի բնակիչները համտեսեին գորիսյան արեւահամ գյուղարտադրանքը:

- Ի՞նչ տվեց «Տաթեւեր» ճոպանուղին, ի՞նչ է փոխվել Գորիսում դրա շահագործումից ի վեր:

- Ոչ միայն «Տաթեւեր» ճոպանուղին, մենք ունենք խնձորեսկցի գործարար Ժորա Ալեքսանյան, ում հովանավորությամբ կառուցվեց ճոճվող կամուրջը Խնձորեսկում: «Տաթեւեր» ճոպանուղին եւ ճոճվող կամուրջը լրացնում են մեր զբոսաշրջային հնարավորությունները, ունենք այլ պատմամշակութային արժեքներ, որոնք կարող ենք ցույց տալ օտարերկրացուն: Ասեմ, որ տարեցտարի զբոսաշրջիկների թիվն աճում է, ճոպանուղի այցելուները մեծամասամբ գալիս են Գորիս քաղաք: Պատահական չէ, որ Գորիսի զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնը նորոգեցինք, ինչպես նաեւ պատկերասրահը: Կենտրոնի տվյալները վկայում են, որ, իրոք, զբոսաշրջիկների հոսքը մեր քաղաք աճման միտում ունի, ինչն ուղղակիորեն ազդում է քաղաքի կյանքի ակտիվացմանը: Քաղաքի բարգավաճման կարեւորագույն ուղղություն ենք վերցրել զբոսաշրջության զարգացումը: Առաջիկայում քաղաքի փողոցների ցուցանակներն ենք պատվիրելու, մայթերի բարեկարգման խնդիրն է օրակարգում, ինչպես նաեւ վերը հիշատակված Վարարակն գետի հունի մաքրումը: Տուրիստական ենթակառուցվածքներ (հյուրանոցներ, հյուրատներ եւ այլն) ունենք, խնդիրը դրանց կարգավորելն է, ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելը, նաեւ ժամանցի օբյեկտների ստեղծումը: Տուրիստը ոչ միայն քնելու տեղ պիտի ունենա, այլեւ բովանդակալից անցկացնի իր հանգիստը, երեկոյան ժամերին զբաղմունք ունենա:

- Վերջերս Որոտանի հէկերի համակարգն ունեցավ նոր սեփականատեր՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությունը, հանդիպում եղե՞լ է ընկերության Հայաստանում գլխավոր ներկայացուցչի հետ եւ, եթե գաղտնիք չէ, ի՞նչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ:

- Երկու կարեւոր հարց է շոշափվել հանդիպման ժամանակ, նախ՝ եղած աշխատատեղերի պահպանման մասին է խոսք եղել: Շշուկներ կային, որ հնարավոր է՝ կրճատումներ լինեն, ղեկավարությունն էլ հավաստիացրեց, որ գոնե առաջիկա մեկ տարում կրճատումներ չեն լինի, այս պահին նման խնդիր դրված չէ: Նրանց հետ, ովքեր ցանկություն են հայտնել իրենց գործունեությունը շարունակել ընկերությունում, մեկ տարվա պայմանագիր է կնքվել: Երկրորդ հարցը՝ կորպորատիվ, սոցիալական պարտավորությունների մասին էր: Նշեցի, որ մարզի քաղաքներում գործող խոշոր ձեռնարկությունները, այսպես ասած, հանդես են գալիս քաղաքաստեղծ գործառույթով. ակտիվ մասնակցում են տվյալ քաղաքի կյանքին, իրականացնում սոցիալական ծրագրեր: Այս առումով հետաքրքրվեցի՝ ինչպիսի՞ն է լինելու Քոնթուր գլոբալի՝ որպես Գորիսի տարածքի ամենախոշոր ձեռնարկություն, մասնակցությունը քաղաքի կյանքին, նրանք էլ փոխանցեցին, որ պատրաստ են կորպորատիվ պատասխանատվություն ստանձնել, մասնակցել Գորիսի կյանքին եւ ներդրումներ ունենալ: Հոկտեմբերին միջոցառում պիտի կազմակերպեն եւ նշեն իրենց նորամուտը մեր քաղաք:

- Ավագանու հետ հարաբերությունները. կայացած համարո՞ւմ եք այդ կառույցը:

- Ավագանու հետ հարաբերությունները նորմալ են, աշխատանքային, ավագանու անդամներն էլ քաղաքի հոգսերով ապրող մարդիկ են, ինքս էլ երկու-երեք անգամ ավագանու անդամ եմ ընտրվել: Հենց այդ ժամանակ մեծ ոգեւորություն ունեինք, որ այդ կառույցը կկայանա, իր նպատակին ճիշտ կծառայի: Բայց նաեւ ասեմ, որ կարելի է շտկումներ մտցնել այդ ինստիտուտի գործունեության մեջ: Կարծիքս այն է, որ լիովին կայացած չէ այդ կառույցը: Խոսքը թե ավագանու անդամների ընտրությանը, թե կառույցի մասին է ընդհանրապես: Ավագանուն զուգահեռ առաջիկայում կստեղծենք քաղաքապետարանին կից խորհրդակցական մի մարմին (ավագանու առաջիկա նիստում այդ հարցը կքննարկվի), որպեսզի առկա բացը լրացնենք: Խորհրդակցական մարմնում կենսափորձով հարուստ մարդիկ կընդգրկվեն, որովհետեւ ավագանու անդամները հիմնականում երիտասարդներ են, ովքեր իրապես մտահոգ են քաղաքի ապագայով, բայց փորձի պակասը զգալ է տալիս: Բացը կլրացնենք խորհրդակցական մարմին ստեղծելով:

- Խմելու եւ ոռոգման ջրի խնդրում ամեն ինչ հա՞րթ է, թե՞ խնդիրներ կան տակավին լուծելու:

- Գորիսն այժմ ունի շուրջօրյա ջրամատակարարում: Ուղղակի ամռան տարեշրջանում խնդիրներ են առաջանում ջրաքանակի հետ կապված, մանավանդ այս երաշտ ամռանը: Այս պահին էլ քաղաքում շարունակվում են ջրամատակարարման բարելավմանը միտված աշխատանքները: «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրեր է իրականացնում Գորիսում, օրվա կարգավորման ջրամբարներն են նորոգվում, ներքին ցանցն է բարելավվում: Բնականաբար, շիննորոգման աշխատանքներ կատարելիս, որոշ անհարմարություններ ստեղծվեցին՝ անջատումներ, միացումներ եւ այլն: Հուսով եմ՝ մինչեւ սեպտեմբերի վերջը կավարտվեն աշխատանքները, վերջնականապես նորմալ ջրամատակարարում կապահովվի:

Ունենք խնդիրներ ոռոգման ցանցի հետ կապված, բայց դրանք մեծ խնդիրներ չեն, տեղեր կան, որ նորոգման կարիք կա, ընդհանուր ցանցը լավն է, պարզապես ջրատար առուների որոշ հատվածներում նորոգումներ կատարելու անհրաժեշտություն է ծագել:

- Վերջերս ավարտված համահայկական խաղերում Գորիսը մրցանակային տեղ չգրավեց, ի տարբերություն Կապանի եւ Սիսիանի, ովքեր ոչ միայն մրցանակակիրներ ունեցան, այլեւ խաղերի հաղթողներ: Փաստը չի՞ մտահոգում Գորիսի քաղաքապետին: Կուզեինք իմանալ, թե ինչպիսին է մարզական կյանքի դրվածքը Գորիսում:

- Ճիշտ եք ասում, վերջին տարիներին սպորտային կյանքը Գորիսում անկում է ապրում, մեզ համար, իսկապես, հրատապ խնդիր է սպորտը զարգացնելը: Ինձ համար, նախեւառաջ, կարեւոր է մանկապատանեկան սպորտի առաջընթացը, որ բանակ զորակոչվող տղաները ֆիզիկապես պատրաստ լինեն հայրենիքը պաշտպանելուն: Իհարկե, կփորձենք նաեւ մրցանակներ ունենալ, Գորիսում զարգացած են մանկապատանեկան ֆուտբոլը, շախմատը, ըմբշամարտն էլ տարածում ունի Գորիսում, լավ մարզիչ ունենք՝ Տիգրան Աղաբեկյան, եւ արդյունքներն առկա են: Մարզադպրոցի դահլիճի նորոգման խնդիր կա, մեր տեսադաշտում այս հարցն էլ կա: Բայց, իսկապես, անելիքներ շատ ունենք: Տեսեք, մերոնք հրաժարվեցին «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթից: Պատճառն այն է, որ նման մրցույթների մասնակցելու ավանդույթը չունենք: Մարզի մյուս տարածաշրջանները մասնակցեցին, բայց Գորիսը չցանկացավ մասնակցել, ես դա ցավով եմ ասում:

- Այս տարվա հունվարի 9-ին Գորիսում նշվեց Սուրեն Այվազյանի ծննդյան 100-ամյակը, դեկտեմբերի 3-ին լրանում է Սերո Խանզադյանի 100-ամյա հոբելյանը: Ի՞նչ է նախաձեռնել քաղաքապետարանն այդ առիթով: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված հայ արձակի երեւելի ներկայացուցչի հոբելյանը նշելու համար:

- Սերո Խանզադյանը ոչ միայն Գորիսի, այլեւ Հայաստանի հպարտությունն է: Կարեւորում ենք ականավոր արձակագրի 100-ամյակը հավուր պատշաճի նշելու հանգամանքը: Վերջին տարիներին, կարծեք, հանիրավի մոռացվել է նրա անունը: Գիտեմ, որ ձեր խմբագրությունը պատրաստում է հատուկ համար՝ նվիրված գրողի հոբելյանին: Սերո Խանզադյանի հոբելյանը նշելու գործում մեծ ներդրում ունի Սյունիքի մարզպետը, ով նրա կենդանության օրոք էլ ակնածանք է տածել արձակագրի հանդեպ: Քաղաքապետարանում ձեւավորվել է հանձնաժողով, նախանշել ենք միջոցառումների շարք, հուշատախտակ պիտի փակցվի գրողի ապրած տան պատին, այսօրվա դրությամբ սկսվել է Սերո Խանզադյանի տուն-թանգարանի նորոգումը: Նախատեսում ենք շարադրությունների մրցույթ անցկացնել, հավանաբար հանրապետության մասշտաբով, կդիմենք կրթության եւ գիտության նախարարին՝ նրա աջակցությունը ստանալու ակնկալիքով, հոբելյանին նվիրված գիտական կոնֆերանս ենք պլանավորել, եւ կլինի ամփոփիչ մի միջոցառում:

- Լրագրողական հերթապահ հարց է, ի՞նչ դուրս մնաց մեր զրույցից կամ ի՞նչ կավելացնեիք ասվածին:

- Կուզեի, նախեւառաջ, մեր ժողովրդին խաղաղություն մաղթել: Այսօր ամենաշատը դա է մեզ անհրաժեշտ: Հայը խաղաղ ժամանակներում ընդունակ է հրաշքներ գործել: Ինչքան էլ դժվարին ժամանակներ լինեն, հայ մարդն իր ընտանիքի հոգսը հոգացել է: Խաղաղության հետ մեկտեղ ցանկանում եմ, որ մարդիկ արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքով ապրեն: Կուզեի, որ հայ մարդը չկորցներ հավատն ապագայի հանդեպ: Բոլորս՝ հատկապես կառավարման ոլորտում ընդգրկված պաշտոնյաներս, պարտավոր ենք մեր վարքագծով, գործելակերպով լինել այնպիսին, որ հավատը մեր հանդեպ, մեզանով պայմանավորված՝ պետական կառույցների նկատմամբ ավելի ամրապնդվեր եւ խորանար: Եվ կանգնեին մեր կողքին՝ զորավիգ լինելով մեր ծրագրերի իրականացմանը: Թռուցկաժողովների ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցներին միշտ հիշեցնում եմ, որ քաղաքի բնակիչները մեզ ընտրել են զուտ կառավարելու համար: Քաղաքի տերերը բնակիչներն են, ցանկանում եմ, որ օրավուր նպաստենք այն մտածելակերպի ամրապնդմանը, որ բնակիչներն իրապես իրնեց տեր զգան: Տիրոջ զգացում ունենալը դրական արդյունքներ կտա: Սրանում խորապես համոզված եմ:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՃՏՊ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում

27.04.2024 22:38

Մեկնարկել են Բարաբաթումի եկեղեցու վերականգնման աշխատանքները

27.04.2024 19:07

Մենք այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ և զղջում ենք. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը, դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)

27.04.2024 10:40

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

27.04.2024 09:45

Լարված իրավիճակ Կիրանցում, արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ են

26.04.2024 21:38

Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ

26.04.2024 20:51

Հանդիպում Ճակատեն գյուղի բնակիչների հետ

26.04.2024 19:45

Երրորդ օլիմպիադային պատրաստվելիս

26.04.2024 17:42

Մեծ բարեկամության լուսեղեն հետագիծը

26.04.2024 17:25

Պատմական Կապան քաղաքի տեղադրության հարցի շուրջ

26.04.2024 17:09

«Հիշողության ուժը». ֆոտոալբոմի շնորհանդես Քաջարանում

26.04.2024 16:49

Արցախի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել

26.04.2024 15:02