«ԱԱԲ» պրոյեկտ ընկերության ճանապարհաշինական նոր հասցեն Սյունիքում՝ Շամբ-Լծեն

27.08.2022 19:24
3419

Օգոստոսի 26-ին Շամբ-Լծեն ճանապարհի շինարարական հրապարակներ կատարած մեր այցի վերջին կանգառն ասֆալտբետոն արտադրող նորահիմն գործարանն էր, որ գտնվում է Մ-2 մայրուղի-Նորավանի խաչմերուկ տարածքի մերձակայքում:

Դա այն վայրն է, որտեղից սկիզբ է առնելու Մ-2-Նորավան-Շամբ-Լծեն-Տաթեւ-Կապան նոր ճանապարհը:

Գործարանում հանդիպեցինք աշխատակիցների եւ, իհարկե, տեղամասի պատասխանատու Էդգար Իսրայելյանի հետ, ով, իսկապես, մի լուսավոր անձնավորություն է, իր գործի նվիրյալ եւ հմուտ կազմակերպիչ:

Նրա խոսքով՝ գործարանն ասֆալտբետոնի արտադրության ոլորտում գիտության ու տեխնիկայի վերջին ճիչն է եւ ունի ժամում 240 տ արտադրողականության հզորություն:

Գործարանն արդեն իսկ պատրաստ է ասֆալտի արտադրության եւ մատակարարման…

***

Ըստ երեւույթին ժամանակն է, որ սյունեցիներս շատ թե քիչ ամբողջական պատկերացում ունենանք «ԱԱԲ» պրոյեկտ ճանապարհաշինական ընկերության թիմի եւ նրա գործերի մասին:

Ներկայումս ՍՊ ընկերությունը չորս խոշոր ծրագիր է իրականացնում Սյունիքի մարզում: Դրանք են՝ Տաթեւ-Լծեն ճանապարհի կեսը՝ հարավարեւելքից, Լաչինի միջանցքի նոր երթուղու Կորնիձոր-Տեղ հատվածը (այնտեղ եւս երկու կազմակերպություն է աշխատում), Մ-12-Գորիս-Արցախ միջպետական մայրուղու Գորիս-Տեղ հատվածը, իսկ չորրորդը Շամբ-Լծեն ճանապարհի կառուցումն է, որն ապագայում մաս է կազմելու դեպի մարզկենտրոն, Մեղրի, Իրանի Իսլամական Հանրապետություն ձգվող տրանսպորտային մայրուղու:

2006 թվականին հիմնադրված ընկերությունն արդեն իսկ ճանաչում եւ բարի համբավ ունի հանրապետությունում, տարիների ընթացքում հասցրել է կյանքի կոչել մոտ 50 մեծածավալ նախագիծ: Այդ նախագծերից է Սատանի կամուրջ-Տաթեւ ճանապարհը, որը, չնայած ռելիեֆային բարդություններին, մեծաթիվ ոլորաններին եւ ծանրաբեռնվածությանը, շարունակում է մնալ ոչ միայն Սյունիքի, այլեւ հանրապետության լավագույն ու դիմացկուն ճանապարհներից մեկը:

Ուշագրավ է, որ մեր երկրամասում համեմատաբար նոր-նոր ոտք դրած ընկերությունը նաեւ սոցիալական ծրագրեր իրականցնելու մտադրություններ ունի. առաջին հասցեն, որքանով տեղեկացանք, Սիսիանի տարածաշրջանի Իշխանասար գյուղն է:

Տաթեւ-Լծեն, Կորնիձոր-Տեղ եւ  Գորիս-Տեղ ճանապարհների կառուցման կամ հիմնանորոգման գործում «ԱԱԲ» պրոյեկտի դերակատարությանը դեռ կանդրադառնանք, իսկ այժմ՝ Շամբ-Լծեն ճանապարհի շինարարության մասին:

***

Այդ ավտոճանապարհի կառուցումը մեկնարկել է մեկուկես ամիս առաջ՝ հուլիսի կեսերին:

Մոտ 6,6 կմ երկարությամբ ճանապարհը Շամբի խաչմերուկից կհասնի Լծեն գյուղ:

Տեղանքին քաջածանոթները գիտեն, թե ինչ կտրուկ ոլորաններով ենք Շամբի լճի մերձակայքից հասնում Լծեն:

Հիմա այդ ոլորանների երեք-չորս հատվածում իսկական շինարարական եռուզեռ է, մեծաքանակ եւ արդիական ճանապարհաշինական տեխնիկայի  հռնդյուն…

Շինարարության տեղամասի ղեկավար Գրիգոր Սահակյանի հավաստմամբ՝ ամեն ինչ արվում է, որ մինչեւ դեկտեմբեր ավարտվեն ե՛ւ հողային աշխատանքները, ե՛ւ ասֆալտբետոնի առաջին ու երկրորդ շերտի տեղադրումը, ե՛ւ այդ հատվածի միակ կամրջի վերաշինումը:

Նախագծի համաձայն՝ ոչ միայն բարձունքը հաղթահարող ոլորանները կկրճատվեն, այլեւ էականորեն կընդլայնվի եւ բարեհարմար կդարձվի նոր ճանապարհը՝ բանուկ մասը՝ 6,6 մետր, կողնակները՝ 1,5 +1,5 մետր:

Ենթադրվում է նաեւ արհեստական բազմաթիվ ենթակառուցվածքների պատրաստում՝ մոտ 240 մ երկարությամբ հենապատ (տարբեր տեղերում), ջրահեռացման ստորգետնյա խողովակներ, եզրառուներ եւ այլն:

Ներկայումս, հողային աշխատանքներին զուգահեռ, իրականացվում է ավազակոպիճի պատրաստում եւ կուտակում:

Ինչպես նշեցինք՝ մեծաքանակ տեխնիկա է ներգրավված ճանապարհի շինարարությունում, սակայն ենթադրվող 300 հազար խորանարդ մետր հանույթն իրականացնելու համար, Գրիգոր Սահակյանի տեղեկացմամբ, առաջիկայում տեխնիկայի նոր խմբաքանակ կներգրավվի:

Շինարարական այդ եռուզեռում, այդուհանդերձ, կենտրոնական դեմքը մարդն է՝ մասնագետներ, մեքենավարներ, բանվորներ…

Շամբ-Լծեն հատվածում հիմա հինգ տասնյակ մարդ է աշխատում, այդ թվում՝ մերձակա գյուղերի բնակիչներ:

Աշխատողների թիվն առաջիկայում կավելանա, սակայն… Շինարարությունում զգացվում է աշխատուժի կարիք: Գրիգոր Սահակյանի ասելով՝ իրենք կարող են եւս 30 աշխատող  ընդունել՝ մեխանիզատորներ, բետոնագործներ, բանվորներ…

Պարզվում է՝ աշխատուժի կարիք կա նաեւ Տաթեւ-Լծեն կառուցվող մայրուղու իրենց հատվածում, ինչպես եւ ասֆալտբետոնի արտադրության գործարանում: Այդ մասին տեղեկացնում է Էդգար Իսրայելյանը: Ըստ նրա՝ հաշվի առնելով նորագույն տեխնիկայի առկայությունը գործարանում, նոր կադրերը (աշխատանքի անցնելուց առաջ) պետք է վերապատրաստման փուլ անցնեն:

Իսկ ինչպե՞ս են լծենցիները վերաբերվում կառուցվող ճանապարհին:

Գյուղի վարչական ղեկավար Դերենիկ Հովհաննիսյանը պատմում է, որ լեռնային իրենց գյուղն աշխարհին կապող նոր մայրուղին բնակավայրի հոգեվարքը կասեցնելու հույսեր է ներշնչում: Ճիշտ է, գյուղամերձում մի քանի տասնյակ պտղատու ծառեր են հատվելու, բայց ուրիշ ելք չկա:

Գյուղացիները պետությունից ակնկալում են փոխհատուցում՝ կտրվող ծառերի դիմաց, որպեսզի նոր մրգատուներ տնկելու հնարավորություն ունենան:

Դերենիկ Հովհաննիսյանը հավատացնում է նաեւ, որ բարձունքի վերջին ոլորանում՝ հնարավոր պայթեցումների դեպքում, նախապես կամրացվի գագաթին գտնվող հուշարձանը՝ Մեծ հայրենականում զոհված  լծենցիների հիշատակը հավերժացնող:

Շամբ-Լծեն ճանապարհի շինարարական հրապարակներ կատարած այցի վերաբերյալ մեր պատումը տեղին համարեցինք ավարտել՝ Էդգար Իսրայելյանի խոսքին երիցս հղում անելով: Երիտասարդ ճանապարհաշինարարը հավաստում է՝ «ԱԱԲ» պրոյեկտ ընկերությունը, բացի իրականացվող չորս ծրագրից, Սյունիքում աշխատանքներ իրականացնելու այլ ծրագրեր եւս ունի, ասել է թե՝ ընկերությունը Սյունիք է եկել երկարաժամկետ կտրվածքով՝ այստեղ կառուցելու եւ արարելու մտադրությամբ: Իսկ կատարվող աշխատանքների որակի ցուցիչը կլինեն Շամբ-Լծեն, Տաթեւ-Լծեն, Կորնիձոր-Տեղ եւ Գորիս-Տեղ ճանապարհների շինարարության՝ իրենց թիմին վստահված հատվածների կառուցման արդյունքները:

Սամվել Ալեքսանյան

 

 

«Ուժեղ Հայաստան»-ը հրապարակել է Ազգային ժողովում իր խմբակցության կազմը

01.08.2026 17:42

Հետադարձ հայացք Սուրեն Խաչատրյանի հոգևոր-մշակութային գործունեությանը՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

01.08.2026 09:40

Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ադրբեջանի ՄԻՊ-ին՝ Բաքվում պահվող հայերին այցելելու հարցով

31.07.2026 22:58

Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտարարություն

31.07.2026 20:55

ՆԱՏՕ–ն ձգտում է Հայաստանին պոկել ՀԱՊԿ–ի դաշնակիցներից․ ՌԴ մշտական ներկայացուցիչ

31.07.2026 18:26

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում նիստ է անցկացնում

31.07.2026 17:04

Առավել խորությամբ ճանաչել Հայոց Եկեղեցին և նախնյաց՝ դարերի ընթացքում կերտած հարուստ հոգևոր ու մշակութային ժառանգությունը

31.07.2026 16:57

Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ազատություն

31.07.2026 16:55

Ռազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան

31.07.2026 16:24

«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասին

31.07.2026 16:08

Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են

31.07.2026 15:10

ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին

31.07.2026 14:01