Օրեր առաջ «Սյունյաց երկրի» հատուկ համարում խոսակցություն բացեցինք Կապանի երախտավոր ավագների մասին, ովքեր մեզ հետ են։
Նաև խոստովանեցինք, որ թերթային մեկ համարում, որքան էլ ծավալուն լիներ այն, չէինք կարող բոլորին անդրադառնալ։
Պարտավորվեցինք՝ ժամանակ առ ժամանակ ներկայացնել մյուս երախտավորներին ևս․․․
Խոսքն այսօր Վոլոդյա Մարտիրոսյանի մասին է, ում գիտակցական կյանքը սերտորեն առնչվում է հայրենի Շիշկերտ, ինչպես և Ծավ գյուղերի հետ։
Վոլոդյան սերում է Շիշկերտի հայտնի Կոստանդաց գերդաստանից։ 1920-1940 թթ․ հասարակական-քաղաքական բախտորոշ անցքերն անդրադարձ ունեցան նաև այդ գերդաստանի վրա։
Վոլոդյա Մարտիրոսյանի ընտանիքը ևս անմասն չմնաց ստալինյան բռնաճնշումներից։ Պապը՝ Ալեքսան Կոստանդյանը, առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր, ուներ ցարական բանակի հարյուրապետի կոչում։ 14 տարի ծառայել է ցարական բանակում։ Նրա նվիրված ծառայությունը գնահատվել է երկու Գեորգիևյան խաչով։ 1921 թվականին եղել է Գարեգին Նժդեհի զինակիցը և վաշտապետը, օգնել Սյունիքը Հայաստանի կազմում պահելու գործին։
Ալեքսանը ՀՅԴ անդամ լինելու և իբր հակախորհրդային քարոզչություն անելու մեղադրանքով հանիրավի բռնադատվել և գնդակահարվել է։ 1938 թվականի փետրվարին հորը՝ Սամսոնին, ևս աքսորել են, տաժանակրությունը կրել է նախ՝ Նոր երկիր կղզում, հետո՝ Նորիլսկում։ Աքսորից վերադարձել է 1947 թվականին։ Մայրը ուրիշների տանը նոքարություն անելով մի կերպ պահել է երեք երեխային։ Եղբայրներից մեկին չորրորդ դասարանում ստիպել են թողել ուսումը և հովվություն է արել, որ մի կտոր հաց վաստակի։ Այդպիսին էր ժամանակի դաժան տրամաբանությունը․․․
Վոլոդյա Մարտիրոսյանը 1950-ին է ծնվել, ութամյա կրթությունը Շիշկերտում է ստացել, 9-րդ դասարանը սովորել է Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 դպրոցում, 10-րդը՝ Շիկահողի միջնակարգ դպրոցում։ Հետո եկավ միջին մասնագիտական կրթություն ստանալու ժամանակը (Քաջարանի շինարարական տեխնիկում)։ Ուսմանը զուգընթաց աշխատում էր, նաև վարորդական դասընթացներում ուսանելուց հետո՝ մեքենա վարելու վկայական ստացավ։ Դա նաև այն ժամանակ էր, երբ 1968 թվականին Քաջարանում երկրաշարժ եղավ։
Երբ խորհրդային բանակում ծառայեց և տուն վերադարձավ (1972 թ․ աշնանը), իրենց ընտանիքը Շիշկերտից տեղափոխվել էր Ծավ։ Ծնողները ծեր էին, որոշեց նրանց մենակ չթողնել, չհեռացավ գյուղից, բախտ չորոնեց անծանոթ ափերում ․․․
1978 թվականից Ծավի գյուղխորհրդի նախագահն էր, 1985-ից սովորեց Բաքվի բարձրագույն կուսակցական դպրոցում, ուսման ավարտին սկսվեց Արցախյան շարժումը, տեղի ունեցան սումգայիթյան ջարդերը․․․ Կուսակցական դպրոցն ավարտեց Սարատովում։ 1988-ից հետո Ծավի կոլտնտեսության կուսկազմակերպության քարտուղարն էր։ 1991-ից այլընտրանքային կարգով ընտրվեց գյուղխորհրդի նախագահ։ Մի բարդ ժամանակաշրջանում ստանձնեց այդ պաշտոնը՝ հողի և անասնագլխաքանակի սեփականաշնորհում, այլ իրադարձություններ։ Այդ ծանր ժամանակներում կազմակերպեց գյուղամիջյան ընդհանուր առմամբ մեկ կիլոմետր երկարությամբ ճանապարհի ասֆալտապատումը։
Այս մասին իր անտիպ «Տարվա հինգ եղանակները» գրքում ուշագրավ տեղեկություններ է հայտնում պատմաբան Գրիշա Սմբատյանը։ Նաև Վոլոդյային մի դիպուկ բնութագրում է տալիս՝ քաոսի գյուղապետ․ «Ծանրացել էր գյուղախմբի ղեկավարի գործը։ Մի քանի գյուղ, միմյանց հանդեպ պահանջատեր և չհանդուրժող, պատերազմն էլ դռներն էր թակում։ Քաոսի գյուղապետ․․․ Որի՞ն զսպեր, սաստեր, որի՞ն համոզեր։ Պարտադրված հողաբաժանում էր։ Փորձում էր գոնե արդարացի սեփականաշնորհում իրականացնել էն դեպքում, երբ ատամները սրած չորս կողմից վրա էին տալիս, իրարից խլում էին, գրում, հա գրում էին։ Գյուղերի տեղը չիմացող մարդիկ կային, որ դրսից եկել, ուզում էին հողատեր դառնալ, իսկ ինքը պիտի սրանց էլ հեռացներ ասպարեզից։ Քաոսի գյուղապետին հաջողվեց անհամեմատ արդարացի հողաբաժանում կատարել։ Բոլորի աչքի առաջ սեղանին թափված ծրարների միջից վիճակահանության կարգով ծրարը քաշեց որդին՝ պատանի Սասունը։ Իսկ մյուս գյուղերի մասին լեգենդներ էին պտտվում․ հողի և ընկուզենիների տեր դարձան անտառտնտեսության աշխատակիցներ, շրջկոոպի ու տորգի պահեստների պահեստապետեր, կենտրոնի ռեստորանների մատուցողներ, հյուրանոցների տնօրեններ և իրենք՝ գյուղապետերը»։
1992-ից սահմանամերձ Ներքին Հանդը, Ծավը ներքաշվեցին պատերազմական իրադարձությունների հորձանուտը։ Եթե ասել, որ Վոլոդյա Մարտիրոսյանը դրանց կենտրոնում էր, կնշանակի համարյա բան չասել։
Կապանյան ազատամարտում ցավալի տարեթիվ է 1993 թվականի ապրիլի 10-ը։ Դա 1992 թ․ ապրիլի 24-ին սկսված հայ-ադրբեջանական հակամարտության առաջին լուրջ ռազմական բախումն էր։ Մինչ այդ սահմանային միջադեպեր էին լինում՝ մարդկանց գերեվարում, դիպուկահարների կրակոցներ և անասնագողություններ։ Փաստորեն այդ ժամանակ եղան ռազմական գործողություններ։ Թշնամին մտավ հարևան գյուղը՝ Սրաշեն։ Իրենք Ծավից օգնության հասան։ Այդ օրվա իրադարձությունները և մարտական գործողությունները մանրամասնորեն է ներկայացնում, ցավով է նշում, որ նաև զոհեր ունեցան․․․
Ընդհանրապես հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին մեծ դժվարությունների և զրկանքների գնով կարողացավ ապահովել գյուղի կենսագործունեությունը։ Ադրբեջանցիները շրջափակման մեջ էին առել Կապան-Ծավ ճանապարհը՝ Օռած քարի հատվածում։ Փաստորեն, Շիկահողի տարածաշրջանի գյուղերը կտրվել էին արտաքին աշխարհից։ Հեռախոս չկար, էլեկտրաէներգիա՝ նույնպես։ Հաղորդակցության միակ միջոցը ռադիոկապն էր (ռացիա)։ Այն էլ կապվում էին Արծվանիկ գյուղի հետ, այնտեղից տեղեկությունները հաղորդում էին Կապան։
Վոլոդյան մի հետաքրքիր փաստ էլ է ներկայացնում․ 1968 թ․ երկրաշարժից հետո Շիշկերտից, Ծավից, Ներքին Հանդից բազմաթիվ ընտանիքներ էին տեղափոխվել Նոր Հաճն։ Մի մտահոգիչ նամակ է գրում հայրենակիցներին, ներկայացնում վիճակը, որ դիրքապահ մարտիկներ են անհրաժեշտ, նաև հավելում՝ հայրենիքը ձեռքներիցս գնում է։ Անմիջապես արձագանքում են։ 10-15 մարդ ՈւԱԶ մեքենայով ժամանում են, հերթապահում սահմանապահ դիրքերում։ Նրանց փոխարինեցին Նոր Հաճնում բնակվող այլ անձինք՝ Շիշկերտ, Ծավ և Ներքին Հանդ գյուղերի նախկին բնակիչներ։ Դա մեծապես բարձրացրեց դիրքերում կանգնած համագյուղացիների ոգին։
Շրջափակված և հոսանքից զրկված գյուղում էլի խնդիրներ կային․ նա ջանում էր գոնե երեկոյան երկու ժամ գյուղը լուսավորել։ Տիտանական ջանքերի շնորհիվ Կապանի փոփոխական հարկերով շենքի անավարտ շինության բակում անտերության մատնված դիզելը «կյանքի ճանապարհով» գյուղ հասցվեց։ Պատմում է նաև, որ գյուղում շարժական էլեկտրակայան ունենալու համար անձամբ դիմել է Սպարապետ Վազգեն Սարգսյանին։
Որպես գյուղխորհրդի նախագահ՝ պաշտոնավարեց մինչև 1996 թվականը։ Հետո սկսել է զբաղվել այգեգործությամբ և մեղվապահությամբ (վերջին մի քանի տարում, առողջական վիճակով պայմանավորված, միայն վերջինով)։
Նրանից, կյանքում շատ բան տեսած անձնավորություն, ցանկացա իմանալ, թե ո՞րն է այս խառնակ վիճակից դուրս գալու ելքը։ Ասաց, որ ինքն էլ չի կարողանում կողմնորոշվել։ Ապա հավելեց․ «Մի բան կարող եմ ասել՝ միաբան չենք։ Մեր դժբախտության ակունքն է դա, մեզ պակասում են համերաշխությունը, համախմբվածությունը, իրար ներելու կարողությունը։ Առավոտյան արթնանալիս յուրաքանչյուրն իրեն վարչապետ է կարծում։ Փոխանակ նեցուկ լինեն միմյանց, մեկը մյուսի ոտքի տակը քանդում է»։
Վոլոդյա Մարտիրոսյանն օրինակելի ընտանիք ունի. կինը՝ Ալվարդ Մկրտչյանը, և դուստրերը՝ Մերի, Սաթենիկ, մանկավարժներ են՝ լույսի ու բարու սերմնացաններ: Ավա՜ղ, հազար ափսոս, վաղաժամ կորցրել է միակ որդուն՝ Սասունին:
Հայրենի եզերքին նրա նվիրվածությունն աննկատ չի մնացել։ 2009-ին՝ Շուշիի ազատագրման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրով, մի ուրիշ անգամ արժանացել «Ծովակալ Իսակով» մեդալի։
Վահրամ Օրբելյան