Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, որին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օնլայն է մասնակցում, Բելառուսի նախագահը նկատեց.
«Նիկոլ Վովաևիչ, Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև հիվանդացել եք, դրա համար մենք ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և տեսքով երիտասարդ անդամ»։
Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանեց, որ 2025 թվականի մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին ՀՀ–ն կրկին տեսակապով կմասնակցի։
Ի պատասխան Բելառուսի նախագահը զարմացավ` «ինչումն է խնդիրը, հեռո՞ւ է Մինսկը, մենք կարող ենք Ձեր պատվիրակության այցը կազմակերպել»։
Վարչապետն էլ հիշեցրեց, որ ինքն արդեն Բելառուս մեկնելու առումով հայտարարություն է արել, և այդ հայտարարությունը դեռ ուժի մեջ է․
«Դուք բարձրաձայնեցիք հարցը, ես պետք է միանգամից արձագանքեի, որ թյուրիմացություն չլինի»։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի հաշվետվության վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Բելառուս չի այցելի, քանի դեռ այնտեղ նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է:
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը։ Բա դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ, հարց քննարկե՞մ, բա դուք չե՞ք, որ խոսում եք արժանապատվությունից ու սկզբունքայնությունից»,- ասել էր Փաշինյանը, ապա հավելել,- «ՀԱՊԿ-ի հետ կապված կարո՞ղ է որևէ բան է փոխվել։ Տեսականորեն չի կարող բացառվել, եթե Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ-ից դուրս գալ, կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության ու բացատրության այնպիսի խոսքեր ասի, որ Հայաստանի ժողովրդի համար կլինի ընդունելի»։
Բելառուսից հայտարարել են, թե հանգիստ են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «իմպուլսիվ հայտարարությունները» Մինսկի վերաբերյալ: