ՅՈՒՐԻ ՍԱՖԱՐՅԱՆ. «Մեզանում կրթությունն ու արտադրությունը պետք է սերտորեն համագործակցեն»

03.09.2013 14:15
4746

2013-14 ուստարվա ընդունելության քննությունների, դրանց կազմակերպման ընթացքի, կրթության ոլորտ ներմուծվող նորարարությունների եւ դրանց հետ առնչվող խնդիրների մասին է հարցազրույցը Գորիսի պետական համալսարանի ռեկտոր, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանի հետ:

- Պարո՛ն Սաֆարյան, 2013-14 ուստարվա ընդունելության քննություններն ավարտվել են, Գորիսի պետական համալսարանը որքանո՞վ է կարողացել կատարել նոր ուսումնական տարվա ընդունելության պլանը:

- Այս ուսումնական տարվա ընդունելության պլանը կատարել ենք ընդամենը 50 տոկոսով` ընդունելով 108 ուսանող: Պետք է նշեմ, որ տարեցտարի դիմորդների հոսքը պակասում է` պայմանավորված արտագաղթով, ինչպես նաեւ շրջանավարտների թվի պակասով: Եթե համեմատելու լինենք տարբեր տարիների ընդունելության տվյալները, ապա կարող ենք ասել, որ գրեթե միշտ էլ նույն պատկերն ենք ունեցել` չնչին թվային տարբերություններով: Բայց կա նաեւ մեկ նրբություն, այն է` ներկայումս մեր տարածաշրջանում, բացի ԳՊՀ-ից, գործում են նաեւ մի շարք այլ ուսումնական հաստատություններ, որտեղ նույնպես երիտասարդները նպատակահարմար են գտնում ուսումնառություն ստանալ: Մյուս կողմից էլ ընդլայնվել է ուսուցանվող արհեստագործական մասնագիտությունների ցանկը, եւ զանազան մասնագիտություններ ձեռք բերելով` հետագայում շրջանավարտներն ավելի հեշտությամբ կապահովվեն աշխատանքով, այսինքն` աստիճանաբար վերանում է «մոդային տուրք տալով» բուհական կրթություն ձեռք բերելու սովորույթը, մարդիկ ավելի իրատեսական են սկսում մտածել:

- Դիմորդներն ամենաշատը ո՞ր մասնագիտություններն են նախընտրել:

- Պետք է ասեմ, որ բոլոր մասնագիտությունների գծով էլ թափուր տեղեր ունենք: Տնտեսագիտության գծով ունեցել ենք 34 դիմորդ, բայց ընդունվել է 17 հոգի, մաթեմատիկայի գծով ընդունվել է 8 հոգի (3 տարի է այդ ֆակուլտետում ընդունելություն չկա), կենսաբանության գծով` 8 հոգի, դեղագործական եւ քիմիայի գծով` 10 հոգի: Հումանիտար մասնագիտությունների գծով դիմորդների հետաքրքրությունն ավելի շատ է, բայց ունենք ընդունելության հետեւյալ պատկերը. իրավագիտության ֆակուլտետ` 5 հոգի, պատմության ֆակուլտետի համար դիմորդներն ավելի շատ են եղել, բայց ընդունվել է 13 հոգի, բանասիրության ֆակուլտետ (հայոց լեզու եւ գրականություն)` 17 հոգի: Հեռակա ուսուցմամբ ընդունելությունը դեռ չենք սկսել, բայց նախատեսել ենք 197 տեղ, եթե 60-70 տոկոսով կատարենք ընդունելության պլանը, ապա դա բավարար կլինի:

- Այս ուսումնական տարում ձեր ունեցած մասնագիտությունների ցանկում ի՞նչ նոր մասնագիտություն եք ավելացրել:

- Այս ուսումնական տարում «Տեմպուս» ծրագրով նոր մասնագիտություն ենք ավելացրել, այն է` «Կրթության կառավարում» մագիստրոսական մասնագիտություն: Ծրագրի շրջանակներում պետք է կատարենք լսարանների կահավորում եւ մինչեւ 15 ուսանողի ընդունելություն: Ուսումնական պարապմունքները կսկսենք հոկտեմբերի 1-ից` ուսումնական պլանները, ծրագրերը հաստատելուց հետո: ԿԳ նախարարությունը պետք է տա լիցենզիա մինչեւ մասնագիտության կայացումը, այսինքն` 3 տարի այն կլինի եվրոպական կրթության հսկողության ներքո` Բոլոնիայի գործընթացին համապատասխանեցնելու համար: Ինձ թվում է` այս նոր մասնագիտությունը բավականին մեծ հետաքրքրություն կառաջացնի արդեն աշխատանք ունեցող ուսուցիչների շրջանում, քանի որ սրա նպատակն է ուսումնասիրել կրթության կառավարումը կրթական նոր մեթոդներով:

- Մագիստրոսական մասնագիտության քանի՞ ուղղությամբ եք կադրեր նախապատրաստում:

- Մագիստրոսական 8 մասնագիտության գծով կատարում ենք ընդունելություն, ինչպես նաեւ այս տարի ավելացրել ենք «Կրթության կառավարում» մասնագիտությունը: Մագիստրատուրայի ընդունելությունը մինչեւ օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում իրականացրել ենք, խմբերը մեծ չեն, առավելագույնը 15 հոգի, բացառությամբ տնտեսագիտության գծով` 20 հոգի: Պետք է նշեմ, որ պահանջարկ կա, եւ բավականին լավ արդյունքներ ունենք գրանցված, քանի որ մագիստրատուրա ընդունվում են լավագույն ուսանողները, որոնց հետ նորագույն մեթոդների կիրառմամբ ավելի հեշտ է կազմակերպել կրթության գործընթացը:

- Ձեր կարծիքով` բարձրագույն ուսումնական հաստատության ընդունելության նորագույն ձեւը որքանո՞վ է համապատասխանում դիմորդի գիտելիքների պաշարին:

- Ճիշտն ասած, ինչքան էլ տարբեր կարծիքներ հնչեն, միեւնույն է, ճշմարտությունը մեկն է. լավ գիտելիքներ ունեցող դիմորդը հաստատ ընդունվում է` ստանալով արժանի միավորներ: Մաթեմատիկայի ֆակուլտետի օրինակը բերեմ` 7 դիմորդ եւ 2-րդ հայտով մեկ դիմորդ կարողացել են հաղթահարել նվազագույնի շեմը եւ ընդունվել իրենց նախընտրած ֆակուլտետը:

- Բուհական ընդունելության կենտրոնացված քննությունները որքանո՞վ են խոչընդոտում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների գործընթացին:

- Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն արդեն 2 տարի է, ինչ հեռակա ուսուցմամբ են ընդունելություն կատարում, սա ցույց է տալիս, որ ժողովրդի ուշադրության կենտրոնում պետական բարձրագույն ուսումնական հաստատություններն են: Մյուս կողմից էլ արդեն անցնում ենք շուկայական հարաբերությունների, այն է` եթե տվյալ բուհը չունեցավ համապատասխան վարկանիշ, բնականաբար, դուրս է մնալու մրցակցությունից: Ընդ որում` ԿԳՆ-ի կողմից մշակվել է ուսումնական հաստատությունների վարկանիշավորման համակարգ` համաձայն որի առանձնացվել են չափանիշներ` ուսանողներ, ուսումնառության արդյունքներ, միջազգային ուղղվածություն, գիտահետազոտական աշխատանքներ, հաստատության կարողություններ, շենքային պայմաններ, պրոֆեսորադասախոսական կազմ, աշխատանքային շուկայում տվյալ հաստատության շրջանավարտների ներգրավվածություն, արտաքին գնահատումներ եւ այլն, որոնց ապահովումը կխթանի տվյալ ուսումնական հաստատության մրցունակության բարձրացմանը, նույն կարգի բուհերը կվարկանիշավորվեն:

- Ձեր տպավորությունը դպրոցից եկող շրջանավարտից, այնուամենայնիվ դպրոցից եկող լավագույն շրջանավարտը որտե՞ղ է թերանում:

- Դպրոցից եկող շրջանավարտն ընդհանուր առմամբ թույլ է եւ ունի հիմնական գիտելիքների պակաս, խորանալով կոնկրետ առարկաների մեջ` ընդհանուր զարգացածության հարցում թերանում է, բացի դրանից` նաեւ աշխարհայացքն է թույլ զարգացած, քանի որ քիչ է ընթերցում: Մեկ առավելություն ունի. լավ է տիրապետում ժամանակակից տեխնոլոգիաներին:

- Ի վերջո, Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները որքանո՞վ կարող են փոխարինել գրքին:

- ժամանակակից տեխնոլոգիաներն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են` հիմնավոր գիտելիքներ ստանալու համար, այսինքն` լավ մասնագետ դառնալու համար պետք է գիրք կարդալ, ճիշտ է` տեխնիկական նորամուծություններից օգտվելով ենք դասն անց կացնում, բայց, միեւնույն է, մինչեւ ուսանողը գիրքը չընթերցի, խոր գիտելիքներ չի կարող ունենալ, լիարժեք չի պատկերացնի կատարվող գործընթացը: Դասախոսությունը, տեխնիկան 30-40 տոկոսով են ապահովում գիտելիքի յուրացումը, մնացածը պիտի ինքնակրթությամբ լրացվի:

- Հիմնականում ո՞ր տարածաշրջանից են ԳՊՀ-ի դիմորդները:

- ԳՊՀ-ի ուսանողության գերակշիռ մասը Գորիսի տարածաշրջանից է, նաեւ պետք է նշել, որ այստեղի լավագույն ուսանողները մեկնում են Երեւանում ուսանելու: Գաղտնիք չէ, որ լավագույններն ընդունվում են երեւանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ, բայց հարցն այն է, թե այստեղից գնացողները որքանով են կարողանում աճել մայրաքաղաքային բուհերում, ինչ գիտական բարձունքների են հասնում: Վերջին 3 տարվա ընթացքում Գորիսի պետական համալսարանն ավարտած 10 շրջանավարտ գիտական աստիճան է ստացել, եւ այդ գործընթացը դեռ շարունակվում է, իսկ Երեւանում մեր լավագույն շրջանավարտներից ընդամենը 1 հոգի կարողացավ ստանալ գիտական աստիճան: Այսինքն` Երեւանում լավագույն ուսանողների միջեւ մրցակցությունն ավելի ուժեղ է, իսկ մեզ մոտ լավագույն ուսանողները քիչ են եւ վերահսկելի, բացի դրանից` մենք շահագրգռված ենք նրանց ընդառաջելու:

- ԳՊՀ-ն ավարտող շրջանավարտը կարողանո՞ւմ է արդյոք իր տեղը գտնել աշխատաշուկայում:

- Եթե ուսումնասիրենք տարածաշրջանի բանկերը, ապա աշխատողները բացառապես մեր շրջանավարտներն են, նույնիսկ ավելի շատ, քան երեւանյան բուհերն ավարտած շրջանավարտները: Իսկ քանի որ ԳՊՀ-ն հիմնականում մանկավարժական ուղղվածություն ունի, ապա Սյունիքի տարածաշրջանի բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցիչների մեծ մասը ԳՊՀ-ի եւ նախկին ՀՊՃՀ-ի Գորիսի մասնաճյուղի շրջանավարտ է: Մենք անընդհատ հետեւում ենք մեր շրջանավարտների գործունեությանը, որպեսզի հետագայում կարողանանք նաեւ վարկանիշավորման համակարգում առավելություն ունենալ` գոնե մարզում առաջնային դիրքը պահելով:

- ԳՊՀ-ն միշտ էլ իր կադրային ներուժով տարբերվել է, այդ հարցում այսօր ինչպիսի՞ պատկեր ունեք:

- Այս պահի դրությամբ ունենք 11 դոկտոր, պրոֆեսոր, որից 6 հոգի ԳՊՀ-ի աշխատակից են, իսկ մյուսներին Երեւանից ենք հրավիրում, քանի որ մագիստրատուրայում ունենք մասնագիտություններ, որոնց համապատասխան մասնագետները տեղում չունենք, բնական է, որ պետք է դիմենք այլ ուսումնական հաստատություններում աշխատող մասնագետների: 37 գիտությունների թեկնածու, դոցենտ ունենք, ասեմ, որ եվրոպական կրթական կրեդիտային համակարգը խրախուսում է, որ դասախոսական կադրերի գոնե 50 տոկոսը գիտական որեւէ աստիճան ունենա: Կադրերի վերապատրաստմանն ենք մեծ ուշադրություն դարձնում, ներկայումս ԳՊՀ-ն աշխատում է 6 միջազգային ծրագրով, որոնց շրջանակներում փորձի փոխանակման նկատառումներով հաճախակի են լինում գործուղումները: Պետք է նշեմ, որ այս տարի սպասվում է նաեւ հաստիքների կրճատում` պայմանավորված ֆինանսական խնդիրներով:

- Մի քանի ուղղություններով իրականացնելով կրթություն` այնուամենայնիվ ինչպիսի՞ ձեռքբերումներ ունեք:

- Բնական է, եթե համեմատելու լինենք մայրաքաղաքային բուհերի հետ, ԳՊՀ-ն այդ հարցում դեռ անելիքներ շատ ունի, բայց այնպես էլ չէ, որ գիտական ձեռքբերումներ չենք գրանցում: Կենսաբանության գծով Երվանդ Բաղդասարյանի աշխատանքներն են` ուռուցքների քայքայման ուղղությամբ, Ռազմիկ Վարդանյանի աշխատանքները քիմիական պրոցեսների, հատկապես բնութագրիչների գծով, էլեկտրոնիկայի գծով մենք դեռ չունենք մեծ դպրոց, բայց մեր երիտասարդ գիտնականը` Տիգրան Վանդունցը, ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցած բուհերի երիտասարդ գիտնականների մրցույթում տեխնիկական գիտությունների եւ մեխանիկայի բնագավառում ստացել է 2-րդ կարգի մրցանակ եւ դրամական պարգեւ: Մաթեմատիկայի գծով, կոնկրետ` ալիքային տեսության գծով, Աշոտ Մարտիրոսյանը որոշակի աշխատանքներ է կատարում: Ես ալիքային տեսության ոլորտում ստացած արդյունքներով որոշակի ներդրում եմ արել տնտեսագիտության մեջ` գծային հավասարումները համադրելով ալիքային տեսության հետ եւ օգտվելով ալիքային տեսության պրոցեսներից` ստացել ենք մաթեմատիկական ոչ գծային մոդել, որով կարելի է բնութագրել եւ կանխատեսել տնտեսության մեջ ճգնաժամերը եւ դրանց մեղմացման ուղիներ գտնել: Ասեմ, որ որոշակի հաջողություններ ունենք այդ ուղղությամբ, տպագրվել ենք ռուսական տնտեսագիտական ամսագրերում, հայկական «Տնտեսագետ» ամսագրում, ալիքային մեխանիկայի գիրք ենք տպագրել Գերմանիայում: Եթե այս վարկածով ինչ-որ մեկը սկսի զբաղվել, միգուցե մեծագույն նվաճում ունենա, բայց դե մենք սա դիտարկել ենք տնտեսության համաչափ զարգացման դեպքում, իսկ չէ՞ որ զարգացումը կարող է նաեւ անհամաչափ լինել: Մի խոսքով` առաջարկել ենք որպես հիպոթեզ, իսկ թե ինչ ընթացք կունենա, ժամանակը ցույց կտա: Գեւորգ Ստեփանյանը հայագիտության գծով դոկտորական թեզ պաշտպանեց եւ պրոֆեսորի աստիճան ստացավ, գրքեր տպագրեց Բաքվի հայերի մասին, որոնք ուշադրության են արժանի եւ գրգռում են Ադրբեջանի գիտնականներին: Հայագիտության գծով գործում է հայագիտության կենտրոնը: Ուսանողական գիտական ընկերությունը նույնպես որոշակի աշխատանքներ է անում, համենայն դեպս դժվար է մայրաքաղաքի կենտրոններից հեռու գտնվելով աշխատել, ունենք նաեւ էլեկտրոնային գրադարան` 900-ից ավելի մուտքագրված գրքով, որը կատարելագործման կարիք ունի: Կենտրոն ենք ստեղծել, որտեղ քննարկումներ են կազմակերպվում, մոտ ապագայում «Տեմպուս» ծրագրի շրջանակներում նախատեսվում է եւս մի քանի լսարան կահավորել: Հաշմանդամ ուսանողների համար պետք է բարելավվեն լսարանային պայմանները:

- Արդեն քանի տարի է` խոսվում է եվրոպական կրթական համակարգի հետ ինտեգրման մասին. մենք ի՞նչ հանգրվանի ենք հասել այդ հարցում:

- Դժվար է եվրոպական կրթական համակարգին միանգամից ձուլվել այն իմաստով, որ եվրոպական կրթական հաստատությունը եւ արտադրությունը սերտորեն իրար հետ համագործակցում են, այսինքն` արտադրությունը ներդրումներ է անում, որպեսզի կրթական կենտրոնը զարգանա` ստեղծելով այնպիսի լաբորատոր պայմաններ, որտեղ կստեղծվեն նոր արտադրական միջոցներ` հետագայում արտադրության մեջ ներդնելու համար: Լաբորատորիաներում պատրաստում են մի շարք իրեր, որոնք մասնակցում են մրցույթին, եւ լավագույնները ներդրվում են արտադրության մեջ, այսինքն` ուսանողն աշխատանքի է գնում արդեն որպես պատրաստի ինժեներ, իսկ մեզ մոտ ուսանողն ունի միայն տեսական գիտելիքներ, որոնք գործնականում դժվարանում է կիրառել: Բացի դրանից` այդ նույն արտադրողը, ֆինանսավորելուց բացի, նաեւ մասնակցում է առարկայական ուսումնական ծրագրերի կազմմանը` առաջարկելով ուսումնական առարկաների ցանկը: Մեզանում առաջին ծիծեռնակը Վիվասել-ՄՏՍ-ն է, որը որոշակի գումարներ է ներդնում, ստեղծում անկյուններ, համակարգչային լսարաններ, որպեսզի հետագայում` իրենց մոտ աշխատանքի անցնելիս, շրջանավարտները գոնե ժամանակակից տեխնիկային ծանոթ լինեն: Լինելով աշխարհի տարբեր ուսումնական հաստատություններում` մենք նույնպես նրանց օրինակով փորձում ենք որոշակի քայլեր ձեռնարկել եվրոպական կրթական չափանիշներին մոտ կանգնելու համար: Սակայն ներդրումների խնդիր ունենք. ծրագրերը, որոնց շուրջ աշխատում ենք, ենթադրում են նաեւ ուսանողների փոխանակում, այն է` որոշակի ժամանակով ուսանողները պիտի գնան եւ ուսումնասիրեն տարբեր երկրների ուսումնական հաստատությունների ուսումնառության գործընթացը, ինչպես նաեւ այդ երկրների ուսանողները պետք է գան մեր հանրապետություն` փորձի փոխանակման, սակայն սա բավականաչափ նյութական միջոցներ է պահանջում, եւ բացի դրանից` մենք պետք է անգլախոս դասախոսներ ունենանք, որպեսզի ապահովենք արտասահմանյան ուսանողների ուսումնառությունը: Բայց, իմ խորին համոզմամբ, հաստատ կգա այն ժամանակը, երբ մենք ամբողջովին կձուլվենք այդ կրթական համակարգին: Եթե համեմատելու լինենք 2 տարի առաջվա հետ, ապա կարելի է ասել, որ սայլը տեղից սկսել է շարժվել:

- Ո՞րն է ԳՊՀ-ի առաջին խնդիրը:

- Հավատարմագրման սկսված գործընթացն ավարտին հասցնել (նախ` ինստիտուցիոնալ, ապա` մասնագիտական), հաջողության դեպքում միջազգային հավատարմագրմանը ձեռնամուխ լինել։ Հաջորդ խնդիրը ֆինանսական բնույթի է: Մեր դիմորդները մեծ ֆինանսական վճարումներ չեն անում, որով հնարավոր լինի նյութատեխնիկական բազան, շենքային պայմանները բարելավել, այդպիսի աշխատանքները հիմնականում կատարում ենք արտաքին բարեգործությունների, ներդրումների շնորհիվ: Շենքային պայմանների բարելավումը մեր հաջորդ կարեւոր խնդիրն է: Մեզ մոտ ուսման վճարների բարձրացում չկա` ինչ-որ տեղ պայմանավորված նաեւ տարածաշրջանի բնակչության սոցիալական վիճակով: Իմ կարծիքով` ԳՊՀ-ն ժողովրդագրական տեսակետից էլ մեծ ներդրում ունի տարածաշրջանում, քանի որ որոշակիորեն մեղմացնում ենք մեր օրերում ազգին սպառնացող ամենալուրջ վտանգը` բնակչության արտահոսքը` երիտասարդությանը կրթելով ու ամրապնդելով տեղում:

- Ձեր բարեմաղթանքը նոր ուսումնական տարվա կապակցությամբ:

- Շնորհավորում եմ կրթության բնագավառի բոլոր աշխատակիցներին, գործող բոլոր կրթօջախների սաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ, մաղթում նորանոր հաջողություններ:

Հարցազրույցը` ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06