Արցախցիներին ավելի դյուրին կլինի կապանյան միջավայրին ինտեգրվելը

09.11.2023 16:24
1823

Արցախի Հանրապետությունից բռնությամբ տեղահանված մեր հայրենակիցների մի մասը հանգրվանել է Կապան համայնքում։

Թեմայի շուրջ մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը ստանալու համար զրուցեցինք Կապանի համայնքապետի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանի հետ։

- Պարոն Թադևոսյան, սեպտեմբերի 19-ին սկսվեց թշնամական Ադրբեջանի հարձակումն Արցախի Հանրապետության վրա, ինչին հաջորդեց արցախցիների բռնագաղթը հայրենի օջախներից։ Ե՞րբ Կապանն ընդունեց բռնի տեղահանվածների առաջին խմբին, ինչպե՞ս սկսեցիք տեղավորել նրանց...

- Նախ նշեմ՝ ահավոր տխուր է, որ մեր սերնդին բաժին ընկավ տեսնել հայկական հինավուրց երկրամասի հայաթափումը, որ մի բառով կարելի է բնորոշել՝ հայրենազրկում։ Մեր աչքի առաջ հայոց Արցախի բնիկ ժողովուրդը զրկվեց պապենական օջախից, տարիներ ի վեր սեփական քրտինքով ստեղծված ողջ ունեցվածքից։

Երբ սկսվեց Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, համայնքապետ Գևորգ Փարսյանի հանձնարարությամբ՝ Կապանի Սյունիք բնակավայրում կազմակերպվեց բռնագաղթվածների ընդունման կետ, և սեպտեմբերի 25-ից սկսեցինք ընդունել հայրենազուրկ դարձած մարդկանց։ Անշուշտ, առաջին օրերին մեծ հոսք կար, և ընդունման կետն աշխատում էր 24-ժամյա ռեժիմով։ Աշխատանքներում ընդգրկված էր համայնքապետարանի ողջ անձնակազմը։ Բռնի տեղահանվածների ընդունմանն ու տեղավորմանը, նրանց առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովմանն օգնում էին նաև կամավորներ։ Այս համատեքստում անհրաժեշտ է հատկապես նշել Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի անդամների նվիրական աշխատանքը։

- Կխնդրեինք ներկայացնել Կապանում վերաբնակվածների վերաբերյալ վիճակագրությունը՝ այսօրվա տվյալներով. որքա՞ն մարդ է հանգրվանել մարզկենտրոն Կապանում և որքա՞ն Կապան խոշորացված համայնքի բնակավայրերում։

- Կապան համայնքում ընդունվել և հաշվառվել է 1250 տեղահանված։ Այս պահին առկա են տեղաշարժեր՝ մարդիկ կան, ովքեր տեղափոխվում են այլ բնակավայրեր, կան այլ բնակավայրերից Կապան տեղափոխվողներ։ Այսօրվա դրությամբ (հարցազրույցը կայացել է նոյեմբերի 7-ին, խմբ.) համայնքում բնակվում է 263 ընտանիք, 878 անձ, ընտանիքներից 81-ը տեղավորվել է գյուղական բնակավայրերում, 182 ընտանիք՝ Կապան քաղաքում։ Սկզբնական շրջանում արցախցիներին տեղավորել ենք ազատ բնակֆոնդում։ Մինչ այդ նախապես հաշվառել էինք և պարզել Կապանում ու գյուղական բնակավայրերում առկա ազատ բնակֆոնդը, սեփականատերերի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերել՝ դրանք արցախցի մեր հայրենակիցներին տրամադրելու հնարավորության շուրջ։ Որոշ սեփականատերեր իրենց բնակարանները տրամադրեցին անվճար, մի մասը՝ որոշակի պայմանով կամ վարձավճարով։ Մի մասը տներ վարձակալեց։ Իսկ այն արցախցիները, ովքեր չկարողացան տներում տեղավորվել, բնակեցրինք հյուրանոցներում և հյուրատներում՝ 160-ից ավելի մարդ։ Ժամանակի ընթացքում  մարդկանց որոշ մասը հյուրանոցներից նույնպես տեղափոխվեց տներ, որը նախապես պլանավորել էինք։ Այսօրվա դրությամբ հյուրանոցներում ունենք 12 անձ, որոնց մոտ օրերս դարձյալ կտեղավորենք բնակարաններում։

- Ինչպես նշեցիք, տեղահանվածների որոշակի տեղաշարժեր եղան։

- Դա բնականոն գործընթաց է, որ դեռ շարունակվելու է։ Ընտանիքներ կան, որ Հայաստանի մի քանի մարզով շրջել են, նոր եկել Կապան։ Ընտանիքներ կան, որ նախապես այստեղ են հանգրվանել, բայց հետո գնացել։ Միակ մտահոգիչ հանգամանքը (նրանց համար) Կապանի սահմանամերձ լինելն է։ Որքան էլ ասենք՝ այստեղ անվտանգ է, Կապանն ընկալվում է որպես սահմանամերձ համայնք, մարդիկ որոշակիորեն մտահոգված են... Թեև կարծում եմ՝ արցախցիները կապանցիներիս մոտ են թե՚ հոգեկերտվածքով ու լեզվական մշակույթով, թե՚ նիստ ու կացով։ Եվ մեր միջավայրին  ավելի դյուրին կլինի մերվելը։

- Կապան են տեղափոխվել դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաներ, իսկ նախադպրոցական ուսումնական հաստատությունները համայնքապետարանի ենթակայության ներքո են։ Տեղյակ ենք՝ եղել է համայնքապետի կարգադրությունը՝ Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների երեխաներին Կապանի ՆՈՒՀ-եր ընդունելու և  վարձավճարը փոխհատուցելու մասին։ Այդ մասին որոշակի տվյալներ հաղորդեք։

- Կապանի նախադպրոցական ուսումնական հաստատություններ են հաճախում արցախցի 25 երեխա, նրանց դաստիարակությունն ու կրթությունն իրականացվում է անվճար։

- Դոնոր կազմակերպություններից ովքե՞ր օգնության ձեռք մեկնեցին։

- Կամավորական աշխատանքում ավելի գնահատելի է Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհրդի օժանդակությունը, որ մեզ հետ աշխատում էր 24- ժամյա գրաֆիկով։ Նրանում ընդգրկված երիտասարդները մինչև այսօր մասնակցում են բռնի տեղահանվածներին հատկացվող սննդի փաթեթների ու հիգիենայի պարագաների բաշխմանը։ Խրախուսելի էր  նրանց դերակատարությունը, և գովելի, որ ունենք նման երիտասարդություն, ովքեր միշտ պատրաստ են աջակցել համայնքին։

Իհարկե, այդ դժվարին օրերին անտարբեր չմնացին միջազգային կազմակերպությունները և տեղական կառույցները, որոնք իրենց աջակցությունը ցուցաբերեցին։ Մի քանիսին դժվար է չվկայակոչել՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային կազմակերպությունը, «Կարմիր խաչի» հայաստանյան գրասենյակը։ Աջակցություն ցուցաբերեցին նաև տեղական կառույցները, ինչպես՝ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամը, «Առաքելություն Հայաստան» Բկ-ն, Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքը, «Նոր Նախիջևան»  մարդասիրական հիմնադրամը, անհատ ձեռներեցներ և գործարարներ։

- Իսկ ի՞նչ միջոցներ է հատկացրել կառավարությունը բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար, քանի որ տեղական բյուջեով հնարավոր չէր այդ ամենն իրականացնել։

- Արցախի Հանրապետության դեմ իրականացված ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 24-ին և դրանից հետո բռնի տեղահանված բոլոր անձինք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են հարյուր հազարական դրամ միանվագ աջակցություն՝ առաջնային կարիքների ծախսերը հոգալու համար։

Ինչպես նաև վեց ամիս ժամկետով սոցիալական աջակցություն է տրամադրվում՝ ամսական 40 հազար դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և տասը հազար դրամ՝ կոմունալ ծառայությունների ծախսերի համար։

- Մամուլում հաղորդագրություն եղավ, որ  սահմանամերձ 82 բնակավայրի բնակիչներ ևս երեք տարի փոխհատուցում կստանան՝ կոմունալ ծախսերի համար։ Այդ ծրագրում Կապան համայնքի ո՞ր բնակավայրերն են ընդգրկված։

- Սոցիալական աջակցություն ստացողների ցանկում ընդգրկավ են Կապան համայնքի 19-ը բնակավայր՝ Ագարակ, Գեղանուշ, Գոմարան, Դավիթբեկ, Դիցմայրի, Եղվարդ, Խդրանց, Կաղնուտ, Ներքին Հանդ, Շիկահող, Սզնակ, Սյունիք, Սրաշեն, Վարդավանք, Ուժանիս, Ճակատեն, Ծավ, Բարգուշատ, Խորձոր։

- Ի՞նչ կավելացնեիք ասվածին կամ ի՞նչ կարևոր հարց դուրս մնաց մեր զրույցից։

- Կարծում եմ՝ տեղական ինքնակառավարման մարմինները, պատկան կազմակերպությունները, անհատ ձեռներեցները, ընդհանրապես բոլոր մտահոգ անձինք այս փուլում իրենց հնարավորությունների սահմաններում կշարունակեն նեցուկ լինել բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, ընդառաջել նրանց ինչ-ինչ հարցերում, մանավանդ աշխատանքի տեղավորման խնդրում։ Որովհետև նրանք ամենաշատն ուշադրության ու ջերմ վերաբերմունքի կարիք ունեն։ Միայն այդ դեպքում կարող ենք հաղթահարել ստեղծված դժվարին իրավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի արցախցիներին՝ հնարավորինս կարճ ժամանակում  ինտեգրվել մեր հասարակությանը։

Զրույցը՝ Վահրամ Օրբելյանի

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48