Վախն ու անտարբերությունը ոչ թե գորիսյան կամ սյունիքյան, այլ համահայաստանյան սինդրոմ են

19.06.2013 10:33
2539

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Գորիսյան ողբերգության շուրջ քննարկումները չեն դադարում: Մարդկանց հետաքրքրում է, նախեւառաջ, միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը, ինչին անդրադառնալը վաղաժամ ենք համարում՝ հասկանալի պատճառով: Մյուս կողմից՝ փորձ է արվում վեր հանել, որոշարկել տեղի ունեցած ողբերգություն-երեւույթի հիմնապատճառները, եւ, որպես առանցքային հիմնապատճառ, մատնանշվում են Սյունիքում ու մասնավորապես Գորիսում իշխող վախի մթնոլորտն ու մարդկանց ահաբեկվածությունը: Մինչդեռ…

Բազմաթիվ սյունեցիների եւ սյունիքյան իրողություններին քաջատեղյակ մարդկանց կարծիքով՝ գորիսյան ողբերգություն-երեւույթի հիմնապատճառը երկրի քաղաքական ղեկավարության, բարձր իշխանությունների` չափից ավելի ու չհիմնավորված (եւ տեւական ժամանակ շարունակվող) հանդուրժողականությունն է մարզում տեղի ունեցող իրադարձությունների (հաճախ՝ քրեական բնույթի) հանդեպ: Հանդուրժումն ու անտարբերությունը երբեմն այնքան ակնհայտ ու ցցուն են եղել, որ ընկալվել են իբրեւ քաջալերանք եւ ջատագովություն ամենաթողության ու կամայականության: Զուգահեռաբար իրականացվել են խեղճության, ճորտության, հաճկատարության քարոզ եւ փառաբանություն, ստրուկների փաղանգի ամենաերեւելի դեմքերին տարեկան մի քանի անգամ պարգեւներ հանձնելու ծիսակատարություններ: Այո՛, վերին իշխանությունները կարող էին մեր ընթացքը տանել այնպիսի հունով, որ Գորիսը չդառնար արյունահեղության ասպարեզ: Հիմա էլ (թեկուզ ուշացումով) կարելի է այնպես գործել, որ նմանատիպ ողբերգություններ այլեւս տեղի չունենան: Միաժամանակ՝ կատարվածի համար մեղավորության բաժին ունենք բոլորս. անտարբերությունն է մեզանում ահագնացել: Ավելին, սյունիքյան իշխանությունների եւ երկրամասը զավթած կլանների շուրջ ե՛ւ Կապանում, ե՛ւ Գորիսում ու Սիսիանում (Մեղրիում՝ մի քիչ պակաս) ձեւավորվել էին «նվիրյալների ու հավատարիմների» շքախմբեր (այդ վայ կանանց եւ վայ տղամարդկանց բոլորս ենք ճանաչում), ովքեր գրեթե ամեն ինչ անում էին իշխանության եւ բնակչության միջեւ վիհը խորացնելու, իշխանավորների կամայականությունները քաջալերելու համար: Նրանց կարելի էր տեսնել երկրի նախագահի ու վարչապետի սյունիքյան այցերի ժամանակ կազմակերպված խնջույքներում՝ ծաղրածուի կամ գետնին թավալ տվողի դերում… Իհարկե, այդ ամենը շատ տխուր է, եթե ոչ՝ ողբերգական: Բայց առավել տխուր եւ ողբերգական է որոշ մարդկանց, նաեւ հասարակական-քաղաքական գործիչների, առանձին լրագրողների մոլուցքը՝ տեղի ունեցած ողբերգություն-երեւույթի հիմնապատճառը համարելու Սյունիքում ու մասնավորապես Գորիսում ստեղծված եւ իշխող վախի մթնոլորտը, մարդկանց ահաբեկված վիճակը: Եվ նման կեղծ հիմնապատճառի «հիմնավորումն ու փաստարկումը», կարծեք, «դրական» արդյունք է արձանագրում հատկապես Սյունիքը չճանաչող հանրության գիտակցության մեջ: Նման մտածելակերպը, սակայն, սյունիքյան իրականության կեղծ վերծանություն է, իրողությունների աղավաղման եւ միակողմանի գնահատման վարժանք: Դա երեւույթի իսկական պատճառները քողարկելու, հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ ներքաշելու պրիմիտիվ հնարք է: Եվ տեղին ենք համարում այդ քարոզի հեղինակներին պարզագույն մեկ-երկու հարց ուղղել՝ կա՞ Հայաստանում մի համայնք (մայրաքաղաքից սկսած), մի մարզ, որտեղ վախը, մարդկանց ահաբեկվածությունն ու անտարբերությունն ավելի պակաս են, քան Սյունիքում: Այդուհանդերձ՝ Հայաստանում կարո՞ղ եք ցույց տալ մի համայնք (մայրաքաղաքից սկսած), մի մարզ, որտեղ հրապարակայնությունն ու բացախոսությունը, քաղաքացիների համարձակ եւ ըմբոստ պահվածքը, իշխանությունների կոնկրետ քայլերին ընդդիմանալու (հակադրվելու) գործելակերպը, մայրաքաղաքից ներդրվող (ծորուն) գաղափարական ու մտածելակերպի շաբլոն (հոտած) դրույթների մերժումն ու բացասումն այնքան ընդգծված ու արտահայտված լինեն, որքան Սյունիքում (նաեւ Գորիսում): Եթե կա նման մի մարզ կամ համայնք, ապա, ի սեր Աստծո, ցուցանեք մեզ: Իսկ մեր անհամաձայնությունը փորձենք հիմնավորել փաստերով, ընդ որում՝ այնպիսի փաստերով, որոնք ողջամիտ ընթերցողի մեջ առնվազն տարակուսանք կառաջացնեն այն հարցում, թե իբր Սյունիքում (նաեւ Գորիսում) որոշիչը եղել ու մնում է ահ ու դողը:

Սկսենք քաղաքական որոշ իրադարձություններ վերհիշելուց: Երկիրը միահեծան կառավարող ՀՀԿ-ի թեկնածուները (ասել է թե՝ մարզպետարանի թեկնածուները) քաղաքապետի ընտրություններում ջախջախիչ պարտություն կրեցին Ագարակում (2008թ.), Մեղրիում (2012թ.), Գորիսում (1999թ.), Սիսիանում (2008թ. եւ 2012թ., ինչպես եւ դրանից առաջ), Կապանում (2008թ., իսկ 2012-ին արգահատելի մեթոդներով գլխավոր թեկնածուին խաղից հանելուց հետո անգամ ընտրազանգվածը հնազանդության նշաններ ցույց չտվեց):

Գործող իշխանությունը 2013թ. փետրվարի 18-ին չկարողացավ Կապանում ապահովել Սերժ Սարգսյանի հաղթանակը: Ընդ որում՝ Կապանն այն քաղաքն է, որտեղ կենտրոնացված են մարզային ամբողջ չինովնիկական խավը (բյուրոկրատիան), զինվորականության մի պատկառելի խմբավորում, լեռնահանքային հսկա ձեռնարկությունը, Քաջարանի կոմբինատի աշխատակիցների մոտ 1/3-ը: Կապանն այն քաղաքն է, որի բազմաթիվ զավակները հանգրվանել են իշխանության ամենավերին օղակներում: Եվ բոլոր այդ գործոններն անզոր եղան՝ կապանցուն հետ կանգնեցնելու իր սկզբունքներից: Սերժ Սարգսյանի հաղթանակը մեծագույն դժվարությամբ ապահովվեց Քաջարանում (որտեղ գրեթե բոլորը բարձր վարձատրվող աշխատանք ունեն), Սիսիանում (որտեղ տարիներ շարունակ մի քանի հոգի, պետության շալակը ելած, իրենց հռչակել են Սերժ Սարգսյանի հավատարիմներ):

ԱԺ-ի 2012թ. ընտրություններում (մեծամասնական ընտրակարգով) ՀՀԿ թեկնածուն Սիսիան քաղաքում ստացավ ձայների 15%-ը: Նույն ՀՀԿ-ն այդ ընտրություններում (համամասնական ընտրակարգով) ուղղակի վռնդվեց Սիսիան քաղաքից, իսկ 2012թ. ՏԻՄ ընտրություններում վախեցավ քաղաքապետի թեկնածու առաջադրել:

2013թ. փետրվարի 18-ի ընտրության ժամանակ Գորիս քաղաքում, որ իբր ահաբեկված է, Րաֆֆի Հովհաննիսյանը ստացավ ձայների մոտ 30%-ը: Նույն «ահաբեկված» Գորիսը քաղաքապետի 2010թ. ընտրության ժամանակ 37%-ով հետեւեց մարզպետարանի կողմից չպաշտպանվող Ավետիք Բուդաղյանին: «Ահաբեկված» Գորիսը 1999թ. մերժեց քաղաքապետի թեկնածու Արա Դոլունցին՝ մարզպետի ներկայիս պաշտոնակատարին, ով Սուրեն Խաչատրյանի բացառիկ պատրոնությունն էր վայելում:

Նմանատիպ օրինակներ կարող ենք բերել մարզի տասնյակ այլ համայնքներից եւս…
Մի քանի իրադարձություն էլ՝ այլ ոլորտներից, որոնք առավել տեսանելի կդարձնեն սյունեցու ըմբոստ ոգին, իր երկրամասին տեր կանգնելու նրա վճռականությունը: Ահավասիկ, Կապան-Մեղրի ավտոմայրուղին Մթնաձորով կառուցելու փորձը, որ բողոքի հուժկու ալիք առաջացրեց: 2006-ին կառավարությունը հարկադրված վերանայեց իր մոտեցումը, թեեւ ճանապարհի նոր տարբերակը զգալիորեն թանկ պիտի արժենար:

Լեռնաձորի մերձակայքում ուրանի հանքավայրի հետախուզման հարցը: 2010-ին ալեկոծվել էր Կապանը: Հոկտեմբերի լույս 29-ի գիշերը Լեռնաձորում հրկիզվեց որոնողական աշխատանք կատարող մեքենասարքավորումը: Դրանից մի քանի օր հետո՝ նոյեմբերի 11-ին, մոտ երեք հազար կապանցի դուրս եկավ հանրահավաքի ու պահանջեց դադարեցնել ուրանի որոնողական աշխատանքը: Եվ կառավարությունն ընկրկեց…

Ժողովրդական ցասման ազդեցությամբ իշխանությունն ընկրկեց նաեւ Քաջարանի ճակատում: Ու այդպես էլ կյանքի չկոչվեց կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N627-Ն տխրահռչակ որոշումը, ըստ որի գյուղի 181.7հա հողատարածքը (հանքարդյունահանման նպատակով) պետք է տրվեր Քաջարանի կոմբինատի՝ մինչեւ այսօր ծպտված սեփականատերերին: Այնտեղ քանիցս եղան կառավարության անդամներ, պալատական մտավորականներ ու իշխանական սազանդարներ, բայց Քաջարան գյուղի բնակիչները հետ շպրտեցին կոմբինատի՝ գյուղի տարածք բերված տրակտորները:

Մեղրու օրինակը. վերջին երկու-երեք տարում ոչ մի շրջան իր իրավունքների համար այդպես եռանդուն չի պայքարել, ինչպես Մեղրին՝ ստորագրահավաքներ, ավագանու ուղերձներ, ընդվզման այլ դրսեւորումներ, որոնց նպատակն են եղել ու մնում Մեղրի գետի հունին միջամտելու կառավարական ծրագրի ձախողումը, տարածքում նոր հանքավայրերի շահագործման կասեցումը, հանքարդյունաբերական ձեռնարկությունների պոչային տնտեսություններում կարգ ու կանոնի հաստատումը եւ այլն:

Գորիսի փոքրիկ Տանձատափը (մի կողմ թողնելով գյուղապետի մանրիկ խաղերը) ոտքի է ելել գյուղի տարածքում փոքր հէկ կառուցելու ծրագրի դեմ. այդ ծրագիրն իրականություն դառնալու դեպքում, ըստ տանձատափցիների, այնտեղ բնակվելը նոր դժվարությունների հետ կկապվի:
Դե իսկ Սյունիքի արոտավայրերը պարսիկ խաշնարածներին տալու ծրագիրը (կոծկված կեղծ թղթերով) հօդս ցնդեց նաեւ սյունեցիների միահամուռ հակազդեցությամբ:

Մեկ ուրիշ հանգամանք էլ՝ սյունիքյան իրականությունը բնութագրող: Մեզ ծանոթ չէ գոնե մեկ օրինակ, երբ մարդ ցանկացել է իր խնդիրը, իր բողոքը բարձրաձայնել՝ ընդդեմ մարզպետի, քաղաքապետների, բիրդանաղաների եւ տարատեսակ զավթիչների, որ առնվազն «Սյունյաց երկիրը» նրան հարթակ չտրամադրեր. ոչինչ, որ դրա համար թերթի խմբագրությունը թանկ է վճարել ու շարունակում է վճարել:

Կամ չկա սյունիքյան որեւէ հիմնախնդիր, որի վերաբերյալ մարզում չլինի այլընտրանքային, ոչ իշխանական տեսակետ՝ բազմիցս հրապարակված:

Սյունիքի մարզում վերջին տարիներին չի եղել գոնե մեկ արտառոց դեպք, այլանդակություն, որոնց վերաբերյալ քանիցս դիմումներ ու բաց նամակներ հղած չլինեին երկրի առաջին դեմքերին: Քանի-քանի դիմումներ միայն «Սյունյաց երկիրն» է հղել հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, բայց ոչ մի պատասխան: Քանի-քանի մարդիկ են վերջին տարիներին (նաեւ հիմա) դատական ատյաններում փորձել (փորձում) պաշտպանել իրենց ոտնահարված իրավունքները, բայց…

Այդ ամենը, այնուամենայնիվ, մեզ թույլ չի տալիս ասել, որ Սյունիքում (մասնավորապես՝ Գորիսում) քաղաքացիական հասարակությունը ցանկալի մակարդակի է, մանավանդ որ չենք հասել սյունիքյան բազմաթիվ հիմնախնդիրների վերջնական լուծման: Բայց վերը հիշատակված օրինակները, կարծում ենք, տեղ չեն թողնում կարծելու (մտածելու), որ Սյունիքում (նաեւ Գորիսում) մարդիկ ահաբեկված են: Իսկ նրանց, ովքեր համաձայն չեն մեր դիտարկմանը, հարց ենք ուղղում՝ ուրիշ ինչպե՞ս իրեն պահեր (դրսեւորեր) Սյունիքը, ուրիշ ինչպե՞ս մարդիկ տեր կանգնեին իրենց երկրամասին ու իրենց իրավունքներին, որ ասֆալտասուն մի քանի գոյություն ու վառեկ մեզ չմեղադրեին վախկոտության, ահաբեկվածության մեջ:

Իհարկե, եղել են նաեւ ահաբեկվածներ, ոմանք էլ կողք են կանգնել, լռել ու թամաշա արել: Նրանց փաղանգը եղել է նաեւ մյուս հասարակարգում, լինելու է նաեւ նոր մարզպետի, հաջորդ նախագահի օրերում: Եղել են ու լինելու են քծնողներ, գետնաքարշ կյանքով ու բոլուկային հոգեբանությամբ ապրողներ, ովքեր Սյունիքին (նաեւ Գորիսին) երբեք ու ոչ մի պարագայում դեմք ու դիմագիծ չեն հաղորդել, չեն էլ հաղորդի, եթե անգամ շատ-շատ փող ունենան ու շատ-շատ բարձր պաշտոն: Իշխանավորներն էլ կգան ու անց կկենան: Բայց Սյունյաց աշխարհը (այդ թվում եւ Գորիսը) եղել ու կմնա իր ավանդական կերպին ու ոգուն հավատարիմ:

Բանը հասել է անհեթեթության. ասում են՝ կես ժամ մարզպետի տան դիմաց մարտական գործողություններ էին ընթանում, եւ ոչ ոք չէր խառնվում, ոչ ոք կանխելու փորձ չէր անում: Չեն ասում՝ մարզպետի տան դիմաց կես ժամ մարտեր էին ընթանում, իսկ ոստիկանությունն այդպես էլ չեկավ, այն դեպքում, որ բաժնից մարզպետի տուն կարելի է հասնել երեք րոպեում: Չեն ասում՝ ԱԱԾ Գորիսի բաժանմունքի շենքը գտնվում է մարզպետի տան անմիջական մերձակայքում, իսկ բաժանմունքի հերթապահը չի լսել իր պատուհանի տակ հնչող կրակոցների ձայնը…
Դարձյա՞լ գորիսեցիների ահաբեկվածությունն էր պատճառը:

Իսկ գուցե զարմա՞նք արտահայտենք, որ բարձր դուռն այդպես էլ չի կամեցել տեսնել սյունիքյան իրողությունները, իրական Սյունիքը: Եվ արդյո՞ք նման կուրության (անտարբերության) հետեւանքով չենք հայտնվել այս վիճակում: Իսկ հիմա, գոնե հիմա, երկրի վարիչներն ի վիճակի՞ են առերեսվել սյունիքյան իրողությունների հետ:

Ողբերգության հաջորդ օրը Գորիս ժամանած մայրաքաղաքցի լրագրողը մեզ պատմում է՝ վախի մթնոլորտն այնքա՜ն ակնհայտ է, մարդիկ վախենում են մեզ հետ զրուցել: Մենք հակադարձեցինք՝ իսկ գուցե գորիսեցին ոչ թե վախենում եւ խույս է տալիս լրագրողի հետ զրուցելուց, այլ, պարզապես, չի՞ վստահում լրագրողին, ոստիկանին, հասարակական-քաղաքական գործչին: Որքա՜ն շատ են օրինակները, որ լրագրողը կամ ոստիկանն իշխանավորի դեմ քաղաքացու գանգատը լսելուց հետո գնացել են նույն իշխանավորի մոտ եւ զեկուցել՝ գիտե՞ք, թե այսինչը ձեր մասին ինչ է ասել. կարող եմ ընթացք տալ, կարող եմ եւ ընթացք չտալ: Ընդդիմադիր լիդերի հանրահավաքին չմասնակցող գորիսեցին էլ իր հիմնավորումն ունի. պատճառը փնտրենք ընդդիմության լիդերների խաղերի, բայց ոչ երբեք գորիսեցու ահաբեկվածության մեջ:

Գորիսեցուն գուցե եւ շատ մեղքերի մեջ մեղադրենք, ինչպես եւ մարդ արարածին առհասարակ, բայց գորիսեցուն չենք կարող մեղադրել ահաբեկվածության, իր արժանապատվության կորստի հետ հաշտվելու մեջ: Գորիսը, ի վերջո, անհատականությունների քաղաք է: Գորիսը չես կարող կառավարել վախի, մահակի օգնությամբ: Գորիսը կառավարելու համար նաեւ հեղինակություն պիտի ունենալ: Գորիսը կառավարելու համար պիտի սիրել Գորիսը, գորիսեցուն, հարգել նրա արժանապատվությունը, այլապես… Ոմանց համար միգուցե եւ հասկանալի չեն եղել պարզագույն այդ ճշմարտությունները: Եվ անցած քսան տարում փորձել են, վերին թույլտվությամբ եւ քաջալերանքով, կոտրել գորիսեցու ոգին, ոտնակոխ անել գորիսեցու արժանապատվությունը, բայց բոլորն էլ անհաջողության են մատնվել:

Որքա՜ն վիրավորական է, որ մայրաքաղաքային մի քանի տղեկ ու հասարակական վայ գործիչ, ունենալով կայացման ու հանրության աչքին պարբերաբար երեւալու խնդիր, երեւանյան սրճարաններից հայտարարում են՝ գնում ենք Գորիս՝ վրան խփենք, մարդկանց վախից հանենք… Մի բան կարող ենք ասել՝ տղե՛րք, Գորիսում, ցավոք, ձեզ եւ ձեր հայտարարություններին քմծիծաղով ու խղճահարությամբ են վերաբերվում, Գորիսը չի կարող ասպարեզ լինել՝ ձեր ամբիցիաներին հագուրդ տալու գործում, ուրիշ հասցե փնտրեք, որտեղ կարելի է ողբերգության վրա ձեռքեր տաքացնել:

Առավել վիրավորական է, երբ Սյունիքում ու հատկապես Գորիսում առկա վախի մթնոլորտի մասին խոսում են մեր հայրենակիցները՝ տարբեր պատճառներով այստեղից տեղափոխված (ոմանք իրենց տեղափոխությունը փախուստ են անվանում): Եվ Գորիսի համար դժվարին այս օրերին էյֆորիայի մեջ վերստին հայտնված այդ մարդիկ այնպիսի հպարտությամբ ու խանդավառությամբ են իրենց փախուստը (տեղափոխությունը) նկարագրում, որ քիչ է մնում` սխրանք անվանենք դա: Բայց մեր հայրենակիցների՝ հեռվից արծարծվող հարցերը՝ մոտ քսան տարվա վաղեմության (որքան էլ կարեւոր են), չեն կարող տեղ գտնել գորիսյան ներկայիս օրակարգում: Առավելապես մեմուարային ժանրին բնորոշ այդ պատումների պարզաբանումը, ինչպես եւ հունիսի 1-ի արյունահեղության քննությունը, իրավապահների խնդիրն է, որոնց հանդեպ հանրային վստահության օղակը, սակայն, սեղմվում է կարծեք:

Իսկ վախն ու մեծն անտարբերությունը… Բերված փաստերը, կարծում ենք, յուրօրինակ եւ հավելյալ ապացույց են այն ճշմարտության, որ վախն ու անտարբերությունը ոչ թե գորիսյան, ոչ թե սյունիքյան, այլ համահայաստանյան սինդրոմ են: Դրանք (ներկա տեսքով) ծնունդ են առել մերօրյա Երեւանում, որտեղից էլ տարածվել են ամբողջ Հայաստանում ու տիրապետող դարձել, որտեղից էլ սնվում են առայսօր: Եվ ուրեմն՝ վախն ու անտարբերությունն արմատախիլ անելու ազգային գործընթացը սկսենք մայրաքաղաքից՝ վրաններ խփելով Երեւանի ամեն մի թաղամասում…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

 

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57