Վերաօծվեց Սեւաքարի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

29.09.2016 14:44
2569

2013թ. մարտի 9-ին Կապանի տարածաշրջանի Սեւաքար գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին փլուզվեց, եւ անմիջապես գյուղապետ Արշավիր Հակոբյանը, տարբեր լրատվամիջոցներով հայտարարություններ տալով, փորձեց բարերարներ գտնել:

Երկար որոնումներից հետո գտնվեց այդ բարերարը, ով, լսելով եկեղեցու փլուզման մասին, որոշեց հովանավորել նրա վերականգնումը՝ պայմանով, որ իր անունը մինչեւ եկեղեցու վերաօծումը գաղտնի մնա: Բարեգործության խթաններից մեկն էլ եկեղեցու անունն էր (բարերարի դստեր անունը Հռիփսիմե է): Եվ հիմա, երբ արդեն եկեղեցին վերականգնվել է, սեւաքարցիներին հայտնի է բարերարի անունը՝ Լեւոն Նահապետյան, ով, դժբախտաբար, ավտովթարից մահացել է: Եկեղեցու վերականգնման համար ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաեւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը:

Փլուզումից երեք տարի անց՝ 2016թ. սեպտեմբերի 27-ին, Սուրբ Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ երկար սպասված վերաօծման արարողություն, որ կատարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ մասնակցությամբ Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանի:

Եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վահե Հակոբյանը, բարերար Լեւոն Նահապետյանի կինը՝ Կարինե Նահապետյանը, նրանց զավակները, մարզային եւ քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, բազում սեւաքարցիներ:

«Սա է տունն աստվածային, հրեշտակաց բնակարան, մարդկանց քավարան, սրբոց ժողովարան: Հոգեկան անհուն ուրախությամբ եւ քրիստոնեական ջերմագին խնդությամբ է լցված բոլորիս հոգիները եւ օգտագործելով այս բարեպատեհ առիթը՝ շնորհավորում ենք ամեն մեկիդ հավաքաբար եւ մասնավորաբար այս գեղեցիկ արարողության կապակցությամբ: Մեր հոգու պարտքն ենք համարում աղոթք առաքել առ Բարձրյալ բարեգործ Լեւոն Նահապետյանի հոգու հանգստության համար, որ ոչ թե մահացավ, այլ մեզ համար իբրեւ բարեխոս ավելացավ երկնքում: Թող Սուրբ աջը հովանի եւ պահապան լինի մեր բարերարներին, Հայաստան աշխարհին եւ մեր սիրելի ժողովրդին, Սուրբ Հռիփսիմեի բարեխոսությունն անպակաս լինի բոլորից: Ինչպես Խրիմյան Հայրիկն է ասել, բանուկ պահեք եկեղեցու ճանապարհը», - իր խոսքում ասաց գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաեւ ներկայացրեց Վարագա Սուրբ խաչի տոնի նախապատմությունը, որ այս տարի Հայ առաքելական եկեղեցին նշել է սեպտեմբերի 25-ին:

Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Մակարյանն իր խոսքում նշեց, որ Սյունիքը եղել է ոչ միայն պետականության պահապանն ու կրողը, այլեւ հոգու տաճար, աստվածաբանության հոգեւոր դարբնոց: «Տարիներ առաջ սատանայի կամոք քանդվեց այս եկեղեցին, որովհետեւ այս եկեղեցու կամարներից ներս տեւական ժամանակ սուրբ ու անմահ պատարագ չէր մատուցվում, աղոթք չէր հնչում: Եկեղեցու վերականգնման սուրբ գործը ստանձնեցին բարի եւ ճշմարիտ հավատացյալ Լեւոն Նահապետյանը, իսկ աշխատանքներն ավարտին հասցրին մեր երկրի տնտեսության զարգացման հիմքերից մեկի՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ: Շնորհակալություն եւ բյուր օրհնություն բոլոր բարերարներին. մեր աղոթքներում նրանց համար Աստծուց խնդրենք առողջություն, երջանկություն եւ, որ ամենակարեւորն է, երկնային արքայություն»:

Ինչպես տեղեկացրեց վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, եկեղեցին, նախքան փլուզվելը, վթարային վիճակում էր. հողմահարվել էին պատերը, շաղախները՝ քայքայվել, տանիքին ծառեր էին աճել, ինչն էլ նպաստեց եկեղեցու հարավային եւ արեւտյան կողմերի ամբողջական քանդվելուն: Չնայած նախատեսվել էին արդեն վերականգնողական աշխատանքները սկսել, բայց, ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, եւ մինչեւ ձնհալը, եկեղեցին քանդվեց, ինչը հետագայում ավելի դժվարացրեց վերականգնողական աշխատանքները: «Եկեղեցին 19-րդ դարի, եռանավ բազիլիկ կառույց է, որ օծվել է 1901թ.: Երբ հիմքերն ուսումնասիրում էինք, ավելի հին շերտեր հայտնաբերվեցին: Վստահ եմ՝ սա հին սրբատեղիի հիմքի վրա կառուցված եկեղեցի է: Վերականգնելիս նորովի ոչ մի միջամտություն չենք կատարել, վերականգնել ենք այնպես, ինչպես ժամանակին կար», - նշեց ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը:

Հավելենք՝ շինարարական աշխատանքներն իրականացրել է Կապանի «Նորոգշին» ՍՊ ընկերությունը (տնօրեն՝ Ռազմիկ Փարսյան): Միջոցառման ընթացքում շնորհակալություն հայտնեցին նաեւ ՀՀ ժողովրդական վարպետ դարբին Աշոտ Գալստյանին:

Եկեղեցու վերաօծման արարողությունը եզրափակվեց սեղանների շուրջ՝ ավանդական ճաշատեսակների համտեսմամբ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ   

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56

Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. Սուրեն Սուրենյանց

14.09.2026 11:17

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը՝ որպես Արցախի հայկական ինքնության հերքման քարոզչական գործիք

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24