Վարդան Ջհանյան. «Առանց զարգացած տնտեսության մենք չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն»

30.03.2023 10:08
3956

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին:

Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին:

Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ պատճառով կարևորել ենք նրանց հետ հանդիպումներն ու զրույցները:

Մեր զրուցակիցն է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վարդան Ջհանյանը:

Վարդան Ջհանյանը 2016 թվականից  սերտիֆիկացված ֆինանսական վերլուծաբան է, իսկ 2014 թվականից Սերտիֆիկացված հաշվապահների ասոցիացիայի անդամ:

Ունի ֆինանսական կառավարման և ֆինանսական աուդիտի 15 տարվա փորձ և վեց տարվա փորձ՝ հանքարդյունաբերության ոլորտում՝ բարձրագույն ղեկավար պաշտոններում:

Մինչև ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ նշանակվելը (հոկտեմբեր 2021թ) Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսական տնօրենն էր՝ 2017 թվականից:

Դրանից առաջ տարբեր պաշտոններում աշխատել է Deloitte-ի ԱՊՀ ստորաբաժանման հետ (2010-2017 թթ.):

Վարդան Ջհանյանը հաշվապահության, վերլուծության և աուդիտի մագիստրոսի կոչում է ստացել Մոսկվայի ազգային հետազոտական միջուկային համալսարանում (MEPHI)՝ 2009 թվականին։

- Պարոն Ջհանյան, լրացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրման 70-ամյակը: Դա, անշուշտ, նշանակալից իրադարձություն է մեր երկրի հանքարդյունաբերության ոլորտում և առաջին հերթին ընկերության այսօրվա ու նախկին աշխատակիցների կյանքում: Այդ կապակցությամբ, անկասկած, Դուք ասելիք կունենաք՝ շնորհավորանքի խոսք: Մեր զրույցը, եթե կարելի է, սկսենք այդ շնորհավորանքով:

- 70 տարին՝ անընդմեջ գործող հանքի համար, պատկառելի ժամանակահատված է։ Այս ձեռնարկությունը կրել է Հայաստանի տնտեսության առաջընթացի շատ մեծ բեռ, եղել է հանքարդյունաբերության դպրոցը, եղել է աշխատավայր մի քանի սերնդի համար և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության հենասյունը։ Շնորհավորում եմ ընկերության բոլոր աշխատակիցներին՝ կոմբինատի հոբելյանական տարեդարձի առթիվ և մաղթում, որ նրանցից յուրաքանչյուրն իրապես գնահատի իր աշխատանքը և գնահատված լինի՝ իր ստեղծած արդյունքին համահունչ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի աշխատակազմի շուրջ 25 %-ը կանայք են, և  կանանց միամսյակի առիթով ուզում եմ նրանց առանձնահատուկ շնորհավորանք հղել ու հատկապես շեշտել, որ պետք է կոտրենք կարծարտիպերը, թե հանքարդյունաբերությունը ծանր և միայն տղամարդկանց համար նախատեսված աշխատանք է։ Մեր շարքերում բազմաթիվ կանայք ամեն օր ապացուցում են, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը տեխնոլոգիապես հագեցած, արժանապատիվ, հետաքրքիր և անվտանգ աշխատանք է նաև կանանց համար։

Շնորհավորում եմ և շնորհակալություն հայտնում մեր բոլոր աշխատակիցներին, ովքեր սիրում ու գնահատում են Սյունիքի բնության այս հրաշալի ռեսուրսը և սիրով, պատասխանատվությամբ կատարում իրենց գործը։

- Հիմա բուն զրույցին անցնենք. որպեսզի կենտրոնանաք Ձեր պատասխանատվության ոլորտում գտնվող և մեր լսարանին հետաքրքրող հարցերի վրա՝ կուզենայինք նախևառաջ ծանոթանալ ընկերության ղեկավար օղակի կառուցվածքին՝ կառավարման խորհուրդ, տնօրենություն...Մի քանի տարի շարունակ Սյունիքում, և ոչ միայն, հանրությանն առավել հետաքրքրող հարցերից մեկը հետևյալն էր՝ ովքե՞ր են Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի իրական բաժնետերերը: Մոտ երկու տարի առաջ, կարծեք, այդ հարցում հստակություն մտցվեց: Եվ...

- Կարծում եմ՝ հանքարդյունաբերության ոլորտն այսօր առավել քան թափանցիկ է, քանի որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության շրջանակում հանքարդյունաբերության ոլորտն առավել շատ տեղեկատվություն տրամադրող ոլորտներից է, եթե ոչ առավելագույն։ Այստեղ գաղտնիքներ չկան, և տեղեկատվությունը հրապարակային է թե՛ պետական տարբեր հարթակներում, թե՛ ԱՃԹՆ շրջանակում։

- Ընկերության 2004 թ. մասնավորեցումից հետո, փաստորեն, առաջին անգամ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության բաժնետեր դարձավ նաև ՀՀ կառավարությունը: Նախ՝ ինչպե՞ս եք գնահատում այդ իրողությունը, և երկրորդ՝ ի՞նչ ձևաչափով է կառավարությունը մասնակցում ընկերության կառավարմանը:

- Կառավարությունը մոտ 25 տոկոսի սեփականատերն է և այդ մասնակցությամբ չի միջամտում ընկերության ամենօրյա գործունեությանը։  Կարծում եմ՝ կառավարության մասնաբաժինը դրական է ոչ միայն պետության, հետևաբար նաև ժողովրդի հետ երկրի խոշորագույն ձեռնարկության սեփականատիրությունը կիսելու առումով, այլև... վերահսկող մարմինը ներսից տեսնում է բոլոր խնդիրները։ Մի բան է, երբ կառավարությունը խնդիրները տեսնում է այնպես, ինչպես հասարակությունն է տեսնում, և բոլորովին այլ բան է, երբ կառավարությունն ունի նշանակված մարդիկ, ովքեր տեսնում են օբյեկտիվ իրականությունը, կատարվող լուրջ բնապահպանական ծրագրերը, սոցիալական ծրագրերը, ներդրումային ծրագրերը, գնահատում են այդ ամենը,  և ընդհանուր առմամբ կարողանում ավելի համապարփակ տեսնել աշխատանքը։ Ամենօրյա կառավարման առումով մեծ տարբերություն չեմ տեսնում. կառավարումը, ինչպես և նախկինում,  իրականացվում է հիմնական սեփականատիրոջ  նշանակված ղեկավարության կողմից:

- Աշխարհաքաղաքական փոփոխվող և անորոշ իրավիճակում մեր հանրապետության տնտեսվարողները բազմաթիվ խնդիրների են բախվում: Նախ՝ կարողանո՞ւմ եք հաղթահարել լոգիստիկ դժվարությունները և մատակարարումների, առաքումների հարցում անխափանություն ապահովել: Երկրորդ՝ դոլարի և եվրոյի արժեզրկման պայմաններում արդյո՞ք մեծացել են վնասների ռիսկերը. նկատի ունենք հանգամանքը, որ այդ արժույթներով եք գլխավորապես իրացնում պղնձի և մոլիբդենի խտանյութերը:

-  Ինչպես մեր ընկերությունը, այնպես էլ արտահանման ոլորտում աշխատող բազմաթիվ հայաստանյան ընկերություններ այսօր տուժում են դոլարի էժանացման հետևանքով։ Երբ ընկերության եկամուտները գոյանում են ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, ծախսերը՝ աշխատավարձ, էլեկտրաէներգիայի, տրանսպորտային, լոգիստիկ և ամենօրյա այլ վճարներ, կատարվում են դրամով, ապա ընկերությունը զգալիորեն տուժում է։ Ընդհանրապես դոլարի փոխարժեքի անկման հետևանքով նվազում է հայկական ապրանքների մրցունակությունը և՛ դրսի, և՛ ներսի շուկաներում, ու շատերը ստիպված թանկացնում են իրենց ապրանքները։ Մեր ապրանքի դեպքում գնագոյացումը միայն մեր ցանկությունից կամ օբյեկտիվ իրավիճակից բխող պայմաններից չէ, որ կախված է. միջազգային հաստատված գներ են և, բնականաբար, դրանցից մեծ շեղումներ լինել չեն կարող։ Ընդհանրապես կարող ենք արդեն իսկ արձանագրել՝ 2022-ի շահութաբերության նման մակարդակ ու հետևաբար նաև հարկային մուտքեր այս տարի ոլորտի ոչ մի ընկերություն չի ունենա, այդ թվում՝ դրամի արժևորման պատճառով։

- Որքան հիշում ենք, ընկերության նոր սեփականատերը և նոր գործադիր թիմն անդրադարձներ են կատարել ընկերությունում իրականացվելիք ներդրումային ծրագրերի վերաբերյալ: Կարո՞ղ ենք իմանալ՝ ներդրումային ի՞նչ կոնկրետ ծրագրեր կան և անցած մեկ տարվա ընթացքում որքանո՞վ են դրանք կյանքի կոչվել:

- ԶՊՄԿ-ում արդեն իսկ արվել են տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ՝ տեխնիկական վերազինման, բնապահպանական համակարգերի արդիականացման համար։ Ամբողջությամբ թարմացվում է հանքաքար տեղափոխող ինքնաթափերի պարկը։ Ինչ վերաբերում է ԶՊՄԿ-ից դուրս խոշոր ներդրումային ծրագրերին, ապա դա «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի ղեկավարության տիրույթում գտնվող հարց է, և կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ դրան, առիթի դեպքում, խմբի ղեկավարությունը պատասխաներ։

- Եվ, իհարկե, ընկերության դերակատարությունը մեր պետական բյուջեի համալրման գործում: Հարցազրույցներից մեկում Դուք նշել եք երկրի պաշտպանունակության ամրապնդման գործում ԶՊՄԿ-ի դերակատարության մասին: Եվ նույնիսկ օրինակ եք բերել՝ 2021-ին պետբյուջեից պաշտպանությանն ուղղված ծախսերը եղել են 319 մլրդ դրամ, որի կեսից ավելին ապահովել է ԶՊՄԿ-ն: Ենթադրում ենք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը շարունակում է առաջնահերթ համարել երկրի և, իհարկե, Սյունիքի պաշտպանունակության ամրապնդումը:

-  Նախ դիտարկենք այն գործոնները, որոնք հնարավոր են դարձրել այդ ավելացումը՝ ԶՊՄԿ-ի հարկերի առումով։ Առաջինը՝ պղնձի, մոլիբդենի գների բարձրացումն է, ինչը սկսվել է նախանցյալ տարի և շարունակվել 2022-ի առաջին կիսամյակում: Երկրորդը՝ «Հարկային օրենսգրքում» պետական տուրքեր կոնցենտրատների արտահանման համար՝ սահմանված լրացուցիչ ռոյալթին էր, ինչը նույնպես նպաստել էր  աճի դինամիկային։ Այդ դրույթը երկարաժամկետ առումով խնդիրներ էր ստեղծում ոլորտի համար, և լավ է, որ փոփոխվեց։ Կարճաժամկետ կտրվածքում դա կնպաստի հարկային մուտքերի որոշակի կրճատմանը, բայց ոլորտի կողմից կայուն տնտեսական ներդրման առումով այդ փոփոխությունն անհրաժեշտ էր։ 

Եվ, անշուշտ, որոշակի վարչարարական բարեփոխումները նույնպես նպաստել են, որ մոտավորապես նույն արդյունահանման պայմաններում հարկային մուտքերը բարելավվեն։

Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտին, ես ընդամենն օրինակ էի բերել, որ մեր վճարած հարկերը համարժեք են պաշտպանությանն ուղղված բյուջեի կեսին, որպեսզի ավելի լավ պատկերացում լինի, թե ինչ ահռելի գումար է։  Միևնույն ժամանակ, սա նաև ցույց է տալիս, թե ինչ կարևոր է եղած ռեսուրսները, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտի ռեսուրսները ճիշտ օգտագործելը և զարգացած տնտեսություն ունենալը: Առանց զարգացած տնտեսության մենք չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն: Ես սա առիթ ունեցել եմ ասելու՝ եթե Հայաստանը ԶՊՄԿ-ի հզորության ևս մեկ կամ երկու ծրագիր ունենար, կունենայինք որակապես այլ տնտեսություն։

- 2020 թ. նոյեմբերի 9-ից և մասնավորապես այդ տարվա դեկտեմբերի 18-ից հետո Սյունիքի շուրջ ռազմաքաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել: Ավելին, շարունակվում են անորոշությունները մեր տարածաշրջանի շուրջ: Արդյո՞ք ստեղծված վիճակում ռիսկային չեք համարում ընկերությունում կատարվող ներդրումները, արդիականացմանն ուղղված քայլերը:

-  Ոչ, մենք դա համարում ենք մեր բնականոն աշխատանքը՝ Հայաստանի ինքնիշխան սահմանների մեջ, և այդ հարցում՝ ներկա իրավիճակում, մեզ համար չկան անորոշություններ։ Ընդհակառակը՝ Սյունիքում շարունակում ենք կատարել ներդրումներ և ամեն կերպ նպաստել տարածաշրջանի զարգացմանը։ Կոմբինատն արդիականացվում է, և շարունակելու ենք զարգացնել հանքարդյունաբերությունը՝ լավագույն տեխնոլոգիաներ ներգրավելով։ Նման գործելաոճն ինքնին, եթե նույնիսկ հաշվի չառնենք արդեն իսկ մեծ օգուտ բերող հարկերը, այս ձեռնարկության զարգացումը դարձնում է  մարզի համար կարևոր ռազմավարական գործոն, որն ապահովում է հանրության զբաղվածությունը, ապահովում է  ներդրումներ, տնտեսական աճ և դառնում մարզն ամրացնող կարևոր հենասյուն։

- Արտադրանքի ծավալներ, արտահանման ծավալներ. մի քանի թվեր այդ մասին, որոնց օգնությամբ կարող ենք պատկերացում կազմել ընկերության ներկայիս ամբողջական նկարագրի վերաբերյալ:

- Անցյալ տարի արդյունահանման ծավալը համապատասխանել է լիցենզիայով նախատեսված ծավալին՝ 22 միլիոն տոննա հանքաքար, ինչը 20 %-ով ավելին էր նախորդ տարվա ցուցանիշից. իհարկե, մեր ունեցած թույլտվությունների սահմաններում։ Ապագայում նախատեսում ենք ընդլայնել ծավալները, բայց դա արդեն նոր լիցենզավորման կարիք կունենա։ ԶՊՄԿ-ն հսկա է, որի բոլոր հնարավորությունները պետք է օգտագործել՝  պահպանելով, իհարկե, կայուն զարգացման, բնապահանական բոլոր չափանիշները։

- Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը հսկայական տնտեսություն է և, բնականաբար, չեն կարող չլինել թերություններ, դժվարություններ, բացթողումներ, որոնք Ձեզ, որպես գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, անհանգստացնում կամ մտահոգում են: Այդ մասին կուզենայինք իմանալ:

- Ինչ խոսք, արդյունաբերական հսկան, որի գործունեությունն արդեն իսկ առնչվում է բազմաթիվ ռիսկերի հետ, դժվարություններ չի կարող չունենալ։ Սա բազմաշերտ և ընդգրկուն ոլորտ է՝ հատկապես ռիսկերի կառավարման առումով։ Հենց դրանով էլ բարդ, ժամանակատար և ծախսատար է ժամանակակից հանքի շահագործումը։ Սակայն կառավարման ճիշտ կազմակերպման դեպքում հնարավոր է ունենալ անխափան, կայուն և համաշխարհային լավագույն չափորոշիչներին համապատասխանող ձեռնարկություն։ Մենք հիմա ինչ-որ իմաստով բարեփոխումների փուլ ենք անցնում, որն ամենօրյա ռեժիմով նոր, կարևոր, երբեմն հրատապ որոշումների անհրաժեշտություն է ենթադրում։ Մենք տեսնում ենք 70-ամյա հանքի երիտասարդացած ապագան, և տեսնում ենք, որ հանքարդյունաբերության միջազգային փորձի ներդրմանը կարող ենք շատ շուտով հասնել, ինչը, իհարկե, մեծ ծավալի ջանքեր և ժամանակ է պահանջում։

- Կուզենայինք քննարկել նաև բնապահպանական խնդիրները. հանքարդյունաբերությունն այդ իմաստով ամենախոցելի և ամենաքննադատվող ոլորտն է։

- Բնապահպանությունը և կայուն զարգացումը հանքարդյունաբերության ոլորտում շատ տարողունակ թեմա են, և կարելի է  մանրամասն ներկայացնել, թե հատկապես ինչ է  անում այսօր ԶՊՄԿ-ն՝ բնապահպանական մարտահրավերների առումով։ Բայց, եթե ամենակարճ պատասխանը տամ, ապա հայաստանյան օրենսդրությամբ նախատեսված բնապահպանական բոլոր պահանջները մենք կատարում ենք: Եվ այդքանով չենք բավարարվում, այլ հետևում ենք համաշխարհային միտումներին՝ բնապահպանական ռիսկերը նվազագույնի հասցնելու առումով։ Պետք է ասեմ՝ միշտ չէ, երբ համացանցով կամ որևէ լրատվամիջոցով ներկայացվող խնդիրը համապատասխանում է իրականությանը: Իհարկե, չենք էլ կարող պնդել, թե խնդիրներ չկան, կան, բայց դրանք լուծելի են։ Ընդ որում՝ լուծումները, ինչպես արդեն ասացի, մեծ ծախսեր են պահանջում, բայց բնապահպանական հարցերի լուծման համար երբեք ու որևէ գումար չի խնայվում։ Շուտով կհայտարարվի մի քանի մեծածավալ ծրագրի մասին, որ այս ուղղությամբ իրականացվում է։

- Ադրբեջանը, փաստորեն, Հայաստանի նկատմամբ բնապահպանական տեռոր է կիրառում՝ պնդելով՝ հայկական հանքերը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, շահագործվում են բնապահպանական լուրջ խախտումներով, և ներկայացնում են, թե դա է իրենց կողմից Լաչինի միջանցքը փակելու շարժառիթը:

- Երբ ասում եմ, որ մեր երկրի բնապահպանական խնդիրները միշտ չէ, որ ներկայացվում են գրագետ ու օբյեկտիվ ձևով, հենց դա նկատի ունեմ: Հիմա յուրաքանչյուր կեղծ տեղեկատվություն վերածվում է թշնամու կողմից սադրանքի առիթի։ Ստացվում է՝ ինքներս մեր տնտեսության կարևորագույն ոլորտը վարկաբեկում ենք։ Մինչդեռ, վստահաբար կարող եմ ասել, հայկական հանքավայրերը հարևանների համեմատ շատ ավելի բարձրակարգ կառավարում ունեն և բնապահպանական շատ ավելի խիստ չափանիշներով են առաջնորդվում։ Ոլորտում եղած բոլոր խնդիրները պետք է վեր հանվեն գրագետ և նպատակային՝ եղած հարցերին լավագույն լուծումներ տալու, ոչ թե անհարկի, անտեղյակ և ապատեղեկատվական աղմուկով վնասելու թե՛ երկրի, թե՛ կոնկրետ այս լրջագույն ոլորտի համբավը։

 

Հարցազրույցը՝

Սամվել Ալեքսանյանի

 

Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով

29.03.2024 11:07

Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին

29.03.2024 11:02

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

29.03.2024 11:01

Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

28.03.2024 21:52

ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի այցը Ույծ և Լոր գյուղեր

28.03.2024 21:08

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ Լավրով

28.03.2024 19:50

Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը

28.03.2024 15:50

Մեր հայրենակից, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը դարձավ 70 տարեկան

28.03.2024 15:33

2024 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

28.03.2024 14:28

Կառավարությունն ապրիլի ընթացքում կներկայացնի ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովման ծրագիրը

28.03.2024 12:12

Crocus City Hall-ի ահաբեկչության զոհերի թիվը հասավ 143-ի

28.03.2024 12:08

ՀՀ-ում բացի Հայաստանի կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյան

28.03.2024 12:05