Վահե Աղալարյան. «Մեր երիտասարդները պարտքի գիտակցումով եւ սյունեցուն վայել պատվասիրությամբ են ներկայանում զորակոչային հանձնաժողով՝ պատրաստակամ՝ քաջության եւ հնարավոր փորձությունների»

22.01.2021 10:39
10176

Արդեն առիթ ենք ունեցել ասել, որ Արցախյան նորօրյա պատերազմը, բոլոր հակասություններով, ողբերգական իրավիճակներով եւ տարակույսներով հանդերձ, յուրօրինակ հերոսամարտ էր հայոց զինվորների, բազմաթիվ հրամանատարների ու աշխարհազորայինների համար:
Պատերազմական դժվարին օրերը երիցս ցույց տվեցին, թե երկրի կյանքում որքան կարեւոր է զինկոմիսարիատների դերը:
Ու թեեւ հայտարարված է հրադադար, բայց զինկոմիսարիատներում պատերազմական շրջանին բնորոշ եռուն օրերը, կարծեք, շարունակվում են նաեւ հետպատերազմական ժամանակաշրջանում: Խնդիրները, անշուշտ, հիմա մի փոքր այլ են, քան ռազմական դրության առաջին շրջանում, երբ հայտարարված էր համընդհանուր զորահավաք:
Ռազմաքաղաքական նոր իրավիճակում հայտնված Սյունիքում, ինչպես եւ կարելի էր սպասել, առանձնահատուկ հետաքրքրությամբ են հետեւում մարզային զինկոմիսարիատի գործունեությանը:
 Ի դեպ, հիմա այդ կառույցն այլ անվանում ունի՝ ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ (զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության) Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանում:
Հունվարի 18-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման կենտրոնավայրում էր, որ գտնվում է Գորիսում:
Ստորաբաժանման ղեկավարը նոր անուն է՝ փոխգնդապետ Վահե Աղալարյան, պաշտոնավարում է 2020 թ. նոյեմբերի 25-ից:
Երկու ամիսը, ըստ էության, բավարար է եղել, որ (շնորհիվ նոր ղեկավարի) մարզային զինկոմիսարիատի շենքը ե՛ւ մասնակիորեն նորոգվի, ե՛ւ ձեռք բերի աշխատանքային նոր ռիթմ, ինչը նկատելի էր կառույցի բոլոր օղակներում:
Պարզվեց, որ այդ օրը բժշկական եւ զորակոչային հանձնաժողովի հերթական նիստ է տեղի ունենում՝ գլխավորությամբ Վահե Աղալարյանի: Եվ մի քանի տասնյակ երիտասարդ հենց այդ նպատակով էին «պաշարել» զինկոմիսարիատի շենքը, որոնցից յուրաքանչյուրի հետ աշխատում էր զորակոչի բաժանմունքի պետ Սմբատ Դադոյանը։:
Հնարավորություն ունեցանք որոշ ժամանակ հետեւել բժշկական եւ զորակոչային հանձնաժողովի աշխատանքներին: Գորիսում (եւ ոչ միայն) ճանաչված բժիշկներ Լեւոն Հարությունյանը, Շողիկ Թունյանը, Գրետա Հայրապետյանը, Վիկտորիա Գեւորգյանը, Նարեկ Թունյանը, Աննա Սարգսյանը, Մերի Ասատրյանը, Լյուբա Թամրազովան եւ Ասատուր Ասատրյանն ամենայն աչալրջությամբ էին հետազոտում հանձնաժողով ներկայացող ամեն մի երիտասարդի:
Աշխատանքային լարված առօրյայից կարողացանք կարճ ժամանակով կտրել փոխգնդապետ Վահե Աղալարյանին եւ զրուցել հետաքրքրող մի քանի հարցի շուրջ:
ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի տարածքային ստորաբաժանման ղեկավարի հետ հանդիպումը սկսեցինք Արցախյան նորօրյա պատերազմին սյունեցիների մասնակցության վերաբերյալ զրույցով: Այդ թեման, անշուշտ, մեկ այլ եւ ծավալուն հարցազրույցի նյութ կդառնա ապագայում, բայց Վահե Աղալարյանը հակիրճ արտահայտեց իր խոհը. «Պատերազմական օրերին Սյունիքը, սյունեցիները դրսեւորեցին հերոսական պահվածք, անհրաժեշտ կամք եւ վճռականություն, նաեւ միասնություն: Առանց չափազանցության` պատերազմ մեկնածներից յուրաքանչյուրը հայրենիքի իսկական նվիրյալ էր: Նաեւ թիկունքայիններն էին մեկ մարդու պես կանգնել թշնամու դեմ, ամբողջ Սյունիքը զինվորի կողքին էր՝ նրա բոլոր խնդիրներում»:
Փոխգնդապետ Վահե Աղալարյանի հետ զրույցը՝ ստորեւ:

*  *  *

- Պարոն Աղալարյան, նոր պաշտոնատար անձ եք Սյունիքում, ուստի եւ կուզենայինք, որ ինքներդ ներկայացնեք Ձեր անցած ուղին:
- Ծնվել եմ 1979 թվականին Սիսիանի շրջանի Բորիսովկա  գյուղում (ներկայումս` Ծղուկ):
Ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը` սովորել եմ Սիսիանի պետական քոլեջի իրավագիտության բաժնում:
1997-ին զորակոչվել եմ պարտադիր զինվորական ծառայության` հատուկ նշանակության գնդում:
2001-ին պայմանագրային հիմունքներով անցել եմ զինվորական ծառայության՝ հատուկ նշանակության գնդում, այնուհետ՝ Նոր Նորքի զինկոմիասարիատում, սպայական բաժանմունքի՝ տեսուչ:
Այդ ընթացքում ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը։
Անցել եմ սպայական բարձրագույն դասընթացներ:
2013-ին Արաբկիրի զինկոմիասարիատի 4-րդ բաժանմունքի պետն էի:
2018-ին նշանակվել եմ հանրապետական զինկոմիսարիատի զորակոչի բաժնի նախազորակոչի բաժանմունքի պետ:
Կառուցվածքային փոփոխությունների ընթացքում զորակոչային բաժինը դարձել է զորակոչի վարչություն, որտեղ էլ աշխատել եմ նախազորակոչի բաժնի պետ:
Պատերազմը սկսելուց հետո գործուղվել եմ Սյունիքի տարածքային ստորաբաժանում:
2020-ի նոյեմբերի 2-ին նշանակվել եմ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, պաշտոնավարման անցել հոկտեմբերի 25-ին:
Ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ:
-  Պարոն փոխգնդապետ, քանի որ հանրապետության զինկոմիսարիատները ենթարկվել են որոշակի կառուցվածքային փոփոխությունների, կուզենայինք ծանոթանալ Սյունիքի ստորաբաժանման ներկա կառուցվածքին:
- Երբեմնի մարզային զինկոմիսարիտը հիմա կոչվում է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության (Զ եւ ԶՀԾ) Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանում, որում ընդգրկված են Սիսիանի, Կապանի եւ Մեղրու տարածքային բաժանմունքներ։
Զորակոչի եւ զորահավաքի ստորաբաժանման մարզային նստավայրը Գորիսն է:
Կառույցի անվանումն է միայն փոխվել, իսկ գործառույթները գրեթե նույնն են: Բացառությամբ այն բանի, որ ռեսուրսները մի քիչ կրճատվել են. յուրաքանչյուր բաժանմունք, ինչպես նախկինում էր, ունի պետ, տեղակալ, սպասարկող անձնակազմ՝ զորակոչի եւ զորահավաքի:
- Կուզենայինք մեկ այլ հարց եւս ճշտել. նախկին համակարգում տեղի ունեցած, այսպես կոչված, բարեփոխումները՝ կրճատումներ, միավորումներ, ոչ միանշանակ են ընդունվել, ոմանք կարծում են, որ դրանք ավելի են դժվարացրել աշխատանքի կազմակերպումը, որ մարզի մասշտաբով անհնար է արդյունավետորեն իրականացնել զորահավաքի կազմակերպումը:
Շուրջ երկու ամիս է՝ ծառայում եք ստորաբաժանման ղեկավար, արդյո՞ք կառուցվածքային ներկա կարգավիճակն արդյունավետ է, թե՞ կարիք կա վերականգնելու նախկին՝ շրջանային ձեւը. յուրաքանչյուր շրջանում՝ մեկ ստորաբաժանում:

- Կարծում եմ` Սյունիքի մարզի յուրաքանչյուր շրջան պետք է ունենա իր զինկոմիսարիատը՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրավիճակը, նաեւ մեր երկրամասի աշխարհագրական առանձնահատկությունները:
Ինչ խոսք, ծանրաբեռնվածության չափերն ու ծավալն ավելի են մեծացել, աշխատանքը՝ բարդացել, քանի որ տարածքային առումով՝ Գորայքից մինչեւ Մեղրի լիարժեք սպասարկելը ֆիզիկապես էլ դժվար է:
- Անդրադառնանք հետպատերազմական խնդիրներին՝ կապված Ձեր գլխավորած ստորաբաժանման հետ:
Հարցը, որ կուզենայինք քննարկել, հետաքրքրում է բնակչության մեծ մասին…
Մեր տղաները, ովքեր ծառայում էին Արցախում, եկել են արձակուրդ եւ հիմա հետ վերադառնալու խնդիր ունեն:
Մարդիկ անորոշության մեջ են, ծնողն ինքն էլ չգիտե՝ ո՞րն է ճիշտը. որդու վերդառանալն ու  ծառայությունը շարունակե՞լը, թե՞ ոչ: 
Այս պահին էլ նրանց մի մասը տանը սպասումով նստած է ու չգիտի՝ ինչպես վարվել:
Սա լուրջ խնդիր է՝ պարզաբանման կարիք ունեցող, խնդրեմ…

- Հետեւյալը կասեմ` ոչ միայն Սյունիքի մարզում, նաեւ՝ ամբողջ Հայաստանում, ունենք բավականին մեծ թվով ժամկետային զինծառայողներ, ովքեր անցած տարվա դեկտեմբերից արձակուրդի մեջ են եւ մինչ այսօր սպասողական վիճակում են:
Ունեցել ենք կարգապահ զինծառայողներ, ովքեր ներկայացել են ռազմական ոստիկանություն՝ ասելով, որ հրաժարվում են Արցախ՝ ծառայության մեկնելուց, կամք են արտահայտել՝ ծառայությունը շարունակելու Հայաստանի Հանրապետությունում:
Կարծում եմ` պատճառները հասկանալի են, կա նաեւ փախեփախ հոգեվիճակ, ոմանք խուսափում են՝ հստակություն չտեսնելով ստեղծված իրադրության մեջ:
Այդ հարցերով քննարկումների մեջ ենք, Արցախում ծառայածների հետագա ծառայության խնդիրը հստակեցվում է…
- Ստացվում է, որ զինծառայողի երկու տարբեր հոգեվիճակի հետ գործ ունենք. մի մասը եկել է արձակուրդ եւ չի ուզում վերադառնալ, մյուս մասն էլ՝ ցանկանում է ծառայել Արցախի Հանրապետությունում, բայց խոչընդոտներ կան այնտեղ տեղափոխվելու հարցում:
- Ըստ էության ոչ մեկը չի հրաժարվում ծառայությունից, ուղղակի ոմանք ցանկանում են այն շարունակել Հայաստանում…
- Ի՞նչ խորհուրդ կտայիք ծնողներին. սպասել որոշմա՞ն, թե՞…
-Իհարկե, պետք է լինի ռազմաքաղաքական ղեկավարության որոշում այդ մասին, թե զինծառայողներն այսուհետ որտե՞ղ են շարունակելու իրենց ծառայությունը:
Ուստի եւ խորհուրդ կտայի, որպեսզի արձակուրդ եկած զինծառայողները պարտադիր ներկայանան տարածքային ռազմական ոստիկանություն, ներկայացնեն իրենց դիրքորոշումը հետագա ծառայության վայրի մասին: Այսինքն՝ որտեղ են ցանկանում ծառայել՝ Հայաստանու՞մ, թե՞ Արցախում:
Եղել են դեպքեր, երբ զինծառայողները ցանկացել են վերադառնալ Արցախ, սակայն, ճանապարհային խնդիրներ են ծագել, ինչի արդյունքում վերադարձել եւ ծառայում են ՀՀ ԶՈՒ համապատասխան զորամասերում:
Քիչ չեն դեպքերը, երբ Արցախում ծառայածներն արձակուրդից հետո նորից մեկնել են Արցախ, մինչեւ զորամաս՝ անվտանգ ուղեկցությամբ:
- Պատերազմից հետո սա առաջին զորակոչն է, ինչը մի շարք խնդիրներով է ուղեկցվում, սկսած՝ բարոյահոգեբանականից մինչեւ անվտանգություն:
Ինչպիսի՞ն են նախապատրաստական աշխատանքները, արդյո՞ք Ձեր կողմից հեշտ հաղթահարելի են՝ ծնողներին, հանրությանը, զինակոչիկներին պաշարած հոգեբանական բարդույթը, տագնապը:

- Անվտանգության խնդիրների քննարկումները, ինչպես ասացի, ընթանում են, շուտով կստանանք համապատասխան հրամաններ եւ ցուցումներ` զորակոչի մանրակրկիտ կազմակերպման առումով:
Առայժմ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, ինչը մեկնարկել է անցած տարվա դեկտեմբերից:
Առաջնահերթ ուշադրությունը բժշկական ստուգումների վրա է, կուսումնասիրվեն գանգատները, նորակոչիկների ֆիզիկական եւ բարոյահոգեբանական վիճակը, նրանց սոցիալական դրությունը:
Ինչպես ընդունված է` քաղաքացու առողջական վիճակի հետազոտումը եւ բժշկական փորձաքննությունն իրականացնում են զորակոչային հանձնաժողովին կից ստեղծված բժշկական հանձնաժողովի մասնագետները: 
Նրանք են պարզում զինապարտության կանգնած քաղաքացու առողջական վիճակը, լուրջ խնդիր ունեցողներն ուղեգրով գործուղվում են համապատասխան կլինիկաներ՝ բուժվելու, հետագա պիտանելիությունը որոշելու համար:
Մեր կողմից աչալուրջ ուսումնասիրվում է նաեւ ծառայության մեկնողի ընտանիքի կազմը, քանի որ պատերազմից հետո ունենք զոհվածներ, անհետ կորածներ, ուստի, հնարավոր է` զինակոչիկն ընտանիքի միակ արու զավակն է, եւ պատերազմի ժամանակ, ասենք, զոհվել է նրա հայրը, եղբայրը, ընտանիքի որեւէ անդամ:
Նման դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նա ազատվում է ծառայությունից կամ ստանում համապատասխան արտոնություն:
- Փորձենք ճշտել ձմեռային զորակոչի ժամկետները, ինչը, կարծեք, նախորդ տարիների նման չէ:
-  2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ կկատարվի Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչ:
Կզորակոչվեն այն անձինք, որոնց 18 տարին լրացել է մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարել է մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2020 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում` մինչեւ 2021 թվականի փետրվարի 14-ը ներառյալ, կզորացրվեն օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողները:
Այլընտրանքային ծառայությունից կարձակվեն սահմանված ժամկետում այլընտրանքային ծառայություն անցած ծառայողները։

- Ինչպիսի՞ն է սյունեցու, առհասարակ՝ նորակոչիկի ծնողի նախատրամադրվածությունը զորակոչի հանդեպ:
Արձանագրվե՞լ են դեպքեր, երբ նորակոչիկը չի ներկայացել զորակոչի՝ հաշվի առնելով վերջին ամիսների ծանր պատերազմը, ծագած բազմաթիվ հարցերի դեռեւս չկանոնակարգված վիճակը:

- Սյունիքում նման դեպքեր չունենք, բոլոր նորակոչիկները պարտադիր կանչվել ու բոլորը կարգապահ ներկայացել են: 
Վերջին պատերազմի հանգամանքը ոչ մեկի վրա, այդ առումով, չի անդրադարձել:
Ավելին` մեր երիտասարդները պարտքի գիտակցումով եւ սյունեցուն վայել պատվասիրությամբ են ներկայանում զորակոչային հանձնաժողով՝ պատրաստակամ՝ քաջության եւ հնարավոր փորձությունների:
Դա, իրոք, գովելի փաստ է, փառք ու պատիվ մեր սյունեցիներին: 
Խուսափելու դեպքեր, վստահ եմ, չեն լինելու. սյունեցի նորակոչիկը, ով միշտ աչքի է ընկել քաղաքացիական գիտակցությամբ, ներկայանում է հոգու կանչով, պատվի ու պատասխանատվության մղումով: 
-Զորակոչի եւ զորահավաքի մարզային ստորաբաժանումն ունի՞ որեւէ գործառույթ՝ անհետ կորածներին հայտնաբերելու, աճյունների ինքնությունը պարզելու, գերիների վերադարձին առնչվող հարցերում։
-Անշուշտ, գործառույթներ ունենք, ստորաբաժանումն անընդհատ կապի մեջ է հրամանատարության, պետական համապատասխան ատյանների հետ. անհետ կորածների, նրանց ընտանիքների մասին պարբերաբար տվյալներ ենք ճշտում, փոխանցում: 
Մի խոսքով՝ մշտական աշխատանքի մեջ ենք այդ ուղղությամբ:
Յուրաքանչյուր մանրուք մեր ուշադրության կենտրոնում է, այն ներկայացնում ենք համապատասխան մարմին, որպեսզի հնարվորինս արդյունավետ լինի անհետ կորածների հայտնաբերման աշխատանքը:
-Պետությունը սոցիալական աջակցության փաթեթ է ընդունել, ինչը, կարծեք, տեղ չի հասնում օպերատիվ կարգով, հատկապես՝ զոհվածների ընտանիքների առումով:
Ստորաբաժանումն այդ խնդրով զբաղվելու առաքելություն ունի՞, թե՞…
-Ոչ, մենք չենք զբաղվում այդ հարցով, սակայն, զոհվածների մասին համապատասխան փաստաթղթերը, հարկ եղած դեպքում, ի մի ենք բերում, ուղարկում համապատասխան ծառայություններ, որպեսզի ոչ ոք դուրս չմնա:
- Ռազմական դրության ժամանակ հայտարարված համընդհանուր զորահավաքը, փաստորեն, կասեցվեց, բայց ուժի մեջ մտավ եռամսյա վարժահավաքների կազմակերպումը` ըստ անհրաժեշտության: Ի՞նչ կասեք այդ մասին։
-2020-ի դեկտեմբերի 24-ին արդեն ունեցել ենք համալրում Կապանի տարածաշրջանում:
Հավաքները եռամսյա չեն, եւ կարեւոր չէ՝ ինչպես են կոչվում. պահանջվող մասնագիտությունների ուղղությամբ համապատասխան աշխատանք ենք տանում… 
Կարեւոր է ներգրավումն ըստ հաստիքների. մենք վերցնում ենք նվազագույնը, շարքային կազմի մասին է խոսքը ի դեպ, նրանք կվարձատրվեն պայմանագրայինի համար նախատեսված չափով, գումարած՝ մարտական հերթապահության համար վճարը:
Անձը մեկ ամիս մարտական հերթապահություն կիրականացնի, մեկ ամիս՝ տանը կլինի՝ արձակուրդում:
Սյունիքում ունենք աշխարհազորայիններ, ովքեր իրենց գյուղը, սահմանը պահում էին, իսկ հիմա ավելի կանոնակարգված է իրականացվում սահմանների պաշտպանությունը։
Մենք պայմանագրայինների հետ ներկայացել ենք զորամասեր, պայմանագրեր կնքել. հիմա մարդիկ իրենց ծառայությունն են իրականացնում։
Զորակոչված անձանց 80 տոկոսը ցանկություն է հայտնել երկարաձգելու պայմանագրերի ժամկետը:
-    Որքանով տեղյակ ենք՝  Սյունիքում ձեւավորվում են պայմանագրային գումարտակներ՝ մարզի տարբեր տարածաշրջաններում:
Որքանո՞վ է Ձեր գլխավորած ստորաբաժանումն առնչվում այդ հարցին։

-Ձեւավորվում են, այո, ավելին չասեմ:
Բոլոր ուժային կառույցների հետ ստորաբաժանումը պատրաստ է համագործակցության՝ առաջադրված խնդիրները կատարելու:
Ինչ վերաբերում է Սյունիքի աշխարհազորայինների ձեւավորվող գումարտակներին, այն դեռ կազմակերպման փուլում է…
- Ուրիշ ի՞նչ առաջնահերթ գործառույթներ եք ներկայումս իրականացնում։
- Մեր ստորաբաժանման ներկայիս անելիքներից մեկն էլ կցագրումն է: «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ փետրվարի 15-ից կսկսենք կցագրման աշխատանքները: 
Նախազորակոչային՝ 16 տարին լրացած պատանիները կներկայանան բաժանմունքեր, կկցագրվեն, կկատարվեն առողջական վիճակի գնահատման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման աշխատանքներ՝ մինչեւ զորակոչային տարիք:
Առողջական խնդիրներ ունեցողները կօգտվեն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունից:
Ֆիզիկապես առողջ տղաները կանցնեն նախապատրաստական շրջան:
-Անշուշտ, մեծ է հանրակրթական դպրոցներում ուսուցանվող ռազմագիտություն առարկայի դերը. ի՞նչ կասեք այդ մասին, որքանո՞վ է այն առնչվում Ձեր գլխավորած ստորաբաժանմանը։
Հիշում ենք՝ մի շրջան կար, երբ քննարկվում էր այդ առարկան դպրոցներից հանելու հարցը:

-Առարկան այժմ էլ դասավանդվում է, բարձր դասարանցիներն անցնում են նախնական զինվորական պատրաստություն:
Առարկան, անտարակույս, անհրաժեշտ է պատանիների եւ աղջիկների ռազմահայրենասիրական դաստիարակության համար:
Զինղեկի նշանակման գործում մեր ստորաբաժանման համաձայնությունն էլ պարտադիր է, քանի որ զինղեկը պետք է լինի սպա, ուստի՝ պահեստային սպաների մրցույթ է հայտարարվում, նրանց անձնական գործերն են ուսումնասիրվում…
-Ի՞նչ խոսք կհղեք սյունեցիներին, Սյունիքի բնակչությանը: 
- Աղետալի պատերազմից հետո Սյունիքի մարզում եւս մեկնարկել է ձմեռային զորակոչը, որին սիրով ու պատրաստակամությամբ, պարտքի եւ պատասխանատվության զգացումով են մասնակցում սյունեցի պատանիները:
Ստեղծված իրավիճակում, երբ փորձում ենք ազգովի դուրս գալ հետպատերազմյան ծանր բարոյահոգեբանական վիճակից, պարտավոր ենք չտրվել ապատեղեկատվություններին, պարտավոր ենք խուճապի չմատնվել:
 Որպես տարածքային ստորաբաժանման ղեկավար, գրեթե ամեն շաբաթ Գորիսից այց եմ կատարում Կապան, Մեղրի. վտանգավոր իրավիճակներ առայժմ չեմ նկատել, բայց եւ չեմ էլ կարող երաշխավորել, թե ինչ կարող է լինել երբեւէ, բայց եւ համոզված եմ, որ պատկան կառույցներն ամեն ինչ անում են Սյունիքի սահմանների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Լցվենք համբերությամբ…

Հարցազրույցը`
Սուսաննա Բաբաջանյանի եւ Սամվել Ալեքսանյանի


 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25