Ըմբշամարտի 83-ամյա չեմպիոն Ալբերտ Հայրապետյանը նորից շարքերում է

19.04.2024 12:07
509

Ալբերտ Հայրապետյանը ծնվել է 1942 թ. Երևանում: Հայրը՝ Աշոտ Հայրապետյանը Գորիսի մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո տեղափոխվել և ընդունվել է Երևանի մանկավարժական ինստիտուտ, դարձել պատմաբան:

Ալբերտն ավարտել է Գորիսի 2-րդ միջնակարգ դպրոցը, որը եռում էր մարզական կյանքով: Ժամանակի համեմատ լավ կահավորված մարզադահլիճ ու հանդերձարաններ կային: Դասաժամերին մարզադահլիճը ծառայում էր դպրոցի ֆիզկուլտուրայի դասերի համար, իսկ օրվա մնացած ժամերին՝ Հայաստանի ըմբշամարտի չեմպիոն, սպորտի վարպետ խնձորեսկցի նշանավոր մարզիչը և գորիսեցի հայտնի ըմբշամարտիկ, մարզիչ Ռուբիկ Բակունցը մարզադահլիճում Գորիսի երիտասարդների համար ըմբշամարտի պարապմունքներ էին կազմակերպում: Նրանց շնորհիվ, կարճ ժամանակում, ըմբշամարտը դարձավ Գորիսի երիտասարդների ամենասիրած մարզաձևը: Ալբերտը յոթերորդ դասարանում էր, բայց արդեն երեք տարի շարունակ՝ դասերից հետո, կանոնավոր մասնակցում էր ըմբշամարտի պարապմունքներին: Արդեն առկա ըմբշամարտի մարզական ավանդույթի շնորհիվ՝ 1955 թ. Սյունիքում առաջինը Գորիսում ձևավորվեց ըմբշամարտի հավաքական, որն իրավունք ստացավ մասնակցել Հայաստանի ըմբշամարտի առաջնությանը: Հավաքականում ընդգրկվեց նաև 15-ամյա Ալբերտը:

ԽՍՀՄ օրոք ըմբշամարտի հնարքների տերմինաբանությունը ռուսերեն էր՝ «Մելնիցա», «Նոժնիցա»...

- Երբեք պարապմունքներից չէի բացակայում,- պատմում է Ալբերտը: - Պարապում էի շաբաթական երեք օր՝ 2-ական ժամ: Գորիսի սպորտկոմիտեի նախագահ Արմենակ Մանգասարյանն ինձ հետ լավ էր վերաբերվում, ոգևորում էր ինձ: Ուսիս խփելով՝ ասում էր՝ պարապիր, անպայման չեմպիոն կդառնաս: Մարզիչս ըմբշամարտի նոր հնարքներն անմիջապես հասցնում էր մեզ, իսկ ինձ հետ անձամբ էր պարապում...

Գորիսում ըմբշամարտի հավաքականը ստեղծվել է 1960 թ., որի կազմում ընդգրկվեցի նաև ես: Երեք տարի մարզվելուց հետո՝ երկրի խորհրդայնացումից ի վեր առաջին անգամ, Գորիսում կայացավ Հայաստանի ըմբշամարտի առաջնություն: Գորիսի սպորտկոմիտեի նախագահ Արմենակ Մանգասարյանն ասաց. «Առաջին անգամ ես մեծ մրցմանը մասնակցում: Լավ մարտ կցուցադրես: Անպայման կհաղթես»: Բոլոր ջանքերը գործադրեցի մրցանակային տեղ զբաղեցնելու համար: Բարեբախտաբար հաջողվեց, գրավեցի 3-րդ տեղը:

Գորիսի ըմբշամարտի առաջնությանը մասնակցում էին Երևանի տարբեր շրջանների՝ Վանաձորի, Գյումրիի, Դիլիջանի, Նոյեմբերյանի հավաքականների անվանի մարզիկներ: Գորիսն ու Իջևանը մասնակցում էին առաջին անգամ:

Առաջին մենամարտս վանաձորցու հետ էր: Հանդիպումից առաջ, ձեռքսեղմման պահին նրա աչքերում տեսա քամահրական վերաբերմունք: Նա կարծես ասում էր՝ «Գորիսն ի՞նչ դարձավ, որ մարզական Վանաձորի հետ մրցի»: Որքան ճկուն և համառ էի, մրցակիցս ինձնից ուժեղ գտնվեց: Վանաձորցին ինձ հաղթեց: Հետո իրար հետևից հաղթեցի իջևանցի, դիլիջանցի և նոյեմբերյանցի մրցակիցներիս:

Երկու տարի անց՝ 1965-ին, կրկին Գորիսում անցկացվեց Հայաստանի ըմբշամարտի հերթական առաջնությունը: Այդ ժամանակ Հայաստանում արդեն ձևավորվել էր «Սևան» մարզական ընկերությունը, որը հանրապետության բոլոր քաղաքներում ուներ մասնաճյուղեր: Գորիսի մասնաճյուղի նախագահը Ռուբիկ Բակունցն էր:

Այս անգամ հաջողությունս ավելի ակնառու էր. 73 կգ քաշային կարգում դարձա Հայաստանի չեմպիոն: Պետք է մասնակցեի ԽՍՀՄ առաջնությանը, բայց որոշ մարզիչներ կարծում էին, թե այդպիսի մեծամասշտաբ առաջնությունում իմ հաղթելու հավանականությունը քիչ է: Նրանց խոսքը վճռորոշ դարձավ, որ ես բավարարվեմ Հայաստանի հաջորդ առաջնությանը մասնակցելով:

1972-74 թթ. խորհրդային բանակում ծառայել եմ Հայաստանի ներքին գործերի նախարարության համակարգում՝ Կոշի գաղութում: 1975 թվականին մասնակցեցի Երևանում անցկացված Անդրկովկասի հանրապետությունների ըմբշամարտի առաջնությանը և դարձա փոխչեմպիոն: 1980 թվականին Հայաստանի ըմբշամարտի առաջնությունը տեղի ունեցավ Նոյեմբերյանում: Զբաղեցրի չորրորդ տեղը: Նույն տարում Գորիսի «Սևան» մարզական ընկերության նախագահ Սաշիկ Գրիգորյանն ինձ նշանակեց Գորիսի ըմբշամարտի հավաքականի մարզիչ: Աշխատում էի Գորիսի պիոներ պալատի տեղում գտնվող մարզադպրոցում: Սկզբում այդտեղ պարապում էին վոլեյբոլ և բասկետբոլ: Երկար ժամանակ սպասված արդյունքներ չեղան, որի համար՝ Գորիսի մարզադպրոցի տնօրեն Միշա Միրզոյանի առաջարկությամբ, այն վերափոխվեց ըմբշամարտի Գորիսի հավաքականի պարապմունքների վայրի:

Սյունիքում, հանձին Ալբերտ Հայրապետյանի, Գորիսն առաջինը տվեց Հայաստանի չեմպիոն: Ավելի քան 30 տարվա մարզչական կյանքում  մարզել է հարյուրավոր մարզիկների, որոնցից Գրավիկ Աղաբեկյանը՝ Տեղ գուղից, դարձել է Հայաստանի չեմպիոն, ապա՝ ԽՍՀՄ փոխչեմպիոն: Գրավիկը Գորիսում և հարազատ գյուղում  աշխատել է ըմբշամարտի մարզիչ:

- Գրավիկի հաջողությունից հետո Հայաստանի մարզչական աշխարհը կրկին ուշադրությունը սևեռեց ինձ վրա,- շարունակում է պատմել Ալբերտ Հայրապետանը: - Նրանք մեծ սպասումներ ունեին: Երևանից ստանում էի մասնագիտական գրականություն, ըմբշամարտի մարզչի մեթոդական ձեռնարկներ: Մարզաձևում կիրառվող հնարքների փոփոխությունների մասին առաջիններից մեկն էինք իմանում, և ամեն մի նոր բան՝ խորացված, պարապում էի սաներիս: Ռուսական սպորտային ամսագրերից յուրացնում էի ազատ ոճի ըմբշամարտի հնարքները, դրանք սովորեցնում երիտասարդ խոստումնալից մարզիկներիս:

Իմ շնորհալի սաներից է նաև Գորիսի համայնքային մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի ըմբշամարտի կրկնակի չեմպիոն Տիգրան Աղաբեկյանը:

ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ Գորիսի Գետափնյա թաղամասի հնաբնակ Ալբերտը տեղափոխվեց քաղաքի մեկ այլ թաղամաս, շարունակեց  մարզչական գործունեությունը: Կարճ ժամանակ անց մահացավ կինը՝ Գորիսի Սերո Խանզադյանի անվան 6-րդ դպրոցի վաստակաշատ դասվար Մարիետա Խոջաբաղյանը: Մեկնեց Ռուսաստան: Երեք տարի ապրեց Իժևսկում, որդիների՝ Աշոտի ու Արմենի մոտ: Այդտեղ շփվեց մարզչական աշխարհի ներկայացուցիչների հետ, ցանկացավ մարզիչ աշխատել, սակայն ասացին, որ տարիքը թույլ չի տալիս (Ալբերտը Ռուսաստան մեկնելուց չորս տարի առաջ էր թոշակավորվել):

Ալբերտը Ռուսաստանում ապրեց չորս տարի: Նրան հանգիստ չէր տալիս հայրենի օջախից կտրված լինելը: Անընդհատ մտածում էր՝ «պետք է վերադառնամ և հայրենիքիս օգուտ տամ»: Մոտ հինգ տարի առաջ եկավ Հայաստան: Մեկ տարի օտարի պես էր զգում հարազատ քաղաքում: «Բայց ես մարզիչ եմ, ո՞վ է ասել, որ թոշակառուի տարիքս արգելք է, կարող եմ օգուտ տալ իմ քաղաքին..»,- մտածեց ու որոշեց դիմել իր նախկին սանին՝ Գորիսի համայնքային մարզադպրոցի տնօրեն, Հայաստանի ըմբշամարտի կրկնակի չեմպիոն Տիգրան Աղաբեկյանին: Տիգրանը, տեսնելով իր մարզչին, զարմացավ, հիացավ, ասաց՝ կընդունեմ: Մոտ երեք տարի՝ արդեն մարզիչ է: Նրա պարապած երեխաներից Հայաստանի ըմբշամարտի առաջնություններում մրցանակային տեղեր են զբաղեցրել Արտակ Աղաբեկյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Արտյոմ Մարգարյանը, Արծրուն Միրզոյանը, Արտյոմ Մուսայելյանը, Սիմոն Քոչարյանը, ովքեր լավ մարզավիճակում են և նպատակասլաց մարզվում են՝ միջազգային մրցումներին մասնակցելու համար ...

Զրույցի վերջում Ալբերտը վստահեցրեց, որ առաջիկայում Գորիսն անպայման ըմշամարտի աշխարհի չեմպիոն կտա.

- Եթե մեզ մոտ այդ աշխատանքը խրախուսվի՝ շատերը չեն նախընտրի մարզիչ աշխատել արտերկրում: Կցանկանամ, որ երեխաները չեմպիոն դառնան, մասնակցեն աշխարհի առաջնություններին, հաղթեն, վերադառնան Հայաստան, աշխատեն և իրենց ընտանիքները շենացնեն: Երբ պարապում եմ սաներիս՝ նպատակ եմ դնում նրանց մասնակից դարձնել Հայաստանի առաջնության մրցումներին և այնպես անել, որ մասնակցեն աշխարհի առաջնությանն ու անպայման վերադառնան հաղթանակով:

                                                                                                                  

Վաչե Մկրտչյան

                                                  

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53