Վարդան Մեսրոբյան. «Համայնքների խոշորացմամբ գյուղացու եւ տեղական իշխանության միջեւ մի նոր եւ արհեստական, ինչ-որ առումով անհաղթահարելի ջրբաժան է առաջանում»

16.08.2017 08:59
1893

Քարքարոտ, անանցանելի ճանապարհով գնում ենք Սիսիանի տարածաշրջանի Սալվարդ գյուղ: Գնում-գնում ենք... Վերջապես... Ահա եւ գյուղն ու նրա կենտրոնը (մարդիկ գյուղի կենտրոնը համարում են գյուղապետարանի շենքի մոտ գտնվող տարածքը):


Այստեղ դաղձի ծով է, դաղձի համբույր ու դաղձի գգվանք: Եվ օրվա օրհնանքն ասես կաթ-կաթ թափվում է դաղձի թփերի վրա եւ տարածվում գյուղով մեկ, ու օրվա օրհնությունն ամեն տուն է մտնում: Ու նաեւ այն տները, որոնց տերերը գնացել են՝ ուր նրանց աչքը կտրի... Օրվա օրհնությունն այդ լքված տները կպահի՝ մինչեւ տերերը հետ կդառնան, քանի որ մի օր անպայման «Հայաստան ասելիս»  նրանց «շրթունքը» ճաքելու է, ինչպես պատահեց Նարեկի հետ: Նարեկն էլ, որ Սալվարդը թողել-գնացել էր Ռուսաստան՝ բախտ որոնելու,  մի օր հիշեց Համո Սահյանի արձանագրումը՝

«Ախր  ուրիշ տեղ հայրեններ չկան,
 Ախր ուրիշ տեղ հորովել չկա....»:


Եվ վերադարձավ Սալվարդ՝ իր ծննդավայր, ախր Սահյանն իրենց գյուղով է  Աղոթարան բարձրացել ու մինչ բարձրանալը՝ «լուսաբացի թավշյա փեշով» սրբել է «ծիր կաթինոտ ճակատը» Սալվարդի, խմել սառը ջուրը Սալվարդի ու հենց Սալվարդում է բանաստեղծը նկատել, թե  ինչպես են «նախաստեղծ  սիրով իրար փնտրում խռով քարայծն ու մարդը Սալվարդի»:


Նարեկն աշխատում է  մոտակայքում տեղակայված սահմանապահ հենակետերից մեկում, դիպուկահար է: «Սալվարդը մեր ինքնությունն է, մեր խորհրդանիշը», - կարդում եմ նրա հայացքում եւ հասկանում նաեւ, թե ինչու դարձավ զինվորական: Ու եկել է, որ պաշտպան կանգնի սարերի խռովքին եւ անհուն տիեզերքի մեջ իր հենման կետը գտնի: Գտել է, ամուսնացել, հիմա
երեխա ունի: Հայրը վաստակաշատ մեխանիզատոր է, մայրը՝ Նունե Ավետիսյանը, վաճառող է:


- Պարտքացուցակ ունե՞ք, - հարցնում եմ Նունե Ավետիսյանին:


- Իհարկե, առանց դրա ոչ մի խանութ չի գոյատեւի: Պարտքով չտալ չենք կարող: Մարդը սոված է, փող չունի, թողնենք սովա՞ծ մնա: Մի օր կվերադարձնի պարտքը…


Ու պատմում է, որ Սալվարդն այլեւս առաջվանը չէ:  Առաջներում այստեղ օրը բացվում էր լավաշ հացի բուրմունքով: Իսկ բուրմունքն այդ գնում-հասնում էր Աղոթարան: Հիմա գյուղում լավաշ թխում է միայն մեկ հոգի, մի քանիսն էլ էլեկտրական վառարանում են հաց թխում, մյուսներն էլ խանութից են հաց գնում:


- Հեշտ չէ հաց թխելը, - ասում է Նունեն, - ոնց որ գլուխդ մտցնես հրե լավայի մեջ, ո՞նց դիմանաս այդ ջերմությանը: Քարից հաց ենք քամում: 2017-ը գյուղացու տարի չի: Հուլիսից անձրեւ չի գալիս, կարկուտ էլ եկավ,  արար աշխարհ չորացել է, կովն էլ կաթ չի տալիս, խոտ չկա դրսում…


Հետո փոխում է զրույցի ուղղությունը՝ ուրախ նոտաներով:


- Ուզում ենք տրակտոր գնել. վարկ կվերցնենք, տղաս զինվորական է,  կկարողանանք փակել, վարկի տոկոսների տակ չենք մնա: Դուք որտեղի՞ց եք, բողոքի գիրքս բացեցի ու մոռացա հարցնել այդ մասին:


Իմանալով,  որ «Սյունյաց երկիր» թերթից ենք՝ իսկույն մտավ խանութ ու բերեց թերթի վերջին համարը:


- Ուրեմն դուք այդ թերթից եք: Ապետնակ Ավետիսյանի թերթն է (ցույց է տալիս թերթի համարը. Ա.Մ.): Նա հիմա յայլաղում է: ժողովուրդն էլ նրա բացակայությունից օգտվում է, թերթը ձեռքից ձեռք է անցնում, կարդում են, ծանոթանում մարզի անցուդարձին…


Սալվարդի գյուղապետ Վարդան Մեսրոբյանը ցավով պատմում է, որ հիմա գյուղում 200 մարդ է ապրում: 1992թ. այստեղ 92 ծուխ է եղել, հիմա՝ 53: 1941թ. գյուղն ունեցել է 1080 բնակիչ, 1956 -ին՝ 550: Տարեցտարի պակասել է  բնակչության թիվը, եւ գյուղը ներսից փոքրանում-փոքրանում է, կուչ գալիս, խեղճանում: Անցած եւ այս տարի գյուղի դպրոցը շրջանավարտ չի տվել,  բայց եկող տարի 4-ը կունենա, իսկ 2017-2018 ուսումնական տարում դպրոցն 1-ին դասարանցի երկու աշակերտ կունենա: Իսկ ընդհանուր առմամբ, գյուղի դպրոցն ունի 14 աշակերտ:


Գյուղապետի որդին՝ Արթուրը, սովորում է Երեւանի գյուղակադեմիայի վարժարանում:


- Եթե ինստիտուտն ավարտեմ եւ Սիսիանի բանկերից որեւէ մեկում աշխատանք գտնեմ, կվերադառնամ, - ասում է Արթուրը:


Հայրն էլ թե՝
- Կգաս,  բայց Սիսիանում կապրես, քո երեխան գյուղում չի ապրի…


Գյուղապետ հոր խոսքում դառնություն եմ զգում, ափսոսանք. նրա մեջ հայրը չէր խոսում, այլ գյուղի ապագայով մտահոգ մարդը, որովհետեւ Սալվարդը, որքանով հասկացանք, նրա հոգու անառիկ ամրոցն է:


- Երբ Համո Սահյանը գալիս էր գյուղ, հանդիպում էր ժողովրդին, խոսքի բռնվում մարդկանց հետ:

Հիշում եմ, մի օր եկավ հանդիպեց տնտեսության կթվորների հետ ու նրանց ժամացույց նվիրեց:


Մի պահ լռելուց հետո կրկին վերադառնում է մեր օրերը:


- Սալվարդի ջուրը լավն է, սառնորակ, ոչ մի սառնարանում ամռանն այսպիսի սառը ջուր չես գտնի:

Հետո ասում է, որ գյուղում մարդիկ անասնապահությամբ, հողագործությամբ են զբաղվում: Գյուղում բոլորը կով ունեն, բացի երեք ընտանիքից: Մարդիկ կան, որ 100-150 գլուխ մանր եղջերավոր անասուն են պահում, ընտանիք էլ կա՝ 16-17 կով ունի: Կաթի մթերման խնդիր չունենք. Գորիսի «Էլոլա» գործարանը հուսալի գործընկեր է: Լիտրը 130 դրամով կաթը վերցնում է, ժամանակին վճարում:

Անասնապահի օրն էլ սարվորների համար օղի ու սուրճ էր ուղարկել:


Գյուղի անասունների մոտ հիվանդություններ ավանդաբար քիչ են լինում՝ շնորհիվ ալպիական մարգագետինների եւ սառնորակ ջրերի: Ափսոս՝ դրսից վարձակալողներ չկան: Իսկ սալվարդցիք այդքան արոտավայրերը չեն կարող օգտագործել, քանի որ պակասել է ե՛ւ մանր, ե՛ւ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը: Ուրախալին  այն է, որ միջազգային կառույցները  յայլաղներում անասունների համար ստեղծել են մակատեղիներ, անասունների համար ջուր խմելու պայմաններ, անասնապահների կացարան…


Գյուղապետ Վարդան Մեսրոբյանը, իսկապես, մարդու, գյուղապետի փնտրված տեսակ է մեր օրերում՝ հայրենի հողուջրին նվիրված: Շատ լավ գիտի գյուղի բոլոր հանդամասերը, գիտի գյուղի հետ կապված բազում ավանդազրույցներ: Պատկերացնում է սահմանապահ Սալվարդի առաքելությունը: Չափից ավելի համեստ այդ մարդը նաեւ գյուղի առջեւ ծառացած հիմնախնդիրներն է թվարկում: Եվ առաջին հիմնախնդիրը Հացավանից մինչեւ Սալվարդ ձգվող ավտոմայրուղու ամոթալի վիճակն է, որ վերջին անգամ կարգի է բերվել 1990-ականների վերջին՝ ընտրություններից մեկի առիթով:


Գյուղապետը վերապահումով է վերաբերվում համայնքների խոշորացման՝ Սյունիքում, նաեւ Սիսիանի տարածաշրջանում իրականացվող ծրագրին:


- Ես տեղյակ չեմ հանրապետության մյուս վայրերում իրականացված խոշորացման արդյունքներին, չեմ էլ կարծում, որ կառավարությունն այս փուլում հետ կկանգնի բազմաբնակավայր համայնքներ ստեղծելու ծրագրից, - ասում է Վարդան Մեսրոբյանը: - Չգիտեմ՝ ինչ կտա խոշորացումը գյուղին կամ գյուղացուն, բայց մի բանի հաստատ կբախվենք՝ գյուղացու եւ տեղական իշխանության միջեւ մի նոր եւ արհեստական, ինչ-որ առումով անհաղթահարելի ջրբաժան կառաջանա, մինչդեռ բարեփոխումները պետք է մարդուն եւ իշխանությանը մերձեցնող նպատակ ունենային նախեւառաջ, որ երկիրն էլ ուժեղանար, մարդն էլ իրեն պետության մաս զգար:


Գյուղապետը թվարկում է գյուղացիներին մտահոգող մյուս հարցերը եւս՝ լուծումների իր պատկերացմամբ: Բայց այդ լուծումները, կարծես, պատրանք են թվում ավելի շատ: Այլապես գյուղն այդպիսի արագությամբ չէր խեղճանա ու նահանջի: Եվ ափսոս, որ շատերն այդպես էլ չեն ուզում հասկանալ՝ Հայաստանը հզոր կարող է լինել միայն ու միայն լեռնային գյուղերով, սահմանապահ բնակավայրերով…


Գյուղապետ Վարդան Մեսրոբյանի եւ Նարեկ զինվորականի հետ գնում ենք յայլաղ, որտեղ գտնվում են գյուղի անասնապահները: Այդտեղ հանդիպում ենք Ապետնակ Ավետիսյանին՝ «Սյունյաց երկիր»  թերթի բաժանորդին: Շնորհավորում ենք Անասնապահի օրվա առթիվ, որ մեկ օր առաջ էր նշվել:


- Տեղյակ չէինք, թե չէ լավ կնշեինք, բայց  դե ամեն օր մեզ համար տոն է, օդը՝ մաքուր, ջուրը՝ սառը:


- Մենք էլ մտածում էինք, թե այսօր Ձեզ հետ կշարունակենք երեկվա տոնական օրը, -  փորձում ենք կատակել:


- Հիմա գառ կմորթեմ, եւ կշարունակենք տոնը…


Խոսում է «Սյունյաց երկիր» թերթի մասին, նշում, որ այն իրական է ներկայացնում կյանքը՝ առանց գունազարդումների եւ աղավաղումների:


- Ինչպե՞ս եք ապրում, - հարցնում ենք:


- Վատ չենք ապրում, հացն ունենք, սուրճ ունենք, ջուրն ու կրակն էլ ունենք, դե մսի մասին չեմ խոսում, թերթն էլ ստանում ենք՝ իրազեկվում… Բայց դե երաշտը խեղդում է, շուրջբոլորը չորացել է, դեռ լավ է, որ անասունների համար մնալու տեղ կա,  սաստիկ շոգին հեռու չեն գնում, մնում են  կացարանում:

150  գլուխ ոչխար եմ պահում,  խուզել եմ, բուրդը վառել, գնող չկա: Ով է տեսել՝ մարդ իր քրտինքով ստեղծած ապրուստը կրակին տա, սիրտդ  ցավում է, հոգիդ մղկտում է, բայց, ուրիշ ճար չունես:


Տղան՝ Արթուրը, ութ տարեկանից սարերում է՝ հոր հետ: Ապետնակը կասկածում է, որ բանակում ծառայելուց հետո տղան կշարունակի իր գործը:


- Հիմիկվա ջահելները  չեն հասկանում, որ  եթե անասուն  չպահեն, հող չմշակեն՝  չեն կարող ընտանիք պահել, տուն-տեղ դնել: Նրանց մեջ սեր չկա, հետաքրքրություն չկա  գյուղի գործերի հանդեպ, գնում են Ռուսաստան, գիտեն թե այնտեղ դյուրին է փող վաստակելը:


Անդրանիկ Ավետիսյանը 80  գլուխ մոզի է պահում: Միայն իր սեփականը չէ:


Խնդիրներից ենք հարցնում:


- Անասունների մոտ հիվանդություն չկա, բայց մոզիները քոռանում են, չգիտենք արեւի՞ց է, ճանճերի՞ց է , - Անդրանիկի փոխարեն ասում է Ապետնակը:


Գայլեր կա՞ն, նեղո՞ւմ են. հարցին ի պատասխան Ապետնակն ասում է.


- Գայլն ի՞նչ է, որ չլինի, արջ էլ կա:


- Վնասե՞լ են անասուններին, որսորդական հրացան ունե՞ք, - հարցնում ենք:


- Չէ, որսորդական չունենք, չենք էլ ուզում: Մեր որսորդականը պայթուցիչն է, էն որ երեխաները «բոմբ» են ասում: Հենց գայլերին նկատում ենք, պայթուցիչը գործի ենք դնում, եւ գայլերը փախչում են:


Անասնապահները մեզ համար սուրճ են պատրաստել: Մտնում ենք տնակը՝ սուրճը վայելելու: Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը  թե՝ Ալվարդ, արի այստեղ, տես ինչ եմ գտել:  Ինձ թվաց, թե նոր մոլորակ է հայտնաբերել: Արագ մտա վրան: Նրա գտածը բանաստեղծությունների ժողովածու էր: Իրոք, սարի գլխին քիչ հանդիպող երեւույթ… Ում մտքով կանցներ: Պարզվեց, որ Անդրանիկի եղբոր՝ Կարենի գիրքն է, գրադարանից է վերցրել:


Եվ արտասանում է Վահան Տերյանի «Ցնորք» բանաստեղծությունը.


...Ախ, ոսկով  են գնում քեզ
Անհաս ցնորք իմ հոգու…


Սիրահարվա՞ծ ես. հարցին  Կարենը  գլխով արեց՝ դրական պատասխան արտահայտելով:


- Որտեղի՞ց է:
- Սիսիանից է…
- Սեւուկ աղջի՞կ է, թե՞:
- Ոչ, ոսկեգույն մազերով:
- Առաջարկություն արե՞լ ես:
- Դեռ՝ ոչ: Մի շաբաթ հետո:


Թե ինչու մի շաբաթ հետո, չեմ հարցնում, որպեսզի զահլա տանողի տպավորություն չթողնեմ, թեեւ, գուցե արդեն  զահլան տարել եմ:


Ու այստեղ՝ Աղոթարանի ստորոտում, հաճելի է գիտակցել, որ հայ մարդու տեսակը չի տարրալուծվի ժամանակի քաոսում, քանզի նրա այդ տեսակում նաեւ Կարեն անունով տղա կա, որի մի ձեռքում անասնապահի մահակն է, մյուս ձեռքում՝ գիրքը՝ հայոց կենաց ծառի կենարար երակը…


Մենք դեռ ճամփա ունենք անցնելու:  Թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը մեկ օր առաջ է  նպատակ դրել՝ բարձրանալ Աղոթարան՝ Բարձրյալի հետ զրուցելու, սահյանական ոգուց «ջուր խմելու»...

Հրաժեշտ ենք տալիս սարվորներին: Նայում եմ Կարենին եւ լուռ խոստանում՝ վերադառնալուց Սիսիանում կփնտրեմ քո ոսկեվարս աղջկան, նրան կպատմեմ քո մասին.... Հեշտ չէր վերելքը, բարձրանում ենք, բարձրանում... Գյուղապետ Վարդան Մեսրոբյանն ու զինվորական Նարեկը մեզ հետ են, չենք մոլորվի: Քարքարոտ ճանապարհը «Նիվայի» «միսն»  ուտում է:  Սամվել Ալեքսանյանը երկու ոտքը դրել է մի չմուշկում՝ անպայման Աղոթարան պիտի բարձրանանք:  Ճանապարհի ցից քարերն ուր որ է  կմտնեն մեքենայի անիվների մեջ,  եւ մեքենան...


Մեքենան տեսնելով՝ կաքավների երամը թռավ խոտերի մեջից... Ու դարձյալ հիշում եմ Սահյանին՝


Հավք ուզեիր, նա քեզ կտար
Մեկի տեղ հազարը,
Հավքի բույն էր փեշից-կատար
Աղոթարան սարը:


Հետո ծտերի երամը  թռավ, հետո... Իրոք, հավքերի թագավորություն է Աղոթարան սարը:


Ներքեւում՝ սարվորների մոտ, չոր էր չորս բոլորը: Իսկ այստեղ՝ լեռնագագաթ տանող ճանապարհին,  ասես ծաղկի ցուցահանդես է բացվել:


Բայց Աղոթարանը միայն ծաղիկներով չէ, որ պահում է աշխարհը: Այն նաեւ երկինքն է իր ուսերին դարեր շարունակ պահում: Եվ աղոթք է Աղոթարան սարում: Իսկ աղոթքն այդ հայոց զինվորի նվիրումն է, խիզախությունը, անչափելի սերը հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Լեռնագագաթից նրանք  հսկում են հայոց սահմանները…


Օրն արդեն մայրամուտ էր թեքվում, երբ հրաժեշտ տվեցինք երկրի արթուն պահապաններին:

Վերադառնում ենք տուն: Տունդարձի ճամփին հեռվից  նկատեցի նաեւ Կարենին՝ մահակին կռթնած, գիրքը ձեռքին: Տունդարձի ճամփան անցնում էր Սիսիանով: Չէի մոռացել Կարենին տված  լուռ խոստումս…


Ահա եւ Սիսիանը: Աղջիկների մեջ հայացքով փնտրում եմ Կարենի ոսկեվարս աղջկան: Ահա   ոսկեվարս, չքնաղ մի աղջիկ, արդյո՞ք սա է այն աղջիկը, գուցե այս  մե՞կն է Կարենի սրտի  թագուհին,  իսկ միգուցե այս մյուս ոսկեվա՞րսն է՝ եղնիկի նման, եղնիկի հայացքով...   Չգիտեմ, թե որ մեկն է... Բայց մի բան հաստատ գիտեմ. նրա ոսկեվարս աղջիկը  պիտի հպարտանա, որ այդքան աղջիկների մեջ Կարենը հենց իրեն է ընտրել:


Իսկ Սիսիանի վրա մայրամուտի արեւն Աղոթարան սարի ծաղիկների բուրմունքով, թռչունների  դայլայլով  օծված վարսերն էր սփռել...

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Երկրաշարժ՝ Ադրբեջանի տարածքում․ 3-4 բալ ուժգնությամբ զգացվել է Սյունիքում

23.11.2024 12:57

«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը 2024-ի 9 ամսում 8 մլրդ 134 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել

23.11.2024 10:58

Նման զենք աշխարհում ոչ ոք դեռ չունի ․ Պուտինը՝ «Օրեշնիկի» մասին

22.11.2024 23:48

Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին․ Փաշինյան

22.11.2024 23:25

Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյան

22.11.2024 23:09

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

22.11.2024 23:00

Մեր օրենսդրությամբ Կառավարությունը միայն որոշակի հարցեր կարող է դնել հանրաքվեի. վարչապետի հարցազրույցը Հանրային ՀԸ-ին՝ 22:10-ին

22.11.2024 20:34

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

22.11.2024 19:59

Սպասվում են ձյուն, բուք, եղանակը կնվազի 10 աստիճանով. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (տեսանյութ)

22.11.2024 19:31

Մոսկվայի կողմից նոր սպառազինության կիրառման ֆոնին Կիևը դաշնակիցների աջակցությունն է ակնկալում

22.11.2024 19:05

Ադրբեջանին վերադարձված գյուղերում Բաքուն մտադիր է նոր սահմանային ուղեկալներ կառուցել

22.11.2024 16:18

Բաքուն ՀՀ-ի հետ սահմանազատված գյուղերում հսկման տեսախցիկներ է տեղադրել

22.11.2024 15:41