Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման հանձնաժողովում Հայաստանի հողժողկոմի ներկայացուցիչ Ակսել Բակունցի զեկուցագրերը

04.03.2024 11:44
487

Տարեկան հաշվետվություն

<6 հոկտեմբերի 1925 թ.>

ա) Զանգեզուրի գավառը, համաձայն վիճբյուրոյի տվյալների, գրավում է 3926 քառ. վերստ տարածություն։ Այդ թիվը վերջերս ենթարկվել է փոփոխության, որովհետև օգոստոս ամսին Ղափանի շրջանում Զանգեզուրին է միացված 20 գյուղ։ Բացի այդ, Զանգեզուրի և Քյուրդիստանի միջև այժմ գծվող նոր սահմանը փոփոխության է ենթարկելու գավառի ընդհանուր տարածությունը։ Գավառը կազմված է երեք գավառակից. Ղափան՝ 86 գյուղ, Սիսիան՝ 37 և քաղաքի շրջան՝ 25 գյուղ, ընդամենը՝ 148 գյուղ։ Ազգաբնակչության թիվը երեք շրջաններում էլ համարյա թե հավասար է, 21—22 հազար, 3 շրջանում՝ 65 հազար։

բ) Գավառում շրջանային գյուղատնտեսներ չեն եղել։ Գյուղատնտեսները ապրել են Գորիս քաղաքում։ Շրջագայության տարածությունը՝ մաքսիմալ շառավիղը հասնում է հարյուր վերստի, մինիմալը՝ 36 վերստ Սիսիան գնալու և 59 վերստ Ղափան գնալու դեպքում։

 

ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

 

<18 հոկտեմբերի 1926 թ.>

Զանգեզուրի և Քյուրդիստանի սահմանագծման հանձնաժողովը, կազմով՝ Անդրկենտգործկոմի լիազոր Կաչետկովի, Ադրբեջանի Կենտգործկոմի ներկայացուցիչ Ա. Կարաևի և Հայաստանի հողժողկոմատի ներկայացուցիչ Ա. Բակունցի, իր աշխատանքներին անցել է սեպտեմբերի 10-ին, տեղում երկու օր սպասելով Ադրբեջանի ներկայացուցչին։

Աշխատանքը հետևյալ ձևով էր տարվում։ Դեռ 1925 թ. այդ նույն հանձնաժողովը շրջել էր սահմանները մինչև Սյուսան-Թափա, տեղում ծանոթացել եղած վեճերի հետ։ Այս տարի Անդրկենտգործկոմի երկու հողաչափն արտանկարել են սահմանավեճերը, երկու կողմի գյուղերից էլ հավաքել գրավոր տեղեկություններ, զանազան փաստաթղթեր՝ այս կամ այն վիճելի հողամասի տիրապետության մասին։

Հիմք ընդունելով այդ աշխատանքը՝ հանձնաժողովը սեպտեմբերի 10-ից սկսեց տեղում ծանոթանալ վեճերին, դարձյալ հարցաքննել գյուղերի ներկայացուցիչներին և ապա՝ մաս առ մաս գծել սահմանները։

Առաջին կուրգանը դրված է Գորիս-Ղափան ճանապարհի այն կետում, որտեղից խճուղին իջնում է դեպի էյվազլար գյուղը, որը 1924 թ. հուլիսի 11-ի հանձնաժողովի որոշմամբ մնում է Քյուրդիստանին, թեպետ գյուղը տնտեսապես կապված է Զանգեզուրի հետ։ Մինչև այդ կուրգանը սահմանը որոշված էր դեռ անցյալ տարի, նույն հանձնաժողովի միջոցով։

Հանձնաժողովն իր աշխատանքի հիմք է ընդունել 1924 թ. հուլիսի 11-ի համաձայնությունը, որ կայացել էր ընկ. Երզնկյանի և Բաղիրովի միջև։ Տեղ-տեղ միայն հատուկ պատճառաբանությամբ նրանց սահմանագիծը փոփոխության է ենթարկված։

1924 թ. հուլիսի 11-ին հանձնաժողովը սահմանն ընդունել էր Գորիս-Ղափան խճուղին։ Սակայն տեղական զննությունը և գյուղացիների ցանկությունը եկան որոշ փոփոխություն մտցնելու այդ սահմանագծի մեջ։ Այսպես, օրինակ, ըստ այդ համաձայնության՝ սահմանը խճուղու հետ միասին անցնում էր Բազարչայ գետի վրայով։ Քյուրդիստանի կողմը թողնելով Շահվերդիլար և Պաշարաջուր թուրք գյուղերը։ Սակայն գյուղացիների ցանկությամբ փոխվեց սահմանագիծը, այդ երկու գյուղը թողնելով Զանգեզուրին։ Նոր սահմանը խճուղուն խառնվում է Մազրա գյուղի տափարակում, անտառի ծայրին։

Անտառի մեջ սահմանը թողնված է խճուղին։ Որովհետև Քյուրդիստանին անցնող Մազրա գյուղը խճուղուց վերև հողեր ունի, իսկ Զանգեզուրին անցնող Շուռնուխին հողեր ունի խճուղուց ներքև, հանձնաժողովը որոշեց. գյուղերին թողնել իրենց հողերը, արտանկարելով այդ հողերը, որոշելով նրանց սահմանները, որպեսզի հետագայում այդ գյուղերն ի հաշիվ պետական անտառների, որոնց մի մասը Քյուրդիստանինն է, մյուսը Զանգեզուրինը, չկարողանան ավելացնել հողերը՝ կտրատելով անտառները։

Համաձայն 1924 թ. հուլիսի 11-ի սահմանագծի՝ Զեյվա գյուղի մոտ խճուղին կտրում է Չայզամի գետը, անցնում գյուղի գլխով դեպի հանքերը։ Խճուղուց ներքև մնում էին մի շարք գյուղեր՝ Զեյվա, Սևաքար, Մողես, Ուժանիս, Եղավարդ, Ագարակ, որոնք մինչ այդ ենթարկվում էին Ղափանին, ունենալով վեճեր հարևան թուրք գյուղերի հետ:

Հայաստանի ներկայացուցչի առաջարկը՝ սահմանագիծն անցկացնել ո՛չ թե խճուղիով, այլ Չայզամի գետով, մերժվեց և՛ ընկ. Կաչետկովի, և՛ ընկ. Կարաևի կողմից, թեկուզ երկու կողմերի համար անվիճելի էր այն, որ վերոհիշյալ գյուղերը պիտի միանան և մինչ այդ էլ միացած էին Ղափանին։ Վեճը Վալի-Դուզ անվանյալ անտառամասի շուրջն է, մոտ 200 դես. տարածությամբ։

Վալի-Դուզը Չայզամի գետի աջ ափինն է, խճուղու և գետի միջև, Զեյվա գյուղին կպած։ Հետագայում առաջանալիք անախորժություններին ընդմիշտ վերջ տալու համար Հայաստանի ներկայացուցչի առաջարկն էր բնական սահման ընդունել գետը, մանավանդ որ Զեյվա գյուղը գետի ձախ ափին էլ ունի վարելահողեր։ Այդ առաջարկն արվում էր անտառը պաշտպանելու նկատառումով, որովհետև Քյուրդիստանի ներկայացուցիչ ընկ. Ա. Կարաևի հայտարարության համաձայն՝ այդ անտառամասն իրենք մտադիր են որպես խոտհարք և արոտատեղ տալ քոչվորներին։

Իմ զեկուցման հետ ներկայացնում եմ Զանգեզուրի անտառապետ ընկ Գանինի գրությունն այդ մասին, ուղղված հանձնաժողովի նախագահին և Հայաստանի ներկայացուցչին։

Զեյվա գյուղի սահմանները որոշելուց հետո հանձնաժողովն անցավ մյուս գյուղերի՝ Սևքարի, Մողեսի, Ուժանիսի, Եղավարդի և Ագարակի սահմանները որոշելուն։ Զեկուցմանս հետ միասին ներկայացնում եմ հանձնաժողովի արձանագրությունները՝ կայացած սեպտեմբերի 12-ին Փարիջան գյուղում, սեպտ. 14-ին Ագարակում և սեպտ. 15-ին Գոյդարա-Խաշտաբ գյուղում[3]: Առայժմ ձեռքի տակ չունենալով թվական տեղեկություններ եղած վիճելի տարածության մասին, ինչպես և այն մասին, թե այդ վիճելի տեղերից քանի դեսյատինն է անցել այս կամ այն կողմը նոր սահմանագծումից հետո, այժմ միայն մի ընդհանուր եզրակացություն կարելի է հայտնել, այն է, որ զիջող եղել է մեծ մասամբ Զանգեզուրը։ Հողժողկոմատի ներկայացուցչին հրահանգված էր ամեն գնով վերջ տալ սահմանավեճերին, որպեսզի հնարավոր լինի շուտափույթ սկսել հողաշինարարություն, որպիսի աշխատանք մինչև այժմ կատարված չի, և պատճառ է եղել աչքի ընկնող անարդարացի հողօգտագործման։

Հանձնաժողովի աշխատանքները վերջացնելուց հետո հողաչափներն այժմ անցել են կուրգանների դրման, որից հետո նրանք նկարելու են սահմանագիծը և ուղարկելու հողվարչության, քարտեզի հետ միասին, նաև տեղեկություն այն մասին, թե նոր սահմանագծումից հետո քանի դեսյատին հող է մնացել սահմանից այն կողմ։

Հիմնական թերությունն այդ աշխատանքի այն էր, որ հողհանձնաժողովը սահմանն անցկացնելիս ի նկատի չէր առնում ո՛չ երկու կողմի հողերի քանակը, թե այս կամ այն գյուղը ինչքան հող ունի, ինչ կապեր ունի հարևան շրջանների կենտրոնների հետ, տնտեսապես ավելի շատ դեպի որ շրջանին է ձգտում և այլն։ Ստացվեց այնպիսի արդյունք, որ սահմանն անցկացնելու միակ հիմքն այն էր, թե այս կամ այն գյուղն ինչ ազգի բնակչություն ունի։ Հայ գյուղերը մնացին Զանգեզուրին, թուրք գյուղերն՝ Ադրբեջանին։

Սահմանն անցկացնելիս մի ուրիշ արգելք էլ կար։ Քյուրդիստանի գյուղերի մասին ճշգրիտ տեղեկություն չկար. հայտնի չէր ո՛չ նրանց բնակչության թիվը և ո՛չ էլ հողերի քանակը։ Բացի այդ, սահմանն անցկացնելիս հիմք չընդունվեց երկու կողմի գյուղերի հողերի նորման. արդյունքն եղավ այն, որ Զանգեզուրին անցնող գյուղերը մնացին հողի նվազ նորմայով։

Մի ուրիշ հանգամանք։ Սահմանին կից թուրքական գյուղերն ունեն գյուղակներ (отселок), կազմված 5—8 տնից։ Այդ գյուղակները խանգարում էին սահմանագծման աշխատանքին։ Ցանկանալով միանալ Քյուրդիստանին՝ այդ գյուղակները պահանջում էին սահմանագիծը գյուղից որոշ հեռավորության վրա դնել, այդ դեպքում վիճելի հողերի մեծ մասն անցնում էր նրանց կողմը։ Այդ հանգամանքը շատ մեծ վեճեր առաջ բերեց, մանավանդ Ուժանիսի և Եղավարդի սահմանն անցկացնելիս։ Թուրք գյուղակները՝ Սուլթանլըղ, Հաջի-Ղուրբանլար, Սալդաշ և այլն, որոնց ծխերի թիվը 8-ից չի անցնում, տեղավորված են այն հողերի վրա, որից դեն Ուժանիսն ու Եղավարդն ունեն վարելահողեր։ Որովհետև այդ գյուղակները միանում էին Ադրբեջանին, նրանց և հայ գյուղերի միջև սահման անցկացնելիս հայ գյուղերի հողերից մի մասը մնաց սահմանից դեն։

Վիճելի հողերից մեծ մասը նախկին բեգական հողեր են, որոնք բեգերը վարձով են տվել մեկ այս, մեկ այն գյուղին։ Հողօգտագործումը խառն է եղել, հայ և թուրք գյուղերը կողք֊կողքի կամ իրար հողերի վրայով անցնելով մինչև այժմ օգտվել են այդ հողերից։ Սահմանն անցկացնելիս հարկավոր եղավ ընդունել մի գիծ, որ քիչ թե շատ բնական սահման լիներ։

Միակ թյուրիմացությունը եղավ Ագարակում։ Հողաչափը կուրգանները դնելիս՝ գյուղացիք արգելում են։ Հողաչափը վերադառնում է և զեկուցում հանձնաժողովի նախագահին։ Առանձին արձանագրությամբ այդ դեպքից հետո ագարակցիք ստացան մոտ 60 դես. վարելահող, որով և վեճը հարթվեց։

Հանձնաժողովի աշխատանքներն Ագարակից հետո մնացին թերի, որովհետև ընկ. Ա. Կարաևը ճանապարհվեց Բաքու, զեկուցելու կատարած աշխատանքի մասին, Ադրբեջանի Կենտգործկոմի հավանությունն առնելու, ինչպես գրված էր նրա լիազորականում։ Նրան փոխարինելու պիտի գար ընկ. Մամեդխանովը, որը Գորիս եկավ միայն հոկտեմբերի 10-ին։

Որովհետև Հայկենտգործկոմը հեռագրով ընկ Բ. Հարությունյանին նշանակել էր իր ներկայացուցիչ՝ հանձնաժողովի հետագա աշխատանքներին մասնակցելու, հողժողկոմատի ներկայացուցչի մնալն ավելորդ եղավ, քանի որ Ադրբեջանի համապատասխան հիմնարկից ներկայացուցիչ չէր նշանակված։ Ադրբեջանի Կենտգործկոմը լիազորել էր միայն ընկ. Մամեդխանովին, որի հետ միասին Հայկենտգործկոմի ներկայացուցիչ ընկ. Բ. Հարությունյանը հոկտ. 11-ին ճանապարհվեց սահմանների մնացած մասը գծելու։

 

Հողվարչության պետի տեղակալ՝ Ա Բակունց

 

ՀՈՂՎԱՐՉՈԻԹՅԱՆ

Սահմանագծման ժամանակ Քյուրդիստանի գյուղերին է անցել մոտ 100 դես. հող, որ վաղուց մշակելիս է եղել Ուժանիս գյուղը։ Այդ հողերից մշակության հարմար է 45 դես. ո՛չ ավել:

Ուժանիսցիները բավարարված կլինեն, եթե սահմանը գծվի ո՚չ թե Մովդան-չայլաղով, ինչպես արված է, այլ չայլաղի գլխի ճանապարհով։

Սահմանագծման հանձնաժողովը սահմանը գծել է չայլաղով, որպես բնական սահման, թեկուզ անհրաժեշտ էր ճանապարհը թողնել սահման։

Ավելացնում եմ, որ ամենից շատ տուժել են ուժանիսցիք։

 

Ա. Բակունց

30. X. 26

 

<ՀԱՅԱՍՏԱՆԻ> ԺՈՂԿՈՄԽՈՐՀԻՆ՝

<Զեկուցագիր Անդրկենտգործկոմի սահմանագծման հանձնաժողովի գործունեության մասին>

<13 նոյեմբերի 1926 թ., Երևան>

Իմ զեկուցման մեջ գրել եմ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների և այն պատճառների մասին, որոնք առիթ են տալիս դժգոհությունների։

Այդ խնդրի շուրջը լարված մթնոլորտ է ստեղծվել սահմանին կից գյուղերի միջև։ Որոշ տարր աշխատում է օգտագործել այդ դժգոհությունը՝ լարելով գյուղերին իրար դեմ։ Կազմում էին դիմումներ, շատ անգամ այդ բոլոր դիմումները մի ձեռքով էր գրված և միակերպ խմբագրած։

Ամենից մեծ սխալն այն է եղել, որ հանձնաժողովը փաստորեն ազգային սահման գծեց, թուրք գյուղերին թողնելով Ադրրեջանի կողմը, հայ գյուղերը՝ Հայաստանի։ Այդ ձևի դեմ ես բողոքել եմ շատ անգամ հանձնաժողովում։

Իհարկե, գյուղացիները տրտնջում էին, հազար ու մի կարծիքներ հայտնում։ Ուժանիս գյուղում գյուղացիները խանգարեցին հանձնաժողովի աշխատանքները, լսելով որ հանձնաժողովը մտադիր է ուշադրության չառնել այն մատյանը, որով նրանք ապացուցում էին իրենց տիրապետությունը վիճելի հողերի նկատմամբ։ Ուժանիսը տուժեց, զրկվելով իր վարելահողերի մի մասից։ Հանձնաժողովի նախագահ ընկ. Կաչետկովը և ԱզՑԻԿ-ի ներկայացուցիչ ընկ Ա. Կարաևը պնդում էին Մովդան-չայլաղ անվանյալ ձորակի վրա, որից դեն ուժանիսցիք հողեր ունեին։ Սակայն սահմանն անցավ այդ ձորով, որպես «բնական» սահման, թեկուզ և ես հակառակ էի, պնդելով ճանապարհի վրա։

Ագարակում ավելի մեծ աղմուկ եղավ։ Գյուղնախագահի պաշտոնական գրության համաձայն իբր թե գյուղացիք բանտարկել են նրան և գյուղի ներկայացուցիչներին, որպես գյուղի շահը չպաշտպանողի։ Հարձակվել են հողաչափի վրա, նրա աշխատանքը խանգարել։ Ընկ. Կաչետկովի Ագարակ գնալն էլ չի օգնում, մինչև որ նոր զիջում չի արվում Ագարակին: Այդ դեպքում քննությունը հանձնված է Զանգեզուրի դատախազին։

Ինձ հայտնի չէ Եղավարդ գյուղացիներին ծեծելու դեպքը։ Ես ուրիշ վերսիա եմ լսել, որ նախահարձակ եղել են եղավարդցիները, որոնք իբր թե հրացանով հարձակվել են թուրք գյուղացիների վրա և քշել նրանց իրենց հողից։ Այդ եղել է անցյալ տարի։ Այդ մասին ինձ ասաց Քյուրդիստանից հողբաժնի վարիչ ընկ Իմրան Հաջիևը, ավելացնելով, որ հրացանները գտնվում են Քյուրդիստանում։

Այն տրտունջները, որ իբր թե ասել են գյուղացիք այն մասին, թե «Ադրբեջանի ներկայացուցիչները միշտ լինում են հողաչափերի հետ և ցուցմունքներ են անում», ստուգման կարոտ են։ Գուցե և եղել են, բայց այդ հակառակ է ընդունված որոշման։ Հողաչափերը նախօրոք երկու կողմից գյուղերի ներկայացուցիչներից հարցրել են վիճելի հողերի սահմանները, նշանակել պլանշետի վրա, որից հետո միայն հանձնաժողովը տեղում ծանոթանալով վեճերին՝ անց է կացրել այս կամ այն սահմանը։

Թե նախօրոք ի՞նչ ներկայացուցիչներ են շրջել հողաչափերի հետ, ինձ հայտնի չէ։ Համենայն դեպս, նրանք պաշտոնական մարդիկ չեն եղել, այլ տեղացիներ. կային անհատներ (օրինակ՝ Փարիջան գյուղացի Բաբան, Խաշտաթ գյուղում Նիազալին և ուրիշները), որոնք նպաստում էին երկու կողմի հարաբերությունների սրման, աղմկում, դիմումներ տալիս, սպառնում և այլն։ Իմ ներկայությամբ՝ փարջանցի Բաբան իբր թե թուրք գյուղացիների անունից հայտարարեց, որ իրենք չեն ուզում նայել «Արարատի հուքումաթին», որովհետև նա աղքատ է, գյուղացիներից տուրք շատ է վերցնում, նրա պայմանները ծանր են և այլն: Այդ հայտարարությունը լսեցին Ա. Կարաևն ու Կաչետկովը։ Իմ կարծիքով՝ Բաբան այնպիսի մութ անձնավորություն է, որի հայտարարարությունը որոշ նպատակ ունի և, համենայն դեպս, ծրագրված։ Բաբայի նման մարդիկ պակաս չէին և հայ գյուղերում:

Մի բան պարզ է։ Սահմաններն անցկացնելիս ընդունվում է գյուղի այս կամ այն ազգի պատկանելը որպես գլխավոր հիմք։ Նման սահմանագիծ անցկացնել անթույլատրելի է։ Արդյունքն եղավ այն, որ գյուղերը գրգռվեցին իրար դեմ։

Ընդհանրապես, սահմանագծային աշխատանքի սկզբունքն ու ձևը շատ թերություն ունի։ Հարկավոր է ավելի մեծ ուշադրություն դարձնել, խնդիրն ավելի ճիշտ լուծելու համար։

 

Ա. Բակունց

 

Լիբանանում ևս մեկ վտանգավոր գիծ է հատվել. Իսրայելը գնդակոծել է ՄԱԿ-ի խաղաղապահներին. Բորել

11.10.2024 19:47

Սիսիան-Քաջարան ճանապարհը կառուցելու համար Հայաստանը 236 մլն եվրոյի չափով վարկ կստանա

11.10.2024 19:31

Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետները երկարաձգվել են

11.10.2024 18:52

Իրանում ՌԴ դեսպանությունն իր քաղաքացիներին զգոնության կոչ է արել

11.10.2024 00:15

Իսրայելը ռմբակոծել է Բեյրութը. թիրախում «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան պաշտոնյան է

10.10.2024 22:15

Սյունիքում եղբայրներ են ծեծի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

10.10.2024 22:09

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ հայկական կողմի հետ կապված զարգացում կա. թուրք նախարար

10.10.2024 19:22

ԱԺ հանձնաժողովը սահմանազատման կանոնակարգը կքննարկի հոկտեմբերի 21-ին

10.10.2024 18:43

Իսրայելը կարող է հակահարված տալ Իրանին Յոմ Կիպուր տոնի ժամանակ

10.10.2024 16:44

Ամբողջ աշխարհի համար խայտառակություն է, որ UWC Dilijan ստեղծած մարդը Բաքվի բանտում է. Օկամպո

10.10.2024 16:37

ԱՄՆ-ն և ԵՄ-ն պետք է առաջնորդություն ստանձնեն և օգտագործեն COP29-ը որպես լծակ՝ Բաքվից պահանջելու ազատ արձակել հայ բանտարկյալներին. Օսկանյանի հոդվածը Newsweek-ի համար

10.10.2024 16:30

Արցախցիները մեքենաները կկարողանան գրանցել արտոնյալ ընթացակարգով

10.10.2024 15:22