Պայծառակերպության տոնին Սյունյաց թեմի առաջնորդանիստ տաճարում՝ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ձեռնադրություն էր

16.07.2023 16:57
1319

16 հուլիսի 2023 թ., ժամը 10.30, Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Հնչում են եկեղեցու զանգերը, որով եւ ազդարարվում է հարյուրավոր ուխտավորների մասնակցությամբ տեղի ունեցող  տոնակատարության սկիզբը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Սյունյաց թեմի առաջնորդանիստ եկեղեցին է, կառուցվել է 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին: Ավանդազրույցը պատմում է, որ եկեղեցին կառուցվել է այն վայրում, որտեղ ժամանակին փոքրիկ մի վկայարան է կառուցել Բարդուղիմեոս առաքյալը: Ստեփանոս պատմիչն է նաեւ հիշեցնում՝ «Բարդուղիմեոսը Պարսկաստանից վերադառնալիս իր աշակերտների հետ գալիս է Ատրպատական եւ անցնելով Երասխ գետը՝ մտնում է Սիսականի սահմանները»:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման  հաջորդ փուլն իրականացվեց 1988-97 թթ., երբ ծնունդ առան նաեւ գմբեթն ու սուրբ խորանը:

1997-ի դեկտեմբերի 20-ին հանդիսավոր պատարագով ու օծման արարողությամբ, ինչպես եւ Հայոց հովվապետ Գարեգին առաջինի հայրապետական օրհնությամբ վերաբացվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

***

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնի մասին, որ տեղի ունեցավ այսօր:

Ըստ Մաթեոս ավետարանիչի՝ …Եվ վեց օր հետո Հիսուս իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին եւ նրա եղբորը՝ Հովհաննեսին եւ նրանց հանեց, առանձին, մի բարձր լեռ եւ նրանց առաջ պայծառակերպվեց:

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որն այս տարի տոնում ենք հուլիսի 16-ին:
Այն հիշատակությունն է Հիսուսի` Թաբոր լեռան վրա Իր երեք աշակերտներին` Հովհաննեսին, Հակոբոսին եւ Պետրոսին Աստվածային փառքով երեւման, որը նկարագրում են Ավետարանները: 

Իր քարոզչության երրորդ տարվա ամռանը Հիսուս, աշակերտներից ընտրելով Պետրոսին, Հակոբոսին եւ Հովհաննեսին, նրանց հետ բարձրանում է Թաբոր լեռը` աղոթելու.«…լեռ ելավ աղոթքի կանգնելու» (Ղուկ. 9; 28): Երբ աղոթքի կանգնեց եւ Հոր հետ էր, հանկարծ «Նրա երեսի տեսքը այլակերպվեց» (Ղուկ.9;29), եւ Հիսուս աշակերտներին երեւաց Իր աստվածային փառքով: Այստեղից եւ տոնի անունը` «Այլակերպություն» կամ «Պայծառակերպություն», որը նշանակում է «կերպարանափոխություն»:

Քրիստոնյա բոլոր Եկեղեցիները տոնը Այլակերպություն անունով են նշում, եւ միայն Հայ Եկեղեցին է այն անվանում նաեւ Պայծառակերպություն` շեշտելով Քրիստոսից ճառագող աստվածային փառքն ու փայլը:

Քրիստոսի Պայծառակերպության տոնի խորհուրդը Աստծո պատվերն է. «Դրա՛ն լսեցեք»,- որը հաստատում է ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո «սիրելի Որդին է»: Առաքյալներին ուղղված այս խոսքը պատգամ է ողջ մարդկային ցեղին, բոլոր ժամանակներում: Սա է Պայծառակերպության տոնի թելադրանքը, դրա խորհրդի բանալին. սիրել Աստծուն, լսել Նրա պատվիրանները, հետեւել դրանց, կյանքի վերածել Նրա պատգամները, որոնք մարդկանց երջանկության եւ ժողովուրդների խաղաղության գրավականն են:

***

Սուրբ Պատարագի ընթացքում Ն.Ս. Օ. Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն, Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն:

Քահանայական ձեռնադրության եւ օծման արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում եւ թեմերում սպասավորող երեք սարկավագ:

Կարգի համաձայն, ձեռնադրվող երեք քահանաները ծնկաչոք բարձրացան  ավագ խորան, ապա աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, դառնալով դեպի ժողովուրդը, ձեռքերը վեր պարզեցին՝ հրաժարվելով աշխարհիկ կյանքից: 

Հետո խորան  բերվեց  սրբալույս մյուռոնը, որով ձեռնադրող Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս  Հովհաննիսյանն  օծեց ընծայվողների ճակատները, ձեռքերի ափերը՝ նոր անուններով նրանց քահանայության կոչելով:

Նորաօծ քահանաները ստացան հոգեւոր անուններ՝ Գեւորգ Կադեյանը՝ Տեր Պետրոս, Դավիթ Սահակյանը՝ Տեր Մովսես, Արման Իսահակյանը՝ Տեր Հակոբոս:

Ձեռնադրությունից հետո նորընծա քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Ապա խորան բարձրացան Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ, հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը եւ մյուս հոգեւորականները, ովքեր համբուրելով նորաօծ քահանաների ճակատները, շնորհավորեցին նրանց:

Թեմի առաջնորդական տեղապահը շնորհակալություն հայտնեց Վեհափառ հայրապետին, որ իր օրհնությամբ եւ տնօրինությամբ Սյույնաց թեմում, Վարդավառի տոնի առիթով, տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն, ինչը բացառիկ իրադարձություն է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր կյանքում:

Հոգեշնորհ Տեր Մակար վարդապետ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց նաեւ Գերաշնորհ  Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանին եւ Մայր աթոռի միաբան հայրերին՝ ձեռնադրությունն ըստ պատշաճի եւ կարգի կազմակերպելու համար:

Շնորհավորանք եւ բարեմաղթանքներ ուղղվեցին նաեւ ներկաներին ու Սյունիքի ամբողջ հավատավոր ժողովրդին՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առիթով:

Ձեռնադրությանը ներկա էին Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվներ, արժանապատիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանը եւ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Հակոբյանը, ինչպես եւ Որոտնավանքի հոգեւոր հովիվ, արժանապատիվ Տեր Դավիթ քահանա Գիշյանը:

***

Սյունիքի մարզում իրականացվող ամառային զորակոչի հերթական օրը համընկել էր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնին: 32 նորակոչիկ  Կապանի տարածաշրջանից էին մեկնում հայոց բանակ, 14-ը՝ Գորիսի տարածաշրջանից:

Գորիսեցի նորակոչիկները, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնակատար, փոխգնդապետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, նույնպես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում էին: Արմեն Հարությունյանի վկայությամբ՝ Գորիսից հայոց բանակ մեկնողներն ավանդաբար այցելում են այս սրբավայր եւ միայն Հայ առաքելական եկեղեցու օրհնությունը ստանալուց հետո ճամփա ընկնում:

Գորիսի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն իր օրհնությունն ուղղեց նորակոչիկներին՝ մաղթելով հոգու կորով, ամուր հույս եւ հավատ առ Աստված:

***

Տոնական օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի՝ մոմավառության էր եկել նաեւ ՀՀ  ԶՈՒ Հատուկ նշանակության բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը:

Նրա ներկայությունը, ինչպես եւ կարելի էր սպասել, անտարբեր չթողեց շատ գորիսեցիների, ովքեր ջերմորեն շնորհավորեցին հրամանատարին՝ գեներալ-մայորի զինվորական կոչման արժանանալու կապակցությամբ:

Արմեն Գյոզալյանը մեր հանրապետությունում համբավ ու ճանաչում ձեռք բերեց հատկապես Տեղ գյուղի մատույցներում այս տարվա ապրիլի 12-ի ռազմական բախումից հետո: Հայոց սահմանապահ հենակետի վրա (օրը ցերեկով) հարձակվող ազերի ասկյարներին դեմառդեմ դուրս էր եկել հրամանատարը եւ գլխավորել ագրեսոր խմբին հետ շպրտելու գործը: Ճիշտ է, այդ մարտում կորցրինք մեր լավագույն զինվորականներից չորսին, ինքը՝ հրամանատարն էլ վիրավորվեց, բայց մեր քաջերը ցույց տվեցին, որ թշնամու ցանկացած սանձարձակություն հետայսու արժանանալու է համարժեք պատասխանի:

***

Տոնական օրը եզրափակվեց մատաղի արարողությամբ եւ մշակութային միջոցառումներով:

Ահա այսպես նշվեց Պայծառակերպության տոնը Գորիսում, որը յուրովի ցույց տվեց, որ թուրք-ազերիների կողմից անդամահատված Սյունիքը հոգեւոր արթնություն է ապրում, որ Սյունիքը Բարձրյալի օրհնությամբ վերականգնում է իր արժանապատիվ ընթացքը, որ սյունեցիները՝ Քրիստոսի լույսով պարփակված, հայրենատիրությունը կրկին ու նորից փորձում են դարձնել ապրելու կերպ:

Աննա Ալեքսանյան

 

Եղեգնաձորն ու Վայքը մեր երկրի համար հսկայական ներուժ ունեցող շրջաններ են, բայց այդ ներուժն այսօր դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում․ Նարեկ Կարապետյան

11.05.2026 23:13

Արման Թաթոյանը բացահայտում է իր անցած ճանապարհի ամենակարևոր դրվագները, կյանքի դասերն ու քաղաքականություն մտնելու իրական պատճառները

11.05.2026 23:06

Մարդիկ նայում են և ասում՝ պետության համար բանակն առաջնահերթ չէ, հակառակ դեպքում պարեկն ավելի բարձր աշխատավարձ չէր ստանա․ Ռոբերտ Քոչարյան

11.05.2026 21:01

Գյուղացիների աշխատանքը պետք է ստաժ համարվի․ Ագնեսա Խամոյան

11.05.2026 20:57

Վայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելու․ Ուժեղ Հայաստան

11.05.2026 20:47

16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ

11.05.2026 20:39

Ժամանակն է որ, լսենք նրանց ովքեր Հայաստանի համար բերում են ռազմավարական լուծումներ. Լևոն Զուրաբյան

11.05.2026 20:32

Ամոթ է, որ այս մարդն է հայերին ներկայացնում այսօր, վիզը ծուռ՝ կանգնում է Ալիևի մոտ, Էրդողանի գիրքը գրկում․ Աննա Գրիգորյան

11.05.2026 20:15

Փոփոխությունը բերել ենք Ագարակ. Ուժեղ Հայաստան

11.05.2026 20:05

Բազմազավակ ընտանիքին, չորրորդ երեխայից սկսած, կտրամադրենք անվճար բնակարան մարզերում. Արման Թաթոյան

11.05.2026 19:09

«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են

11.05.2026 18:49

Աշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու․ Նարեկ Կարապետյանn Ագարակում

11.05.2026 18:18