Յուրի Ջավահիրյան. «Կուզենայի ավելի լավ վիճակում տեսնել Գորիսի թատրոնը»

02.09.2022 14:54
1386

Յուրի Գուրգենի Ջավահիրյանը, ծնված 1946թ., 1995-98թթ. գլխավորել է Գորիսի պետական դրամատիկական թատրոնը: Հետպատերազմական շրջանի դժվարությունների հաղթահարումը հենց նրան էր վիճակվել: Եվ առհասարակ, լինելով թատրոնի տնօրեն, հաջողեց նոր կյանք հաղորդել թատրոնին: Այնպես որ՝ հետաքրքիր էր զրույցը նրա հետ...

- Պարոն Ջավահիրյան, մոտ քառասուն տարվա մանկավարժական ստաժ ունեիք, և հանկարծ Ձեզ առաջարկեցին թատրոնի տնօրենի պաշտոնը, այն էլ՝ պատերազմից անմիջապես հետո: Արդյո՞ք ռիսկային չէր, արդյո՞ք թատրոնի ղեկավարումը Ձեզ չվախեցրեց:

- Այդ պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկեց Սուրեն Խաչատրյանը՝ Սյունիքի հարցերով պետնախարար Վազգեն Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Սուրեն Աբրահամյանի համաձայնությամբ:

Նրանք համոզված էին, որ կկարողանամ թատրոնը դուրս բերել ստեղծված ծանր վիճակից:

Եվ, թող անհամեստություն չհամարվի, մինչ այդ որոշակի ճանապարհ էի անցել Գորիսի շրջանի մշակույթի ոլորտում: 1974-78 թվականներին եղել եմ Գորիսի շրջանային կուլտուրայի տան տնօրեն. դա, առանց չափազանցության, վերելքի տարիներ էին Գորիսի շրջկենտրոնի և շրջանի գյուղերի մշակութային կյանքում:

Դեռևս 1960-ականներից «ժողովրդական»-ի կոչում ունեցող թատերական խումբն ավելի ամրապնդվեց, համալրվեց նոր դերասաններով ու կայուն գործունեություն ծավալեց և́ շրջանից դուրս, և́ գյուղերում:

Ժողովրդական թատրոնի ռեժիսորը լուսահոգի Գուրգեն Սարգսյանն էր՝ Գոգին՝ թատերական բարձրագույն կրթությամբ, լավ դերասան ու կազմակերպիչ:

Թատրոնի նկարիչը Վազգեն Խշտոյանն էր՝ դեռևս պետթատրոնի ժամանակներից գորիսեցիներին քաջ հայտնի, ապա՝ Վանիկ Արզումանյանը:

Մեզ հաջողվեց վերակազմակերպել ժողգործիքների համույթը: Սկզբից ի վեր պայքարում էինք «ժողովրդական»-ի կոչման համար: Երևանում՝ Հայֆիլհարմոնիայի դահլիճում տեղի ունեցած հերթական մրցույթում պատվավոր տեղը զբաղեցրինք, որից հետո անսամբլին շնորհվեց  «ժողովրդական»-ի կոչում:

Դրանից հետո խնդրեցի իմ մեծ բարեկամ Գուսան Աշոտին՝ տիկնոջ՝ Արաքսյա Ղալեչյանի հետ ստանձնել ժողգործիքների համույթի ղեկավարումը: Եվ նա, ի ուրախություն, համաձայնություն տվեց: Դա մեծ իրադարձություն էր անսամբլի և ընդհանրապես Գորիսի մշակութային կյանքում, արդյունքները շատ շուտով տեսանելի դարձան...

Ահա այսպիսի ճանապարհ էի անցել մինչ այդ՝ մանկավարժական աշխատանքին զուգահեռ:

Հավանաբար հենց այդ ամենն էին  նկատի ունեցել իշխանությունները, որ ինձ առաջարկեցին Գորիսի թատրոնի տնօրենի պաշտոնը:

Ի դեպ, մշակույթի տան տնօրեն աշխատելու տարիներին հեռակա կարգով սովորեցի Մոսկվայի Կրուպսկայայի անվան համալսարանում ու հաջողությամբ ավարտեցի այն:

- Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Գորիսը, առանց չափազանցության, մարտական գործողությունների թատերաբեմ էր: Մեծ վնաս էր կրել  թատրոնը և́ նյութական, և́ կադրային առումով:

1994-ին զինադադար հաստատվեց, ու եկավ կորցրածը վերականգնելու, մեր վերքերն ապաքինելու ժամանակը:

Հետպատերազմյան այդ փուլում էլ ստանձնեցիք Գորիսի թատրոնի ղեկավարումը:

Նախ՝ ի՞նչ ժառանգություն ստացաք կամ ի՞նչ վիճակ էր թատրոնում այդ ժամանակ:

- Հրետակոծության հետևանքով շենքը մեծ վնաս էր կրել: Ապակիների մասին խոսելու հարկ չկա, բոլոր պատուհաններն ամբողջապես վնասված էին: Վնասված էին նույնիսկ ներսի պատերի սալիկները, որոնցով երեսապատված էին պատերը: Շարքից դուրս էր եկել տանիքը, ջուրը թափվում էր բեմ: Եվ այդպես շարունակ...

Այդ ժամանակ, կարելի է ասել, թատրոնը կաթվածահար վիճակում էր, դերասանների մեծ մասը հեռացել էր. իմ խնդիրն էր՝ վերականգնել շենքը՝ ստեղծելով աշխատանքի նորմալ պայմաններ և, իհարկե, վերակազմակերպել ստեղծագործական խումբը:

- Եվ ինչ, կարողացա՞ք թատրոնի շենքին հասցված վնասները վերացնել:

- Թատրոնին շատ օգնեցին և́ Սուրեն Խաչատրյանը, և́ Սուրեն Աբրահամյանը, ով 1996 թ. տարեսկզբից  նորաստեղծ Սյունիքի մարզի առաջին ղեկավարը դարձավ:

Նաև իմ անձնական կապերն օգտագործեցի...

Այդ ժամանակ ուշագրավ մի իրողության բախվեցինք. հանրապետությունում պետք է տեղի ունենար թատերական փառատոն: Եվ, որքան էլ տարօրինակ է, որոշվեց փառատոնն անց կացնել Գորիսի պետական թատրոնի դահլիճում:

Բայց քանի որ թատրոնի շենքային պայմանները մտահոգիչ էին, Երևանից Գորիս ժամանեցին Թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանն ու մշակույթի նախարարի տեղակալը: Մի հարց էին ուզում պարզել՝ կկարողանա՞նք մինչև փառատոն շենքի նորոգումն ավարտին հասցնել:

Մեկ ամիս ժամանակ տրվեց: Բնականաբար, իրենք էլ որոշ խնդիրների լուծման պատասխանատվությունը ստանձնեցին:

Ի ուրախություն բոլորիս, սահմանված ժամկետում հասցրեցինք նորմալ պայմաններ ստեղծել, և փառատոնը կազմակերպվեց Գորիսում:

Ներկա էին հանրապետությունում գործող և́ պետական, և́ ժողովրդական գրեթե բոլոր թատրոնները:

- Իսկ Գորիսի պետական թատրոնը մասնակցե՞ց փառատոնին, հասցրեցի՞ք ստեղծագործական խումբը վերակազմակերպել:

- Ցավոք՝ չկարողացանք փառատոնին մասնակցել, ինքս էլ չէի ուզում, որ դեռևս չկայացած թատերախմբով մասնակցենք փառատոնին: Բայց զբաղվում էինք դերասանական կադրեր հրավիրելու գործով:

- Եվ, որքան հիշում ենք, չնայած ուշացումով, բայց թատրոնի ստեղծագործական կոլեկտիվն ամբողջապես վերականգնվեց:

- Նախ՝ հետաքրքրվեցի Թատերական ինստիտուտում սովորող սյունեցիներով, գրեթե բոլորին հանդիպեցի: Ինստիտուտում հանդիպեցի Շանթ Հովհաննիսյանին, Կորյուն Մկրտչյանին, երկուսն էլ ընդունեցին հրավերս...

Բայց ես պետք է լուծեի նրանց բնակարանի հարցը և, իհարկե, զինվորական ծառայությունը գոնե ժամանակավորապես հետաձգելու խնդիրը:

Անձամբ հանդիպեցի Սպարապետ Վազգեն Սարգսյանին: Ինքն էլ շահագրգռված էր, որ Գորիսի թատրոնը ոտքի կանգնի: Սակայն հետաձգվեց մեկի բանակ մեկնելը, մյուսինը չստացվեց:

Քաղաքային իշխանությունն էլ ժամանակավորապես լուծեց նրանց բնակարանային հարցը:

Գորիս հրավիրեցի Մանյան ամուսիններին, մեկ ուրիշին էլ՝ բարձրագույն կրթությամբ, Եղեգնաձորից:

Հրավիրեցի Իշխան Ղարիբյանին:

Նաև տեղացի կադրերին ոտքի հանեցի՝ Սերժ Սայունցին, Արամայիս Միքայելյանին, Հրաչուհի Գյուրջյանին, Գյուրջյանի դստերը և ուրիշների:

Նաև դերասանների փոխանակումներ սկսեցինք կատարել Կապանի ու Գորիսի թատրոնների միջև. գործընկերային լավ հարաբերությունների մեջ էինք երջանկահիշատակ Կամո Արզումանյանի հետ:

- Դե, իհարկե, խոսակցության առանձին նյութ է Երվանդ Մանարյանին վերստին Գորիս հրավիրելը: Նա եղել և մնում էր գորիսեցիների սիրելին: Եվ, կարծեք, դարձել էր գորիսյան թատրոնի յուրօրինակ խորհրդանիշ: Առաջին անգամ Գորիս էր եկել դեռևս պետական թատրոնի օրերում՝ 1959-61-ին, երկրորդ անգամ՝ պետական թատրոնը 1985-ին վերաբացվելուց հետո, բայց ինչ-ինչ խնդիրների պատճառով վերադարձել էր Երևան: Ասել է թե՝ Գորիսի թատրոնում վերստին զգացվում էր Երվանդ Մանարյանի կարիքը...

- Սերժ Սայունցի հետ գնացինք Երևան, ինքը մտերիմ հարաբերություններ ուներ Երվանդ Մանարյանի հետ...

Տարակուսանքով գնացինք. ինքը, ըստ երևույթին, վերջին անգամ նեղացած էր հեռացել Գորիսից...

Մեզ ընդունեց իր բնակարանում, ծանոթացանք:

Գորիսի թատերական անցյալից հետաքրքիր հուշեր պատմեց:

Ես անկեղծացա՝ ասելով, թե Ձեր կարիքն ամբողջ Գորիսն է զգում: Բայց ինքը համառորեն դիմադրում էր՝ նշելով, թե Գորիս գալու դեպքում կինը մենակ կմնա, ինքն էլ առաջացած տարիք ունի:

«Ի վերջո ինչո՞ւ եք ուզում, որ անպայման նորից Գորիս գամ», - հարցրեց վարպետը:

Պատասխանեցի՝ Ձեր ֆիզիկական ներկայությունն անգամ, Գորիսի փողոցներով  քայլելը, նույնիսկ թատրոնի մուտքի մոտ կանգնելը ոգևորիչ հանգամանքներ կլինեն և́ դերասանական անձնակազմի, և́ Գորիսի թատերասեր հասարակության համար՝ գումարած տարիների Ձեր փորձը, վարպետությունը...

Կինը միջամտեց՝ «Երվանդ, չե՞ս տեսնում, որ երիտասարդն ուզում է քո սիրած Գորիսի համար մի լավ բան անել, համաձայնվիր, իմ մասին մի մտածիր...»:

Ի վերջո համաձայնվեց...

Մենք նրան ապահովեցինք բնակարանով, ապրելու և ստեղծագործելու նորմալ պայմաններով:

Մեկ տարուց ավելի թատրոնի գլխավոր ռեժիսորն էր, միասին աշխատեցինք:

Օրերից մի օր, երբ վերադառնում էինք Խնածախ գյուղից (հյուրախաղերի էինք գնացել)՝ ճանապարհին վթարի ենթարկվեցինք, բարեբախտաբար ոչ մեկին վնաս չեղավ: Ինքը ծանր տարավ այդ միջադեպը (մեքենայում նաև ես ու ինքն էինք):

Որոշ ժամանակ անց ասաց՝ «Հոգնել եմ, նաև տեսնում եմ, որ թատրոնի աշխատանքը նորմալ հուն է մտել, կարող եմ հանգիստ խղճով վերադառնալ Երևան, իսկ ցանկացած ծագող խնդրի դեպքում կարող եք ինձ դիմել»:

 Եվ Երվանդ Մանարյանը գնաց...

- Կարողացա՞ք նրան փոխարինող գտնել:

- Մի կարճ ժամանակով Սերժ Սայունցն էր, ապա՝ Երևանից հրավիրված Լիպարիտ Մանյանը դարձավ գլխավոր ռեժիսոր, ով Գորիս էր եկել դերասանուհի կնոջ՝ Թամարա Մանյանի հետ: Նրանք և́ մասնագիտական կրթություն ունեին, և́ փորձ: Բավականին լավ աշխատեցին...

Ուզում եմ առանձնահատուկ նշել Սերժ Սայունցի անունը: Նա մեծ ներդրում ունի Գորիսի պետթատրոնի կայացման գործում:

Նույն կերպ ուզում եմ նշել մեծավաստակ Հրաչուհի (Ռոզա) Գյուրջյանի, Արամայիս Միքայելյանի, Կորյուն Մկրտչյանի, Շանթ Հովհաննիսյանի անունները: Առանց նրանց աջակցության՝ հատկապես սկզբնական շրջանում, հնարավոր չէր թատրոնի վերակազմակերպումը:

- Գորիսի պետական թատրոնն այդ ժամանակ, որքան հիշում ենք, պետական լրավճար էր ստանում, բայց նաև սեփական եկամուտներ ունենալու խնդիր կար: Այդ առումով, կարծում ենք, ոչ պակաս կարևոր էին դրսի խմբերի հյուրախաղերը...

- Սեփական եկամուտներ ունենալու խնդիրը, իսկապես, շատ կարևոր էր մեզ համար: Ուստի և կարևոր էին դրսի խմբերի հյուրախաղերը:

Պարբերաբար խմբեր էինք հրավիրում Գորիս ու, կարելի է ասել, թատրոնի դահլիճը միշտ լեփ-լեցուն էր...

Թատրոնին կից ստեղծեցինք նաև թատերական սրճարան, որը յուրօրինակ հավաքատեղի էր ոչ միայն դերասանների, այլև Գորիսի մտավորականների համար:

- Ենթադրում ենք, որ ձեր հյուրախաղերով կարողանում էիք ապահովել կապը Գորիսի տարածաշրջանի բնակչության հետ:

- Հյուրախաղեր կազմակերպելը մեր գործունեության հիմնական ուղղություններից էր: Տարածաշրջանում չկա մի բնակավայր, որտեղ ելույթ ունեցած չլինենք: Այդ տեսակետից գնահատելի է թատրոնի ադմինիստրատոր Աիդա Հայրապետյանի դերակատարությունը:

- Մենք չխոսեցինք ներկայացումների երաժշտական և նկարչական ձևավորումների մասին...

- Նկարչական ձևավորումներն անում էին Արգամ Խուրշուդյանը, Ժիրայր Մարտիրոսյանը: Անում էին բարձր մակարդակով...

Երաժշտական ձևավորման պատասխանատուն Ռոբերտ Առաքելյանն էր, ով, ի դեպ, Գորիսի երաժշտական կյանքի մեծ երախտավորներից էր, ով, ցավոք, նույնպես վերջին համավարակի զոհը դարձավ:

Ինքը նաև թատրոնի տնօրենի տեղակալն էր, ում գործառույթների մեջ էր մտնում երաժշտական ձևավորումը:

Որոշ բեմադրությունների երաժշտական ձևավորումն արել են գլխավոր ռեժիսոր Մանյանը, ինչպես և Սերժ Սայունցը:

- Եվ բազում բեմադրություններից որո՞նք են հատկապես մնացել Ձեր հիշողության մեջ:

- Առաջին բեմադրությունը «Բանտարկյալը» պիեսն էր (ռեժիսոր՝ Սերժ Սայունց): Դա 1995-ի հունիսին էր, ես մարտին էի տնօրեն նշանակվել:

Այնուհետև բեմ հանվեց Երվանդ Մանարյանի «Իրարանցում հոգեբուժարանում» պիեսը, որը բեմադրեց ինքը՝ Մանարյանը:

Հետագայում բեմադրվեցին նաև Ա. Բադալյանի «Խոշոր շահումը» (ռեժիսոր՝ Ա. Բադալյան), Հ. Աղաջանյանի «Խղճի խայթը» (ռեժիսոր՝ Ա. Հովհաննիսյան), «Գիքորը» (ռեժիսոր՝ Սերժ Սայունց), «Շրջազգեստով մարդիկ» (ռեժիսոր՝ Հ. Անտոնյան):

Իսկ երբ 1996-ի գարնանը հրավիրվեց Լիպարիտ Մանյանը, բեմադրվեցին նորանոր ներկայացումներ: Հիշում եմ՝ «Ա͂խ, ներվեր, ներվեր», «Քաջ Նազար», «Հարսնացուն հյուսիսից»,  «Մեր բակի մեղեդիները» և այլն:

 Գորիսի թատերասեր հանրության վրա առավել մեծ տպավորություն թողեց Լիպարիտ Մանյանի «Բակունցի վերջին օրը» պիեսը (Դավիթ Գասպարյանի հայտնի մենագրության մոտիվներով):

- Ու, հավանաբար, թատրոնից հեռացաք ափսոսանքով...

- 1998-ին իշխանությունները նպատակահարմար գտան ուժերս օգտագործել այլ ոլորտում:

Ինձ փոխարինեց Նապոլեոն Մկրտչյանը, ում ինքս էի փոխարինել ժամանակին:

Անկեղծ լինեմ՝ իմ կյանքի ընթացքում բազմաթիվ ղեկավար պաշտոններ եմ զբաղեցրել, բայց ոչ մի տեղ այդքան սեր ու նվիրում չեմ դրել, որքան թատրոնում. ուղղակի անմնացորդ էի նվիրվել...

- Հիմա էլ, ըստ երևույթին, հետևում եք Գորիսի պետական թատրոնի գործունեությանը...

- Ուրախանում եմ բոլոր հաջողություններով, ցավում՝ ամեն մի բացթողումի համար: Կուզենայի ավելի լավ վիճակում տեսնել Գորիսի թատրոնը:

Երբեք չպետք է մոռանալ՝ գոնե 20-րդ դարի առաջին կեսի կտրվածքով, Գորիսը հայ թատրոնի լավագույն հանգրվաններից էր, Գորիսի թատրոնում բեմ են բարձրացել մեր թատերական արվեստի ամենանշանավոր դեմքերից շատերը:

Ասելս այն է, որ Գորիսի թատրոնն իրավունք չունի լավը չլինել...

Հարցազրույցը՝ Սամվել Ալեքսանյանի

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25