44 օրյա հացադուլից հետո «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացած Մհեր Եղիազարյանի դեպքով դեռ բացահայտում կամ մեղադրյալ չկա

13.12.2019 22:15
1056

Եկող հունվարին մեկ տարին կլրանա, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող 50-ամյա Մհեր Եղիազարյանը 44 օր տևած հացադուլից դուրս գալուց հետո ինֆարկտից մահացավ, սակայն մինչ այժմ ոչ ոք պատասխան չի տվել կալանավորին մահվան հասցնելու համար: Ավելին, գործով անգամ մեղադրյալ չկա: Այն դեպքում, երբ մահվան դեպքը տեղի է ունեցել Թավշյա հեղափոխությունից հետո:

Դեպքից մի քանի օր հետո քրեական գործ էր հարուցվել բժշկական օգնություն իրականացնողների մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով հիվանդի մահվան հոդվածով: Գործը այժմ քննում է Քննչական կոմիտեի Էրեբունու բաժինը: Քննչական կոմիտեից պատասխանեցին, որ Եղիազարյանի գործով դեռ հանձնաժողովային փորձաքննություն է ընթանում, այս ընթացքում հարցաքննվել են ՔԿՀ-ի աշխատակիցները, իրեն այցելածներն ու բժիշկները, որևէ մեկին մեղադրանք ներկայացված չէ:

Չնայած քրգործը չի հարուցվել խոշտանգման հոդվածով, Եղիազարյանի իրավահաջորդի պաշտպան Վահե Արմենակյանը համոզված է, որ կատարվածը խոշտանգում էր:

«Դա խոշտանգում էր: Քննիչը առարկեց 44 օր հացադուլ հայտարարած մարդուն 5 մլն գրավով ազատելուն, այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ նրա վիճակը ծայրահեղ ծանր էր, իսկ նրա կալանքի որոշումն ընդունող դատավորը հաշվի չառավ, որ նրան ընդամենը 9 մլն դրամի հափշտակության մեղադրանքն է եղել: Դատական և նախաքննական մարմինը պարտավոր էր էդ մարդու առողջական վիճակը հաշվի առնել»,- դեպքից մի քանի օր հետո Forrights.am-ի հետ զրույցում նշել էր փաստաբանը:

Ըստ Արմենակյանի՝ Մհեր Եղիազարյանին մեղսագրվող արարքը հասարակական այ վտանգավորությունը չուներ, «ինչպես այլ դեպքերում, երբ նրանից 50 անգամ շատ գումարի խարդախության մեջ մեղադրվողներին գրավով ազատեցին»:

Նշենք, որ այս տարվա հունվարի 26-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Հայնյուզ» լրատվական կայքի պատասխանատու, 50-ամյա Մհեր Եղիազարյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման արդյունքում ՔԿՀ հրավիրվել էր շտապօգնություն, որի  կողմից արձանագրվել էր կալանավորվածի կենսաբանական մահը։

9 մլն դրամի խարդախության մեջ մեղադրվող 50-ամյա Մհեր Եղրազարյանը երկու տղաների հայր էր: Կալանավայրում գտնվելու ժամանակ մինչև կյանքի վերջին պահը նա հնարավորություն չէր ունեցել տեսնել ընտանիքին. Տեսակցություններն արգելված էին եղել 44 օր հացադուլի մեջ գտնվող կալանավորի հետ:

Տուժող կողմը դեպքից 11 ամիս անց սպասում է փորձաքննության արդյունքներին: Մեր հարցին, թե բացահայտման տանում են քրգործով գործողությունները, պաշտպան Արմենակյանը դժվարացավ պատասխանել: «Անկանխատեսելի է՝  երբ կվերջանա փորձաքննությունը, չեմ կարող գնահատական տալ: Այլ հարց է, որ Հայաստանում խնդիր կա փորձաքննությունների հետ կապված, որ դրանք շատ երկար կարող են տևել: Սպասում ենք փորձաքննության արդյունքը գա, թե էդ մարդն ի վերջո ինչի՞ արդյունքում է ինֆարկտ ստացել ու մահացել»,-նշեց փաստաբանը:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ իրավաբան Ռորբերտ Ռևազյանը անհավանական է համարում այս գործի բացահայտումը: «Եթե մեկ տարի ոչ մի բան չեն արել, այն դեպքում, երբ դեպքը փակ հաստատությունում է եղել, ոչ մի բացահայտում էլ չի լիելու: Չեմ ակնկալում որ ինչ-որ մեկը կենթարկվի պատասխանատվության», -մեզ հետ զրույցում ասաց նա:

Ռևազյանի խոսքով՝ ոչ միայն Մհեր Եղիազարյանի, այլև ընդհանրապես ՔԿՀ-ներում մահվան դեպքերով լուրջ խնդիր կա քննության արդյունավետության առթիվ: «Դա համակարգային խնդիր է: Ստացվում է՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերով մեղավորներ չենք ունեցել»,-նշեց դիտորդ մարմնի անդամը:

Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ անգամ հեղափոխությունից հետո չունենք բացահայտումներ, իրավաբանը պատասխանեց. «Իրավական համակարգում համակարգային փոփոխություն տեղի չի ունեցել, էլի նույն կադրերը, նույն հոգեբանությամբ շարունակում են աշխատել»: Ըստ Ռևազյանի, եթե կամք լինի, հնարավոր է բացահայտել այդ դեպքերը, բայց դրա համար իրավական համակարգում լուրջ համակարգային փոփոխություն է պետք, որը տեղի չի ունեցել:

«Նույնիսկ հեղափոխության օրերին ոստիկանների ցուցարարների հանդեպ ապօրինի գործողություների մասով գործեր կարճվեցին, «Էլեկտրիկ Երևանի», «Սարի թաղի» գործերը կարճվեցին: Եթե չենք կարողանում բացահայտել, քննել այդ գործերը, եկեք հասկանանք՝ ի՞նչ պետք է անել»,-շեշտեց իրավաբանը:

Հասարակական դիտորդների խումբը, ըստ Ռևազյանի, Մհեր Եղիազարյանի մասով ուսումնասիրություն էր արել և պարզել էր, որ նրա մահվան օրը  «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նույնիսկ հերթապահ բուժաշխատող չի եղել:

«Դա շատ լուրջ խնդիր է: Ընդհանրապես այդ ժամանակաշրջանում բուժաշխատող չեն ունեցել, որովհետև հաստիքների խնդիր է եղել: Ակնհայտ է, որ պետությունը պատշաճ վերահսկողություն չի իրականացրել կալանավորի առողջության հետ կապված, այն դեպքում, երբ նա 44 օր հացադուլի մեջ է եղել: Այնինչ նման երկարատև հացադուլից հետո անձը շուրջօրյա բժշկական հսկողության կարիք ուներ: Արդյոք հացադուլը չէ՞ր կարող նպաստել, որ նրա հիվանդությունը սրվեր»,-հարց ուղղեց իրավաբանը:

Հիշեցնենք, որ դեպքից մեկ շաբաթ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մերժել էր Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այսօր մահացած Եղիազարյանի նկատմամբ գրավ կիրառելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը: Այս որոշումը պաշտպանների կողմից արդեն իսկ բողոքարկվել էր Վերաքննիչ քրեական դատարան, և պետք է քննվեր հունվարի 29-ին:

Ուստի, ըստ փաստաբան Վահե Արմենակյանի, գործով քննիչը, դատախազը, դատավորը պարտավոր էին դիրքորոշում հայտնել իրենց կայացրած ակտերով, իսկ այժմ պետք է պատասխան տան: «Բացարձակ մեկուսացված է եղել հացադուլի պայմաներում: Այցելել են բժիշկներ, ՄԻՊ ներկայացուցիչներ, ՔԿՀ-ից են այցելել, բայց նա չի դադարեցրել հացադուլը: Շտապօգնություն են կանչել, տարել են հիվանդանոց, հիվանդանոցում գտել են, որ 35 օր հացադուլի մեջ լինելու պայմաններում Մհերը խնդիր չունի առողջական: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ես այսօր չունեմ»,-նշեց պաշտպանը:

Ըստ մեղադրանքի՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը, խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2014թ. փետրվարից մինչև 2018թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, անձամբ, կամ միջնորդների միջոցով, չարաշահելով ՀՀ մի շարք քաղաքացիների, այդ թվում առանձին զինծառայողների վստահությունը, ծառայության կամ աշխատանքի տեղավորելու, ծառայողական առաջխաղացման, կամ այլ տարաբնույթ հարցեր լուծելու համար, կաշառք տալու պատրվակով նրանցից պահանջել, ստացել և առանց որևէ գործողություն կատարելու խարդախությամբ հափշտակել է 180 հազար դրամից մինչև առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 4 մլն 775 հազար ՀՀ դրամ:  

Եղիազարյանի պաշտպանի հավաստիացմամբ, սակայն, քրգործը հեռանկար չունեցող գործ էր: «Եթե գործը նման վախճան չունենար, մենք կապացուցեինք, որ դա ընդամենը քաղաքացիական պարտավորության հարց է: Մարդը ծառայության դիմաց գումար է վերցրել: Եթե շարունակություն ունենար, հեռանկար չունեցող գործ էր: Պարտքի խնդիր է եղել»,-պնդեց նա:

Այդ ժամանակվա Արդարադաության նախարար Արտակ Զեյնալյանը հավաստիացրեց, որ իրենք ամեն ինչ արել են՝ հացադուլի ընթացքում Եղիազարյանի առողջությունը և կյանքը պահպանելու համար, սակայն «ով գնում է հացադուլի, պետք է իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով»:

Մարինե Խառատյան

forrights.am

Նոր աշխատատեղեր լինելու են նաև քո համայնքում. «Մեր ձևով» շարժում (տեսանյութ)

01.02.2026 11:17

Կրթությունը՝ կայուն և արդյունավետ արտադրության հիմքում

01.02.2026 10:47

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին

31.01.2026 21:11

Լրացուցիչ քննություն կկազմակերպվի անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, ում թեստը տպագրական խոտանով է եղել․ ԳԹԿ

31.01.2026 21:08

Սուրբ Էջմիածնի զավակ եմ և երբեք իմ ուխտը չեմ դրժելու, ի՞նչ է նշանակում ճամբար փոխել․ Սյունյաց թեմի առաջնորդ

31.01.2026 19:00

«Տաշիր-կար» ֆաբրիկան ներդրումային ծրագրերի շրջանակում շարունակաբար ընդլայնում է իր արտադրական հնարավորությունները

31.01.2026 17:33

Եպիսկոպոսներին մեղադրյալի կարգավիճակով ՔԿ են կանչել, որ Ավստրիայի ժողովը տապալեն. պաշտպան

31.01.2026 17:24

Եթե hարձակում տեղի ունենա, մենք կպատասխանենք ցնցող, արագ և շատ հզոր հակաhարվածով․ Իրանի ԱԳ նախարար

31.01.2026 14:39

Երիտասարդների օրհնության կարգ Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

30.01.2026 22:52

5 տարվա ընթացքում 300,000 աշխատատեղ ստեղծելու մասին հարցերին կպատասխանի Նարեկ Կարապետյանը

30.01.2026 22:07

«Ազատությո՛ւն Աշոտ Մինասյանին, Վահագն Չախալյանին և բոլոր քաղբանտարկյալներին». Աբրահամյանը կալանավայրերում տեսակցել է քաղաքական հետապնդումների ենթարկվողներին

30.01.2026 20:03

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Տեր Պսակ քահանա Մկրտչյան

30.01.2026 18:53