Վարչապետը թեթև արդյունաբերության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է բնագավառի զարգացման ուղիները

30.08.2018 21:47
866

    ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է թեթև արդյունաբերության՝ մասնավորապես, հագուստի, կոշիկի, կաշվի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկությունների ներկայացուցիչներին` ոլորտի զարգացման խնդիրները և հեռանկարները քննարկելու նպատակով:

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Փաշինյանը, ողջունելով քննարկման մասնակիցներին, մասնավորապես, նշել է. «Մեր տնտեսական առաջընթացի կառուցվածքի պատկերացումների մեջ թեթև արդյունաբերությունը շատ կարևոր նշանակություն ունի՝ մասնավորապես, տեքստիլ արդյունաբերությունը,  հագուստի արտադրությունը, կոշիկի և կաշվե ապրանքների արտադրությունը: Այս հանդիպումով և սրանից բխող հետագա մշտական երկխոսությամբ ուզում ենք իմանալ, թե ինչպես եք դուք պատկերացնում կառավարության և ոլորտի համագործակցությունը. ի՞նչ պետք է անենք, որ մեր հարաբերությունները լինեն համագործակցող հարաբերություններ, որովհետև կարծում եմ, որ մենք պետք է ի վիճակի լինենք ընդհանուր նպատակներ ձևակերպել և նպաստել այդ նպատակների իրագործմանը: Ո՞րն է տրամաբանությունը, որ մենք ուզում ենք ՀՀ-ում առաջ մղել:

    Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում առանձնակի գնահատականի արժանանա աշխատանքը, և տեղի ունենա ընդհանրապես աշխատանքի փառաբանում: Կարծում եմ՝ շատ երկար ժամանակ, կամա թե ակամա, Հայաստանի Հանրապետությունում իսկապես շատ լրջորեն քաջալերվել է աղքատությունը, և սահմանափակվել է աշխատելու հնարավորությունը: Հիմա պետք է մի փոքր այլ տրամաբանություն դրվի մեր գործողությունների հիմքում, և մենք քաջալերենք աշխատանքը՝ որպես աղքատության հաղթահարման հիմնական միջոց և ճանապարհ: Բնականաբար, այս առումով շատ կարևորում ենք նոր աշխատատեղերի բացումը, եղած աշխատատեղերի պահպանումը: Շատ կարևորում ենք մի միջավայրի ստեղծումը, որտեղ գործարար հմտություններ ունեցող մարդիկ հնարավորություն ունենան իրենց պոտենցիալը լիարժեք կիրառել՝ առանց որևէ արհեստական սահմանափակման, իրենց գործունեության համար պատասխանատու լինեն միայն իրենց կազմակերպչական և գործարար ընդունակությունների և աշխատեն հավասար պայմաններում, օրինական դաշտում:

    Ավելի պրակտիկ առումով՝ մենք հիմա արդեն մտնում ենք Հարկային օրենսգրքի փոփոխությունների շատ գործնական և պրակտիկ փուլ. կուզենայինք լսել ձեր ակնկալիքներն այդ փոփոխություններից և նաև որոշ գաղափարներ, երբ կկիսվենք, կիմանանք ձեր տեսակետներն այդ գաղափարների  վերաբերյալ: Շատ կարևորում եմ, որ ունենանք կառավարության և ոլորտի հաղորդակցության մշտական ուղիներ, որպեսզի ձեզնից յուրաքանչյուրը պրոբլեմների քննարկման իմաստով լսելի լինի, իրեն համարի լսելի, որ ուրիշների հետ հավասար պայմաններում է և հավասար դաշտում է աշխատում:

    Մեր կառավարության դիրքորոշումը և մոտեցումը հետևյալն է. շատ արագ այն բանից հետո, երբ ես ընտրվել եմ վարչապետ, ինձ համար կարևոր է եղել, որ մենք բիզնեսին ուղղենք հետևյալ ուղերձը. որևէ բիզնես, որևէ գործարար, որևէ ընկերություն ազատ է որևէ կոռուպցիոն պարտավորությունից: Այսինքն՝ որևէ ընկերություն չի կարող  կոռուպցիոն պարտավորություն կամ ոչ թե պարտավորություն, այլ հարկադրանք որևէ ձևի հարաբերություն ունենալ պետական որևէ մարմնի հետ, և ես ինքս ինձ համարում եմ այս պայմանի լիարժեք իրագործողը: Հետևաբար, ո՞րն է մեր շահագրգռությունը ոլորտի հետ մեր հարաբերություններում, որ ձեր գործերը հնարավորինս լավ գնան, որպեսզի դուք հնարավորինս մեծ թվով աշխատատեղեր ստեղծեք և դրա ադյունքում հնարավորինս շատ հարկեր վճարեք պետբյուջե, բայց այնպիսի միջավայր ունենանք, որը հնարավորություն կստեղծի հետագա աճի, զարգացման համար: Եվ եթե պայմանականորեն կարող ենք ասել մեր ուղերձը տնտեսական միջավայրին, գործարար աշխարհին հետևյալն է ՝ «Հարստացե′ք և հարստացրե′ք օրինական՝ պետությանը, մարդկանց,բոլորին՝ հավասար դաշտում աշխատելով»:

    Թեթև արդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչները վարչապետի հետ քննարկման ընթացքում բարձրացրել են, մասնավորապես, ոլորտում հարկային արտոնությունների տրամադրմանը, ներմուծվող հումքի մաքսազերծման պայմաններին, մասնագետների ուսուցմանը, տեղական արտադրության և արտահանման խթանմանը, արտադրության ծավալների ավելացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերաբերող հարցեր:

    Անդրադառնալով հարկային արտոնությունների հարցին՝ կառավարության ղեկավարը նշել է. «Մենք շահագրգռված ենք, որ ոլորտը զարգանա և առաջընթաց ունենա, հարկեր վճարի, նոր աշխատատեղեր ստեղծի, աշխատավարձերը բարձրացվեն, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ դրա համար: Բայց պետք է նաև արձանագրենք, որ ընդհանուր բոլորով ունենք խնդիր՝ պետական բյուջեի եկամտային մասի ապահովումը: Որևէ առաջարկ մերժելի չենք համարում, բայց ամեն ինչ պետք է նայել բալանսի մեջ: Մենք պետք է ճիշտ բալանսը գտնենք, որպեսզի լինի հարկային այնպիսի բեռ, որ ձեռնարկությունների բնականոն զարգացմանն առնվազն չխոչընդոտի և երկրորդը, մենք հնարավորություն ունենանք ենթակառուցվածքները պահել աշխատանքային վիճակում, որպեսզի ճանապարհներն, օրինակ, կարողանանք նորոգել»: Վարչապետն ընդգծել է, որ որևէ առաջարկ չի անտեսվելու, առանց քննարկման չի մերժվելու կամ ընդունվելու:

    Մասնագետների պատրաստման և առկա պահանջարկի բավարարման համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է միջին մասնագիտական հաստատությունների՝ ուսումնարանների հզորացումը: Վարչապետը նշել է, որ կան ուսումնարաններ, որոնք չեն գործում՝ կադրային, ֆինանսավորման, տեխնիկական հագեցվածության խնդիրների պատճառով, և որ ինքն արդեն հանձնարարել է կրթության և գիտության նախարարին՝ սեղմ ժամկետում ներկայացնել դրանց զարգացման վերաբերյալ ծրագիր և ֆինանսական միջոցներն ուղղել հենց այդ նպատակին:

    Վարչապետ Փաշինյանն առանձնահատուկ կարևորել է տեղական արտադրության խթանումը և տեղական արտադրանքի սպառման ծավալների ավելացումը՝ նշելով, որ ինքը նույնպես օգտվում է տեղական որակյալ արտադրատեսակներից: «Տեղական արտադրողին աջակցելը մեր կառավարության առաջնահերթություններից է, և ես խմնդիր եմ դրել՝ ավելացնելու տեղական արտադրության ծավալները: Պետք է սպառողական մշակույթ ձևավորել և գովազդել տեղական արտադրանքը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներքին շուկայի փոքրությունը, պետք է զարգացնել արտահանման խթանմանը միտված գործունեությունը և քաղաքականությունը», - նշել է կառավարության ղեկավարը:

    Քննարկմանն անդրադարձ է եղել նաև թեթև արդյունաբերության ոլորտի ասոցիացիայի ստեղծմանը: Ոլորտի ներկայացուցիչները վարչապետին տեղեկացրել են, որ գործընթացն արդեն մեկնարկել է, և հնարավորինս շուտ այս բնագավառը ներկայացնող ասոցիացիան կձևավորվի: Վարչապետը ողջունել է գաղափարը՝ նշելով, որ ասոցիացիայի ստեղծմամբ համագործակցության արդյունավետ հարթակ կձևավորվի, որը կհեշտացնի կառավարության շփումը ոլորտի ձեռնարկությունների հետ:

    Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ վարչապետ Փաշինյանն ասել է. «Մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ Հայաստանում արտադրությունը խթանենք, և տեքստիլը, թեթև արդյունաբերությունը, կոշիկի արտադրությունը մեզ համար առաջնահերթություն են: Ես շատ կուզենայի, որ ընդհանրապես կառավարություն-արտադրող հարաբերություններում որակական փոփոխություն լիներ այն առումով, որ այնպես չէ, որ կառավարությունն ուզում է այսպես ասած, հարկերը քերի, իսկ արտադրությունն ուզում է հարկերը թաքցնի: Իսկապես պետք է լինի գործընկերություն, և պետք է լինի այնպիսի մթնոլորտ, որ նաև հարկ վճարողները համոզվածլինեն, որ իրենց վճարած ամեն լուման, ամեն դրամը ոչ թե մսխվում է, թալանվում է, փոշիացվում է, այլ ռեալ արդյունավետ ծախսվում է մեր երկրի ենթակառուցվածքների և բնականոն գործունեությունն ապահովելու համար, որն անհրաժեշտ է նաև ձեր գործունեությանը: Այսինքն՝ մեր ուզածն այն է, որ ամեն հարկ վճարող ամեն դրամ հարկ վճարելիս այն ըմբռնումն ունենա, որ ինքն իր գործունեության մեջ ներդրում է անում, որովհետև առանց ճանապարհների, հաղորդակցության ուղիների, օրինականության, անվտանգության որևէ գործունեություն հնարավոր չէ, և մեր խնդիրն է՝ ընդհանուր առմամբ հնարավորինս շուտ այս մտածողությունը փոխել: Ուզում եմ ձեզ և մեզ հաջողություն մաղթել մեր երկրի տնտեսությունը, մեր երկիրը բարեկեցիկ և աղքատությունից զերծ և զարգացած ու մրցունակ տնտեսություն ունեցող երկիր դարձնելու ճանապարհին»:

     

     

     

    ԱԱԾ տնօրենը Գերիների և անհայտ կորածների հարցով սահմանին կայացած հանդիպումից հետո հանդիպել է ծնողներին, մանրամասներ հաղորդել

    21.03.2025 15:29

    ՌԴ-Հայաստան հարաբերությունները չեն ընդհատվել և չեն կարող ընդհատվել. Կրեմլ

    21.03.2025 15:06

    13,500 զինծառայող մասնակցել է ատեստավորման, որից 57%-ը ստացել է դրական գնահատական, աշխատավարձերն ավելացել են 205-470 հազար դրամով. Պապիկյան

    21.03.2025 14:55

    Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով

    21.03.2025 13:09

    Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին

    21.03.2025 12:56

    Պաշտպանության նախարարությունը հորդորում է զերծ մնալ բանակին և սահմանային իրադրությանն առնչվող ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց

    21.03.2025 11:52

    Առաքելոց վանական համալիրը և գյուղատեղին ընդգրկվել են Եվրոպայի 7 ամենավտանգված ժառանգության վայրերի ցանկում

    21.03.2025 10:58

    Աղբյուր–հուշարձան՝ հաղթանակի 40-ամյակին

    21.03.2025 10:24

    0։3. Հայաստանի հավաքականը զիջեց Վրաստանի ընտրանուն

    20.03.2025 23:25

    Հանդիպում-քննարկում կոռուպցիոն եւ տնտեսական հանցագործությունների վերաբերյալ

    20.03.2025 20:39

    Արվեստի ոլորտի հերթական հաջողությունները միջազգային մրցույթներում

    20.03.2025 20:31

    ՀՀ ՊՆ հայտնում է ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվության մասին

    20.03.2025 20:22