Զանգեզուրի 1918-1920 թթ. գոյապայքարի հերոս, գնդապետ Բոգդան Մելիք-Հուսեինյանը, ընտանիքը, տոհմը

16.08.2024 11:43
394

Զանգեզուրի 1918-1920 թթ. գոյապայքարի հերոս, գնդապետ Բոգդան Մելիք-Հուսեինյանը, ընտանիքը, տոհմը

16.08.2024 11:43

213

  • https://syuniacyerkir.am/media/contents/800x500/cb4c957e87b98838430701caef0433fd.jpg

Այս հոդվածի հրապարակման առիթը հանիրավի մոռացված՝ Գորիսի նշանավոր Մելիք-Հուսեինյան մելիքական տոհմի ամենանշանավոր ու արժանավոր ներկայացուցիչներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության գնդապետ, 1918-20թթ. ընթացքում Զանգեզուրի տարբեր ճակատների՝ Բարգուշատի, Տաթևի, Տեղ-Կոռնիձորի հրամանատար եղած Բոգդան Նիկոլայի Մելիք-Հուսեինյանի 97-ամյա դստեր՝ Էսմայի մահն էր, որը տեղի ունեցավ սույն թվի հուլիսի 5-ին, Երևանում:

Ցավոք, շատ ուշ հանդիպեցի նրան, մահից երկու ամիս առաջ: Չնայած տարիքին, և այն, որ մեր զրույցը մեկ դար առաջվա իրադարձությունների ու վաղուց հեռացած անձանց մասին էր ու թեմաներն էլ բազմազան, Էսմայի հիշողությունը բավականին լավ էր, իսկ ինքը՝ աշխույժ զրուցակից:

Միայն, կարծես, երկուստեք ափսոսանք կար ուշ հանդիպելու համար, իմ մոտ՝ նաև մեղավորության զգացում ու դառը խոհեր, թե ինչո՞ւ մեր իրական հայրենիքի իրական հերոս հրամանատարին, ով մի հրաշքով էր ազատվել ստալինյան «գիլյոտինից», որևէ պատմաբան կամ նույնիսկ գրող ուշադրության չէր արժանացրել: Ինչպես լինում է անկախ պետականությունից զրկված ազգերի հետ, գրեթե մեկ դար մեզ պարտադրված են եղել օտար արժեքները և օտարի հերոսներն ու մեր փառքի պատվանդաններին մինչև հիմա բազմած են օտար, շատ հաճախ մեր պետականության թշնամիների արձանները…

 

Գնդապետ Բ. Մելիք-Հուսեինյանի ընտանիքը

Բոգդանի կինը՝ Վարսենիկ Հարությունի Զարգարյանը, ծնվել է 1892 թվականին՝ կարսեցի հայտնի ոսկերչի ընտանիքում, երիտասարդ տարիքում եղել է Ալեքսանդրապոլի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության անդամ: (Գուցե այդ հանգամանքի և նաև հմուտ ու հարգված բժշկուհի կնոջ շնորհիվ է, որ ՀՀ բանակի գնդապետը հրաշքով խույս է տվել ստալինյան բռնություններից, թեպետ, Էսմայի պատմելով, հատկապես 1930-ական թթ. ընտանիքում մշտապես սպասել են, որ կգան նաև Բոգդանի հետևից):

Վարսենիկը սովորել է Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտում, որն ավարտելով 1925թ., ուղարկվում է աշխատանքի Ղափան, ուր 1926թ. հանդիպում է ու ամուսնանում գնդապետ Բոգդանի հետ: Այնուհետև՝ կարճ ժամանակով, ամուսինները տեղափոխվում են Արցախ, որտեղ և՝ Ստեփանակերտում, 1927թ. մարտի 8-ին ծնվում է նրանց առաջնեկը՝ Էսմարան (Էսման):

Կարճ  ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Գյումրի (Լենինական), ուր 1929թ. ծնվել է նրանց երկրորդ դուստրը՝ Էլեանորան:

Բոգդանի կինը՝ Վարսենիկը, այնուհետև երկար տարիներ աշխատել է Գյումրիի (Լենինականի) հիվանդանոցում՝ թերապևտ, որտեղ իր անբասիր աշխատանքի համար բազմիցս գովասանքի է արժանացել, իսկ 1953թ. ստացել է ՀՍՍՀ վաստակավոր բժշկի կոչում: Վարսենիկը մահացել է 1964թ. Գյումրիում:

Էսմարան (Էսման) գնդապետի ավագ դուստրն էր, սովորել է Երևանի կոնսերվատորիայում՝ ջութակ մասնագիտությամբ: Որոշ ժամանակ նվագել է այն ժամանակվա Գյումրիի (Լենինականի) սիմֆոնիկ նվագախմբում: Հետո դասավանդել է Գյումրիի ԵրաԺշտական ուսումնարանում: 1971 թ. հոր հետ տեղափոխվել են Երևան՝ քրոջ՝  Էլեանորայի մոտ, ուր և հաջորդ տարի՝ 1972 թ., Բոգդանը մահացել է և հուղարկավորվել Լենինականում՝ կնոջ մոտ:

էսման Երևանում ևս շարունակել է ջութակի դասեր տալ Սպենդիարյանի անվան եւ ուրիշ երաժշտական դպրոցներում, մինչեւ 1987 թիվը՝ թոշակի անցնելը: Ապրում էր քրոջ՝ Էլեանորայի աղջկա՝ Նանեի ընտանիքի հետ:

Մահացել է 2024 թ. հուլիսի 5-ին:

Բոգդանի կրտսեր դուստրը՝ Էլեանորան ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի գինեգործական բաժինը: Ապրել և աշխատել է Երևանում:  ԽՍՀՄ փլուզման պահին աշխատում էր Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում։ Էլեանորան մահացել է 2012թ.:

 

 

Գնդապետ Բ. Մելիք-Հուսեինյանի կյանքի և գործունեության համառոտ ուրվագիծ

Բոգդանը ծնվել է Գորիսում, 1890թ., սովորել է Բաքվի գիմնազիայում, ապա ընտրել զինվորականի կարիերիան: 1912թ. ավարտել է Մոսկվայի Ալեքսեևյան ռազմական ուսումնարանը: 15-րդ Թուրքմենստանյան հրաձգային գնդի շարքերում մասնակցել է Առաջին աշխարհամարտին: Պոդպորուչիկի զինվորական աստիճանով 24.09.1915թ. փոխադրվել է Կովկասյան ճակատ՝ 16-րդ Կովկասյան գունդ, 16.10.1916թ. ստացել է շտաբս-կապիտանի զինվորական աստիճան: Այդ ընթացքում ստացել է բազմաթիվ շքանշաններ ու մեդալներ, վիրավորվել, կորցրել մի երիկամը: Ապա՝ 1917 թվականին ծառայել է 2-րդ հայկական դիվիզիայում, այնուհետև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

1918թ. աշնանն անցնում է հայրենի Զանգեզուր և ծառայության անցնում  Զանգեզուրի զինված ուժերում: Մասնակցում է Սյունիքում ծավալված գրեթե բոլոր ռազմական գործողություններին, մե՛կ որպես Բարգուշատի, մե՛կ Տաթևի, մե՛կ Տեղի ճակատի պետ: Ըստ իր ծառայողական թերթիկի, առ 23.03.1920 թ., Խանածախի ջոկատի հրամանատարն էր: Նրա մասին իրենց հուշագրություններում հիշատակել են բազմաթիվ զինվորական ու պետական գործիչներ՝ Ե.Իշխանյանը, Ռ.Նարինյանը, Վանբեկը, Ստեմելը և ուրիշներ:

1920թ. մարտ-ապրիլին, երբ իր ողջ զինված ուժերով Ադրբեջանը համընդհանուր հարձակման էր անցել Արցախի և Զանգեզուրի դեմ, Բոգդանը Զանգեզուրյան կարևոր ճակատներից մեկի հրամանատարն էր, ում մասին բազմաթիվ դրվագներում մեծ գովեստով է հիշում Վազգեն Միրզաբեկյանը (Վանբեկը):

Սակայն բոլշևիկյան Ռուսաստանի կողմից Զանգեզուրի առաջին բռնազավթումից հետո նրա մասին լուրերը գրեթե դադարում են: Երևանի «Յառաջ» օրաթերթի մի կարճ հաղորդագրությունը պարզում է եղելությունը: «Հուլիսի 10-15 ձերբակալել և անհետացրել են հայկական բանակի մի շարք սպաների՝ գնդապետ Բոգդան Մելիք-Հուսեյինյանին,…»:

Այնուհետև՝ երկար ժամանակ, լռություն էր, միայն 1930-40-50-ական թթ. Մելիք-Հուսեինյանների գերդաստանի որոշ ներկայացուցիչների մահվան առիթներով ցավակցական գրություններում ենք հանդիպում գնդապետի անունը, գլխավորապես Երևանի «Կոմունիստ» ռուսալեզու օրաթերթում, որտեղ երկար տարիներ աշխատում էին քույրը՝ Նատալիան (Նադիան) և կրտսեր եղբոր՝ Կոլյայի, կինը՝ Նինան:

1937-38թթ. բռնադատման գործերի որոշ ցուցմունքներում հիշատակվում է, որ գնդապետը ապրելիս է եղել Լենինականում:

Տանը պահպանված լուսանկարներից երևում է, ինչպես նաև Էսմայի վկայությամբ, նա մայորի զինվորական աստիճանով, մինչև 1940-ական թթ. վերջերը, շարունակել է զինվորական ծառայությունը սովետական բանակում, հիմնականում Լենինական և Կիրովական քաղաքներում՝ թիկունքային ուսումնավարժական հավաքներում և այլն: Այնուհետև հաշվապահական աշխատանքի է եղել մինչև թոշակի անցնելը:

 

Բոգդանի հոր՝ Նիկոլայի ընտանիքը

Բոգդանի հայրը՝ Նիկոլայ բեկն ամուսնացել էր երկու անգամ: Առաջին կինը՝ Նադեժդան ռուս էր, որից ունեցել էր երկու որդի՝ Վլադիմիրը (ծ.1879թ. ) և Պավելը (ծ.1884թ.) ու մեկ դուստր՝ Օլգան (Օլյա), ով հետո դարձել է բժշկուհի, աշխատել Տուբերկուլյոզային դիսպանսերում:

Վլադիմիրը սովորել է Շվեյցարիայի Բեռնի բժշկական համալսարանում և ապրել Շվեյցարիայում: Ներկայումս էլ նրա սերունդներն Շվեյցարիայում են:

Պավելը եղել է իրավաբան, Բաքվում և այլուր բարձր պաշտոններ է զբաղեցրել՝ գլխավոր դատախազ և այլն ու մահացել Բաքվում՝ 24.12.1938 թ.: Պավելի և իր ընտանիքի մասին այլ տեղեկություններ  հայտնի չեն:

Ռուս կնոջ մահվանից հետո, հայրը՝ Նիկոլայ բեկն ամուսնացել է շուշեցի մի հայտնի ընտանիքի աղջկա՝ Մարիայի (Մայկո) հետ, ումից ունեցել է 5 տղա՝ ԲոգդանըՍուրենը (Սեմյոն), Միշան, Պետյան և որդի Նիկոլայը (Կոլյան), ու մի աղջիկ՝ Նատալիան (Նադյան):

Սուրենը ևս սպա է եղել, պրապորշչիկի (հետմահու՝ պոդպորուչիկ) սպայական կոչումով մասնակցել է 1-ին աշխարհամարտին՝ Կովկասյան ճակատում, զոհվել 1916թ. մարտադաշտում: Պետյայի ճակատագիրն անհայտ է եղել հարազատներին: Էսման հիշում էր նաև, որ հորեղբայրներից մեկն ինքնասպան է եղել, բայց թե ով՝ չէր հիշում:

Սովետական իշխանության առաջին տարիներին՝ եղբայրներից Նիկոլայն ապրելիս է եղել Գորիսում, սակայն ահագնացող հալածանքները ստիպել են, որ հեռանա հայրենի քաղաքից:

Քույրը՝ Նադյան, ինչպես և Նիկոլայի կինը՝ Նինան, երկար տարիներ աշխատելիս են եղել «Խորհրդային Հայաստան», «Կոմունիստ» օրաթերթերի խմբագրություններում: 

 

Մելիք-Հուսեինյանների տոհմը և ճյուղավորումները

Սկսենք Մելիք Հուսեինից՝ ըստ Ե.Լալայանի տված տեղեկությունների: «1815 թ. մելիք Հուսեինը մեռնում է և նրան հաջորդում է որդին` մելիք Ռուստամը, որը միայն երեք տարի է մելիքություն անում և անորդի մեռնում1: Նրան հաջորդում է եղբայրը` Մելիք Հարությունը կամ Մելիք Թյունին: Սա խաղաղությամբ կառավարում է երկրամասը մինչև ռուսաց տիրապետությունը (1828 թ.), երբ նա մինպաշի է դառնում, այսինքն Զանգեզուրի կառավարիչ: Երբ կառավարությունն այս գավառում ևս մտցրեց ընտրողական տանուտերությունը, Մելիք Հարությունն իր համար այդ անպատվություն համարելով` հրաժարվեց տանուտեր լինելուց, և հասարակական գործերից հետ քաշված` մեռավ 1880 թ., թողնելով մի որդի` Մանուչար բեկին2, որ այժմ էլ կենդանի է»:

Ըստ 1848թ. Աշխարհագրի3, Գորիսում Մելիք-Հուսեինյան ազգանունով երկու ծխեր կային՝

1.Մելիք Թունան (Հարություն) Մելիք-Հուսեինյանի, ծնվ.1802թ. և  2. Ալահվերդի բեկ Մելիք-Հուսեինյանի, ծնվ.1815թ. (ըստ 1849թ. կամերալի՝ ծ.1812թ.)։

Այստեղ գրանցված են Ալահվերդի բեկի միայն 4 տղաները՝ 1.Ռուստամը (ծ.1834թ.), 2.Աղաջանը (ծ.1840թ.), 3.Ասրին (ծ.1843թ.՝ մահացել է մանուկ հասակում) և 4.Աղաբեկը (ծ.1844թ.):

Այստեղ չկան  բեկի ավելի ուշ ծնված տղաները՝ գնդապետի հայրը՝ Նիկոլայ բեկը (ծ.1851թ.) և Եգոր բեկը (ծ.1858թ.):

Իսկ 1849թ. Գորիսի Արտոնյալ ընտանիքների կամերալ հաշվառման մատյանում՝ Երկու եղբայրների՝ Մելիք-Հարությունի (Մելիք Թունան, Մելիք Թունի) և եղբայր Ալահվերդի բեկ Մելիք-Հուսեինի ընտանքիները գրանցված են մեկ ծխահամարի տակ:

Այսպիով, Հայկական բանակի գնդապետը Մելիք-Հուսեինի ծոռն է, Ալահվերդի  բեկի թոռը, Նիկոլայ բեկի որդին, ծնված 1890թ. և հենց Ալահվերդի պապի  անվան ռուսական ձևով՝ Բոգդան էլ անվանակոչել են թոռանը4:

Հ. Գ.  Ինչպես երևում է 1886 թ. Գորիսի Կամերալ նկարագրության մատյանից, Մելիք-Հարությունի արական ճյուղը Մանուչարից հետո ընդհատվում է, քանի որ ըստ այդ մատյանի նրա միակ որդու (մյուս որդին՝ 1843թ. ծնված Ասլան բեկը 6 տարեկանում մահացել էր) Մանուչար բեկի (1833-15.10.1911) ընտանիքում տղաներ չկան: Եվ փաստորեն ներկայիս Մելիք-Հուսեինյանները Մելիք-Հուսեինի կրտսեր որդու՝ Ալահվերդի բեկի որդիների սերունդներն են: 

Չմոռանանք նշել, որ ծննդյան թվականները ըստ ռուսական կամերալ նկարագրությունների է, որոնք սովորաբար մի քանի տարվա շեղումներ են ունենում: 

 

Ծանոթագրություններ

1. Մելիք Հարությունի՝ Թունիի մելիքության սկիզբը պետք է համարել 1822թ., եղբոր՝ Մելիք Ռոստոմի մահվան թվականից: «Հին Գորիսից արևելք, եկեղեցու մեջ թաղված տապանաքար, երեսին. «Այս է տապան Մելիք Ուսեյինի որդի Մելիք Ռոստոմին. 1822»: ԴՀՎ, պրակ 2, էջ 81, հ-23:

2. Ե.Լալայանը հատուկ հիշատակում է նրան, որպես իր տեղեկությունների գլխավոր աղբյուր.  «Այս տոհմից այժմ կենդանի է Մանուչար բեկը, վերջին մելիք Հարությունի որդին, ամենից սիրված ու հարգված անձնավորությունը, որը սիրով պատմեց ինձ իր տոհմի պատմությունը և ցույց տվեց մելիքներից մնացած գրությունները: Նրա տված տեղեկությունները ես լրացրի Քարահունջի Տեր Հովսեփ քահանայի և այլ ծերունիների հիշողություններով»:

Մեր կողմից ավելացնենք նաև, որ Մանուչարը եղել է Գորիսում և ընդհանրապես գավառում հայտնի բժիշկ ու հասարակական-քաղաքական գործիչ  Միքայել Պարոնյանի մոր՝ Բալախանումի հայրը: Մելիք-Հուսեինյանների հետ բժշկի ազգակցական կապի մասին վկայում է նաև Եղ.Իշխանյանը:

3. Դրա նախորդ՝ Գորիսի 1832 և 1842 թվականների ռուսական կամերալ հաշվառման մատյաններում Մելիք-Հուսեինյանները չկան:

4. Իմիջայլոց, Ալահվերդի բեկ Մելիք-Հուսեինյանի մյուս որդին՝ Աղաբեկն էլ է իր 1890թ. ծնված թոռանը անվանակոչել Բոգդան, որը դարձել էր բոլշևիկ և սպանվել 1920թ. Զանգեզուրը զավթած բոլշևիկյան Ռուսաստանի և Զանգեզուրի Հայկական զինված ուժերի միջև ընթացքող կռիվների ընթացքում:

 

Աշոտ Սիմոնյան

Սյունիքի և Վայոց ձորի պատմության  գրքերի հեղինակ

 

 

 

Չենք ծրագրում դադարեցնել ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը․ ԲՏԱ նախարարություն

24.12.2024 22:14

Մի շարք պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ

24.12.2024 20:21

Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի, եթե նա պարտվի, պետք է փոխի ԼՂ հարցում իր քաղաքականությունը. Օսկանյան (տեսանյութ)

24.12.2024 20:10

Սուրբ Ստեփանոսի տոնին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սարկավագական ձեռնադրություն

24.12.2024 18:34

Բացահայտ ծաղր է խաղաղության քարոզն այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ 300,000 ադրբեջանցի արդեն դիմել է Հայաստանի վարչապետին՝ «Հայրենիք վերադառնալու» նպատակով. Թաթոյան

24.12.2024 17:06

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25