Վարչապետ Փաշինյանի՝ ՄԱԿ այցելությունը բացառիկ առիթ է

22.09.2018 12:33
1203

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, Սփյուռքը ինչպե՞ս է հարմարվում Հայաստանի նոր իրողություններին։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի փոփոխությունները։

-Սփյուռքում, իմ կարծիքով, նույն վերաբերմունքն է, ինչ Հայաստանում։ Ես կասեի, որ բոլորն էլ խանդավառ են, բայց մի փոքր չափից ավելի խանդավառ՝ սպասելով, որ հրաշքներ են կատարվելու մեկ գիշերվա մեջ։ Այս առումով մի քիչ անհամբեր են։ Եվ մտահոգ եմ, որ կարող են հուսահատվել, եթե արագ արդյունքների սպասեն։

-Այսինքն՝ Սփյուռքում անհամբեր են, ուզում են միանգամից Հայաստանում ամեն բան վերափոխվա՞ծ տեսնել։

-Այո, թեև մի կողմից հասկանալի է, որովհետև մոտ 30 տարի է, որ մարդիկ չարչարվում են այդ անարդարության մեջ, և համբերությունը հատել է, ուզում են անմիջապես փոփոխություն լինի, իսկ վարչապետ Փաշինյանն էլ խոստացել է արդարություն, համերաշխություն, սեր, մարդիկ անկեղծորեն հավատում են այդ խոստումներին և սպասում են փոփոխությունների։

-Պարոն Սասունյան, ինչպե՞ս եք գնահատում «Հայաստան» հիմնադրամի ապագան։ Նոյեմբեր ամսին դրամահավաքին ի՞նչ ճակատագիր է սպասվում՝ հաշվի առնելով այն բոլոր իրադարձությունները, որ տեղի ունեցան Հիմնադրամի շուրջ։

-Կարծում եմ՝ Հիմնադրամի ղեկավարությունը իմաստնություն կունենա վերակազմակերպելու Հիմնադրամը և նոր մոտեցումներ կորդեգրի, մանավանդ նոր քայլեր կառնվեն վերահսկողության տեսակետից, որպեսզի այն, տեղի ունեցավ, տեղի չունենա, որովհետև հստակ է, որ եթե այդպիսի դեպք է պատահում, նշանակում է, որ վերահսկողությունը շատ թույլ է եղել, եթե չասենք, որ լրիվ բացակայում էր։ Եվ եթե նոր մոտեցումներ ցուցաբերվի, նոր ուղղություն, վերակազմակերպում տեղի ունենա, կարծում եմ՝ Հիմնադրամը կշարունակի իր առաքելությունը։ Անշուշտ, որոշ մարդիկ այդ դեպքից հետո կասկածով կմոտենան Հիմնադրամին, բայց ժողովրդի մեծամասնությունը կշարունակի օգնել, երբ տեսնի, որ ՀՀ նոր ղեկավարությունը ամեն ինչ անում է, որպեսզի Հիմնադրամը ամուր հիմքերի վրա լինի և վերանվաճի ժողովրդի վստահությունը։

-Այսինքն՝ այս տարի չե՞նք կարող ակնկալել մեծ գումարներ տեղի ունեցածից հետո, թե՞ ընդհակառակը, հնարավոր է, շատ ավելի շատ գումար հավաքվի։

-Այստեղ երկու կարծիք կա․ մեկն այն է, որ մարդիկ կհուսախաբվեն և գումարներ չեն տա, մյուս կարծիքն այն է՝ քանի որ չարաշահումը բացահայտվեց, ուրեմն մարդիկ պետք է ավելի վստահություն ունենան, որ դա նորից տեղի չի ունենա։ Եվ մի քիչ վաղ է կանխատեսել, թե արդյունքը ինչ կլինի, որովհետև Հիմնադրամի նոր տնօրեն պետք է նշանակվի, արդեն մրցույթ է հայտարարվել, 41 թեկնածու կա տարբեր երկրներից, հանձնաժողովը լավագույն անձին կընտրի և կնշանակի։ Եվ ուրեմն մի քիչ վաղ է ասել, թե ինչ պետք է տեղի ունենա, որովհետև չենք իմանում նոր տնօրենի անունը, իր կարևորությունները, Հիմնադրամի նոր ուղղությունները, նոր վերակազմակերպչական քայլերը, և երբ այդ բոլորը իմանանք, կարող ենք ավելի լավ բնութագրել, թե ինչ պետք է տեղի ունենա։ Հիմա օդի մեջ խոսելն անիմաստ է։

-Պարոն Սասունյան, Երևանի ավագանու ընտրությունների օրը Նիկոլ Փաշինյանը կքվեարկի և կմենի Միացյալ Նահանգներ։ Ի՞նչ եք ակնկալում այս այցից հայ-ամերիկյան հարաբերություններում։ Հնարավո՞ր է՝ նոր փուլ թևակոխեն այդ հարաբերությունները։

-Ես տասը տարի ծառայել եմ ՄԱԿ-ում որպես ՀԿ ներկայացուցիչ, և շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ՄԱԿ-ի ժողովներին մասնակցելը։ Եվ կարող եմ ասել, որ վարչապետ Փաշինյանի՝ ՄԱԿ այցելությունը բացառիկ առիթ է, որ վարչապետը հանդիպի տասնյակ երկրների ղեկավարներին շատ կարճ ժամանակում, զրուցի, գաղափարներ փոխանակի, և՛ Հայաստանի, և՛ այդ երկրների հարաբերությունները զարգացնի։ Եվ սա եզակի առիթ է, որովհետև վարչապետն ինքը արտաքին հարաբերությունների այդքան էլ փորձ չունի, իսկ Նյու Յորք գալով և ՄԱԿ-ի կենտրոն այցելելով, ծանոթանալով տարբեր երկրների ներկայացուցիչներին հետ, նույնն է՝ եթե ամիսներով վարչապետը շրջեր այդ բոլոր երկրներով և հանդիպեր այդ ղեկավարների հետ։

-Ի վերջո, Հայաստանը ե՞րբ կարող է ակնկալել Միացյալ Նահանգներից ներդրումներ։ Ինչո՞վ է, ըստ Ձեզ, պայմանավորված հապաղումը։ Կարծում եք՝ արտահերթ ընտրությունները քանի դեռ չեն եղել, պետք չէ՞ սպասել ներդրումների։

-Գործարարները՝ լինի ֆրանսիացի, ամերիկացի, թե մեկ այլ ազգի, իրենք իրենց փողը մի տեղ դնեն, որտեղ պետք է շահույթ ստանան, և պետք է վստահ լինեն, որ այնտեղ, որտեղ գումար են ներդրել, այդ գումարն ապահով է, և որևէ գլխացավ չեն ունենա ո՛չ բիզնեսի, ո՛չ օրենքի, ո՛չ դատարանների հետ։ Եվ ժամանակ է հարկավոր, որ գործարարների միջազգային շրջանակի մեջ այդպիսի խոսակցություն տարածվի, որ Հայաստանը հուսալի երկիր է, որտեղ կարելի է ներդրում անել և գումար աշխատել, փողերդ էլ չվտանգել։ Եվ չեմ կարծում, թե գործարարները սպասում են ԱԺ արտահերթ ընտրություններին, բայց մի քանի ամիս ևս կա մինչև ընտրությունները, և չգիտեմ, թե որքան ժամանակ է հարկավոր, որ մարդիկ գան, ներդրումներ անեն, և մյուսներն էլ քաջալերվեն և Հայաստան գան։ Մարդիկ ուզում են տեսնել, թե ուրիշների ներդրումն ինչ ճակատագիր է ունենում, որպեսզի իրենք էլ համարձակություն ունենան կրկնելու ուրիշների փորձը։

 

 

 

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08