Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում էր (17-19 օգոստոսի 2023 թ.)

21.08.2023 14:46
350

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կապանում կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել է Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և պաշտոնատար այլ անձինք:

Խորհրդակցության սկզբում` մինչ հաշվետվության քննարկումը, վարչապետը նշել է, որ ցանկանում է հետևյալ արձանագրումն անել. «Այսօր մենք փորձարկեցինք Երևան-Կապան օդային չվերթը, օդանավով ժամանեցինք Կապան: Կարծում ենք, որ արդեն պատրաստ ենք Երևան-Կապան կանոնավոր չվերթներ իրականացնել: Մեր ծրագիրը հետևյալն է. օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն կլինեն կանոնավոր չվերթներ: Այսինքն` քաղաքացիները հնարավորություն կունենան ինքնաթիռի տոմս ձեռք բերել և օգտվել այդ տրանսպորտից: Իհարկե, որոշ դիտարկումներ ունեմ` կապված չվերթի, օդանավի հետ, բայց սկզբնական շրջանում նաև քաղաքացիները կօգտվեն, արձագանքները կլսենք, հետո, ըստ այդմ, բնականաբար ավելի կլավարկենք»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ Երևան-Կապան կանոնավոր չվերթները կսկսվեն հաջորդ շաբաթվանից, իսկ տոմսերի վաճառքի սխեմաները մշակված են:

Անցնելով հաշվետվությանը՝ պատասխանատուները նախ զեկուցել են, որ Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտները 2022 թվականին նախատեսված են եղել 2 մլրդ 992 մլն դրամ, սակայն փաստացի կատարողականը կազմել է ավելի քան 3 մլրդ դրամ: 2022 թվականին 2021թ. համեմատ փաստացի աճը կազմել է 344,6 մլն դրամ կամ 12,8 տոկոս:

Տեղեկատվություն է ներկայացվել 2018-2022թթ. իրականացված սուբվենցիոն ծրագրերի մասին, ըստ որի` հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 109 սուբվենցիոն ծրագիր՝ 21,8 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմել է 12,9 մլրդ դրամ: Մասնավորապես, իրականացվել են փողոցների ասֆալտապատման՝ 30 կմ, ջրամատակարարման՝ 64 կմ, ոռոգման համակարգերի՝ 30 կմ, 26 բնակավայրերում լուսավորության, 22 մանկապարտեզների հիմնանորոգման և այլ աշխատանքներ:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի ծրագրի շրջանակում առաջիկայում Սյունիքում ևս կսկսվեն շինաշխատանքները, որոնց իրականացման մրցույթն արդեն ավարտվել է:

Նշվել է նաև, որ 2023 թվականին հաստատվել է սուբվենցիոն 24 ծրագիր՝ 6,6 մլրդ դրամի, որի պետական մասնաբաժինը կազմել է 4,1 մլրդ դրամ: 2024 թվականին նախատեսվում է իրականացնել 30 ծրագիր՝ 11 մլրդ դրամի, որից պետական մասնաբաժինը կազմում է 6,5 մլրդ դրամ:

Զեկուցվել է, որ մարզում ներկայումս կառուցվում է 3 նոր դպրոց: Նախորդ տարվա ընթացքում 51 դպրոցում 32,6 մլն դրամի շրջանակում իրականացվել է գույքի մասնակի արդիականացում, 36 դպրոցում՝ 48,1 մլն դրամի շենքային պայմանների մասնակի բարելավում, 46 դպրոցում գործում է ԱՐՄԱԹ լաբորատորիա:

Մարզի 139 բնակավայրերից 58-ում գործում է 43 նախադպրոցական ուսումնական հաստատություն՝ իր 23 մասնաճյուղերով, 6 այլընտրանքային խումբ և 13 դպրոցահեն նախակրթարան: Հիմնանորոգման կարիք ունի 12 հաստատություն, վերանորոգման՝ 19, ներկայումս վերանորոգվում է 4-ը:

Նշվել է, որ մարզում առկա է կաթի վերամշակման 20 կետ, որից 3-ը՝ Կապանում, 9-ը՝ Գորիսում, 3-ը՝ Տեղում, 5-ը՝ Սիսիանում: Սյունիքում գործում է 6 սպանդանոց, Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում կառուցվել է 3 խելացի անասնաշենք: Մարզի ընդհանուր ոռոգելի հողատարածքը կազմում է 8200 հա: Արոտավայրերը կազմում են 145 հազ հա հողատարածք, որից օգտագործվում է 36 հազ հա: Մարզում վարելահողերի տարածքը կազմում է 43,9 հազար հա, փաստացի օգտագործվում է 82 % -ը:

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Սյունիքում հիմնվել են 51 հա ինտենսիվ այգիներ, որից պետական աջակցման ծրագրով հիմնվել է՝ 22 հա մրգատու այգի, 3 հա ծնեբեկի այգի: Մարզում առկա են 4,5 հա ջերմոցային տնտեսություններ, պահածոների և շշալցման 10 գործարաններ:

2022 թվականին մարզում իրականացվել են ընդհանուր 216 հա մակերեսով անտառապատման աշխատանքներ: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից 2022թ. մարզում կատարվել են անտառապատման և այլ աշխատանքներ. անտառապատվել է ընդհանուր 40 հա մակերեսով տարածք, Սիսիան համայնքում կառուցվել է 1000քմ ջերմատուն-տնկարան:

Նշվել է, որ Սյունիքի մարզում գործում է 5 բժշկական կենտրոն, 9 ԱԱՊԿ, 1 Նյարդահոգեբուժական դիսպանսեր, 100 ԲՄԿ: Բժշկական կազմակերպությունների առաջնային օղակում գրանցված բնակչության թիվը 119 հազար 136 է: 2022 թ մարզում գրանցվել է 1191 ծնունդ, 1109 մահ:

Ամփոփելով խորհրդակցությունը` վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ 2018 թվականից սկսած Կառավարությունը Սյունիքի մարզում իրականացրել է 100 մլրդ դրամից ավելի ներդրումային ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է համայնքների սեփական եկամուտների շարունակական աճի ապահովումը, տեղական բյուջեների զարգացումը, որպեսզի սուբվենցիոն ծրագրերի ծավալները շարունակեն աճել: Վարչապետն անդրադարձել է Սյունիքի մարզում բնակարանների կառուցման ծրագրերի իրականացմանը, նվազ բնակչություն ունեցող գյուղերի բնակեցման ծրագրերի իրականացմանը, կրթահամալիրների կառուցմանը, որոնք պետք է համալրվեն նոր գույքով, իսկ հարակից ճանապարհները հիմնանորոգվեն, հանքարդյունաբերության ոլորտին, ժամանակակից գյուղատնտեսության ծրագրերի ընդլայնմանը, ջրամբարաշինությանը, զբոսաշրջության խթանմանը և տվել համապատասխան հանձնարարականներ:

***

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ծանոթացել է մասնավոր հատվածի կողմից իրականացվող բազմաբնակարան համալիրների կառուցման ներդրումային ծրագրերի ընթացքին:

«Լիաշին» ՍՊԸ-ն 700 մլն դրամ ներդրումային ծրագրով կառուցում է 13 հարկանի երկու շենք` 94 բնակարաններով: Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2025 թվականին:

«Նյու Հաուս» ՓԲԸ-ն 1,7 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակում կառուցում է 12 հարկանի երկու բազմաբնակարան շենք` ընդհանուր 128 բնակարաններով: Մեկ շենքի շինաշխատանքները գրեթե ավարտական փուլում են, իսկ մյուսի աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա ընթացքում: Վարչապետը հետաքրքրվել է ծրագրերի ընթացքի, բնակարանների վաճառքի հետ կապված հարցերով և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է խրախուսել մարզերում նման ծրագրերի իրականացումը:

Նիկոլ Փաշինյանը Կապանում այցելել է նաև Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ուղեկալ, ծանոթացել ծառայողների համար ստեղծված պայմաններին:

 

***

Սյունիքի մարզ այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին:

Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Կառավարության ղեկավարին դիմավորել և ուղեկցել է ԱՊՄԿ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը, ով ծանոթացրել է տեխնոլոգիական գործընթացներին և ներկայացրել արտադրական ծավալներն ու առաջիկա ծրագրերը: Վարչապետն առանձնակի կարևորել է կոմբինատում նոր տեխնոլոգիաների ներդրման ու բնապահպանական խնդիրների հետևողական լուծման ուղղությամբ քայլերի իրականացումը: Նշվել է, որ կոմբինատն ունի 1200 աշխատատեղ։

Այնուհետև վարչապետը հանդիպել է ագարակցիների հետ, քննարկել ոռոգման ջրին, ճանապարհաշինությանը, գազամատակարարմանը վերաբերող հարցերն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:

Հաջորդիվ կառավարության ղեկավարը ծանոթացել է Մեղրիի մանկապարտեզում իրականացված հիմնանորոգման աշխատանքներին: 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 323,8 մլն դրամ, որի 40%-ը հատկացվել է համայնքի բյուջեից, 60%-ը՝ պետական բյուջեից: Քանի որ մանկապարտեզի շենքը հին է և գտնվում է ճահճային շերտի վրա` կառավարությունը Մեղրիում կկառուցի նոր մանկապարտեզ, իսկ գործող մանկապարտեզում առայժմ կներդրվի հովացման համակարգ:

«Լոֆթ-Մեղրի» կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական կենտրոնում վարչապետին ներկայացվել է իրականացված ծրագիրը: Երիտասարդական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի իրագործման արդյունքում ստեղծված «Լոֆթ-Մեղրի» երիտասարդական կենտրոնը համապատասխանում է ծրագրի իրականացման ֆունկցիոնալ, տեխնիկական և բովանդակային պահանջին՝ ապահովելով Մեղրի համայնքի կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Ադելյան փողոց 3 Մշակույթի տուն հասցեում 158,6 քմ մակերեսով տարածքի (երրորդ հարկ) ներկայիս նորարարական, հիմնանորոգված, նյութատեխնիկական միջոցներով և կահույքով համալրված տեսքը և գործարկման հնարավորությունները։ Ծրագրի իրականացման համար «Լոֆթ» ՀԿ-ին պետության կողմից դրամաշնորհի ձևով հատկացվել է 25 մլն 348 հազար դրամ, որով իրագործվել են կենտրոնի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև նյութատեխնիկական միջոցների ապահովումը։ Պայմանագրի շրջանակում «Լոֆթ» հասարակական կազմակերպությունը առանց հատկացումների, սեփական միջոցներով՝ համայնքի ներգրավվածության պայմաններում, գործարկելու է կենտրոնի բովանդակային 5-ամյա ծրագիրը (2023-2027թթ)՝ ի նպաստ համայնքի երիտասարդության զարգացման և առաջընթացի։

Այնուհետև վարչապետը Քաջարանում ծանոթացել է Մ-2, Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 8,24 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք գտնվում են ավարտական փուլում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 393 հազար դրամ:

Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է նաև Քաջարան համայնքում բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարելավման ծրագրի ընթացքը: Կատարվել է աշխատանքների 60%-ը։ 2020 թ.-ին մեկնարկած սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 631,5 մլն դրամ է, որի 30% -ը տրամադրվել է համայնքի բյուջեից, 70%-ը՝ պետբյուջեից: Ծրագրի արդյունքում կբարձրանա Քաջարան քաղաքի ԲԲՇ-ների էներգաարդյունավետությունը։

Կառավարության ղեկավարն այցելել է նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ: Գոհունակություն հայտնելով ընկերության հետ համագործակցությունից՝ վարչապետը վերջինիս ղեկավարների հետ քննարկել է ռազմավարական զարգացման և արդյունավետության բարձրացման ծրագրերը, որոնք վերաբերում են մետաղաձուլարանի կառուցմանը, նոր ու ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, միջազգային չափանիշներին համապատասխան բնապահպանական ստանդարտների բարձրացմանը, հարակից համայնքների նկատմամբ սոցիալական պատասխանատվությանը և այլն:

Վարչապետը ծանոթացել է Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի ավարտված շինարարական աշխատանքներին, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 476 մլն 119 մլն դրամ: Կառուցվել է 11 կմ ճանապարհ։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Շուռնուխ բնակավայրում 13 անհատական բնակելի տների կառուցման շինհրապարակը: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարվել է աշխատանքների 80%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 741 մլն դրամ է: Արդյունքում՝ 13 ընտանիք կբնակեցվի նորակառույց տներում: Վարչապետը կարևորել է աշխատանքների որակյալ իրականացումն ու հնարավորինս սեղմ ժամկետում դրանք ավարտին հասցնելը:

Գործադիրի ղեկավարին ներկայացվել են նաև Տ-8Լծեն-Տաթև տեղական նշանակության ավտոճանապարհի ավարտված վերակառուցման աշխատանքները: Նշվել է, որ 19,89 կմ ճանապարհի վերակառուցման համար ընդհանուր առմամբ ծախսվել է գրեթե 8 մլրդ դրամ, միջոցները տրամադրվել են պետական բյուջեից: Ավարտվել են նաև Լծեն-Շամբ 6,15 կմ հատվածի շինաշխատանքները: Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 730 մլն դրամ:

Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Դարբասի մոդուլային դպրոցի կառուցման շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, որոնց 65%-ը կատարվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը 729,2 մլն դրամ է: 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի շինաշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ:

Վարչապետը ծանոթացել է նաև Տ-8-52 Նորավան-Շամբ ավտոճանապարհի 7,9 կմ հատվածի շինարարական աշխատանքներին: Հողային աշխատանքներն ավարտական փուլում են, արդեն իսկ մեկնարկել են ասֆալտապատման աշխատանքները։ Ճանապարհի հիմնանորոգման ընդհանուր արժեքը 1 մլրդ 388 մլն դրամ է:

Սիսիան համայնքում Կառավարության ղեկավարին ներկայացվել է 202 մլն դրամ ներդրումային արժեքով ինտենսիվ այգու ծրագիրը: Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրով պետական աջակցությունը կազմել է 101 մլն դրամ: Կեռասի, տանձի, ծիրանի և ծնեբեկի այգու ընդհանուր մակերեսը 12.4 հեկտար է:

Նիկոլ Փաշինյանը Սիսիան համայնքում այցելել է «Վի Էյջ Սթոուն» ընկերություն, որը շահագործում է բազալտի հանքավայր և նախատեսում է բազալտի, գրանիտի, տրավերտինի և այլ կոշտ ու փափուկ քարերի վերամշակում: Կատարվել է 150 մլն դրամի ներդրում։ Արդյունքում ստեղծվել է 45 աշխատատեղ:

Վարչապետը ծանոթացել է նաև Սիսիանի բժշկական կենտրոնի 2021 թ.-ից մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներին: Բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցման համար նախատեսված ներդրումը կկազմի շուրջ 550 մլն դրամ։ Իրականացվել է աշխատանքների 30%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 86 մլն դրամ է: Աշխատանքներն ավարտին կհասցվեն 2025 թ.-ին:

Վարչապետ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

 

***

Վարչապետը նախ այցելել է Գորիս, որտեղ ծանոթացել է Կառավարության ֆինանսավորմամբ և սուբվենցիոն ծրագրերով համայնքներում իրականացված և ընթացքում գտնվող ծրագրերին: Գորիս համայնքի «Ավանգարդ» 5-րդ թաղամասի մոտեցման 1067 մետր ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են։ 2022 թ.-ին մեկնարկած սուբվենցիայի ծրագրի ընդհանուր արժեքը 194 մլն դրամ է, որի 45% -ը հատկացվել է համայնքի բյուջեից, 55%-ը՝ ՀՀ պետբյուջեից:

Կառավարության ղեկավարին ներկայացվել են նաև Գորիս համայնքի Գալստյան փողոցի մի հատվածի, թիվ 60 բազմաբնակարան շենքի բակի, Մաշտոց փողոցի թիվ 146, 148, 150 բնակելի շենքերի բակերի ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքների ընթացքը:

Հաջորդիվ վարչապետը ծանոթացել է Հին Գորիսի պատմական միջավայրի վերականգնման աշխատանքներին, որոնք իրականացվում են Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից: Վարչապետը գոհունակություն է հայտնել կատարվող աշխատանքների ընթացքից և կարևորել դրանց որակյալ իրականացումը:

Գործադիրի ղեկավարի հաջորդ կանգառը եղել է Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրը, որտեղ սուբվենցիոն ծրագրով կառուցվել է նոր խաղահրապարակ: Քարաշենում վարչապետը զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին: Բնակիչներից մեկը նշել է, որ օգտվել է սահմանամերձ բնակավայրերում Կառավարության կողմից տրամադրվող 16 մլն դրամի շրջանակում բնակարանի կառուցման ծրագրից: Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել քննարկել ծրագրի հետագա լավարկման հնարավորությունները:

Այցի ավարտին վարչապետը ծանոթացել է Ակներ գյուղի թիվ 15 փողոցի՝ Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի 1200 մ վերանորոգման աշխատանքների ընթացքին, այցելել է սրտաբանական կենտրոն: Կատարվել է ճանապարհի շինաշխատանքների ավելի քան 70%-ը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 223 մլն դրամ է: Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոնը Կառավարության հրատապ ծրագրերի շրջանակում վերջերս համալրվել է ժամանակակից տեխնիկական միջոցներով և սարքավորումներով, որոնք թույլ կտան քաղաքացիներին մատուցել բարձրորակ ծառայություններ: Կենտրոնում գործում է նաև արյան բանկ։

Նիկոլ Փաշինյանը Գորիսի պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին:

Վարչապետի այցը Սյունիքի մարզ ավարտվել է:

 

 

 

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25