35 տարի առաջ՝ 1989 թ. փետրվարի 1֊ին, Գորիսում հողին հանձնվեց Հայոց մեծ գուսանը

01.02.2024 10:08
557

«Սյունյաց երկիրը» 2017 ֊ին՝ ծննդյան 110֊ամյակի կապակցությամբ, հատուկ համար նվիրեց Գուսան Աշոտին։

Համարում գուսան կամ աշուղ Աշոտի երգարվեսի մասին, ի թիվս բազմաթիվ արվեստագետների, խոսում է նաև բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը։

Ստորև՝ հատված նրա խոսքից, որ վերնագրված է՝ «Գուսան կամ աշուղ Աշոտն էլ հայ իրականության այն արվեստագետներից մեկն է, ով իր երգերով անմահացրել է մեր ժողովրդին եւ ինքն էլ անմահացել մեր ժողովրդի հետ»։

***

Գուսան Աշոտի արվեստի մի քանի առանձնահատկություն

Երկար կարելի է խոսել Գուսանի երգերի բանաստեղծական տեքստերի գեղարվեստական արժեքի մասին, քանի որ մեր առաջ կանգնած է նախեւառաջ բանաստեղծ Աշոտը, ով գեղարվեստական պատկերներ է ստեղծում: Հենց այնպես մեղեդուն համապատասխան բռնազբոսիկ տեքստ չի գրել: Հավանական է՝ մեղեդին եւ բանաստեղծությունը հյուսվել են միաժամանակ: Նրա երգերի տեքստերից յուրաքանչյուրն իրոք մի կատարյալ բանաստեղծություն է: Որպես օրինակ բերեմ «Պախրա» երգը, որն ի դեպ, իմ ամենասիրելի երգերից մեկն է: Սա համարյա թե հայկական օպերային մոտեցող մի շատ հետաքրքիր երաժշտական աշխարհ է, որ ներառում է Սյունյաց աշխարհի, Զանգեզուրի անտառների, գետերի, աղբյուրների ու առվակների ձայնային ելեւէջները, Սյունյաց սարերի, անդնդախոր ձորերի վեհությունը, պատկերում զանգեզուրյան բնության ողջ գեղեցկությունը, եւ մանավանդ մարդ-բնություն, մարդ-կենդանական աշխարհ փոխհարաբերությունները: Պախրան՝ բնության այդ գեղեցիկ կենդանին, ինչպես է դարձել երգի քնարական հերոս, մարդկայնացել, կամ ինչպես գրականագիտության մեջ են ասում՝ անձնավորվել:

 

Մեր մով սարերում, ամռան առավոտ

Մի պախրա տեսա կաթնաղբյուրի մոտ.

Իջել էր ձորը մթին անտառից

Ու ջուր էր խմում զուլալ աղբյուրից:

Իրեն տեսել էր ջրի հայելում,

Սարերի անուշ բույրն էր վայելում.

Արդյոք խմո՞ւմ էր, թե՞ համբուրում էր,

Իր տեսքով տարված գուցե հարբում էր:

Ասի՝ ա՛յ պախրա, մեր այս լեռներում

Ես յար եմ կորցրել, նա չի երեւում.

Իջել էր ձորը՝ մեղմիկ նազերով,

Գառնուկների հետ ջրին վազելով:

Իրեն տեսել էր ջրի հայելում,

Սարերի անուշ բույրն էր վայելում.

Արդյոք խմո՞ւմ էր, թե՞ համբուրում էր,

Իր տեսքով տարված գուցե հարբում էր:

Ասի` Աշոտն եմ, աղաչում եմ քեզ,

Իմ կորած յարից, թե խաբար բերես.

Ոչ մի որսկանի գնդակ չի առնի՝

Ո՛չ քո ձագերին, ո՛չ քո սիրածին:

Իրեն տեսել էր ջրի հայելում,

Սարերի անուշ բույրն էր վայելում.

Արդյոք խմո՞ւմ էր, թե՞ համբուրում էր,

Իր տեսքով տարված գուցե հարբում էր:

Այսպիսի պատկերավոր չափածո խոսք, այն էլ երաժշտական չափերի ու տաղաչափական ձեւերի մեջ դրված, մեր մեծերից շատերը կուզենային ստեղծել: Նկարագրությունն ավարտվում է, բայց շարունակվում է մարդկային դրաման, ով տագնապում է ե՛ւ իր՝ մարդկային ճակատագրի, ե՛ւ այդ կենդանու բախտի համար…

Գուսանի արվեստի հաջորդ կարեւոր առանձնահատկություններից մեկն էլ նրա երգերում ժողովրդական առողջ կենսափիլիսոփայության դրսեւորումն է, որ անպայման ավելի բարձր է առօրյա ողջախոհությունից: Մարդկային հարաբերությունները, սիրո դրսեւորումները նա մեզ ներկայացնում է բարձր արվեստով, որ շատ բնորոշ է այդ հող ու ջրում ծնված, այդ բնությանը սիրահարված մեր մյուս արվեստագետներին՝ անկախ նրանից Ակսել Բակունցն է, Համո Սահյանը, թե Գուսան Աշոտը, որոնցից յուրաքանչյուրն անհատականություն է՝ իր կերտած աշխարհով: Չնայած նույն միջավայրն է, բայց Բակունցը բոլորովին ուրիշ գեղարվեստական աշխարհ է ստեղծել՝ իր երանգներով, կենսաճանաչողությամբ, հերոսների ճակատագրով, գեղագիտական խնդիրներով ու նպատակներով, Սահյանը՝ այլ…

Գուսան կամ աշուղ Աշոտի հատկապես սիրո երգերով, որոնք մարդկային զգացմունքի եւ բնության նկատմամբ ազնիվ վերաբերմունքի ներդաշնակություն են, մեր առջեւ այլ աշխարհ է բացվում: Սիրած աղջկան նա դրախտի փերի է անվանում, իսկ այդ դրախտը Սյունյաց աշխարհն է. «Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում,/Քեզանից սեր առնել, միշտ եմ փափագում,/Անքուն-անդադար, ես քեզ եմ կանչում,/Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում….»:

Սովորական ընթերցողը կամ ունկնդիրը չի կարող նկատել Գուսանի անմիջական կապը Գրիգոր Նարեկացու արվեստի հետ: Նարեկացին «Մեղեդի ծննդյան» տաղում ներկայացնում է գեղեցկուհու պատկերով քայլող Տիրամորը, որի ծոցը լուսափայլ վարդով է լցված, իսկ քայլելիս ոտքերից շող է կաթում: Հիմա տեսեք, թե ինչ է ասում Գուսան Աշոտը. «Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում». արդյո՞ք գեղարվեստական կամ պատկերային մտածողության ընդհանրություն, գեղարվեստական պատկերի նմանություն չի՞ նկատվում: Եվ շարունակությունն այդ պատկերի. «Երկնային հրեշտակ,/Դու իմ երազն ես,/Քեզնով եմ ապրում,/Սրտիս մուրազն ես,/ Ծառերը ծաղկում են,/Տարին մեկ անգամ,/Բայց դու գարունն ես,/Հավերժ անթառամ»:

Գուսանի կամ աշուղ Աշոտի (գիտակցաբար եմ երկու եզրաբառն էլ օգտագործում, որովհետեւ ինձ համար թե՛ Հավասին, թե՛ Շահենը, թե՛ Աշոտը եւ շատ ուրիշներ հավասարապես գուսան են եւ աշուղ) երգերից հայրենասիրություն է ծորում: Նրա երգերում հաճախակի ենք հանդիպում հայրենի բնության պատկերներ: Որպես օրինակ վերցնենք թեկուզ «Սյունյաց սարեր» հրաշալի երգը, որ ժողովուրդը կատարում է մեծ ոգեւորությամբ: Առհասարակ նա այն բացառիկ հեղինակներից է, ում պետք չէ պարտադրել լսել, մարդիկ ինքնաբուխ ուզում են լսել Գուսան Աշոտի երգերը որեւէ երգչի կատարմամբ:

Հեղինակին ճիշտ ներկայացնելու գործում անչափ կարեւոր է նաեւ կատարողի դերը, որի մեկնաբանությունից է կախված երգի հաջողությունը: Օրինակ՝ համեմատենք «Սերս վանքում Տաթեւի» երգը Օֆելյա Համբարձումյանի եւ Նորայր Մնացականյանի կատարմամբ: Երկուսն էլ հրաշալի են մատուցում, բայց յուրաքանչյուրի կատարման մեջ կա մի կարեւոր նրբերանգ, ինչով էլ պայմանավորվում է երգի մեկնաբանությունը, որով էլ միմյանցից տարբերվում են: Այդ առումով պարտական ենք մեր երգիչ-երգչուհիներին, ովքեր ժամանակին բարձր մակարդակով «մեկնաբանել» են նրա երգերը:

Աշոտի արվեստի բովանդակային հետաքրքիր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ իր ժամանակի բոլոր կարեւոր իրադարձությունները կարծես թե արձագանքվել են նրա երգերում: Այս իմաստով իրավունք ունենք Գուսանին դիտել թե՛ իր ժամանակի մեջ, թե՛ իր ժամանակից դուրս: Իր ժամանակի մեջ դիտարկվում են այն երգերը, որոնք ստեղծվել են ժամանակի պահանջով, բայց հենց այդ երգերում էլ կան այնպիսիք, որոնք ճեղքել են ժամանակի սահմանները եւ դուրս հորդել: Անցյալ դարի կեսերին Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված երգերից «Մարտիկի երգը» (խոսք՝ Գեղամ Սարյանի, երաժշտություն՝ Աշոտ Սաթյանի) մինչ օրս էլ պահպանում է իր արդիականությունը, հուզականությունը եւ հաճելի զգացումներ արթնացնում: Գուսանի երգերից «Արի մեկ տեսնեմ» երգը, որ Մուշեղ Հարությունյանն էր հրաշալի կատարում, վերջին ժամանակներս կարծեք էլ չի հնչում՝ չնայած հիշում եմ, որ իմ մանկության տարիներին ամենասիրված երգերից մեկն էր, եւ Հայրենական մեծ պատերազմից վերադարձած սերունդը, այդ թվում՝ նաեւ հայրս, հաճույքով էին լսում այդ երգերը. «Իմ մայր Հայաստանի, մայր հողից ծնված,/Աննման գեղեցիկ, արի մեկ տեսնեմ,/Հայրենիքիս զով հովերով փայփայված,/Ծաղիկներից ծաղիկ, արի մեկ տեսնեմ./Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,/Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ»: Այս երգում շատ կարեւոր է հաջորդ տունը. «Քո սիրուդ թեւերով շատ սարեր անցա,/ Շատ մարդ տեսա, սակայն քեզ չմոռացա,/Էլի ջերմ կարոտով քո գիրկը դարձա,/Աշխարհիս անուշիկ, արի մեկ տեսնեմ,/Արի մեկ տեսնեմ, կարոտս առնեմ,/Համբույրս, անուշ յար, համբույրիդ խառնեմ»:

Աննման է Գուսան Աշոտի մեղեդիական աշխարհը, ինչը նրա արվեստի ամենամեծ առավելությունն է. ոչ մի մեղեդի նախ իր ստեղծագործության մեջ նման չէ մյուսին եւ երկրորդ՝ ընդհանրապես աշուղագուսանական արվեստի մեջ եւ ոչ մեկին նման չէ: Նա մեր ժողովրդի այն ազնիվ զավակներից է, ով ստեղծել է բազում երգեր, այն էլ՝ սրտալի երգեր: Եղիշե Չարենցը, ժամանակին դժգոհելով պրոլետ բանաստեղծներից, ասում էր. «Հիմի շատ են երգիչները, սրտի ուզած խաղը չկա», բայց ահա Գուսանի երգերը հենց սրտի ուզած խաղեր են, երգեր: Մարդը տխուր է, ուրախ է, կարոտում է, ուզում է առանձնանալ կամ բնության գեղեցկությամբ հիանալ, լսում է նրա երգերը…

Մոտավորապես եթե այս սկզբունքով մոտենանք Գուսանի արվեստին, կարող ենք ասել, որ նա այն բացառիկ անհատականություններից է, ով Չարենցի ասած երգն է տվել ժողովրդին, որ այդ երգով անմահանա:

Չարենցի՝ 1937թ. նոյեմբերին բանտից Ավետիք Իսահակյանին գրված վերջին բանաստեղծության մեջ կա հետեւյալ տողերը. «Սիրտդ կարող է վեհանալ,/Որ անսալով նրա սրտին՝/Երգ ես տվել ժողովրդին,/Որ իր երգով անմահանա»: Գուսան կամ աշուղ Աշոտն էլ հայ իրականության այն արվեստագետներից մեկն է, ով իր երգերով անմահացրել է մեր ժողովրդին եւ ինքն էլ անմահացել մեր ժողովրդի հետ միասին…

 

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34