Վարդան Գեւորգյան. «Ազատ կամարտահայտություն, գիտակցված «Այո». ահա սկզբունքը, որով առաջնորդվում ենք այս օրերին»

30.11.2015 11:58
3177

(«Սյունյաց երկրի» հարցերին պատասխանում է Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար Վարդան Գեւորգյանը)


ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկումն ու այդ փաստաթղթի շուրջ մեկնաբանությունները շարունակում են մնալ հասարակական եւ քաղաքական կյանքի կենտրոնում:

Սահմանադրական իրավունքի մասնագետներից բացի` կարծիք են հայտնում եւ մեկնաբանություններ անում նաեւ քաղաքական գործիչները, իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները:

Կարծիքներն ու դիրքորոշումներն իրարամերժ են: Առավել ուշագրավ են, որ բնական է, մասնագետների դիտարկումները, բայց հետաքրքիր են նաեւ այն մարդկանց նկատառումները, ովքեր հանրության հետ ամենօրյա շփումների մեջ են, առօրյա կյանքում պատասխանատվություն են կրում կոնկրետ հարցերի համար, սահմանադրությունից գործնական հարցերի լուծում ակնկալում:

Այդ մարդկանց թվում են, նախեւառաջ, համայնքների ղեկավարները:

* * *

- Պարո՛ն Գեւորգյան, նախ մի հարց, որը եւ կարող է առաջին հայացքից ոչ պատշաճ թվալ. Դուք պաշտոնի բերումո՞վ եք «Այո»-ի կողմնակից, թե՞ դա Ձեր համոզմունքն է եւ գիտակցված վերաբերմունքը:

Հարցը պատահական չէ` քարոզարշավին հետեւելիս հենց նման տպավորություն ենք ստանում` իշխանավորներն «Այո»-ի կողմնակից են, ոչ իշխանավորները` «Ոչ»-ի:

-    Չեմ ուզում վիճարկել այդ տպավորությունը, դա Ձեր անձնական կարծիքն է: Բայց եւ ենթադրում եմ, որ վաղուց եք ինձ ճանաչում, բազմիցս հենց «Սյունյաց երկրում» եմ ամենակնճռոտ հարցերի վերաբերյալ դիրքորոշում հայտնել:

Իհարկե, ես ՀՀԿ անդամ եմ եւ կուսակցության պաշտոնական դիրքորոշումը շատ կարեւոր եմ համարում: Իսկ կուսակցության դիրքորոշումն առավել քան հստակ է՝ ազատ կամարտահայտություն, օրինավոր եւ թափանցիկ հանրաքվե, գիտակցված «Այո»:

Մեր կուսակցության կենսունակության պատճառներից մեկն այն է, որ բազմակարծության, ազատ կամարտահայտության կողմնակից ենք: Եվ սեփական դիրքորոշում ունենալն ու հայտնելը յուրաքանչյուր ՀՀԿ-ականի պատիվ բերող հանգամանք է:

Այնպես որ միայն գիտակցված «Այո», միայն ազատ կամարտահայտություն, իսկ մինչ այդ` անկեղծ քննարկում, երկխոսություն, բանավեճ:

- Այդ դեպքում կուզենայինք Ձեզանից եւս իմանալ` ինչո՞ւ անհրաժեշտ դարձան սահմանադրական բարեփոխումները. չէ՞ որ գործող սահմանադրությունը գլխավոր հարցերում չէր խոչընդոտում հանրապետության զարգացմանը:

- Ես սահմանադրական իրավունքի մասնագետ չեմ եւ չեմ ուզում առաջարկվող փոփոխությունների խորքերը մտնել, իրավական բնույթի նրբություններ քննարկել: Բայց եւ չեմ կարող անվերապահ համաձայնել Ձեր դիրքորոշման հետ առ այն, որ գործող սահմանադրությունը մեր առաջընթացին չի խանգարում: Միգուցե եւ այդպես է, բայց ինչո՞ւ հրաժարվել այն քայլերից, որոնք ավելի հստակ կերաշխավորեն երկրի կայուն զարգացումը, ավելի հստակ կսահմանվեն մարդու իրավունքները, պետական կառավարման համակարգն առավել արդյունավետ կդարձնեն, կփոխեն դատական համակարգը եւ վստահություն կսերմանեն այդ ոլորտի հանդեպ…

Կամ` պետք չէ մասնագետ լինել տեսնելու, հասկանալու համար, որ գործող սահմանադրության մեջ բազմաթիվ հարցերում կիսալուծումներ եւ անորոշություններ կան:

Եվ ինչո՞ւ չգնալ այդ հարցերի լուծման ճանապարհով, ինչո՞ւ առաջ չնայել:

- Հասարակության մեջ, խոստովանենք, իշխում է նաեւ այն կարծիքը, որ սահմանադրության ներկա փոփոխություններն արվում են գործող իշխանության կամ վարչախմբի վերարտադրության համար:

- Պարզունակ մեկնաբանություն է: Դա, իմ կարծիքով, ավելի շատ քարոզչական հնարք է, փոփոխությունների նախագծի քննարկումը շրջանցելու մարտավարություն:

Իշխող կուսակցությունը, ոչ միայն հայաստանյան քաղաքագետների ու փորձագետների կարծիքով, բոլոր հիմքերն ունի առաջիկա համապետական ցանկացած ընտրությունում ստանալու հանրության վստահության քվեն:

Այնպես որ` վերարտադրության համար, եթե դա լիներ բուն խնդիրը, գործող սահմանադրությունն ավելի շահեկան դրույթներ է պարունակում:

- Ոչ պակաս ինտենսիվությամբ շրջանառվում է տեսակետ, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, միջազգային դրության աննախադեպ սրման մեր օրերում արդարացում չի կարող ունենալ Հայաստանի սահմանադրության փոփոխման ներկա նախաձեռնությունը: Ասել է թե` ներկայումս մենք ավելի լուրջ եւ հրատապ ազգային ու պետական խնդիրներ ունենք, քան սահմանադրության փոփոխությունն է:

- Հենց աշխարհաքաղաքական զարգացումներն են, ռազմաքաղաքական նոր իրողություններն են, որ հայացքով նաեւ դեպի ներս շրջվելու խնդիր են դնում մեր առաջ: Նոր ժամանակներում, որքանով հասկանում եմ, մեզ խիստ անհրաժեշտ է պետական համակարգի գործունեության առավելագույն հստակեցում, ներքաղաքական կայունության ապահովում, խորհրդարանական կառավարման ներուժի լիարժեք օգտագործում: Իսկ սահմանադրության առաջարկվող փոփոխությունները միտում ունեն լուծելու նաեւ այդ հարցերը:

- Եվ, այդ բոլորով հանդերձ, շարքային քաղաքացուն ավելի շատ հետաքրքրում է մարդու իրավունքների եւ ազատությունների հարցը:

Սահմանադրական իրավունքի մասնագետները նշում են, որ ներկա բարեփոխումների առանցքը մարդու եւ քաղաքացու իրավական կարգավիճակի ընդլայնումն ու ամրապնդումն է:

Կարո՞ղ եք մեկ-երկու օրինակ բերել այդ առումով:

- Նախագիծն ամրագրում է, օրինակ, վարչարարության իրավունք, որին գործող օրենսդրությունում մասնակի է անդրադարձ կատարված: Նախագծի 50-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք ունի: Ավելին` նույն հոդվածի երկրորդ մասը սահմանադրական կարգավորման մակարդակ է բարձրացնում մարդու` լսված լինելու հիմնարար իրավունքը` սահմանելով, որ պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչեւ անձի համար միջամտող անհատական ակտ ընդունելը լսել նրան:

Կարեւոր նշանակություն ունի նախագծի 51-րդ հոդվածում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործունեության մասին տեղեկություններ ստանալու, այդ թվում` փաստաթղթերին ծանոթանալու սահմանադրական իրավունքի առանձին ամրագրումը:

Եվ նման շատ դրույթներ, որոնք նախկինում չկային:

- Սոցիալական խնդիրների լուծման տեսակետից ի՞նչ նորություններ է առաջադրում սահմանադրության նախագիծը` դարձյալ մեկ-երկու օրինակ, եթե կարելի է: Ի վերջո դա էլ այն ոլորտներից է, որ մարդուն հետաքրքրում է:

- Կարծում եմ` սոցիալական պետության սահմանադրական դրույթն ավելի իրատեսական ու իրագործելի կլինի:

Ենթադրվում է, ասենք, սոցիալական ապահովության, սոցիալական ապահովագրության, սոցիալական օգնության նպատակային քաղաքականություն` թույլ չտալու համար սոցիալական շերտավորման անհամաչափ խորացում:

Ամրագրվում են մարդու սոցիալական իրավունքները` բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք, անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունք եւ այլն:

Հաճելի նորություն է, որ մարդու սոցիալական իրավունքի խախտման դեպքում անձը Սահմանադրական դատարան դիմելու իրավունք կունենա` իրավունքի պաշտպանության պահանջով:

Ամրագրված են սոցիալական ոլորտում պետության նպատակներն ամրագրող դրույթներ` գործարար միջավայրի բարելավում, ձեռնարկատիրության խթանում, բնակչության զբաղվածության խթանում, աշխատանքի պայմանների բարելավում, բնակարանային շինարարության խթանում, ծնելիության եւ բազմազավակության խթանում…

- Պարո՛ն քաղաքապետ, քիչ է մնում անթերի եւ կատարյալ համարեք սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

- Կատարյալ, անթերի սահմանադրություն որեւէ երկրում եւ երբեւէ չի եղել: Ի վերջո` ի՞նչ ասել է անթերի ու կատարյալ:

Սահմանադրությունը` որպես տվյալ հասարակության, պետության հիմնական օրենք, բխում է տվյալ ժամանակաշրջանի իրողություններից, տվյալ պետության նպատակներից, համամարդկային ու ազգային արժեքներից եւ, իհարկե, կառուցվում է` հաշվի առնելով նաեւ սահմանադրական ավանդույթներն ու սահմանադրական իրավունքի միջազգային փորձը:

Սահմանադրության փոփոխությունների առաջարկվող նախագիծը, համոզված եմ, տեղավորվում է այդ չափանիշների մեջ:

Փորձենք հետադարձ հայացք ձգել մեր պատմությանը: Կտեսնենք, որ հիմնական օրենքի առաքելություն ունեցող փաստաթղթերը հայոց մեջ միշտ էլ, նախեւառաջ, ժամանակի շունչն են արտահայտել եւ զարգացման միտումները նախանշել:

Հիշենք, օրինակ, Արցախի եւ Ուտիքի թագավոր հայազգի Վաչագան Բարեպաշտի (ծն. թ. անհայտ-մոտ 510թ.) կանոնակարգումները, որոնց համաձայն` պետք է կառավարվեր հասարակությունը: Ի դեպ, սխալված չեմ լինի, եթե Վաչագան Բարեպաշտի կանոնակարգումները համարեմ հայոց մեջ սահմանադրական գիտության նախադեպ: Այդ կանոնակարգումները պատասխան էին ժամանակի մարտահրավերներին:

Հիշենք նաեւ «Որոգայթ փառացը»` բուրժուական սահմանադրական հանրապետության առաջին նախագիծը հայ իրականությունում (18-րդ դարի 2-րդ կես, Մադրաս, հեղինակ` Շահամիր Շահամիրյան):

Այդ փաստաթղթի որոշ հիմնադրույթներ արդիական են նաեւ այսօր:

Դժվար չէ նկատել, որ սահմանադրության փոփոխությունների ներկա նախագծում այդ եւ նման այլ փաստաթղթերի ազդեցությունն էլ կա, որը բնական եմ համարում եւ անհրաժեշտ:

-    Իսկ ի՞նչ է պակասում ներկա քարոզարշավին:

-    Մի փոքր ավելի ժամանակ ունենալու պարագայում ընտրողներին ավելի հանգամանալից կներկայացնեինք առաջարկվող փոփոխությունները, մարդիկ ուզում են ավելի շատ իմանալ:

-    Չե՞ք վախենում, որ «Ոչ»-ի կողմնակիցները սույն հանրաքվեն կվերածեն գործող իշխանությունների հանդեպ վստահության հանրաքվեի:

-    Կա նման միտում, եւ դա ակնհայտ է: Քիչ չեն նաեւ ընտրողները, ովքեր հանրաքվեին հենց այդպես էլ վերաբերվում են:

Բայց վախենալու խնդիր չկա: Սյունիքի մարզում եւ հատկապես Քաջարան քաղաքում մենք այնքան ազնիվ ենք եղել ընտրողների հանդեպ, որ ավելի շատ վստահություն ու հավատ ենք ակնկալում մարդկանցից:

-    Վարչական ռեսուրսի հետ էլ, հավանաբար, հույսեր եք կապում:

-    Ես արդեն ասացի` մեր սկզբունքն առաջիկա հանրաքվեում ազատ կամարտահայտությունն է, գիտակցված «Այո»-ն, թափանցիկ եւ օրինավոր քվեարկությունը: Մնացյալն անհիմն խոսակցություն է:

Քաջարան քաղաքում հենց այդ սկզբունքով էլ աշխատում ենք:

Գործընթացն այնքան թափանցիկ է, որ վերն ասվածի հավաստիության մեջ այսօր էլ կարող եք համոզված լինել:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25