ՎԱՀԵ ՀԱԿՈԲՅԱՆ. “Սոցիալական ծրագրերը լինելու են հասցեական ու մշակված ռազմավարության շրջանակում”

16.08.2014 11:30
5817

“Սյունյաց երկրի” հարցերին պատասխանում է “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը

Ս.թ. հուլիսի 1-ից “Զանգեզուրի ՊՄԿ” ՓԲ ընկերության կառավարման համակարգում կատարվել են փոփոխություններ: Կառավարման նոր համակարգում այսուհետ գործելու է ընկերության վարչական տնօրենի պաշտոնը: Այդ պաշտոնում նշանակվել է Վահե Հակոբյանը: Պարոն Հակոբյանի հետ առաջին հանդիպմանը ցանկացանք, նախեւառաջ, պարզել Քաջարանի կոմբինատի շուրջ որոշ տարակույսների եւ ասեկոսեների հիմնավորվածությունը, ինչպես եւ նոր ղեկավարության պատկերացումները սոցիալական ու կադրային մի շարք հարցերի վերաբերյալ:


Ծնվել է 1971թ. Երեւանում: Ավարտել է Երեւանի Ն.Ստեփանյանի անվան N71 միջնակարգ դպրոցը: 1993թ. ավարտել է ՀՊՃՀ տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը` ինժեներ-կիբեռնետիկ մասնագիտությամբ: 2005թ© կարմիր դիպլոմով ավարտել է նաեւ Սանկտ Պետերբուրգի միջազգային հարաբերությունների տնտեսագիտության եւ իրավունքի ինստիտուտը` իրավաբանի մասնագիտությամբ: 1993-95թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 1996-2000թթ. աշխատել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում:
2000-ից զբաղվել է ձեռներեցությամբ: 2002-2010թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում` ներքին անվտանգության ղեկավար, 2010-ից մինչ 2014թ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակական կապերի եւ տեղեկատվական կենտրոնում` խորհրդական:
2010-2011թթ. աշխատել է նաեւ “Քրոնիմետ մեթալ-թրեյդինգ Սի-Այ-Էս” ՍՊԸ-ում` խորհրդական, 2011-ից նույն ընկերության կոմերցիոն տնօրենն է:
2014-ի հուլիսի 1-ից “Զանգեզուրի ՊՄԿ” ՓԲ ընկերության վարչական տնօրենն է:
2010թ. ԼՂՀ ՊՆ կողմից պարգեւատրվել է անձնական զենքով:
Անկուսակցական է: Ունի երկու դուստր:


– Պարոն Հակոբյան« հանրապետական մամուլում լուրեր շրջանառվեցին, թե իբր Նիլ Ստիվենսոնի նշանակումից հետո 400 աշխատակից հեռացվել է աշխատանքից: Արդյո°ք իրականությանը համապատասխանում է այդ տեղեկատվությունը: Եվ ընդհանրապես նոր ղեկավարությունը մտադրություն ունի° աշխատատեղեր կրճատել:

– Նման քաղաքականությունը` մարդ կրճատելու գործելակերպը, խորթ է մեր բաժնետերերին: Միայն երկրորդ եռամսյակում ընկերություն մոտ 70 մարդ է աշխատանքի ընդունվել: Ընդհակառակը, ջանում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ աշխատողների եկամուտներն աճեն, նոր մարդիկ ներգրավվեն աշխատանքի մեջ եւ նոր հզորություններ ստեղծվեն: Մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով, մարդ հեռացնելու մտադրություն բացարձակ չունենք. աշխատավոր մարդը մեր կոլեկտիվում իրեն լավ է զգում, իսկ ովքեր թերանում են, փորձում ենք խորամուխ լինել պատճառների մեջ: Մենք հակված ենք մարդկանց տալու գործելու հնարավորություն` ձգտելով յուրաքանչյուրի մեջ տեսնել լավը, եւ լավը կոմբինատում անհամեմատ շատ է: Մենք չենք պատրաստվում խեղճ ու նվաստացած մարդկանց հետ աշխատել: Անցած մեկ ամսում, եթե հիշողությունս չի դավաճանում, աշխատանքից ազատվել է յոթ հոգի (խոսքը հանքագործների մասին է)` կամ բնակության վայրը փոխելու, կամ աշխատանքի բնույթը փոխելու պատճառով: Մեզ համար պարզ չէ, թե որտեղից է ծնվել եւ ով է տարածում 400 մարդ կրճատելու ասեկոսեն: Ընկերությունը մի բազմամարդ կոլեկտիվ է, 3300 մարդ է աշխատում, եւ բնական էª ոմանք աշխատանքի են ընդունվում, ոմանքª ազատվում, բայց աշխատատեղերի կրճատման մասին խոսակցություններն անհեթեթություն են:

– Քաղաքի սոցիալական օբյեկտները կոմբինատի հաշվեկշռից համայնքին հանձնելու խնդրին ենք ուզում անդրադառնալ: Խոսքը կառավարության 2004թ. դեկտեմբերի 23-ի N 1813 որոշման մասին է: Այդ որոշման մեջ, մասնավորապես, նշված է. “Թույլատրել “ԶՊՄԿ” ՓԲ ընկերությանը Քաջարան քաղաքում գտնվող մշակույթի պալատի, մարզահամալիրի, այդ թվումª ֆուտբոլի դաշտի, N1 մանկապարտեզի գույքն անհատույց օտարել Քաջարան քաղաքային համայնքին”: Կառավարության այդ որոշումը չի կատարվել: Այնուհետեւª 2010 թվականի մարտի 23-ին ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի N45-Ա հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբª խնդրո առարկան ուսումնասիրելու համար: Հարցն ուսումնասիրվել է, նորից ընկերությանը հանձնարարվել է կատարել կառավարության որոշումը: Այդ ամենից հետո էլ սոցիալական օբյեկտները չեն հանձնվել համայնքին: Տեղյա°կ եք այդ ամենին:

– Երեկ (հարցազրույցը կայացել է հուլիսի 31-ին) Քաջարանի քաղաքապետի հետ այդ հարցը քննարկվել է: Որքան հիշում եմ, համայնքի ղեկավարը դեմ էր այդ հանձնմանը, քանի որ ահռելի գումարներ կպահանջվեն դրանք պահպանելու համար: Բայց որեւէ խնդիր չկա, կարող ենք նույնիսկ տեղական հանրաքվե անցկացնելª իմանալու բնակչության կարծիքը: Միաժամանակ, կարծում եմ` այսպես ավելի ճիշտ է, որովհետեւ մեր ուշադրության կենտրոնում են սոցիալ-կրթական այդ օբյեկտները, որոնց ֆինանսավորումն ավտոմատ կերպով է կատարվում: Երկու օր առաջ էլ մարզադաշտում անցկացվեց կոմբինատի արտադրամասերի միջեւ ֆուտբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը: Ինձ համար շատ հաճելի մի երեւույթ էր, մարդիկ կարծես տոնակատարության էին եկել: Թեպետ չեմ կարծում, որ եթե քաղաքին հանձնենք այդ օբյեկտները, նման միջոցառումներ չեն լինելու: Համենայն դեպս, հակված ենք լսելու ժողովրդի կարծիքը, կատարելու նրա որոշումը:

– Բնապահպանական խնդիրների մասին կուզենայինք առաջիկայում հանգամանալից զրույց ունենալ ընկերության գլխավոր տնօրենի հետ: Բայց այսօր շտապում ենք մի հարցի պարզաբանում ստանալ: Վերջին մեկ տարում Գեղիի ձորում եւ հատկապես նույնանուն գետի ջրից օգտվողների շրջանում լուրջ մտահոգություններ են առաջացելª կապված “Լեռ-Էքս” ՍՊԸ գործունեության հետ: Ի°նչ կասեք այդ կապակցությամբ, եւ, առհասարակ, ի°նչ կարգավիճակ ունի “Լեռ-Էքս”-ը Քաջարանի կոմբինատում:

– “Լեռ-Էքս”-ի արտադրությունը, բնապահպանական խնդիրների հետ կապված, ժամանակավորապես դադարեցվել է: Այս պահին ընկերությունը վնաս է կրում եւ բավականին շոշափելի: Այլընտրանք չկա, քանզի չենք կարող շրջակա միջավայրին« ինչպես նաեւ համայնքներին եւ առաջին հերթին մեր աշխատակիցներին որեւէ վնաս պատճառել` օգուտ ստանալու ակնկալիքով: Եղել ենք տեղում, այն ամենը, ինչ այնտեղ կատարվում էր, պարզապես անթույլատրելի է: “Լեռ-Էքս”-ի արտադրությունը դադարեցրել ենք, բայց ոչ մի հոգու չենք կրճատել, ֆաբրիկան կանգնեցրել ենք, բայց մարդկանց շարունակում ենք աշխատավարձ վճարել, իսկ “Լեռ-Էքս”-ում մոտ 400 մարդ է աշխատում: Ընկերության գլխավոր տնօրենն էլ կոնկրետ հանձնարարություն է տվել` այդ մարդկանց համար զբաղվածություն ապահովել, բայց ոչ մեկին չկրճատել:

– Որքանով տեղեկացանք, այս կարճ ժամանակահատվածում նաեւ հնարներ եք փնտրում ընկերության աշխատակիցների ակտիվ հանգիստը կազմակերպելու նպատակով:

– Իրականացնում ենք մի ծրագիր, որի շրջանակներումª ընկերության լավագույն աշխատողներին եւ համեմատաբար սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին ուղարկում ենք Վրաստան հանգստանալու: 32 հոգուց բաղկացած առաջին խումբը մեկնել է, պատրաստվում է մեկնելու երկրորդը, հետո կլինի երրորդը: Նաեւ ասեմ, որ մեր աշխատակիցներն իջեւանել են հինգաստղանի հյուրանոցում: Դա, իրոք, թանկ է նստում, բայց մենք չցանկացանք մեր աշխատողներին ցրել քաղաքով մեկª ավելի էժան հյուրանոցներում տեղավորելով: Ի դեպ, այնպես ենք արել, որ նրանք մի լումա անգամ չծախսեն: Բաթումը հանգստանալու համար էժան քաղաքներից չէ, մանավանդ բանվորի, հանքագործի համար: Ընդ որում` յուրաքանչյուրին երկու ուղեգիր ենք տրամադրելª իր եւ ընտանիքի մի անդամի համար: Սա ակցիա չէ, այլ պարբերական բնույթ է կրելու: Մեր սկզբունքն այս էª մարդը պիտի լավ հանգստանա, որ հետո լավ աշխատի: Ընկերության աշխատողը պիտի հաճույքով գա աշխատանքի եւ պատվով վերադառնա տուն: Մենք այն համոզմանն ենք, որ, ինչքան էլ մարդուն վարչական մեթոդներով ստիպես լավ աշխատել, ոչ մի արդյունքի չես հասնի: Մարդ պիտի ուզենա լավ աշխատել: Եվ դրան հասնելու համար տարբեր խթաններ կան: Իհարկե, ամենամեծն աշխատանքի վարձատրությունն է, բայց միակը չէ: Դա մարդու նկատմամբ վերաբերմունքն է, նորմալ աշխատատեղ, աշխատանքի, կենցաղի եւ ժամանցի նպաստավոր պայմաններ ստեղծելն է, այս ամենը մեր տեսադաշտում է:

Ընկերության գլխավոր տնօրենի աշխատասենյակում քննարկում է եղել Քաջարանի քաղաքապետի մասնակցությամբ: Քաղաքում սոցիալական ծրագրերի իրականացման ուղղությամբ մտքերի փոխանակում է եղել` իրականացվող ծրագրերի շարունակական բնույթի, նոր ծրագրերի իրականացման եւ այլնի մասին: Կոմբինատի ղեկավարության համոզմամբ` Քաջարանը զարգացման մեծ ներուժ ունի, բարգավաճման ճանապարհին է եւ այդ ճանապարհով էլ առաջ է շարժվում:

– Մեկ ամիս է, ինչ կառավարում եք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Անշուշտ, դա շատ կարճ ժամանակ է թեկուզ եւ մասնակի ամփոփումներ, եզրահանգումներ անելու համար: Այդ բոլորով հանդերձª կարո°ղ եք արդեն իսկ արձանագրել կատարված ինչ-ինչ կոնկրետ աշխատանքներ, կարգավորած ոլորտներ, լուծված հարցեր:

– Ամենաշոշափելի արդյունքն այն է, որ անվտանգության նորաստեղծ ծառայության օպերատիվ աշխատանքի շնորհիվ հայտնաբերվել է կոմբինատից դիզվառելիքի ապօրինի դուրսհանման մեխանիզմը: Բաց հանքից երեք խողովակով վառելիքը հասնում էր Քաջարան: Ամսական մոտ 300 տոննա դիզվառելիք էր անհետանում ձեռնարկությունից: Ամեն ամիս ձեռնարկությունը 300-400 հազար դոլարի վնաս էր կրում դրա հետեւանքով: Ընթանում է քննություն, իրավապահ մարմինները կպարզեն` ո°ւր էր գնում դիզվառելիքը, ո°վ էր յուրացնում, ո°վքեր են կանգնած այս ամենի հետեւում:

– Մի մտահոգության մասին ենք ցանկանում խոսել. որքանով տեղյակ ենք, 200-ից ավելի թոշակառու է աշխատում կոմբինատում: Նրանց հետ ունեցած աշխատանքային պայմանագրերի հարցում բավականին անորոշություններ են առաջացել դեռեւս ամիսներ առաջ: Բայց խնդիրը չէր կարգավորվել: Ինչպե°ս եք վարվելու կենսաթոշակառուների հետ:

– Մեկ անգամ հուլիսից երկարաձգել ենք թոշակառուների պայմանագրերը: Ով ցանկություն ունի աշխատել, ընդառաջում ենք: 74 տարեկան կենսաթոշակառու ունենք, ցանկություն առաջացավ հանդիպել այդ մարդուն: Հաճելիորեն զարմացա` տեսնելով նրա առույգ տեսքը, կեցվածքը: Ասաց` մեջս եռում է արյունը, ասացի խնդրեմ` շարունակեք աշխատել: Վեց ամսից մեկ տարի ժամկետով երկարաձգել ենք թոշակառուների պայմանագրերը:

– Շատ հետաքրքիր է, ի°նչ սկզբունքով է կատարվում կադրերի ընտրությունն ընկերությունում:

– Բանաձեւ կա, որ ոչ մի տեղ ամրագրված չէ: Նախ պետք է մասնագետ լինել, անպայման հաշվի ենք առնում ընտանիքի սոցիալական վիճակը, եւ դիմողը պահանջված պիտի լինի կոմբինատի համար:

– Լուրեր կան, թե իբր ընկերությունում մոտ 50 տոկոսով կրճատվելու են սոցիալական աջակցության ծրագրերը: Եթե նույնիսկ իրական լինի այդ ասեկոսեն, ապա դա արտառոց երեւույթ չենք համարի, քանզի եղել են ժամանակներ, երբ կոմբինատի ղեկավարությունը վետո է դրել ոչ միայն մարզում, այլ Քաջարան քաղաքում իրականացվող այս կամ այն ծրագրերի վրա: Այդուհանդերձ` որքանո°վ են հիմնավոր այդ խոսակցությունները:

– Սոցիալական ծրագրերը ոչ թե կրճատվելու են, այլեւ շատանալու են: Գումարները նպատակային են ծախսվելու: Ծրագրերը լինելու են նպատակային, կոնկրետ հասցե ունեցող, մշակված ռազմավարության շրջանակում: Գուցե որոշ ծրագրերի առաջին քայլերն ավելի մեծ փող պահանջեն, բայց գումար ներդնելուց չենք հրաժարվելու:

– Մի հարց եւս հուզում է սյունեցուն® Կարո°ղ են մարդիկ հույս ունենալ, որ դպրոցականների համար ժամանակին կառուցված ու երկար տարիներ գործած, բայց վերջին տարիներին փակված ու անհասկանալի նպատակի ծառայեցված հանգստի ճամբարն ու պրոֆիլակտորիումը գոնե գալիք տարվանից կծառայեցվեն մեր երեխաներին ու երիտասարդությանը:

– Մենք այսօր պլանավորել էինք պարոն Ամբարյանի, ֆինանսական տնօրեն Աննա Սեդրակյանի հետ գնալ այդ ճամբար, որպեսզի գնահատեինք եւ ճշտեինք, թե ինչ միջոցներ կպահանջվեն մանկապատանեկան ճամբարը վերագործարկելու համար: Մեր մոտակա ծրագրի մեջ դա ներառված է: Կոմբինատի հովանավորությամբ այս տարի Քաջարանում գործեց բակային ճամբար: Բայց դպրոցականների ամառային հանգստի այդ ճամբարը մենք պիտի վերաբացենք, չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել. նախ` շինարարները պետք է ուսումնասիրություն կատարեն եւ տան իրենց եզրակացությունը:

– Եվ վերջին հարցը. կա°ն քաղաքացիների ընդունելության սահմանված ժամեր, եւ մարդիկ առավելապես ի°նչ հարցերով են դիմում Ձեզ: Մենք տեղյակ ենք, որ ընկերության նոր ղեկավարության հետ հանդիպելը խնդիր չէ, ինչը նույնպես արժանացել է հանրության դրական գնահատականին:

– Մեր դռները բոլորի առջեւ բաց են, քաղաքացիների ընդունելության սահմանված ժամեր չկան, ժամը իննին սկսվում է աշխատանքը, եւ այդ ժամից մարդիկ իրենց հուզող հարցերով կարող են դիմել մեզ: Պատահել է օր, երբ մոտ 300 հոգի եմ ընդունել: Հիմնականում դիմում են աշխատանքի ընդունվելու խնդրանքով: Գալիս են ամենատարբեր վայրերից, նույնիսկ` Երեւանից: Բայց խնդիրներ են ծագում, որովհետեւ ոմանք ոչ մի մասնագիտության չեն տիրապետում, նույնիսկ միջնակարգ կրթություն չունեն: Նաեւ օրինաչափություն է նկատվում. բոլոր կանայք ցանկանում են քիմլաբորատորիայում աշխատել, տղամարդիկ “Բելազ” են ցանկանում վարել: Ի դեպ ասեմª Քաջարանից չորս ուսանող ենք ուղարկել սովորելու կոմբինատի հաշվինª հետագայում մեր ընկերությունում աշխատելու համար:

Հարցազրույցը` ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06