Հայկական դրամի արժեզրկման, համատարած թանկացումների, Հայաստանի ֆինանսական շուկայում վերջին օրերին ստեղծված իրավիճակի մասին է զրույցը հանրապետությունում ճանաչված տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ:
– Պարո՛ն Խաչատրյան, նախ խնդրում ենք բնութագրել Հայաստանի դրամաֆինանսական շուկայում այս օրերին ստեղծված արտառոց իրավիճակը. ի՞նչ է կատարվում հայկական դրամի հետ, հայաստանյան արժույթի շուկայում:
– Երեւանի փոխանակման կետերում կատարվողը ցույց է տալիս, որ իրավիճակն արդեն դարձել է անկառավարելի: Կենտրոնական բանկը, հատկապես անցած շաբաթ, նոր գործիքակազմ սկսեց կիրառել շուկայում. ամեն օր վաճառում է որոշակի քանակությամբ արտարժույթ՝ մոտ 1,6 մլն չափով, բայց մեկ շաբաթվա ընթացքում այդպես էլ չկարողացավ կարգավորել շուկան: Ճիշտ է, բոլորն էլ գիտեին, որ դոլար վաճառվում է, խուճապային տրամադրությունը կարծես մարվում էր, իրարանցումային առեւտուր չկար, բայց դրամի կուրսն էլի սկսում էր ընկնել, եւ մեկ շաբաթվա ընթացքում դոլար-դրամ հարաբերակցությունն էլ 453-ից դարձավ 495: Բայց այս երկուշաբթի լրիվ այլ երեւույթ տեղի ունեցավ, ոչինչ չէր կարգավորվում ողջ օրվա ընթացքում, դոլարն արժեւորվում էր: Արդեն ոչ ոք չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում, ամեն մեկը մի ձեւով էր դրան արձագանքում, եւ կուրսի տարբերությունը տարբեր տեղերում մեծ էր. մի տեղ դոլարը վաճառվում էր 550-570 դրամով, մի այլ տեղ՝ նույնիսկ 600-ով: Եվ սա ցույց էր տալիս, որ իրականում արդեն անկառավարելի գործընթացի մեջ ենք հայտնվել: Թե ինչքանով կհաջողվի ԿԲ-ին կանգնեցնել դրամի գահավիժումը, դժվար է ասել, որովհետեւ առանձնապես մեծ հնարավորություններ նա չունի, արտաքին պահուստները, որոնցից ԿԲ-ն օգտվելով կարող է ինտերվենցիաներ անել շուկայում եւ փորձել կանոնակարգել այն, այնքան էլ մեծ չեն:
– Եվ ինչի՞ հետ եք Դուք կապում այս գործընթացը:
– Տեղի ունեցողն իրականում կապված է մի քանի հանգամանքների հետ: Դրանցից մեկը Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կամ ինչպես ասում ենք՝ տրանսֆերտների քանակի նվազումն է: Երկրորդը մեր արտաքին առեւտրի տեմպերի նվազումն է եւ երրորդը, իհարկե, ներդրումների պակասելը:
Այս պայմաններում արդեն ԿԲ-ի օգտագործած միջոցները բավարար չեն, որպեսզի կարողանա իրավիճակը կայունացնել: Ամեն օրվա գործընթացները լավ բան չեն խոստանում արտարժույթի շուկայում, հայաստանյան խանութներում սկսվեց գների կտրուկ բարձրացում, եւ բախվեցինք երեւույթի, որ վաղուց չէինք տեսել. որոշ ապրանքատեսակներ խանութներում վաճառվում են սահմանափակ քանակով, շատ խանութներ փակվեցին… Այսինքն՝ բիզնեսը սպասումներ ունի, եւ այդ սպասումներին պատասխան չի տրվում: Իսկ ՀՀ կառավարությունն էլ տվյալ դեպքում որեւէ ձեւով ձեռք չմեկնեց ԿԲ-ին, որպեսզի վերջինիս կիրառած միջոցներն ավելի արդյունավետ լինեն: Եթե իշխանությունը գոնե ինչ-որ ձեւով արձագանքեր սրան, հայտարարություն աներ, բացատրություններ տար կամ փորձեր հատկապես մեր բիզնեսի ներկայացուցիչներին բացատրել, թե ինչ հնարավորություններ ունի ՀՀ-ն, կարողանար հանգստացնել իրավիճակը, կմեղմվեր ամեն ինչ:
– Ի՞նչ է, ի վերջո, կատարվում դրամի հետ՝ արժեւորո՞ւմ, թե՞ արժեզրկում… Շատերն ասում են՝ դրամն իջնում է իր իրական նիշին, որը համապատասխանում է մեր երկրի մակրոտնտեսական կացությանը:
– Իրականում արժեզրկում է տեղի ունենում, սա չի կարող արժեւորում լինել: Դա բավականին վիճելի է, որովհետեւ, ի վերջո, դա սահմանում է շուկան: Մեզ մոտ ԿԲ-ն լողացող կուրսի քաղաքականություն է վարում, որը նշանակում է, որ կուրսը ոչ թե ԿԲ-ն է որոշում, այլ՝ շուկան, նշանակում է՝ անհավասարակշռություն է ստեղծվում առաջարկի եւ պահանջարկի տարբերության պատճառով: Հիմա տեղի ունեցողը հենց դա է, որը, նախեւառաջ, կախված է մեր տնտեսության վիճակից: Մենք այդպես էլ չկարողացանք դուրս գալ տնտեսության այն կացությունից, որը 2009-ին էլ նման դրության առաջ կանգնեցրեց հանրապետությունը: Այն ժամանակ էլ նմանատիպ իրավիճակ էր ստեղծվել: Էլի դեկտեմբերի վերջն էր, հունվար-փետրվարին 700 մլն դոլարի ներարկումով կուրսը պահվեց 300 դրամի շրջանակում, բայց մարտի 3-ին միանգամից 20-22 տոկոս արժեզրկում տեղի ունեցավ: Եվ դա եղավ շատ թանկ գնով, որովհետեւ 2009թ. ընթացքում, որպեսզի կարողանայինք հաղթահարել տնտեսական ճգնաժամը, մոտ 2-3 մլրդ դրամի պետական պարտք կուտակվեց: Իսկ այժմ այդ հնարավորությունները չունենք, որովհետեւ պարտքային սահմանափակումներ կան օրենքով՝ մինչեւ համախառը ներքին արդյունքի (ՀՆԱ) 50-60 տոկոսը: Մինչդեռ արդեն մոտենում ենք 50 տոկոսին. այսինքն՝ ռիսկային գոտում ենք…
– Ճիշտ է, կանխատեսումներ անելն իրատեսական չէ, բայց, այնուամենայնիվ, որպես փորձառու տնտեսագետ, ի՞նչ եք կարծում՝ մինչեւ ո՞ր նիշը կարող է անկում ապրել դրամը: Արդյո՞ք մեզ սպասվում է դեֆոլտ (անվճարունակություն) կոչվածը:
– Մենք չկարողացանք ստեղծել այնպիսի մի տնտեսություն, որը կարողանար ապահովել ներդրումներ, արտահանման գոնե նախատեսված կամ ավելի բարձր տեմպեր, որոնք մեզ հնարավորություն կտային ավելի անկախ տնտեսական քաղաքականություն վարել: Եվ կախվածությունը հատկապես ռուսական շուկայում տեղի ունեցող իրադարձություններից շատ մեծ է: Մենք տարեկան 2 մլրդ դոլարի տրանսֆերտներ ենք ստանում, որի 85-90 տոկոսը Ռուսաստանից է: Ավելացել է մեկ այլ հանգամանք, որով ռուսական ռուբլին այսօր բացասական ազդեցություն է ունենում մեր շուկայում, ՌԴ-ից ՀՀ ռուբլու ներհոսք է կատարվում, այստեղից էլ ռուսաստանյան շուկա՝ դոլարի արտահոսք: Եվ նման վիճակում կանխատեսումներ անել, թե դեռ ինչքան կտեւի դրամի արժեզրկումը… Իսկ դրա բացասական հետեւանքը շատ ավելի մեծ վնաս կհասցնի մեր քաղաքացիներին. նկատում ենք արդեն գնողունակության անկում, աղքատության մեծացում, աշխատատեղերի կրճատում: Համենայնդեպս, այս տեմպերը ցույց են տալիս, որ շուտով կհասնենք դոլարի 600 դրամ արժեքին, հավասարակշռություն ստեղծելու համար արդեն ՀՀ կենտրոնական բանկը պետք է ավելի շատ ռեսուրսներ ներարկի շուկա. թե ինչքանով դա կանի, կամ դրանից հետո ինչքանով հավասարակշռություն կստեղծվի, չեմ կարող ասել…
– Նախկինում դրամն ունեցե՞լ է նման արժեզրկումներ:
– Այսպիսի կտրուկ արժեզրկում մեկ օրվա ընթացքում, ինչպես արդեն նշեցի, 2009-ի մարտի 3-ին էր: Բայց այն հետո կանգնեց: Եվ մեկ էլ եղել է հեռավոր 1994թ., երբ դրամը նոր էր ներդրվել, եւ մեր արտաքին պահուստները շատ քիչ էին: Բոլոր դեպքերում այն ժամանակվա կառավարությունն ու իշխանությունը շատ ռիսկային գործողությունների միջոցով կարողացան մի մակարդակի վրա կանգնեցնել արժեզրկումը: Այստեղ ամենակարեւորը ոչ այնքան գահավիժումն է, որքան կտրուկ փոփոխություններ թույլ չտալու համար շուկային եւ քաղաքացիներին համոզել կարողանալը, բացատրություններ տալը, որ իրարանցումային առեւտրից կամ խուճապից զերծ մնան: Զուտ տնտեսագիտորեն սա ամենակարեւորն է, որը կարողացան անել 2009-ին, 1994-ին:
– Եվ, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք անել հետագա սրացումները գոնե կասեցնելու համար:
– Նախեւառաջ, պետք է մարդկանց բացատրություն տրվի, պետք է իրավիճակի հետ կապված համոզիչ փաստեր ներկայացնել: Թե չէ, 1-2 շաբաթ առաջ ԿԲ-ն եւ Համաշխարհային բանկը կիսատ-պռատ բացատրություններ տվեցին եւ երկուսն էլ, չգիտես ինչու, էլի տնտեսագիտության տերմինոլոգիա օգտագործելով, փորձեցին իրավիճակ ներկայացնել՝ աշխատատեղերի ավելացում, տրանսֆերտներ ստացողների գնողունակության բարձրացում, տնտեսության զարգացման հեռանկար եւ այլն: Իրականում, եթե նույնիսկ այդ ամենը կա էլ, տեղի է ունենում ոչ թե երեք օրում կամ մի շաբաթում, այլ առնվազն երկու տարվա ընթացքում: Մինչդեռ այսօր ծագած խնդիրների պատասխանն այդպես էլ չտրվեց, եւ մինչ հիմա բոլորը սպասումների մեջ են: Մի անգամ էլ անհաջող համեմատություն արեց վարչապետը, երբ ասաց՝ գոտիներդ պիտի ձգեք, բայց այդպիսի բան չեն ասում ֆինանսական շուկա կարգավորելու համար, դա ամենավտանգավորն է եւ նշանակում է, որ մեր վիճակը վատ է: Դա նշանակում է՝ անցե՛ք գործի, ապահովեք ձեզ համապատասխան ֆինանսական միջոցներով, որպեսզի տեղի ունեցող ճգնաժամը հաղթահարեք: Եվ բոլորը սկսեցին դոլար առնել: Տեսեք՝ երեկ Ռուսաստանում էլ բարդ օր էր, կառավարության հատուկ նիստ եղավ, համապատասխան հայտարարություններ, պարզաբանումներ հնչեցին, այնտեղ դոլարն իջավ… Այնտեղ մարդիկ կարողացան բիզնեսի ներկայացուցիչներին հասկացնել, որ իրենց գործողություններով վնաս են հասցնում, նույնիսկ եթե այդ դոլարի կարիքը կա, այդպես անկառավարելի ձեւով դոլար գնելով վիճակն ավելի են բարդացնում:
– Դուք ոչ սովորական այս վիճակի պատճառներից մի քանիսն արդեն նշեցիք, իսկ եթե ընդհանրացնենք, որո՞նք են այն ամենակարեւոր պատճառները, որոնցով մեր երկիրն ու ժողովուրդը հայտնվեցին նման ճգնաժամի մեջ:
– Ամենակարեւորն այն է, որ մեր տնտեսությունը պատրաստ չէր նման վայրիվերումների, իսկ դա նշանակում է, որ հաշվի առնելով նման արտաքին առեւտուրը, որտեղ ներմուծումը ծավալներով երեք անգամ ավելին է, քան արտահանումը՝ պիտի մշտապես ռեսուրսների հարց լուծենք՝ ներմուծման սպասարկման համար անհրաժեշտ գումարներ վաստակենք: Իսկ այդ գումարների վաստակման 4 աղբյուր կա՝ արտահանում, ներդրումներ, տրանսֆերտներ եւ արտաքին պարտք: Ամենաճիշտ եւ նպատակային քաղաքականությունը պիտի լինի այն, որ արտահանումը մեծանա, եւ երկրում ներդրումներ կատարվեն: Գումար վաստակելու տարբերակներից է նաեւ աշխատուժի կանոնակարգված արտահանումը, որը տարիներ շարունակ իրականացնում էր Չինաստանը: Այսինքն՝ իր քաղաքացիները, դրսում աշխատելով, բացի իրենց ընտանիքներին օգնելուց, իրենց պետությանն էլ էին հարկ տալիս:
Սրանք են պայմանները, որ կարող են նպաստել, որ վճարային բացասական հաշիվը փակենք: Ինչքանով որ որեւէ պետություն կարող է այս հարցերը լուծել, այդքանով նաեւ հնարավորություն ունի տարբեր շուկաներում տեղ ունենալ եւ իր քաղաքացիների բարեկեցությունը բարձրացնել:
Ցավոք սրտի, մեզ մոտ տարիներ շարունակ միայն մեկ հարց են կարողացել հաջող լուծել՝ մարդկանց «արտագաղթ կազմակերպել»… Եվ տրանսֆերտների գումարների հաշվին կարողացել են այդ բացասական հաշվեկշռի հարցը լուծել: Դրսից դրամական փոխանցումները կարծես դարձել են մեր տնտեսության մի ճյուղ՝ գյուղատնտեսությունից ավելի շատ, արդյունաբերությունից ավելի շատ:
Տրանսֆերտները սպասարկումից եւ ծառայություններից հետո ՀՆԱ-ի արդյունքի վրա ազդեցություն ունեցող ամենակարեւոր գործոնն են, որը վերջին տարիներին թույլ էր տալիս Հայաստանում կայուն իրավիճակ ստեղծել: Մինչդեռ վերջին 4-5 տարում մեզ մոտ արտաքին առեւտրի հաշվեկշռում ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Կառավարությունը հայտարարում էր տնտեսության մեջ մեծ արտահանման քաղաքականության մասին, որի հարցը չլուծեցինք, արտահանման տեմպերն ավելի նվազեցին:
Իսկ եթե անդրադառնանք կոնկրետ ձեր տարածաշրջանին՝ Սյունիքին, պետք է նշել, որ մեր արտահանման ծավալները մեծապես կախված են նաեւ միջազգային հումքի շուկայից: Այս տարին բարենպաստ չէր նաեւ պղնձի միջազգային շուկայի համար. մեկ տոննայի գինը դարձել է 6500 դոլար, նախկին 7000-7100-ի փոխարեն, մոլիբդենի գինն էլ իջավ: Սա էլ եկամուտների առումով իր բացասական արձագանքն ունեցավ մեր վճարային հաշվեկշռում: Սեփականատերերն էլ, շահույթը չնվազեցնելու համար, անխնա կերպով են շահագործում հանքավայրերը, աճել են ֆիզիկական ծավալները, որն աննախադեպ է Հայաստանի համար:
Ճիշտ է, Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները բերեցին տրանսֆերտների պակասի, բայց սա հետեւանքների առումով բացասական ազդեցություն արդեն չէր կարող ունենալ, քանի որ մեզ մոտ գործում է ոչ թե մրցակցային, այլ մենաշնորհների շուկա: Որոշ ապրանքատեսակների ներմուծման գծով ունենք նույնիսկ 100 տոկոսանոց մենաշնորհ. այսինքն՝ գինը սահմանում է ոչ թե շուկան, այլ մենաշնորհը: Որոշ ապրանքատեսակների մանրածախ գինը նույնիսկ 300 տոկոսով գերազանցում է մաքսազերծման ընթացքում գրանցած գնին:
– Պարո՛ն Խաչատրյան, իսկ այս գործընթացներում արհեստականություն, ինչ-ինչ խաղեր, սուբյեկտիվ գործոններ հնարավո՞ր են:
– Ռուբլու գործոնը հիմնականում նոր երեւույթ է, որովհետեւ ռուբլու դերը մեր արտարժույթի շուկայում մեծացել է: Բանն այն է, որ ՌԴ-ում դոլարի դեֆիցիտ կա, եւ ռուսական ռուբլին մեր շուկայում դարձել է կարեւոր գործիք սպեկուլյատիվ առեւտրի համար. դրա հիմնական նպատակն է ռուբլի բերել այստեղ եւ ՀՀ-ից էլ դոլար գնել-տանել Ռուսաստան: ԿԲ-ի կամ այլ իրավասու մարմնի կողմից սրա մասին էլ նորմալ բացատրություն չի տրվում, բայց երբ դիտարկում ու համեմատում ենք արտարժույթի վաճառքի ծավալները մեկ ամիս առաջ եւ հիմա, ռուսական ռուբլու ազդեցությունը բավականին մեծացել է: Ուստի, արհեստականության գործոնն էլ չի բացառվում… Ու եթե մարդիկ ֆինանսական միջոցներ ունեն, անհանգստանում են ու ցանկանում շատ արագ ազատվել դրամից:
– Եվ ի՞նչ խորհուրդ, ուղղություն կտաք մեր ընթերցողին, շարքային քաղաքացուն:
– Դա շատ բարդ է, որովհետեւ շարքային քաղաքացին ստանում է աշխատավարձ, եւ այդ մարդկանց համար շատ դժվար է լինելու: Մեզ մոտ ինդեքսավորում տեղի չի ունենում, գները բարձրանում են, բայց աշխատավարձի, նպաստի, թոշակի բարձրացում չի նախատեսվում: Ի չիք են դառնում նաեւ այն մարդկանց ծրագրերը, որոնք կապված էին ստացած տրանսֆերտների հետ: Ինչ որ հիմա տեղի է ունենում, անխուսափելի է. գնողունակության անկում եւ կենսամակարդակի նվազում: Ուղղակի քաղաքացիները ստիպված են լինելու ավելի շատ տնտեսել ու քիչ սպառել…
Ես ավելի վատ բան էլ եմ կանխատեսում՝ էլեկտրաէներգիայի ու գազի գների բարձրացում, որովհետեւ գործող գների հիմքում նաեւ դոլար-դրամ հարաբերակցությունն է:
ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ, 17.12.2014