1988 թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի ժողպատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունեց որոշում՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ի կազմի մեջ ընդգրկելու մասին

20.02.2024 09:55
502

1985 թ. հետո գորբաչովյան «վերակառուցման» քաղաքականությունը հայությանը հնարավորություն ընձեռեց ազգային իղձերը արտահայտելու, հադես գալու իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու և մասնավորապես ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու համար: Մտավորականության և ուսանողության շրջանում սկսեցին բարձրաձայն քննարկվել ՀԽՍՀ-ում և ԼՂԻՄ-ում տասնամյակներ շարունակ կուտակված քաղաքական, տնտեսական, մշակութային հիմնահարցերը մատնանշելով հայկական երկրամասը մայր Հայաստանին վերամիավորելու վաղեմի փափագած իղձերի իրագործման ուղիները:

Համազգային շարժման ձևավորման սկզբնափուլում 1985-1986 թթ. ազգային հիմնախնդիրներով ապրող անհատների շրջանում բացակայում էր լուրջ հայեցակարգային գաղափարական մոտեցումները, ծրագրային գործելաոճը: Մանավանդ Արցախում ազգային հիմնահարցերի նկատմամբ մարզի ղեկավարները և մտավորականության մի մասը մեծ զգուշավորություն էին ցուցաբերում:

Այդ օրերին տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի մասին ԱրՊՀ պրոֆեսոր, ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Լենա Գրիգորյանը հետագայում գրել է. «Հիմա, երբ ամեն ինչ վաղուց հետևում է մնացել, շատ դյուրին կարող է թվալ այդ ամենը, սակայն, այն ժամանակ միանգամայն այլ էր մթոլորտը: Աշխատում էինք ադրբեջանական բաժնի հետ կողք կողքի, և մեր որոշ դասախոսների մեջ շատ պինդ էր նստած «քիրվայությունը»: Նախընտրեցի դիմել առավել վստահություն ներշնչող գործընկերներիս: Զգուշորեն բացատրեցի, թե ինչն ինչոց է: Եվ, ի զարմանս ինձ, ոմանք կտրականապես հրաժարվեցին, ոմանք քաղաքավարությամբ մերժեցին մտերմաբար խորհուրդ տալով, որ հեռու մնամ նման բաներից, որոնց վերջը բանտախուցն է» Մի առիթով ստեղծված կացությանը անդրադարձել էր նաև Իգոր Մուրադյանը: Նա գրել է. «Շատ քիչ մարդիկ էին առանց «վախի ու յանդիմանութեան» ատեաններին ուղղված զեկույցներ ու նամակներ ստորագրել: 100 հայից (հայրենասիրական խօսակցութիւներում շատ թէ քիչ աչքի ընկած) միայն մէկը կարող էր որեւէ խնդրանք կամ առաջադրանք կատարել: Նրանցից հինգը կարող էին ԽՍՀՄ ԿԿ ուղղուած, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրների շուրջ զեկույց ստորագրել: Մարդիկ, որ փետրուարից յետոյ յայտնուեցին հրապարակի խօսափողների մօտ ու սկսեցին կոկորդ պատռել Ղարաբաղի համար եւ աշխուժ «հայրենասէրներ» դարձան, մինչեւ փետրուարը դողացող ձեռքերով եւ դողացող ձայնով էին առնչւում շարժման գործիչների հետ ոչ հազուադէպ կեղտ լցնելով նրանց վրա դրանով իսկ արդարացնելով իրենց կենդանական վախկոտութիւնը, ինչից այդպէս էլ չազատուեցին»2:

Քանի որ Արցախում ժողովրդի մի մասի մեջ դեռ թարմ էին մնացել 1960-70-ական թթ. բռնարարքները, ուստի ազգային գաղափարների արծարծման համար պարարտ հող կար:

1985-86 թթ. Երևանում մտավորականության որոշ շրջանակներում նույնպես արծարծվում էր Ղարաբաղյան հիմնահարցը: Երևանում որոշ հաստատություններում ու հիմնարկներում գործում էին համախոհների ընդհատակյա բջիջներ: Դրանցից մեկը ղեկավարում էր Իգոր Մուրադյանը, իսկ մյուսը Սլավա Սարգսյանը:

Իգոր Մուրադյանը գրել է. «Այստեղ (խոսքը վերաբերվում է հուշարձանների պահպանության վարչությանը-Վ. Բ.) 1985 թ. մինչև 1988 թ. իրականացվում էր «կիսաբացահայտ» և «կիսաչեզոք» գործունեություն, որը համակարգվում էր Սլավա Սարգսյանի կողմից»3:

Սակայն նկատենք, ինչպես Երևանում, այնպես էլ Ստեփանակերտում հակախորհրդային, մանավանդ ազգային պետականության վերականգնման մասին տրամադրություններ չկային:

1985 թ. մարտից Երևանում և Արցախում ապրող անհատ նվիրյալներ երկրամասը Խորհրդային Հայաստանին վերամիավորելու համար հասարակության լայն շերտերից սկսեցին ստորագրություններ հավաքել: Դա սկզբում գաղտնի էր արվում, իսկ 1987 թ. բացահայտ բնույթ էր կրում:

Քննարկվող հարցերին գործնական ընթացք ապահովելու նպատակով 1986 թ. ապրիլից Ստեփանակերտում սկսեց գործել «Արցախյան միություն» կազմակերպությունը4:

Վերոհիշյալ միության մեջ հիմնականում ընդգրկված էին ուսանողներ, որոնք ընդհատակյա պայքարի փորձ ձեռք բերեցին ու ազատագրական շարժման կրողներ դարձան հետագայում ստանձնելով ուսանողության կազմակերպման, նրանց գաղափարական կողմնորոշման և իրենց հետևից տանելու առաքելությունը:

«Արցախյան միությունը» բաժանմունքներ ուներ շրջկենտրոններում: Հադրութում այդ աշխատանքները ղեկավարում էին Արթուր Մկրտչյանը, Էմիլ Աբրահամյանը, Վիգեն Գրիգորյանը, Մարտունիում Վլադիմիր Խաչատրյանը, Գրիգոր Ուլուբաբյանը, Անգելինա Հովսեփյանը, Ասկերանում Սլավիկ Առուշանյանը, Սլավիկ Միրզոյանը, Կոմիտաս Դանիելյանը, Մարտակերտում Վիգեն Շիրինյանն ու Վագիֆ Գալստյանը5:

Շարժումը կազմակերպական հունի մեջ դնելու գործում առանձնահատուկ դեր էր կատարում Արկադի Կարապետյանը: Նա կարողացավ իր շուրջը համախմբել հարյուրավոր երիտասարդների և 1988 թ. փետրվարից հետո դարձավ ինքնապաշտպանական առաջին ջոկատների հիմնական կազմակերպիչը:

Ժողովրդի մի մասի մոտ արմատավորված անտարբերությունն ու վախի զգացողությունը կոտրելու նպատակով «Արցախյան միություն»-ը և հայրենասեր մյուս ուժերը քարոզչական առավել ծավալուն գործ սկսեցին կատարել: Այս հարցում կարևոր նշանակություն ունեցավ ԼՂԻՄ կարգավիճակի վերաբերյալ ազգությամբ հայ հինգ ակադեմիկոսների, երեք գեներալների և ԽՍՀՄ ժողովրդական երեք դերասան-ների ստորագրությամբ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Մ.Գորբաչովին և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Ա.Գրոմիկոյին 1986 թ. փետրվարին հասցեագրված նամակը, ինչպես նաև 1987թ. նոյեմբերին «Յումանիտե» թերթում տպագրված Մ.Գորբաչովի խորհրդական, ակադեմիկոս Ա.Աղանբեկյանի հայտնի հարցազրույցը6: Հայ գործիչների այս քայլը ավելի ոգևորեց ՀԽՍՀ և ԼՂԻՄ ազգաբնակչությանը: Դրանից հետո շարժման մեջ հասարակության նոր շերտեր ներգրավվեցին: Բանը նրանում էր, որ նշանավոր հայ գործիչների մասնավորապես Ա. Աղաբեկյանի գործոնը հանրության կողմից ընկալվեց որպես ղարաբաղյան շարժման նկատմամբ Կրեմլի դրական մոտեցման արգասիք: 1987 թ. ամառվանից շարժումն արդեն բացահայտ բնույթ էր կրում:

Ապագայում տեսանելի և անտեսանելի խութերն ավելի սահուն հաղթահարելու նպատակով արցախյան շարժման ղեկավարներն ի սկզբանե ազգային-ազատագրական պայքարը փորձում էին տանել ժողովրդավարական սկզբունքների և իրավական նորմերի շրջանակներում: Դրա առաջին արտահայտությունը դարձավ 1987թ. վերջերին կազմակերպված յուրօրինակ հանրաքվեն: ՀԽՍՀ-ի հետ վերամիավորման օգտին 80 հազար մարդ7 «այո» ասաց:

Նույն ժամանակահատվածում իրադարձությունները որոշակի զարգացում ապրեցին նաև Երևանում: Շարժման մեջ ներգրավվեցին նաև մտավորականության 10 առաջատար

ներկայացուցիչներ Զորի Բալայանը, Սիլվա Կապուտիկյանը, ակադեմիկոս Սուրեն Երեմյանը, պատմական գիտությունների դոկտորներ Լենդրուշ Խուրշուդյանը, Մերի Քոչարը, Վլադիմիր Բարխուդարյանը, Վարագ Առաքելյանը, Պարույր Մուրադյանը, տնտեսագիտության դոկտոր Բենիկ Եղիազարյանը:

Մտավորականության ներգրավվածությունը շարժմանը նպաստեց ոչ միայն այդ երևույթի «օրինականացմանը» այլ նաև, որը առավել կարևոր էր, օրեցօր դրան համազգային բնույթ հաղորդելն ու իրավական կազմակերպական հունի մեջ դնելն էր:

1986 թ. հոկտեմների 18-ին Երևանում, 1965 թ. հայտնի դեպքերից հետո, առաջին անգամ ՀԽՍՀ Կոմկուսի ԿԿ շենքի մոտ մի քանի հարյուր մարդու մասնակցությամբ տեղի ունեցավ ցույց: Նույն թվականի դեկտեմբերի 20-ին Օպերայի հրապարակում կայացավ երկրորդ ցույցը, որին մասնակցում էին շուրջ 1000 մարդ8: Այս հանրահավաքներից հետո խորհրդային իշխանությունները իրենց գործելաոճին հակառակ որևէ պատժիչ գործողություն չձեռնարկեցին: Շարժման ծավալման համար դեպքերի զարգացման համընթաց նպաստավոր պայմաններ էր ստեղծվում:

1987թ. հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կենտրոնական կուսակցական ու պետական մարմիններն ընդունել են ԼՂԻՄ-ի հայության ներկայացուցիչների երեք պատվիրակություններ, որոնց հավաստիացրել են, թե մոտ ապագայում Արցախի հիմնահարցն արդարացի լուծում կստանա: Արցախահայության պատվիրակների կենտրոնական իշխանություններին ներկայացրած հանրագրի տակ դրված էր ավելի քան 80 հազար ստորագրությ ուն:

Նկատենք, որ ԼՂԻՄ կուսակցական և խորհրդային մի շարք պաշտոնյաներ անմասն չմնացին շարժումից և իրենց ավանդը բերեցին ազատագրական պայքարի ծավալմանը: Մասնավորապես այդ հարցում եռանդուն էր գործում Ասկերանի շրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանը: Նա հետո դարձավ Մարտունու շրջանի առաջին քարտուղար: Նրա նախաձեռնությամբ 1988 թ. հունվարի 12-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում կազմակերպվեց շրջանի կոլտնտեսությունների և գյուղատնտեսությունների նախագահների խորհրդաժողով, որտեղ որոշվեց զանգվածային ելույթներ կազմակերպել և շարժումը տանել իրավական հունով:

Ոգևորված կենտրոնական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքից և ստեղծված հանդուրժողական մթնոլորտից մարզի բոլոր գյուղերում, ձեռնարկություններում,

կազմակերպություններում տեղի ունե-ցան կոլեկտիվների ժողովներ, որոնցում որոշումներ ընդունվեցին ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ: Դրանց հիման վրա մարզի շրջանների ժողո-վրդական պատգամավորների խորհուրդները նմանատիպ որոշումներ են կայացրել:

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունն, արցախյան շարժման առաջին իսկ օրերից, դիմել էր խարդավանքների, ահաբեկման, բռնի ուժի կիրառման քաղաքականությանը:

1988թ. փետրվարի 12-ին հրավիրվել էր մարզի կուսակցական-տնտեսական ակտիվի նիստ, որին մասնակցում էին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտուղար Վ. Կոնովալովը, բաժնի վարիչ Մ. Ասադովը: Նրանք պահանջեցին ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու պահանջը դատապարտող որոշումներ կայացնել: Սակայն ակտիվի մասնակիցները դատապարտեցին Ադրբեջանի վարած գաղութային քաղաքականությունը և վճռականորեն հայտարարեցին պայքարը շարունակելու մասին: Փետրվարի 12-ին Բաքվից եկած էմիսարների դեմ Մարտունիում և Հադրութում ցույց սկսվեց9:

Փետրվարի 13-ին շարժման ակտիվիստները Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի և գյուղատնտեսական տեխնիկումի դասախոսների և ուսանողների հետ ցույց կազմակերպեցին: Դրան մասնակցեցին նաև Ասկերանից եկած ակտիվիստներ: Ըստ էության, այդ ցույցն ինքնաբուխ էր: Այդ օրվանից շարժումը համաժողովրդական և աննահանջ պայքարի բնույթ է ստանում:

Քննության առնելով 1985 թվականից մինչև 1988 թ. փետրվարի 13-ն ընկած ժամանակահատվածը ԽՍՀՄ ղեկավարության դիրքրոշումն արցախյան շարժման ընդհատակյա խմորումների նկատմամբ' միանշանակ կարելի է ասել, որ այն առավել շատ պասսիվ դիտորդի դերակատարություն ուներ: Ամենայն հավանականությամբ` օրվա իշխանություններին թվում էր, թե դա հզոր կայսրության համար պատահական դիպված է և, ընթացս, կոսմետիկ մեթոդներով, հնարավոր է շտկել իրավիճակը: Մանավանդ, ԽՍՀՄ ղեկավարությունը, հանձին Մ. Գորբաչովի, արևմուտքի առաջ ժողովրդավար երևալու մեծ ձգտում և պահանջ ուներ: Այդ «իմիջը» չկորցնելու համար մոսկովյան իշխանություններն սկզբում չդիմեցին բիրտ ուժի քաղաքականությանը: Այս հանգամանքը բավականին շահեկան էր արցախահայության համար: Պատահական չէր, որ արցախահայությունը պայքարի առաջին օրերին հավատով լցվեց «վերակառուցման» քաղաքականության և, հատկապես, Մ. Գորբաչովի նկատմամբ: Այդ օրերին ժողովուրդը հանրահավաքների ու ցույցերի էր դուրս գալիս ԽՍՀՄ պետական դրոշներով, Վ.Ի. Լենինի, Մ.Ս. Գորբաչովի, կուսակցական և պետական այլ գործիչների լուսանկարներով, ինչպես նաև «Լենին-կուսակցություն-Գորբաչով», «Հանուն վերակառուցման, ժողովրդավարության և հրապարակայնության» ու նման այլ ցուցապատկերներով: Չնայած պատմական փորձին՝ ժողովուրդը և, հատկապես՝ շարժման ղեկավարների մեծամասնությունը, սկզբում չհասկացան, որ խորհրդային համակարգին խորթ է արմատական ամեն մի փոփոխություն և, հատկապես, ազգերի ինքնորոշման իրավունքի ամեն մի դրսևորում:

Ի տարբերություն ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների' խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը, քաջածանոթ լինելով արցախահայության համառ և նպատակասլաց խառնվածքին և ազատ ապրելու կամքին, հասկացավ, որ նոր մեկնարկած ժողովրդական շարժումն ազգային ազատագրական պայքարի բնույթ ունի, և այն չճնշելու պարագայում կնշանակեր առնվազն հրաժարվել ԼՂԻՄ-ից:

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարության պահանջով ԽՍՀՄ իշխանությունները 1988թ. փետրվարի 14-ին զորքեր մտցրին Ստեփանակերտ: Նույն օրը ԼՂԻՄ մարզկոմի բյուրոյի նիստում Մ. Ասադովն սպառնաց, որ հարյուր հազար ադրբեջանցիներ կներխուժեն Լեռնային Ղարաբաղ և սպանդ կկազմակերպեն: Ժողովուրդը ոչ միայն անդրդվելի էր, այլև փետրվարի 16-ից այլևս չհեռացավ հրապարակից: Արդեն ցուցարարների թիվն անցնում էր 60.000-ից: Ապստամբ ժողովուրդը պահանջում էր հրավիրել մարզխորհրդի նստաշրջան: 1988թ. փետրվարի 19-ին մարզխորհրդի 67 պատգամավորներ հանդես եկան նմանօրինակ պահանջով10:

Դրությունը փրկելու հույսով 1988թ. փետրվարի 20-ին Ստեփանակերտ են ժամանում Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ք. Բաղիրովը և ԽՄԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի հրահանգիչ Վ. Յաշինը: Նրանց անմիջական կարգադրությամբ էլ փակվեցին Ստեփանակերտ տանող բոլոր ճանապարհները: Սակայն, չնայած դրան, ձմռան աննպաստ պայմաններում, լեռնային արահետներով և անտառներով, մարզի բնակավայրերից պատգամավորները Ստեփանակերտ էին գալիս11:

1988թ.   փետրվարի     20-ի     երեկոյան հայտնի        դարձավ,    որ մարզխորհրդի 150

պատգամավորներից ներկայացել էին 111-ը: Մարզխորհրդի արտահերթ նստաշրջանին հրաժարվել էին մասնակցել ադրբեջանցի և մի քանի հայ պաշտոնյա պատգամավորներ:

Ք. Բաղիրովը վերջին փորձն է կատարում` խոստումների միջոցով տապալելու գործընթացը, բայց այդպես էլ չի հաջողվում: Նա իր շքախմբով ստիպված լքում է դահլիճը և ընդհանրապես հեռանում Ստեփանակերտից:

Եվ այդպես, պատմական նիստը քննարկեց «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի միջնորդությունը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու և Հայկական ԽՍՀ կազմի մեջ մտցնելու հարցը»: Ելույթ ունեցան 45 պատգամավորներ12, ինչի արդյունքում ծնվեց մերօրյա պատմության թերևս ամենանշանավոր և հայանպաստ իրավական որոշումը13:

Այսպիսով 1985 թ. «վերակառուցման» քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը հնարավորություն ընձեռեց հանդես գալու իր ոտնահարված իրավունքենրը պաշտպանելու և ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու համար: Հանդես եկան շարժման առաջին կազմակերպիչներն ու ձևավորվեցին համապատասխան կառույցներ, որոնք կազմակերպական հունի մեջ դրեցին հետագա գործընթացները:

Քանի որ արցախյան նորօրյա ազատագրական շարժումը ուներ նախապատմություն, հետևաբար այդ ամենի գաղափարական հիմնավորումն ու ժողովրդին մատուցումը ավելի դյուրին ու հեշտ կատարվեց:

1985 թ. խմորվող և օրեցօր ծավալվող ազատագրական տոգորումները վերածվեց համազգային շարժման, որի առաջին փուլի կարևոր լուծումն հանդիսացավ ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի իրավական տեսանկյունից հիմնավոր որոշման կայացումը:

Վահրամ Բալայան պ.գ.դ., պրոֆեսոր

 

Ծանոթություն

 

  1. «Հայրենյաց պաշտպան», մարտ, 2003:
  2. «Ազդակ», բացառիկ համար, Բեյրութ, Փետրվար, 1998, էջ 126-127:
  3. «Гoлoc Apмeнии", но. 24, 10 марта, 1998.
  4. Բալայան Վ., Բալայան Ռ., Հարությունյան Մ., Անկախության նվիրյալները, ԱրՊՀ ուսանողները արցախյան ազգային-ազատագրական պայքարի տարիներին, Երևան, 2009, էջ 6:
  5. «Ազդակ», բացառիկ համար, Բեյրութ, Փետրվար, 1998, էջ 131, Աբրահամյան Հ., Մարտնչող Արցախը (1917-2000), գիրք Գ, ՍտեՓանակերտ, 2007, էջ 19:
  6. «Հայոց աշխարհ», 22 հունվարի, 1998:
  7. ԱրՊՀ հայագիտական կենտրոն, Ա. Կարապետյանի հուշեր, էջ 3: Քաղաքական գործընթացին մասնակցել են նաև ՀԽՍՀ-ում ապրող ծագումով ղարաբաղցիներ:
  8. «Ազդակ», բացառիկ համար, էջ 127:
  9. Բալայան Վ., Հակոբյան Տ., Պատմական նստաշրջան, ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհրդի արտահերթ նստաշրջանի 1988 թ. փետրվարի 20-ի նիստի արձանագրությունը, փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Ստեփանակերտ, 2008, էջ 12: Վ. Բալայանի և Տ. Հակոբյանի հրատարակած փաստաթղթերի և նյութերի ժողովածուի մեջ առաջին անգամ հանգամանորեն ներկայացվել է պատմական նստաշրջանում 45 պատգամավորների ելույթները, ինչպես նաև արցախահայ նորօրյա պետականության ծննդյան վկայական համարվող որոշման բնագիրը:
  10. Բալայան Վ., Հակոբյան Վ., Պատմական նստաշրջան, էջ 12:
  11. «Եղիցի լույս», հմ. 5, 2000:
  12. Երեք պատգամավորների՝ Բենյամին Օվչյանի՝ հմ. 3 օկրուգ, Եղիշե Համբարձումյանի՝ հմ. 23 օկրուգ, Եղիշե Համբարձումյանի հմ. 25 օկրուգ, ելույթների բնօրինակները չեն պահպանվել:
  13. Բալայան Վ., Հակոբյան Տ., նշվ. աշխ., էջ 31-32:

 

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34