Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի. Ամստերդամ

21.06.2026 21:05
217

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է.

«Ժողովրդավարությունները չեն կործանվում սոսկ արտաքին թշնամու հարվածներից. դրանք փլուզվում են, երբ այդ թշնամիների հանդեպ վախը վերածվում է ներքին ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի։

Ամբողջական հոդվածը ներկայացնում ենք ստորև․

«Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք

Իմ ողջ կարիերայի ընթացքում, որպես միջազգային փաստաբան, որն պաշտպանում է քաղաքական հալածանքների զոհերին ամբողջ աշխարհում, ես սովոր եմ տեսնել ու ճանաչել որոշակի օրինաչափություններ, հատկապես երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության հետընթացին:
Երբ կառավարությունը նպատակ է դնում ոչնչացնել իր ընդդիմախոսին՝ առանց քվեախցիկի մոտ կամ բաց բանավեճում նրան հաղթելու ժողովրդավարական գինը վճարելու, նա չի պայքարում նրա դեմ. նա պարզապես փոխում է վերջինիս բնորոշումը:

Անհատը կամ խումբը դադարում է լինել օրինական մրցակից և վերածվում է գործակալի, սպառնալիքի կամ մի օտար մարմնի, որը պետք է արտաքսվի: Սա այն է, ինչին բախվել են իմ պաշտպանյալները Ռուսաստանում, Վենեսուելայում, Թաիլանդում, Ուգանդայում և այլուր:

Կոնկրետ մեղադրանքն այդքան էական չէ, որքան դրա գործառույթը՝ հեռացնել հակառակորդին քաղաքական դաշտից և նրան ներկայացնել որպես դավաճան: Այսօր այդ մեղադրանքն ավելի ու ավելի հաճախ է հանդես գալիս իբր թե «ռուսական միջամտության» տեսքով: Այստեղ տեղին է լինել առավելագույնս հստակ, քանի որ հստակությունն առաջին բանն է, որ զոհաբերվում է նման քննարկումներում: Եկեք արձանագրենք. ռուսական միջամտությունն իրականում գոյություն ունի:

Մոսկվան ամբողջ աշխարհում իրականացրել է ապատեղեկատվական արշավներ, կիրառել է ճնշումներ և վարել ֆինանսավորման թափանցիկությունից զուրկ ռազմավարություններ: Սա հերքելն անպատասխանատու քայլ կլինի, ճիշտ այնպես, ինչպես անպատասխանատու կլինի անտեսել արևմտյան տերությունների կողմից իրականացվող նմանատիպ միջամտությունները:

Սակայն փաստացի, իրավական և բարոյական հսկայական անդունդ կա այդ իրողությունն ընդունելու և ցանկացած ներքին այլախոհություն որպես դրա դրսևորում դիտարկելու միջև: Այդ անդունդում այսօր կերտվում է քաղաքական հանցագործի մի նոր տեսակ՝ «ռուսամետ» ընդդիմախոսը, ճիշտ այնպես, ինչպես Մաքքարթիզմի դարաշրջանում «սովետամետ» պիտակավորված հակառակորդներն էին: Այս մեխանիզմը պարզ է. նախ՝ հայտարարվում է հիբրիդային սպառնալիքի գոյության մասին (երբեմն հիմնավորված, երբեմն՝ կեղծ): Այնուհետև՝ ենթադրվում է, որ այլախոհ ձայներն իրենցից ներկայացնում են հենց այդ սպառնալիքը՝ սոսկ այն պատճառով, որ նրանք մարտահրավեր են նետում տիրող քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնսենսուսին:
Ի վերջո, ապացուցման բեռը շրջվում է. այլևս ոչ թե մեղադրող կողմն է պարտավոր ապացուցել այդ կապի գոյությունը, այլ հենց մեղադրվողը պետք է հերքի ու ցույց տա, որ օտարերկրյա տերության կամակատարը չէ։ Սրա հետևանքով ձևավորվում է մեղավորության կանխավարկած, որից գործնականում խուսափելն ապարդյուն է։ Այս դինամիկան էլ ավելի է խորացել արտադատական պատժամիջոցների կիրառման ֆոնին, երբ մարդու հեղինակությունը կարող է հողին հավասարեցվել՝ առանց սեփական անձը պաշտպանելու որևէ իրական հնարավորության։ Սակայն այս ամենի ամենավտանգավոր կողմը համակարգային մեղսակցությունն է։
Եվրոպական Միությունը, գնալով ավելի հանդուրժող է դառնում «ռուսական միջամտության» պիտակի օգտագործման նկատմամբ, որպես իրավունքների սահմանափակման արդարացում:

Այսպիսով, ժողովրդավարության պաշտպանության անվան տակ խարխլվում է դրա հիմնարար առանձնահատկություններից մեկը՝ ընդդիմության գոյության և մրցակցության իրավունքը: Երբ ընդդիմախոսն արժեզրկվում և հավասարեցվում է օտարերկրյա գործակալի կարգավիճակին, գրեթե ամեն ինչ դառնում է թույլատրելի: Նա այլևս մրցակից չէ, որի հետ պետք է առճակատվել, այլ էքզիստենցիալ սպառնալիք:

Արդյունքում՝ ժողովրդավարությունը տապալվում է հենց այն պաշտպանելու քողի ներքո: Միջամտության մասին մեղադրանքը դադարում է ախտորոշում լինելուց և վերածվում է ալիբիի նրանց համար, ովքեր ցանկանում են կառավարել առանց իրական ընդդիմության:
Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական վերջին ընտրությունները լավագույնս պատկերում են այս պարադոքսը։ Ընտրարշավն ընթանում էր օտարերկրյա միջամտության մասին անդադար մեղադրանքների մթնոլորտում, երբ մրցակից քաղաքական ուժերը պնդում էին, թե արտաքին ուժերը փորձում են կանխորոշել ընտրությունների ելքը։ Ակնհայտ դարձավ մի բան՝ թե որքանով էին միջամտության մասին այդ հայտարարություններն ինքնին վերածվել քաղաքական զենքի։

Այս առումով Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումները օրինական քաղաքական ընդդիմության վրա հայելային կերպով կրկնում են Ուկրաինայում նախագահ Վոլոդիմիր Զելենսկու օրոք տեղի ունեցող զարգացումները։
Այն, ինչ սկսվեց որպես Մոսկվայի հետ սերտ հարաբերությունների կողմնակիցների դեմ ուղղված քայլեր, աստիճանաբար վերածվեց հետաքննությունների, քրեական հետապնդումների և հանրային արշավների՝ ընդդիմադիրների շատ ավելի լայն շրջանակի դեմ։ Երկու դեպքում էլ օտարերկրյա ազդեցության մասին մեղադրանքները հարմար գործիք դարձան այլախոհությունը լուսանցք մղելու համար։ Անգամ հազարամյա պատմություն ունեցող Ուկրաինական ուղղափառ եկեղեցին զերծ չմնաց նման վերաբերմունքից։ Չնայած այն հանգամանքին, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ եղել է ինքնակառավարվող, խզել է իր վարչական կապերը Ռուս ուղղափառ եկեղեցու հետ և բացահայտորեն աջակցել Ուկրաինայի պատերազմական ջանքերին, միևնույն է՝ հայտնվեց պետության թիրախում և ենթարկվեց տևական հալածանքների։ Քահանաներ դատապարտվեցին, եկեղեցիներ բռնագրավվեցին,իսկ բարձրաստիճան հոգևորականները զրկվեցին քաղաքացիությունից։
Որպես արդարացում հիմք էր ընդունվում եկեղեցու ներսում իբր առկա ռուսական ազդեցությունը և ենթադրյալ կապերը Մոսկվայի հետ։ Սակայն այդ մեղադրանքների փաստացի հիմքն աստիճանաբար փոշիացավ։

Ուկրաինական դատարանը վերջերս չեղարկեց պետության այն եզրակացությունը, որով Ուկրաինական ուղղափառ եկեղեցին կապվում էր Մոսկվայի հետ։ Դրանից կարճ ժամանակ անց Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Կիրիլո Բուդանովը հրապարակավ ընդունեց, որ եկեղեցին հեռացրել է Մոսկվային վերաբերող բոլոր հիշատակումները, և որ դա «փաստ է»։ Նա նաև հավելեց, որ պետությունը չպետք է միջամտի եկեղեցու ներքին գործերին։ Ստեղծված հեգնանքն անհնար է չնկատել. օտարերկրյա ազդեցության մեղադրանքներով հիմնավորված տարիների հալածանքներից հետո, բարձրաստիճան պաշտոնյաներն այժմ հրապարակավ ընդունում են այն փաստերը, որոնք եկեղեցու ներկայացուցիչները վաղուց էին պնդում։

Այս ամենում նորություն չկա։ Քաղաքական համակարգերը միշտ էլ նախընտրել են ընդդիմախոսներին որպես դավաճան ներկայացնել, քան նրանց հետ բանավիճել։ Նորը միայն արագությունն է։ Սոցիալական մեդիան թույլ է տալիս, որ մեղադրանքները վերածվեն ընդունված փաստերի շատ ավելի վաղ, քան դատարանները կհասցնեն քննել ապացույցները։ Մեղադրանքի և պատշաճ դատական գործընթացի միջև ընկած այդ անդունդում կործանվում են հեղինակություններ, կարիերաներ և ազատություններ։

Որպես մարդու իրավունքների պաշտպան՝ իմ դիրքորոշումն անսասան է և կախված չէ մեղադրվողների հայացքներից։ Ես պաշտպանում եմ այն սկզբունքը, որ ոչ ոք չպետք է սոսկ քաղաքական թեզերի ու քարոզչության թելադրանքով վերածվի թշնամու։ Հենց այս սկզբունքը պաշտպանելու համար է, որ ես ձերբակալվեցի ու արտաքսվեցի Ռուսաստանից, երբ ներկայացնում էի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ընդդիմախոսներին։ Այդ գայթակղությունը հատուկ չէ միայն մեկ երկրին կամ գաղափարախոսությանը։ Ժողովրդավարության առողջությունը չի չափվում նրանով, թե ինչպես է այն վերաբերվում իր դաշնակիցներին, այլ այն իրավական երաշխիքներով ու պաշտպանությամբ, որոնք նա տրամադրում է իր ամենաանցանկալի ընդդիմախոսներին։

Երբ այդ երաշխիքները կասեցվում են հանուն միջամտության դեմ պայքարի, հասցված վնասն այլևս անդառնալի է։
ԱՆԴՐԱԴԱՐՁ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԼԱՈՒՐԱ ԼՈՒՄԵՐԻ «ՄԵԱ ԿՈՒԼՊԱՅԻՆ» (ՄԵՂՔԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅԱՆԸ)
Կարիք չկա, որ արտաքին ուժերը կործանեն ժողովրդավարական հաստատությունները, եթե մենք ինքներս պատրաստ ենք ոտնահարել դրանց սկզբունքները։ Եվրոպան պետք է լավ հիշի՝ ժողովրդավարությունները չեն կործանվում սոսկ արտաքին թշնամու հարվածներից։ Դրանք փլուզվում են այն ժամանակ, երբ այդ թշնամիների հանդեպ վախը դառնում է սեփական երկրում ընդդիմախոսներին ճնշելու պատրվակ։

Իրական սպառնալիքը դրա քաղաքական շահարկումից տարանջատելը ամենևին էլ զիջում չէ հակառակորդին, այլ հենց այն արժեքների փրկության նախապայմանը, որոնց համար, մեր իսկ պնդմամբ, պայքարում ենք։

Ռոբերտ Ամստերդամը «Amsterdam & Partners LLP» միջազգային իրավաբանական ընկերության հիմնադիրն ու կառավարող գործընկերն է, որը մասնագիտացած է քաղաքական շահերի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Գործունեություն ծավալելով Լոնդոնում և Վաշինգտոնում՝ նա, ի թիվս այլոց, ներկայացնում է նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցու շահերը»։

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10