Վարարակնի հովիտը

03.10.2019 14:56
1077

(Հատված` «Ժայռանտառի պոեզիա» շարքից)

Անմահ աստվածությունը հովանավորել է հովտի կեցությունը, որտեղ իմաստավորված է այն, որ ոչինչ չի անտեսել Բարձրյալի շրջահայացությունը: Տեսարանը հմայքի արտացոլանք է` պարզ լուսաբացերի մեջ շարունակվող ներկայությամբ ու հայտնությամբ: Ընդերքի ընդվզումների հեղինակած ռելիեֆը բարձրագոչ ապացույց է, որ անցյալը ձուլվեց  ապագային ու ներկան անփոփոխ սիրով հավանություն  տվեց Բարձրյալի սիրո շնորհին:

Աստծո կուլիսներում` փառավոր համաձայնություն է, անտեսանելի շղարշների մեջ բարձրացող լուսաշաղ կենսականության կարեւոր պայման, որ հովանավորում է լույսի ցնծության անդրադարձը` հոգու երանությունը պտղավորող ջանասիրությամբ: Այստեղ է ջանքի ու անրջանքի հետամուտ շունչը` բնության հայեցողական արձագանքը: Հեղափոխությունների, պատերազմների, հեղաշրջումների եւ հասարակարգերի հաջորդումները հերոսների պանծալի էջերն են կերտել: Գրչի վարպետներ են զոհվել: Պատերազմի հրամանատարներից մեկը` Գորիսի ծխական դպրոցից բանաստեղծ, իսկ հետպատերազմյան քառորդ դարը նախկին  յոթնամյա այդ դպրոցի ուսմասվար եւ բանասեր, գրողի զարմիկը` Գուրգեն Ադամյանը գրեց «Ակսել Բակունցից դեպի 21-րդ դար» (2010-128 էջ) գիրքը:

Նախամարդուց առաջանցիկ, երկու հազարամյակ սերունդ` ջրաղացի քարը գլորել է շատ հեռու ու հասել համակարգչի սփռած համացանցի տարածք, որտեղ բողբոջ է տվել մեկ կենդանի մնացած ցորենի հասկի չփշրված հատիկը: Դարաշրջաններն այսպես են մեռնում- վերակենդանանում,  նրանց հետ` գետի սահուն աֆորիզմը, հանելուկը  պահում հույժ գաղտնի եւ Աստծո գաղտնատեսությամբ մատչելի` իմ Մթնաձորի լույսը:

Իմ Մթնաձորում սուրբ ու վայրի

Մշուշը նստել ոչխարի բրդին

Տե՛ս, Բասուտա գետը շղթայակապ

Բրուտը սկիհ է շինում կրքոտ,

Խոնարհ աղջիկը` մշտահա:

 

Տե՛ս, Կյորեսը ցատկել Ծիրանի տափ.

Այստեղ, իմ Ղաթրինում երկինք կախվել

Քո կիրճերը լցրել համատարած հակինթ,

Ուր միրհավը դաջվել` կտուցին շանթ:

 

Ու Հյումբաթի ճամփան չհասած ձոր,

Թավալվում է տաք արահետը քո…

 

Բարձրյալի շնորհին ապավինած երկրամաս է Վարարակնի հովիտը, շնորհամատույց ու հուսալի: Այստեղից` սփռած աղոթքն ուղղված Աստծո երախտիքին: Երկնքից օրհնության անձրեւ թափող ու հողում ներծծված բերրի մասունք է կրում ծաղկի կենարար ավիշն ու գետակի օրհնաբան վաշ-վիշը: Ծնկել եմ քարափը ճեղքած այդ ծաղկի առաջ: Իսկ մի աղջիկ, ոգեւորված զեփյուռի համարձակ ու հուշարար ամոթխածությամբ, քաշքշում է թեւերս, որ չպոկեմ ծաղիկը: Քաշքշում է, որ հետո բողոքի, թե ինչու այդքան ուշադիր եմ դարձել: Բարկ արեւի շոգին` բնական աղբյուրը քոռ ու փոշման է դարձել, իսկ ես ծարավել եմ` գետի ձայնը լսելով: Այս ձայների մեջ շառաչը չեմ լսում, հառաչն եմ լսում, ավելի ու ավելի դեպի առաջ, սակայն աղերսանքի տանող, թե ինչու կտրվել է բնական աղբյուրի ջուրը, ինչպես ձայնն է կտրում` հանկարծ ու անսպասելի: Ամեն ինչի իմաստը բացվում է այնտեղ, երբ կյանքի իմաստ է ստանում: Սա հայտնի գաղտնիք է, որ ոչ ոք չի լսել ինձանից, բայց ասում եմ այսօր ու հիմա:  Ժայռանտառը թող լսի այդ մասին: Գաղտնիքը թող նիրհի այստեղ` քարափի կենսագրության պես մոռացկոտ ու մշտակա նախնյաց հեռավոր կանչը` դրոշմած Կյորեսի Մելիք-Օհանի 17-րդ դարի Ամրոց բերդի, Վերին շենի Մեծ Օհանի բաբուռին քար ավերակ Բերդի եւ Ձագեձորի բերդի, Գլուխ Ձագեձորի, Իշխանասարի, Եռաբլուրների լճերի ու ժայռապատկերների հինավուրց քարադարանի քաղաքակրթական նշանագրերի, Ակների «Ղոշա» քարի ու Վերիշենի Պղնձաքերծի, Ճղած քարի արձանագիր պատմությանը: 

Այսպես մշտակա ժայռանտառում նույն աղջիկն է, նույն փառավոր լեռնուհին: Նրա սրտում տրոփում է ձորի անդորրի կանչը: Սրտում` բարկ արկ է, պայթյունի պատրաստ, սակայն անմարդաբնակ է, ինչպես ժայռանտառը: Նա սպասում է ինձ: Եվ ամեն անգամ` ձորն ինձ կենդանի է թվում հայ օրորոցային մրմունջով:

Ինքնիշխանության եւ բոլոր ազատության օրերն այստեղ միօրինակ չեն: Առավել եւս միանշանակ չեն ժայռաքանդակների թանկ պահոցների առջեւ: Մտազբաղ գեղեցկուհին զարդարում էր քարանձավի անթերի հավիտենությունը: Լռության պես արտահայտիչ են կենդանություն սփռած հին հուշերը` ցողի պսպղուն ադամանդների պես հույս ներշնչող: Այսպիսի անճարակ հապաղումները չեն կարող հասնել ուշացած ժամանակների հետեւից:  Օ՜,  ոչ, ինձ չառարկես, նա բնավ էլ կին չէր, նա բնության ստեղծագործություն էր:  Աստված է ստեղծել եւ անզգուշորեն գործուղել մեզ մոտ` առանց թիկնազորի ու կասկածամտության: Հավասարատես Բարձրյալը, երբեմն վստահում է` ապավինելով մեր բարեգութ կամքին եւ իր առատաձեռն բնույթին, կատարելության ցնծությանը, երբեմն կարծելով` հենց դա էր մեզ պակասում ու հակասում մեր հաջողությանը: Վերհիշիր նրա փառավոր ժպիտի ուղերձը, որ պիտի կենսուրախություն,  հույս սփռեր ու փռեր երանելի մղձավանջ, աննահանջ ջերմություն, անուշաբույր ու անբռնելի: Ինչպես փռի ջերմոցում հասունացող թարմ հացն ու սրտի ծոցում չմարող կարոտը, ջերմ ու գարնանային առաջընթացը բռնած` ազատության զգացումն անպակաս:

Այդ կինը լույս աշխարհ է եկել` տարվա բյուր ծաղիկների նեկտարն իր վրա կրած:  Արարիչը քաղցր շղարշով է պատել նրա մարմինը:  Իսկ քաղցրին կպչելը` մի տեսակ կպչուն շարունակության է բերելու: Խուսանավելու դեպքում` մեզ չի ներելու անողոք ժամանակը: Ժամանակը միշտ էլ սղության առումով չի ներել: Չի ներել` ուշանալով ու ջանալով: Կորուստը հընթացս արտացոլել ավելի բացահայտ: Զգացմունքի ծովը նետել կողմնացույցը կորցրած ցանկացած մեկին: Ցանկացած կին  ոչ մեկին` ցած ընկածի անտարբերությամբ չի հիշելու` իր կարեւորությունը ժամանակին չգիտակցելու ու կոնկրետ մղումներ չնախաձեռնելու պատճառով, մնալու է անառիկ:

Սա հենց այս դեպքն է: Կարոտի պես քնքուշ ու դաժան:

Կաշկանդված էի ինչ-որ կանոնով, ու քանդված, բզկտված, աննորոգ ու հակամետ դիրքորոշմամբ:

Կենսական եւ ազգային ժամանակահատվածի տարօրինակ զուգադիպումները տիեզերքի ճամփորդի հետքերով ձայնակցել են մշակույթին: Հոգնած ոտքերս հանգչեց տխրամած «Թասի լեռնանցքի» ճամփեքին ոլոր ու մղձավանջը քնատ մթության` ինձ պատեց խավար, Ձորակի միջին` գայլերի համար, թե եղա ավար, փրկվեցի թեպետ, որպեսզի տանջվեմ մարմնով տկար ու տառապեմ իմ կյանքով անկար. ինչո՞ւ ապրեցի դժոխքն անողոք. պատասխան չունեմ Բարձրյալից, բնա՜վ ու ոչ էլ բողո՛ք:

Հուսադրության տարածումը, կյանքի շողքեր է ցրում` երկնքի բարձունքից սպասվող համաձայնությամբ ապավինած զորության կամքին:  Այն ընդունում արդարամիտ հակումին, արժանավոր ներկայությամբ ու խոնարհ բաղձանքով: Բաղձանքը հեռվից նկատում է իմ հայացքը: Թվաց, թե ավելի հեռացավ: Քանի  դեռ ցավ չէր պատճառել, հանկարծ կանգ առավ ու կանչեց ինձ`- «դեռ երկա՞ր եք մնալու արեւի տակ, քարանձավում քեզ են սպասում»:

 - Լա՜վ,- պատասխանեցի ես ու ակամա ձեռքս բարձրացրի, որ հասկացա: 

Լույսի կերպարանքը չքվեց: Այսպես հեռանում են անսպասելի հակառակությամբ: 

Քարանձավը լիքն էր մարդկանցով: Ձայներն արթնացրել էին մեռած քաղաքակրթության մոխրե պատերը:՛ Քարանձավի հորերից մեկը կափարիչ չուներ: Ցորենի հորեր են` բացատրեցին ինձ: Ինչպես ցորենի հատիկի գերեզմանոց, որի հոգեվարքն առաձգական է: Սակայն մեռնելով` հարություն առնող ոսկեհատիկ է ցորյանի հատիկը: Ահա, թե ինչու քարանձավը կենդանի է: Կենդանի է այն ոտնահետքը, որ քիչ առաջ չքվեց` լույս սփռելով քարանձավի պատերին: Ամեն աստծո օր լույս է թափվում քարանձավի  երդիկով, ասուպի եւ այգաբացի, հայացքի լույս, աստղալույս: Աստղալույսի ներքո ապրող ներշնչանք կա այստեղ:  Ներշնչանք կա այստեղ:  Ներշնչանքն այստեղ է մնացել ու կարծես հավիտյան մնալու է այստեղ: Մազերիս առագաստը հնազանդվել է զեփյուռին: Ինչ-որ ընտանի հաղորդություն եմ ստանում: Տանում` մեղմանուշ հովի շնորհը, հոգեշահ ընթացքի խռովքը կարկառում դեպի կատարելության ուղին` բարձունս կեցուցիչ կամքը, որպես սփոփման հրավեր: 

Ավեր ժայռաբեկորներ են շնչում շուրջս: Անտարբեր մարդուն` դրանք դեկորներ են թվում: Բնության զարթոնքից եւ իմաստից հեռու, բայց հարակա քարքարոտ, անկենդան տարածք, արածավայր կով ու ոչխարի, վայրի խոտածածկույթ, ոչ թե քարայրի քաղաքակրթական շունչ, ապրող լռություն ու լուռ ներկայություն: Այս ամենը միավորում է այստեղ ապրող ժողովուրդը: Մեկ էլ տեսար` մեկը հանկարծ ու անթաքույց բուսնեց դեմդ: Ասես, թե ոչ ոք այդ կուսական քարին ու թփին չի դիպչել, եթե այդ խորխորատում ինքդ չտեսնեիր սեփական աչքովդ: Եթե չզրուցեիր այդ ճամփորդի հետ, որ երազ թվար քո տեսածը: Մեկը հարցներ` ի՞նչ էիր փնտրում մա՜րդ արարած, անկենդան սարի փեշին, տափաստանի վերածված ու խանձված քարակույտերում: Ինքնագոհության թեւերը փռած, ժայռանտառի մարդը ներկա է այստեղ, օրվա ցանկացած ժամին: Այս մացառներն ու կաշկառները նրանց Ազատության պողոտաներն են: Այստեղ բացվող ու վերացող ծիածանները նրանց հաղթական կամարներն են: Այստեղ մարդուն հաղորդակցվելը, մարդու` այստեղ ներկայության, մարդու հայրենակարոտ Հաղթանակի կամուրջ է:  Հաղթանակի զբոսայգի է այս անմեռ տափաստանը: Սարալանջն ի վար խոխոջող ուրախ առվակը` տրամադրություն հաղորդող խմբավար է զորեղ կարկաչի շնորհիվ: Սունկ, ավելուկ եւ ժանգյալով հացի 27 բաղադրիչ խոտաբույսերը շալակած, կանանց գումարտակը հետախուզում է շաղոտ սարալանջը:  Միայն Բարձրյալը կհաստատի, որ ժողովուրդն ավանդաբար ծոմ է պահում: Ահում եմ, որ դեռեւս ինքնաբավություն չունեցող, մի բուռ մայրաքաղաքն ալյուր ու միս է ներմուծում արտերկրներից: Իսկ երկրի ներսում` միմյանց միս են ուտում կուսակցությունները: Մի քիչ էլ բուսակեր եղեք, խնդրում եմ: Հաշտ ու հանդուրժող եղեք, ինքնաքավարան տարեք ապազգային նկրտումները: Համակարգչային ծրագրերը` մկրտումներին եւ Առաքելական հավատին ընծայեք: Հայի կոչումի օծումին հպատակ, մեծ ավետիսի ակնկալությամբ: Կիսվենք այն ամենով, ինչով հպարտանում ենք: Հանապազօրյա հաց ենք ներմուծում: Հանքային ջրի պես գազազում մեր բաժին փականօդ շշերում: Երազում` գազի ու նավթի գների փոխանակումը մեր մաքուր խմելու ջրի անգին արժեքով, արեւի եւ հողմի այլընտրանք էներգիայի բնատուր պաշարով:

Վարարակնի կամ Ձագեձորի հովիտը վերադարձի ու բացահայտումների ոստան է, որտեղ ապրում է անմարդաբնակ ժայռանտառը: Ինչպես Հռենոսի հովտում` ամեն ինչ հոսում է Քյոլնի տաճարի շուրջը: Կյորես գյուղաքաղաքի սբ Հռիփսիմե եկեղեցում հիմա էլ հին աղոթքն է պատարագում` եկեղեցու տիրացու Սահակ Տեր-Մինասյանի. ընտանիքում որդու` Սիմոն Տեր-Մինասյանի լուսավոր ծնունդով եւ 27 տարի հետո` Թեմիս Կառավարիչ Զավեն Վարդապետի2 կատարած աղոթքն անբիծ հանգուցյալի հիշատակին` մանկավարժ, հրատարակիչ-խմբագիր Սիմոն Տեր-Մինասյանի: Նա 1909-1912 թթ. լույս աշխարհ հանեց Գորիսում` «Գավառ», Շուշիում` «Ղարաբաղ» թերթերը:

Հարստացեք անաչառության շնորհատրումով: Ապաշխարումն ու քավությունը գիտակցության ուղի են:

Հայրենասիրությունը գոյություն ունի, քանի որ վեհ արժեքներ ենք դավանում: 

Հայագիտություն է զինյալ հայրենասիրությունը, մահապարտներին սպասարկող սպառազեն հայրենասիրությունը, ազատագրված տարածքների վերաբնակեցման ժողովրդագրությունը Քուռ-Արաքս գետերի մեր միջագետքում: Օրհնաբանության, կամեցողության պիտի հանդիպեր պաղատանքի պես ընդառաջ, հանուն լուսապատկերիդ շնորհի: Աղերսում ենք, որ թախիծն ընկրկի ըղձալի լույսի առջեւ: Գանձակի նահանգի հայ-թաթարական 20-րդ դարասկզբի բախումները 294 հազար հայերի եւ 554 հազար թուրքերի միջեւ էին: Ելիզավետպոլի ցարական ռուսականությունն ի վիճակի չէր քրիստոնյաների ինքնապաշտպանությունը երաշխավորել այսպիսի ազգաբնակչությամբ նահանգում: 

Քարանձավի կարծր պատերին դրոշմված են համակամ, համապատիվ նախագրեր, էության անճառ միակամության թրծած կամքը եւ առաքինության անչափելի վաստակը: Ակամա ներսդ է սողոսկում օրհնաբան սաղմոսը` հանդարտում ազգային թշնամանքը, զինականների ավազակության, գինարբուքի ու ցանկասիրության պոռթկումը: Չի հաջողվում մի քանի կումով թոթափել հրաշալի գինու ծարավը, որը պաղել է քարանձավի ապահով մառանում, հով ու պաղ պահած: Այդժամ, թելադիր է զգացմունքի համալիրը եւ արծաթի ստրկացնող փայլը սոսկ խոտորում է թվում, փութանցիկ տեսիլ ու դյուրորս նկրտում` ազատության շնորհի համեմատ: Այս ամենը, հոգու տապանակի մեջ կաթող մթնշաղ է տանում` տեսավորության հետ մրցակցող ժամին:  Խոստովանության թեւը նորոգում, գթած ձեռքի խնամքին կարոտ անձկության ժամին` դեպի իրականության վրիպումը: Հուսամերժ տարագրության վիճելի խնդիր է օդում: Վշտագնած սրտով հոգածու ակնարկի աղերսում` ծայրագույն լույսով փարատվելու համար:

1910 թ. օգոստոսի 10-ին` Գորիսի «Սասուն» գրախանութում, գրվեց 152 մարդու ստորագրությունով Կաթողիկոսին ուղղված Գորիսի հասարակության անունից խոնարհ խնդրանքը` պատանի Ակսել Բակունցին ընդունել Էջմիածնի Գեւորգյան ճեմարան: Կրթվել Սյունյաց անապատական շարժման անապակ հոգով ու ճշմարիտ գրչով, Վահանավանքում եւ Բաղաբերդում հանգրվանած Տաթեւի տասհազար կորած ձեռագիր մատյանի ոգեղեն թափով: Հարազատ ոստանից հեռու` մեղմել կարոտը Բարկուշատի, Մեղրաքերծի, Սանդ աղբյուրի, Եղցա քարի, Ցուրտ աղբյուրի, Սունդարա ձորի եւ Եզնարածի առվի, Զինդիլա քարերի, Շուղունց քարատակի ու Նովավոր աղբյուրի հուշերով մինչեւ «Էդ վերջերքս էր, թագավորը թախտից ընկնելու տարին…»: 

Թռչնաշխարհի սաղմոսերգության մոտիվներն աջակցում են լեռնային առվակի տեղ-տեղ ցատկերին: Զվարթության ներուժ հաղորդում դաշտային ծաղիկներին, անտեսանելի ձեռքով հարդարված, նրանց լվացված ու պայծառ գույներին: Որոշների կայծացայտ շողերը վետվետում էին ցողի հրդեհաշեջ զսպումների մեջ: 

Աստծո զգուշավոր ու բարեբաշխ հոգածու աջով պաշտպանված սարերից անկանոն փչող քավության հանդուգն զեփյուռը ծաղկաթերթեր է պոկել հմայիչ կոկոնի ծաղկաբույլերից:  Թվում է` կարկուտի դժնդակ արկ է դիպչել գեղեցկությանը, սասանել առաջնաստեղծ, բայց երկյուղած բարեպաշտությունը: Սակայն, տարերքի անխտրական ազդակը բախվել է կատարելության ընդվզումներին: Վերահաս բարկությունը թոթափել, հաշտվել է ծաղկունքի ապրելու տենչին: Նորոգչի անբասիր զորությամբ սատարել է բնության գույների պարտավորված կրկնությունը: Մեկ ուրիշ վայրում նահատակվել է կայծակի նախամարտիկը, լուսավորել է ժայռախորշերում պահված քարայծի հետքը: Արարչության լույսը ծիածան կապեց, երկվորյակը` հեռվի գույներին ու համաձեւությանը: Այս ամենը խիզախած նապաստակը` արահետ ու շավիղ խառնելով, հետադարձ կատարեց ու չքացավ: Թվում է` ստիպված կլինեմ չափել բնության շնորհների ծիրը, անվախճանելի ու հավասարատես ներկայությունը` մեզանից անբաժան այստեղ եւ ամենուր: 

Լեռների առօրյա են հավիտենության բարքերը, հովանավորված անապակությամբ, աշխարհի հովտում ընդունելի սկզբնապատճառը` տրամաբանելի, հիմնավորաբար եւ բարեհռչակված բոլոր սրբերով: Լեռների վայելչության ու երանության մեջ բնության շնորհաձիր դաշտային խորանները հույսի տեսության մատուցարաններ են, որտեղ մեզ հաջողվեց գտնվել եւ հուզվել: Տեսա ալպիական մանուշակը` թաց ու խոնավ եւ նույնպիսի աչքերով:

Արեւը հետկեսօրյա քնին ձգտող եւ հաշտված մոտավոր աքսորին, այն օրին հասավ, որ միանգամից չքացավ հորիզոնից ու պահվեց սարի թիկունքում: Կարեկցում եմ սառնություն փչող տաք դաշտ ու ձորին եւ այս ամայացող կեսօրին: Մինչդեռ, արեւի շողերի ներքո` ավելի ցայտուն էին բացվում քահանայի աղոթքի ծալքերը:  Սրբազան ակնկալիքը տաք անակնկալի շունչ էր բերում, խոստումի պես շոշափելի:  Երբեք` ստումի պես չափելի, որ երբեմն բացահայտ ու ծածուկ արտաբերում են անտարբեր, մեղքը բարդում Սուրբ գրքի կամեցողությանը: Աստծո բարեպաշտության սքողումները հնարավոր չէ թաքցնել, աքցանել Աստծո կամքը, եւ այն ստուգապես գործում է:  

Բազում հնագետների թվում` Գրիգոր Գրիգորյանը, Օնիկ Խնկիկյանը, Սեդրակ Բարխուդարյանը, Երվանդ Լալայանը հայտնաբերել են Սյունիքի ընդերկրյա, քաղաքակրթական գտածոները: Մետաղի հանածոների խտանյութ Սյունյաց սարերն այլեւս մեքենայացված ապաստանում, եւ պակասում է հայրենիքի հողը: Այդպես էլ մեր ինքնահոս գետերն են կորչում արտերկրների տափաստաններում: Այսինքն` խնդիրը միայն ձուլարան-աշխատատեղ-էկոլոգիա ունենալը չէ: 20-րդ դարը` Ակսել Բակունց եւ Համո Սահյան հանճարներ բաշխեց մեզ: Ահա նոր ժամանակների Սյունիքի թագավորությունը` հավերժության օրակարգը սպասարկող Սյունիքի ներուժը, Առաքելություն Արեւելք արցախյան ազատամարտը` հողի ուժը:

«Ակսել Բակունց» մենագրության հեղինակ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Դավիթ Գասպարյանը «Գրական Սյունիք-Գրական Գորիս» աշխատությամբ3 ձեռք մեկնեց, որ մենք հպարտ կառչենք մեր ամուր պատմաբանասիրական արմատին։

Նախանշեց ժայռապատկերների քաղաքակրթությունից մինչեւ մեր օրերի պոեզիայի եւ արձակի բարձրակետերը` Համո Սահյան եւ Ակսել Բակունց: Գեղարվեստի մայր գետերի եւ նրանց դելտա-գետաբերանից սնվող, հետնորդ գրական սերունդը: Մատնանշել է Հայ միջնադարի Գրական Սյունիքը (Մովսես Խորենացի-քերթողահայր (մոտ 410թ., 5-րդ դարի վերջ), Անանիա (Անանիաս) Սյունեցի, (Անանիա Թարգմանիչ 5-րդ դար), Բենիամին Երեց, թարգմանիչ (մոտ 400թ.), Ստեփանոս Սյունեցի Առաջին, բանաստեղծ-երաժիշտ (5-րդ դար), Պետրոս Քերթող Սյունեցի, մահացած (մոտ 558թ.), Մաթուսաղա Քերթող, քերթող, Փիլիսոփա, (ծ.թ. անհայտ-մոտ 652թ.), Վրթանես Քերթող, (մոտ 550-617-ից հետո), Մովսես Քերթող, քերական, հոգեւոր-երգահան, թարգմանիչ (8-րդ դար), Ստեփանոս Սյունեցի 2-րդ, բանաստեղծ, թարգմանիչ (ծ.թ. անհայտ, մոտ 660/670-735), Սահակադուխտ Սյունեցի (8-րդ դար), Ստեփանոս Օրբելյան, (1250/1260-1303), Հովհան (Հովհաննես) Որոտնեցի (Կախիկ), փիլիսոփա, աստվածաբան, ուսուցչապետ, (1315-1386), Գրիգոր Տաթեւացի, հոգեւոր գործիչ, փիլիսոփա, ուսուցիչ (1346-1409), Առաքել Սյունեցի, բանաստեղծ, գիտնական, մանկավարժ (1350/1360-1430), Մովսես Գ. Տաթեւացի (Սյունեցի, Խոտանանցի, ծնվ. 1578-1632):

Ձորում հին քաղաքակրթության հետքերը վաղուց են լռել: Վաղնջական հետքերում կրող կես հազարամյակը կորցրել է հուշարար որեւէ պարզաբանում, պեղած հետագիծ չի նշմարվում: Միայն անբարբառ գետն է աղմկում: Հարցական բազմած Լաստի խութը` Կյորեսի սրբազան լեռը, տեղյակ չէ իր իսկ ստորոտի անցուդարձին, խոհիս թիրախին եւ ա՜խ քաշած Կյորեսի մեռնող պատմությանը` բնօրրանից հնձված մարդկանց մասին:

Որտեղից նայում եմ` Ժամ հավիտենի եկեղեցին է հոգուս մեջ, ինչը միաժամանակ շարժում ու գործողություն է միաբանում: Եկեղեցու ոտնաչափ պարտեզում` հավատի ներաշխարհը տխուր պարապ է սաղմոսում, ինչպես մայրամուտին` արեւի եղերական վախճանը: Պարապ վախտի անիմաստ քարակույտերը պարիսպ են ձեւավորել սակավահող զառիթափի վրա: Մարդկության մեծ սրտի բաբախյունը լսվում է պարսպի տակ:  Երեւակայականի ցանկալի դրոշմով նշմարվում է վսեմը` փարված վեմի սրբագործ նախշերին: 

- Ո՜վ կարող էր կռահել, որ Կյորեսից կերպարավորված նոր Գորիսը 21-րդ դարը կնշանավորի Մեծ ազգերի համար մրցունակ ասպարեզում` ստանալով Անկախ Պետությունների Համագործակցության երկրների 2018 թվականի մշակութային մայրաքաղաքի տիտղոսը: Կյորեսը հռչակվել էր ֆեոդալական քաղաքի, գավառակենտրոնի կարգավիճակով: Ինչպես որ ոչինչ չտեսնելով բանաստեղծի մեջ նշմարում ես ամեն բան, այդպես էլ շա՜տ վաղուց Գորիսը կոչում էին Սյունիքի մշակութային մայրաքաղաք: Մի երկրամաս է դա, որ ունի երկու գործող թատրոն եւ տարվա մեջ երկու անգամ գործող` մեկ քարանձավ-թատրոն: Եկեղեցուց հարյուր ոտնաչափի վրա է հինավուրց Կյորեսի զարդը: Արշալույսի առաջին բոցերից ամեն անգամ կարծես փշրվում է եկեղեցու երգեցիկ ճրագը` դարերի շնչահեղձ երկյուղը ցուցանում լուռ ու մունջ պատերին: Եկեղեցու երդիկից ոչ թե ծուխ, այլ զեփյուռ է թեւածում` հավակնում դառնալ աշխարհի ամենահայտնի ծխնելույզը, ինչպես Հռոմի Պապի ընտրության ժամերին: Այսպիսի սուրբ զեփյուռն առ Աստված խնկարկում է Կյորեսի մաքուր երկնքում, որպես ժամերգի իրավունք ստացած համարձակություն:

- Ո՜վ կարող էր կռահել ու երեւակայել հայ միջնադարին անակնկալ` Ակների ջրով սնվող 150-ամյա Գորիսի քաղաքաշինական նախագծի հայտնությունը, Վարարակնի հովտում գավառակենտրոն-քաղաքի հիմնադրման զմայլելի խիզախումը: Հռչակվեց Լեռնահայաստանի մայրաքաղաք Գորիսը` Գարեգին Նժդեհի հիմնադրած անկախ պետության առաջին ամրոցը, զինակցությամբ Արշակ Շիրինյանի, Խաչատուր Մալինցյանի, Գեդեոն Տեր-Մինասյանի, Մինաս Մինասյանի, Միքայել Պարոնյանի:

Մինչդեռ, 10-րդ դարի Փիլիպե իշխանն Ակների ինքնահոս ու բարձրորակ խմելու ջուրը մի գործարքով զիջել էր` 21 կմ Ձագեձորի լեռնացքի ջրանցքով ոռոգման նպատակով Տաթեւի գետահովիտ հասցնելու համար:

Գեղեցկուհին, ում անունը մոռանում եմ միայն եկեղեցում, ներկա է այստեղ:  Զեփյուռի կատարման եղանակը ելնում էր նրա աչքերի չխամրող ցոլքերից: Այս ամենը զգալով, իհարկե, գլխով եմ անում նրա բարեւին, որ կարծես ցայտեց անթերի հավիտենությունից դեպի գութի երաշտը: Գրոց լեզվին ձուլված թեթեւ երաժշտություն էր լսվում հեռվից, պանծացնում` գուսանական տոներ ու աշղի հույզեր, խրոխտ շեշտերի հրճվանք եւ անթեղ նահատակության կենտ հնչյուններ: Գեղեցկուհու ներկայությունը նորոգում է առասպելը: Զարմանում եմ` ինչպես է ձորում տեղավորվում այս սքանչելի հայադարանը: Այսպես է մեզ ապրեցրել աշխարհի այս հովիտը: Այսպես է Զանգեզուրի մթին կիրճերում ծագել Ակսել Բակունց գրողի ֆենոմենը:  

Կյանքը կարճ է սոսկ սփոփելու համար, սպասելու ու երազելու հանուն: Մշակույթի սածիլն ափերում խորալ է հնչում ու խորանի լույսից մեղանչում են ջութակի սփռած նախնականությունը` ընկալման ու արտացոլման ելեւէջի պոռթկումներով ու անծայր լռության երբեմն ներխուժմամբ: Միտքս հունի մեջ է ընկել: Աղոթքը քանդում է ժամանակների շղթան: Օդի մեջ են անմիջականությունը եւ խոնարհ գեղեցկուհիների աննշմար ժպիտները: Սա, իհարկե, զուգադիպություն է, որ կարծես հայտնվեց երկնային հովանավորը: Նրանց անմատչելիության թոթափումը ձայնակցում է գետակի անմիջական սահանքին եւ զարդարում` հմայքի անհերքելի տպավորությամբ: Եկեղեցուն հավատարիմ գեղեցկությունը հոգու արտահայտիչ է` վճիտ նպատակներով, մայրանալու անսքող իմաստով ու ձորը բնավորելու հայուհու պատասխանատվությամբ:

Հայուհին ինձ ասաց, որ երեք ընկերուհիներով յոթ զավակ ունեն: 

-Կրկնապատկեցե՛ք, - պահանջեցի ես եւ հանգավորեցի բառերս:

- Կեցցե՛ք, կրկնապատկեցե՛ք:

Նրանց ամուսինները լսեցին ու ժպտացին, իսկ ես հանգստացա:

Ձորի կյանքին արթնացում էր սպասվում: Երկրում հեղափոխական ալիքը ոգեւորել է մարդկանց: Ազատ, արդար, թափանցիկ համերկրային ընտրությունները ցույց տվեցին, որ խոստումը, ինքնախոստումն անշահ դիրքորոշում է, երկրի շահը` բազմամարդ ընտանիքը: Այսպիսի ընտրությունն  անհրաժեշտ է, երբեք ուշացած չէ, իսկ անցածը` կառավարելի է ողջախոհությամբ, մեր առաքելական հավատով կանգուն ու անկեղծ, երկրի բարգավաճմամբ հնարավոր, ազատ, անկախ Արցախով հպարտ:

Արվեստի պես ըմբոստ, սուրբ խնդության երկնային ցոլքն առած` միանձնուհու աչքերը պաշտամունքի խորշերում կրող գեղեցկուհին ինձ հրաժեշտ տվեց: Ու թվաց, թե օրիորդը գնաց շատ հեռու: Չէ՞ որ հրաժեշտի բառերն ամեն ինչ ավերում են` լույսի սրինգը տանելով իրենց հետ: Այսօր, ասում եմ աշխարհին, որ գրում եմ Վարարակնի հովտի մասին, որտեղ կատարելապես մենակ եմ մնացել, եւ ծաղկել է բնությունն առանց մեզ:

Կյորես: Դու դժվար ժամանակաշրջան ես անցել ինձ վերադառնալու համար: Ապառաժի լուսավոր խորշոմներում անցավոր կնճիռներ են հյուսվել: Ապառաժի ջերմություն եմ տենչում: Օդի մեջ` առաջարկության ու անմատչելիության միջեւ խոստումի բույրեր է տարածել ձայների արձագանքը, որ ավելի ու ավելի էին մոտենում: Տատրակներ թռան, անհանգստություն կար: Կասկածը սսկվել ու ձորում կյանքի արթնություն էր ապառնում: Թռչունների թեւաբախումը գունային ցոլքեր են տարածում: Նրանց կատարման եղանակը հրճվանքի մուսա են պոկում: Հետո կտցում են ճաքած հողը, որ երկնքից խիղճ աղերսեն: Նրանք շտապում են դեպի ծիածանն ու ձուլվում են գույները: Հարատեւության պայծառ գաղափարը խտացված են յուրաքանչյուր թռիչքի մեկնարկին, որովհետեւ այն հաղթահարում է պահպանողականության ձգողականությունը, իներտության կշիռը եւ այն բոլոր ուժերը, որոնք պայմանավորված են միջավայրով: Սա՛, իհարկե, հանճարեղ եզրահանգում է, եթե նկատի առնենք, որ ամեն բան ձգտում է դեպի հողը. այդ իմաստն ունի անկումը: 

Ծերունիները որքան էլ քանդեն ժամանակների շղթան, երկրի ուժը երիտասարդությունն է կրում: Նրանք են թռիչքի պատրաստ: Նրանք են մարմնավորում Անկախության սերունդը եւ նրանց չպետք է խանգարել Նոր Հայաստանում: Իսկ ինչու՞ է Հայաստանը նոր կոչվում: Ժամանակը նորություններ է բերում, սերնդի ժամանակը` նորի զգացողություն, նոր ըմբռնում եւ ժամանակի նոր հրամայական: Դա համընկնում է հանրային սպասումներին: Ուրեմն` լավատեսությունն առաջընթաց է, արդարամտությանն ու ուղղամտությանը միտված գործընթաց, զարգացում:

Ճանապարհը հսկում է բարդիների սլացիկ բարեմասնությունների միասնական շարքը: Ինչպե՜ս են համախմբվել: Ինչպես երամի բաց թողած հնչյունները, կարող է նմանակել դաշնամուրի զեբռային ստեղնաշարը: Կամ` թափթփվածությունը բացառող փայտիկի տարակույս ընդվզումը ջութակի ապահով լարերի վրա` արտացոլում Հոր Երանելիի կրած տանջանքը: Բարդիների համաչափ ջանքը` միմյանցից տարբերվելու համար, զուր են անցել: Նրանք անկրկնելի են, ինչպես գեղեցկության հանպատրաստի դրսեւորումը: Երբեմն, թվում է ինձ, թե նրանք հռետորական արվեստի ծառուղի են կերտել: Նրանց մասին կարելի է անվերջ խոսել, որպես ոգու հանգրվան, բաղձալի փափագ, սուրբ ուխտի ճեմուղի: Պատրաստակամ, ինչպես կնոջ մարմինը, ինչպես «կրոնի քաղցր ու ճշմարիտ լուծը», որ արվեստն ընկալողի համար է փոխաբերություն: Սակայն արվեստը շատ խանդոտ է եւ նա մրցակից չունի: 

Բարդիների կրքոտ շարքերը նոր պոեզիայի եւ նորագույն արձակի հիմնադիր Ակսել Բակունց ու Վահան Տերյան են հուշում կանանց ու հավատարմության մասին, նրանք ճշմարտություն են որոնում: Բարդիներն աղոթքի պես ինքնուրույն են: Դրա համար էլ առ Աստված են սլանում, ինչպես կանանց մաքուր հոգին, եթե պահպանել է նվիրական ներուժը: 

Մի խրճիթում ինձ ասացին, որ հաչան շունը կծան չի լինում: Մի խոսքով` լավ կլինի, եթե շուն պահեն, ապա վերջինիս համար էլ լավ կլինի... հուշեց իմաստունը եւ ես հավատացի: Բայց բարդիներն ու կանայք ավելի հավատարիմ են: Նրանց կուսական վարսերում է հանգստանում զեփյուռը: Ընդհանուրն այն է, որ կիրքը, խաբեությունն ու շան հաչոցն արձակուրդ չեն գնում: Ողջ արարածոց կյանքը մարմնավորող Աստծո փառքի գահը միտված է մարդու բանականությանը, ցլի ուժին, առյուծի առնականությանը, արծվի ձգտումին վեր: Իսկ շանը` պատվիրված է հաչելով լուսնին նայել: Ցուցամոլ, կեղծ ժպիտը` շան հոտառությամբ է տարածվել շողոքորթ մարդկանց մեջ: Եթե երբեւէ ինձ վրա վերցնեմ համայն կանանց իմաստուն խորհուրդ հղելը, կասեի` կամքիդ խնամքով պատշաճիր ապրել: Ապրել Վարարակնի հովտում` արդեն թույլատրելի է քեզ: 

Ծիածանը Վարարակնի ջրից է խմել իր երկնային փառքը: Այստեղ մեզ այցելում է անաղարտ, երկչոտ ճառագայթը: Այստեղ է Սուրբ Հողը:  Երրորդության բարեգործությամբ աղոթքներ հոդել, քաղցր գթությամբ հարդարել գահավիժած երկրավորների թափուր տեղերը եւ կենսատու կամքով սատարել անշահ հայրենասիրությունը`  մարդկանց փրկության եւ հայ ոգու ազատամարտի համար սահմանված: 

Արարչության զորության առջեւ տարակույս չունեմ: Պատրաստ եմ պայքարել ազատության շնորհի,  մարդասիրության հանուն, եւ արդարների համար` Վարարակնի հովտում պահված ըղձալի լույսի: Այստեղ բարեհռչակված է զղջումը: Դա նրանց համար է, ովքեր լքել են հովիտը, հին արհեստանոցներն ու բրուտանոցները:  Ոմանց էլ վարչակարգը զրկել է այգիներից, իսկ ոմանք էլ ժառանգությունից են զրկվել իրենց հայրերը կամ հայրերն են զրկել տիրանալ ժառանգական հողերին ու փողերին: Կյորեսի  հովիտը` հայրական ինչքի կորուստ է: Վերաբնակությունը եւ հավակնոտությունը մոռացվել են, վկաներն անխոս են: Այստեղ սոսկ գետակն է աղմկում: Վաղո՜ւց խլացրել է վերաբնակների խղճի ձայնը: Սա ձորում պատուհասած ներգաղթ է: Վերաբնակի համար արտագաղթ, ներգաղթ ու բռնագաղթ:  Հողի պապենի սեփականատիրոջ անվանը տիրազուրկ հող են կոչել ու զրկել: Զրկել են ու զարկել: Նրանց նոր սերունդը երբեմն այցելում է երեքհարյուրամյա գերեզմանաքարերին` առանց ցանկապատի, ինչպես ընդունված էր Ցարի, Մելիքի ու Պրիստավի օրոք:  

Այժմ կենդանի մարդիկ են ցանկապատի մեջ: Ցանկապատի մեջ են հանգուցյալները, ընտանի կենդանիներն ու արվեստի, հարեւանի արեւն ու հանապազօրյա լույսը կտրող դղյակատերերը եւ ոչ բոլոր գազաններն ու դաժանները, անարժաններն ու վայրի բնության կառավարելի արգելանոցում: Սա է մեր ավանդակորույս կենսագրությունը: Բանկերում քնած խորհրդային  ավանդներն այնպիսի փոխարժեք ունեն, որ չարժե ութսուն տարի ապրել: Մահացածների անվանական փողից զրկվում է ընտանիքը: Եվ սա ընտանիքի միավորը ցեղասպանելու իրողություն է: Գուշակներն ու թոշակները` բախտախնդիր ու անհույս: Դե՜, ե՛կ ճշմարտիր` համագոյության միա՜կ բարեգործ:

Հովտում միակ բարեգործ է Վարարակն գետը` օրհնյալ ողորմության հարահոս ընթացքով: Զվարթությամբ օծող եւ անիրավություն քավող Ակնա աղբյուրներից ծագած եւ Որոտանի կիրճ հասած Վարարակն գետը` լույսի ու լույսի շտեմարան մեր աստղոտ հովտի գետը: Փրկագործ շնորհն առած, ավետաբարբառ ու նախախնամ մկրտության ավազանում հանցանքներ մաքրագործած, ցանքերին մատնված փառատրություն: Ակներից է բերված Գորիսի եւ Ակների հիդրոէլեկտրակայանների ջուրը: 21 կմ Ակների ջրանցքը կամ 10-րդ դարից անվանյալ «Տերտերի առու»4: Կառուցված 932 թ. Տաթեւի վանքապատկան Ցաքուտ հողերը ոռոգելու նպատակով: Ակներ գյուղի պռնկից ջրանցքի ջուրը 12 հազար դրամով եւ մեկ անգին քարով գնել եւ նշված վայրն է հասցրել` Տաթեւի Հակոբ եպիսկոպոսը Փիլիպե իշխանի օրոք: Գրող Ակսել Բակունցի 1932 թ. պատահաբար հայտնաբերած5 Բղենո Նորավանքում է գրվել 10-րդ դարի ձեռագիր մատյանը` «Էջմիածնի ավետարանը»: «Լավագույն մագաղաթի վրա` զարդարված մանրանկարներով եւ հռչակված մեծարվեստ ու հազվագյուտ իր փղոսկրե կազմի շնորհիվ, գրված 989 թ. Նորավանքում, գրիչն է Յովհաննես եւ ստացողը` Ստեփանոս կրունավոր եւ քահանա հայկազնեա»: 

Անապատական շարժման շնորհիվ Որոտանի կիրճում 1608-1610 թթ. հին Հալիձոր գյուղի դիմաց կառուցված Հալիձորի կուսանաց-հարանց անապատի օրիորդաց ուսումնարանի մայրապետ Հռիփսիմե կույսը 1653 թ. գրչագրեց Հովհաննես Մամիկոնյանի «Պատմություն Տարոնի» միակ օրինակը, իսկ 1672 թ. ընդօրինակել է Գրիգոր Տաթեւացու «Քարոզգիրք» դասագիրքը: 1625 թ. Հալիձորի հարանց անապատում գործել է Բարսեղ երեցը, գրել է «Գիրք հարցման Գրիգորի Տաթեւացիոյ»  ձեռագիրը: 

Մելիք Հայկազնի` 1615-20 թթ. 60 միանձնուհիներով հիմնված Շինուհայրի կուսանաց անապատում` 17-րդ դարի Հեղինե եւ Մարգարիտ կույս միանձնուհի գրիչները եւ գրիչ կույս Մարիամը 1658 թ. երկրաշարժից հետո` Մովսես Սյունեցի կաթողիկոսի կողմից նորոգված վայրում 1659 թվականին գրչագրել են Գրիգոր Տաթեւացու «Քարոզգիրքը», որը պահվում է Նոր Ջուղայում: Կույս Մարիամը գրչագրել է նաեւ «Ոսկեփորիկը»: Շինուհայրի կուսանաց անապատում են գործել 1626-35 թթ. Հովհաննես գրիչ ծաղկողը, 1658 թ. Բարսեղ աբեղա գրիչը եւ 1660 թ. գրիչ Ղազարը:

1660 թ. Արիստակես Վարդապետը հիմնադրեց Տաթեւի անապատը` Որոտանի ձորում` հարանց մեծ անապատի կործանումից հետո:

1647 թ. Խանածախի կուսանաց անապատի միանձնուհի գրիչ Մարիամը գրչագրեց հիշատակարան:

1650-ական թթ. Խնձորեսկի անապատի հիմնադիր եւ միաբանության առաջնորդը Բարսեղ Վարդապետն էր: 

Պտուղներ Աստծո ու մեծասքանչ, որ պիտի ստանան նոր իմաստ ու կյանք գինու հնձանում ու ցանում մտքի որպիսի՜ հույզեր: Ձկները հնձանում շուտ են բռնվում, արբել են նույնպես Քարունջի օղուց: Բարեհռչակված մուսա է ձորում, տանում  է արդեն Որոտանին մոտ ու չեմ դիմանում` բանաստեղծությո՛ւն: Բանաստեղծությո՛ւն, դու պիտի հուշես… Ակսել Բակունցի «Կյորես» վիպակի կոլորիտը: Այս մագաղաթներն են լուսավորել գրողի ուղին: 

Արդյո՞ք այսպիսի կատարելությունը կվերաճի բանաստեղծության: Լավ է, որ բանաստեղծությունը լինի կատարյալ: 

Բնությունն առաքելություն ստանձնած ուղղորդում է ինչ-որ մեկի ճանապարհը: Այս ամենը նախապատճառներ ունեն: Մի դեպքում` փշրվում են կարծրատիպերը: Ժամանակը կանգառ չունի: Հասարակությունը բազմազբաղ է: Հարկավոր է փոխանցել բարձր արժեքները: Դժվարությունը հետաքրքիր է նրանով, որ հաղթահարելի է եւ հայելի է կյանքի իմաստը: Փորձությունը հաղթահարել փորձառությամբ ու շիտակությամբ:

Առաջնաստեղծությունը միշտ էլ ամենաբնական է ընկալվում: Նախասկզբնական արարչությունը գործելիս երկու անկանխատեսելի հրաշքներ են կայացել` բնության տարերքը եւ կնոջ տիպարը:

Վարարակնի հովիտը նշանավորված է բնության ձեւերի բազմազանությամբ ու կանանց ներկայության անհրաժեշտ արժեքով: Սա, իհարկե,  իմ կարծիքն է եւ զբոսաշրջության հրապուրանք տարածելու հարկ չկա: Համաձայնվեք, որ կինը միշտ էլ քիչ բան է ուզում: Դրա համար էլ բնությունն ու տղամարդիկ կարեւորում են կանանց: Եվ դա անհրաժեշտ է: Առանց կանանց ու բնության զարթոնքի` տղամարդն իր տեղը չի գտնի: Քանի որ երջանկության ընկալումը շնորհում է կինը: Բնությունը շնորհազարդում է կնոջ վաստակով, ինչը փոխադարձման անմեկնելի գաղտնիք է: Լավ է հասկացնել մարդուն, քանի որ հեշտ չէ նրան վիրավորելը: Քանի չես հանձնվել, քեզ ոչ ոք չի կարող հաղթել: Կինն ու բնությունն անպարտելի ստեղծարար-վերարտադրող են: Կասկածվող եւ կասկածող կինը դատապարտված է անհաջողության: Բնությունը շրջահայացության հնարավորություն է տվել մարդուն: Ակնածանքի եւ երախտիքի միջեւ գործում է հայեցողական կողմնորոշումը:

Վարարակնի հովիտը նախնյաց հանդեպ ակնածանքի ու երախտիքի պաշար է կրում: Անբացատրելի մերձավորություն ու շարունակվող մտերմություն եմ տածում այստեղ: Զգում եմ ժայռանտառի պոեզիայի մշտահունչ շունչը: Երբեմն ցնորքի արտահոսքը փորձում է փլուզել վայելքի կազմակերպվածությանը: Ժայռանտառի պոեզիան դիմագրավում է այստեղ եւ կայուն բաղադրիչ է: Հեռու չես փախչի հարազատ թվացող ուժերից` սուրբ հաղորդության եւ  սիրահարվածության պես վերածնվող: Կարեւոր մի հանդիպում, որ անանձնական է, մինչեւիսկ երկու հոգու միջեւ պարզապես ժամադրություն չէ: Կարող է լինել` արվեստը կամ մարդկանց ավելի լավ ճանաչելու համար, մի խոսքով` հաճելի բնական միջավայրում: Լռության, առանձնության մեջ ճանաչել, անձի առաքինության ներքո գնահատել արժանիքը:  Աստղազարդ շրջանների ներքո` զգալ բնության բույրերի հուշարարությունը եւ մարդու ոգեւորության կամ ազդեցության համակերպումը, ուշադրության ախտորոշումը կամ դիրքորոշման ընդգրկումը: Գուցե կոպիտ հնչի, եթե խոստովանենք այն բնական ճնշումը, որ կնպաստի այստեղ բացահայտմանը, անկեղծությանն ու սրտաբաց պահվածքին: Այստեղ ծաղիկ է բռնում մատչելիության անորոշ սաղմը:

Շարունակությունը՝ այստեղ.

Արթուր Առաքելյան

Հայաստանի գրողների միության անդամ

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25