Ասքապատում. արքան Հին Կապանի ավերակներում է

31.05.2024 12:25
605

    Քարեղեն սնդուկը, որի մեջ անմատչելի կերպով պահվում էր Բաղակի հռչակավոր քաղաքը, ներկայացնում է մի տխուր, քարեղեն դագաղ, որի մեջ վաղուց արդեն թաղված էր Սյունյաց աշխարհի մեռած մայրաքաղաքը…

    Րաֆֆի

    Ավանդապատումները զուգահեռվում են մատենագրությանը: Պատմության հոլովույթում այդ ընթացքը երբեմնակի թուլացել է բնակչության տարհանում-վերաբնակեցումների հետեւանքով, եւ այս դիտարկումը, կարծես, հատկապես Սյունիքի թագավորության շրջանին (970-1170 թթ.) է վերաբերում:

    Հին Կապան մայրաքաղաքի ավերակները հազիվ են նշմարվում, աղավաղվել են հայեցի տեղանունները, պատումների մեջ մեկի սխրանքը մեկ ուրիշին են վերագրում, խամրել է հնավայրերի տեղորոշման մտահոգությունը: Անգիտությամբ ակամա ավերում ենք, գայթակղվում ուրանաբեր «սատանայի եղունգ» փնտրելով, արտերկրից մեր հնամենի ոստանին աչք դնողներին իրենց տեղը չենք դնում` ինչպես հարկն է…

    Ժողբանի (ֆոլկլոր) գիտակների շարքերն են նոսրանում: Տարեցները նժդեհյան ժամանակից անդին շրջանի համար սակավապետ եւ քչախոս են: Դեռ նախորդ դարավերջին կցկտուր պատմում էին մի քահանայի հաղորդածը` Դավիթ Բեկը եւ հետագայում Նժդեհը փնտրել են Հին Կապան քաղաքը, որ ամրանան այնտեղ, սակայն տեղորոշները գլուխ չեն հանել: Ի տրիտուր` Գարեգին Նժդեհն ապավինել է դիցական Խուստուփին. թերեւս, Սպարապետին հետաքրքրել է նաեւ լեռանվան ստուգաբանությունը, որը ցայժմ վերջնական պարզված չէ (այս մասին` առաջիկայում): Ողջի գետն ակոսում է հինավուրց Բաղք գավառը: Ողջանց անվամբ գյուղ է հիշված Աժդանական-Կապուտջուղի արեւելակողմ ստորոտում, 18-րդ դարում:

    Արդ, պարզ է, որ գետանունը հետին շրջանի է: Ըստ պատմիչի` գավառի գետերից գլխավորն ավանդաբար կրել է գավառի անունը: Ըստ այդմ` վաղնջական ժամանակներում Ողջի գետը Բաղքի գետ կամ Բաղացջուր է կոչվել: Այս վերջինը, ի դեպ, պահպանվել է գետի աջակողմ վտակի վրա, որը, հոսելով Արջաձոր-Թունիս ձորաստանից, Ձագիկձոր գյուղում (իմա` Մուսալլամ) խառնվում է Ողջիին: Րաֆֆին Ողջի գետը Հալիձորի գետ է անվանել, թեպետ նրա այցելության ժամանակ (1881թ.) գետը ներկայիս Կապանի տեղում գտնվող Հղորա գյուղի անվամբ նաեւ կոչվում էր Հղորա գետ, ըստ այլազգիների` Ուղուրչայ:

    Ստ. Օրբելյանի ժամանակներում, բնականաբար, Բաղացջուրը վերակոչվել էր Կապանա գետ (տեղական խոսվածքում` Ղափանա: Հմմտ.` Ձորք գավառը, որ ունի Բաղաբերդ անմատչելի ամրոցը, եւ այժմ կոչվում է Կապան: Օրբ., Գ): Նկատենք, որ Ձորքը հին Բաղքից է առանձնացել որպես առանձին գավառ:

    Ողջի գետի աջակողմ լեռնապարը երկանուն է հիշված` Բաղաց եւ Արեւիքի կամ Մեղրու լեռնաշղթա, որի ամենաբարձր գագաթը Բաղացսարն է: Երկմտելու չէ, որ նախընտրելին Բաղաց լեռնաշղթա անվանումն է: Բաղացսարից հյուսիս-արեւմուտք «Մարդ ու կնիկ քար» հորջորջմամբ լեռնաբազուկն է, որի վրա պահպանվել են բերդաքաղաքի ավերակներ, ըստ իս` Բաղաբերդը: Տարածքը մոտ 3 հազար քառ.մ է, գտնվում է եռակողմ անդնդախոր ձորերի միջեւ, կառույցներում ունի ոչ ուղղանկյունաձեւ` քառակուսի աղյուսներ, ջրհոր, պահակատուն: Գետահովտից բերդ տանող կորսված ճանապարհը կռահելը դյուրին է, հատկապես` Գիրաթաղ գյուղից գետի աջակողմ բարձունքը դիտելիս:

    Ընթերցողի պատկերացրած այս բնաձորում` գետի աջ ու ձախ բարձունքներում, ամենուրեք բերդավերակներ են, որոնք ժամանակին պատվարել են Հին Կապանը: Կռահելու է, որ կապան (իմա` կիրճ ու լեռնանցք) համարվող տեղանքը Բերդարանքն է կամ Բերդամեջը, ինչպես կոչում են տարեց մարդիկ: Այն ձգվում է Դավիթբեկ ավանից (նաեւ` Անդոկավան) մինչեւ Ներքին Ջրախոր (Ջղախոռ)` «Քարավան» կոչվող հյուրատունը, որին ակներեւ երիզում է հին պարսպի մի հատվածը:

    Գիրաթաղջրի գետաբերանի կամրջից դեպի Տանձուն լենջ ձգվող ճանապարհի աջ մասում Հին Կապանի կարեւորագույն կառույցներից մեկն էր, որի պարսպափակ ավերակներն ու պաշտամունքային տունը հստակ նշմարվում են: Այս կառույցը սխալմամբ Բաղակուքար են կոչում: Խորհրդային ժամանակներում նախկին գետամերձ ճանապարհն անց են կացրել կառույցի դարավանդի միջով:

    Այս վայրերը հիշարժան-պատմական են, որովհետեւ գտնվում են Բաղաբերդի ստորոտում: Ողջի գետի աջակողմ վտակը, որն ունի բնահարմար լողավազան, եւ որի վերնագավառում պահպանվել են սանդղաշար ճանապարհի ոլորանները, բնականաբար, Կապանա ձորն է: Այդ տեղանքում նշմարվում են արեւելակողմ ջրանցքի աղուրը, գետներես դամբարաններ, շինությունների ավերակներ: Ողջի գետի եւ Կապանա ձորի կցվանքատեղից հեռու չէ բարբառային հնչմամբ «Սուրուն կապ» լեռնանցքը, որտեղով անցնում էր մեր կարմիր նախնիների կառուցած Ղափան-Քաջարան ինքնատիպ ճանապարհը: Քանի որ այս վայրը նախադուռ էր Ձորք գավառի համար, ապա կռահելի է, որ կապի անունը Ձորքի կապ կամ Ձորոց կապ հնագույն անվան աղավաղված ձեւն է (կան եւ այլ ժող. մեկնություններ` Սորուն կապ-հոսող, գահավիժող իմաստով, Սյուրի կամ Սերունան տիկնոջ անվան կապ եւ այլն):

    Կապան-կիրճի հարակից բարձունքում քանքարավոր արվեստագետը` բարեհիշատակ Մարատ Նուրիջանյանը, տեղադրել է բնության գաղտնիքների բանալին մարդկանց բերող արջի ձուլարձանը, որի ձախակողմում` գետի աջեզրին` ժայռի վրա, ծիրանի հագած այրի հարթաքանդակ կա` առլեցուն տիրականությամբ, վնասված (հետագայում) երկու ձեռքերն առաջ պարզած: Ըստ տեղական մի ավանդապատման` մոտ երկու մետրանոց այդ պատկերը Սյունիքի թագավորինն է: Հրաշքով պահպանված այդ պատմական հուշարձանն ուսումնասիրել է արվեստագետ-մանկավարժ Լեռնիկ Առաքելյանը, հարթաքանդակի եզրային տարածքում ի հայտ բերել Ավետարանի, աղավնու պատկերներ: Կարծիք է հայտնել, որ պարզված երկու ձեռքերի վրա միջնադարյան հեղինակը տեղադրել էր արքայական քարակերտ սուրը` պատյանով: Ըստ Առաքելյանի` հարթաքանդակը հարյուրամյակների հնություն ունի: Հարկավ, նման բարձրարժեք ստեղծագործությունը պատշաճում է թագավորական ժամանակներին, երբ կար պետական հովանավորություն:

    Թերթենք Հայր Ստեփանոսի «Հիշատակաց մատյանը»: Պատմիչը ԾԹ գլխում նկարագրել է, թե ինչպես 1094թ. դավադրության զոհ դարձավ Սյունիքի թագավոր Սենեքերիմ Սեւադյանը. «Պարտավի, Առանի ու Գանձակի ամիրան բազմամարդ զորքերով ելավ-եկավ պատերազմելու Սենեքերիմի դեմ: Սենեքերիմն, այդ իմանալով, նահանգի ամբողջ բնակչությանն ամրացրեց անառիկ ամրոցներում: Եվ ապա անիծյալ ամիրան, գալով ու տեսնելով, որ անհնարին է մարդկանց ուժով հաղթահարելը, անեցի իշխան Գրիգորին, որն ինչ-որ պատճառով իր մոտ էր գտնվում, ուղարկեց Սենեքերիմ արքայի մոտ` ասելով. «Երդմամբ համոզիր նրան, որ գա ինձ մոտ, միմյանց հետ բարեկամանանք, եւ իրեն մեծամեծ պարգեւներով հետ կուղարկեմ, իսկ եթե չհամաձայնեցնես, այդ դեպքում գլուխդ կկտրեմ»: Ապա Գրիգորն ընթացավ այն չար ճանապարհով. մտնելով Սենեքերիմի մոտ` մեծամեծ երդումներով համաձայնեցրեց նրան` գալու ամիրայի մոտ: Եվ նրանք միասին եկան: Չարաթույն գազանը, Սենեքերիմին տեսնելով, իր պայմանը դրժեց, մռլտոցով հարձակվելով թագավորի վրա` սպանեց նրան, իսկ ինքն անցավ-գնաց իր աշխարհը»:

    Սենեքերիմյան դարում մոլեգնում էր աղանդավորների թոնդրակյան շարժումը: Անհավատներն ավերում էին վանքեր ու եկեղեցիներ: Կապանատանը հայտնի էր աղանդասերների առաջնորդ Սմբատ Տինիքցին, ում զինավառ դուստր Սյունեն անգամ ընդդիմանում էր թագավորին: Սենեքերիմ արքան, սելջուկյան վտանգը մեղմելու համար, աղանդավորների դեմ խստագույն պատիժներ կիրառելու հավակնություն չուներ: Արտաքին թշնամուն դիմակայելու համար նա անգամ զինում էր աղանդավորներին: Արքան սուր էր նվիրել քաջակորով Սյունեին (այս դյուցազնուհու անվամբ է Աղջկաբերդը` Շհարջիկից վերեւ, որ այլազգիները կոչում էին Կզկալա):

    Դարաշրջանի իրադարձությունները վիպել է Ս.Ումառյանը: Վիպական մի տեսարանում Կապանա տան 11-րդ դարի հերոսուհի Սյունեն հայտնվում է դղյակամերձ հրապարակի պարսպի վրա. «Ահա այն սուրը, որ պիտի կտրեր իմ գլուխը, հայոց բարի թագավորը նվիրեց ինձ…»:

    Արքայի դեմ կազմակերպված դավադրությունը Հին Կապանում էր, Բաղաբերդի պարիսպներից հեռու, եւ Սյունեն անիրազեկ էր այդ ամենին: Ըստ վիպագրի` «Էմիր Փատլունը կատաղությունից աքլորի պես վիզը երկարեց, սուրը մերկացրած` բղավելով հարձակվեց Սենեքերիմ թագավորի վրա ու խոցեց նրա սիրտը»:

    … Խորհենք այս ասքապատումի ելեւէջներով: Երախտապարտ ժամանակակիցները, թերեւս Սենեքերիմին հաջորդած որդու` Գրիգոր թագավորի կամեցողությամբ պատրաստեցին անդնդախոր ձորի գետեզրի ժայռապատկերը, որ ավանդաբար վերագրվում է Սենեքերիմ արքային, ով սուր էր դնում ժողովրդի ձեռքին` մեր հինավուրց տունը ներխուժած թշնամուն սաստելու համար:

    Ինը դար շարունակ արքան ողջունում ու պատգամում է սերունդներին:

    Ռոբերտ Էջանանցի

    «Սյունյաց երկիր» թերթ,

    № 12 (231), 30 հունիսի 2011 թ.

     

    Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան

    13.03.2025 20:46

    Ռուսաստանը համաձայն է Ուկրաինայի հետ 30 օրով զինադադար կնքել. Պուտին

    13.03.2025 20:43

    Այո, Ադրբեջանին ճանապարհ տալու ենք․ Փաշինյան

    13.03.2025 19:35

    Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը

    13.03.2025 19:26

    Որոնք են երկու կետերը, որ Բաքվի հետ համաձայնեցվել են. Փաշինյանը պարզաբանում է

    13.03.2025 19:14

    Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը եւ կարեւոր ուղերձ հղել

    13.03.2025 17:44

    Ադրբեջանի հետ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ՀՀ ԱԳՆ

    13.03.2025 17:41

    Իմ ընկալմամբ՝ Արևմտյան Հայաստանն Արմավիրի և Շիրակի մարզերն են, «Արևմտյան Հայաստան» արտահայտությունը մեր Սահմանադրության մեջ չկա. Anadolu-ն հայտնել է՝ ինչ է Փաշինյանն ասել թուրքական ԶԼՄ-ներին

    13.03.2025 16:07

    Հայաստանն ընդունել է ադրբեջանական կողմի առաջարկները համաձայնագրի վերջին 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ. Բայրամով

    13.03.2025 16:02

    Նրանք մեզ հետ են, մեր սրտերում

    13.03.2025 14:39

    Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք «պետք» է պատասխանատվության ենթարկվեն, Երևանը «պետք» է սերտ համագործակցի Բաքվի դատական ​​գործընթացի հետ. Հաջիև

    13.03.2025 14:22

    Յուրի և Արթուր Սաքունցները սահմանել են համաշխարհային նոր ռեկորդներ՝ ճկույթով և ատամներով ուղղաթիռ քաշելով (տեսանյութ)

    13.03.2025 11:54