Ադրբեջանական, թուրքական ու ռուսական ալիքներ․ Արցախի ու սահմանամերձ բնակավայրերի տեղեկատվական ռիսկերը

02.07.2019 12:41
1262

2016 թվականի հունվարի 1-ից Հայաստանում անալոգայինից անցում կատարվեց թվային հեռարձակման։ Սա նոր խնդիրներ առաջացրեց մարզային հեռուստաընկերությունների համար։ Ամեն մարզում միայն մեկ հեռուստաընկերություն հնարավորություն ունեցով թվային դառնալու և լինելու հասանելի ամբողջ մարզում։ Թվային հեռուստատեսությունը լուծեց խնդիրներ, սակայն միևնույն ժամանակ որոշ խնդիրներ առաջացրեց ամբողջ ՀՀ տարածքում՝ հասանելիության տեսանկյունից։

Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչներից մեկը նշում է, որ թվային ընդունիչ սարքեր որոշ մարդիկ հնարավորություն չեն ունեցել ձեռք բերել և ստիպված դիտում են ադրբեջանական կամ թուրքական ալիքներ։

Արցախի Հանրապետությունում ևս նմանատիպ խնդիրների են բախվում։  Մարտակերտի հյուսիսային շրջանում, մասնավորապես՝ Մատաղիսում, ՀՀ քիչ հեռուստաալիքներ են հասանելի, փոխարենը հասանելի են ադրբեջանական հեռուստաալիքներ։ Այդ շրջանի բնակիչները հիմնականում արբանյակային ալեհավաք են տեղադրում։ Սակայն այս դեպքում էլ հարցը չի լուծվում։ Կրկին հասանելի են հայկական  3-4 հեռուստաալիք, իսկ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության՝ սփյուռքի համար նախատեսված տարբերակն է հասանելի։ Բնակիչների խոսքով՝ հիմնականում ռուսական հեռուստաալիքներ են դիտում։

Փաստացի մենք բախվում ենք մի խնդրի, երբ հանրային հեռուստատեսությունը հասանելի չի լինում ամբողջ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում, փոխարենը սահմանամերձ մարզերում հասանելի են թուրքական կամ ադրբեջանական հեռուստա և ռադիո ալիքները։

Արցախի Հանրապետությունում ևս անցում է կատարվել թվային հեռարձակման։ Արցախի Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Խաչատուր Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական ալիքները Ստեփանակերտում հասանելի չեն, սակայն այլ է պատկերը սահմանամերձ շրջաններում։

«Կարծում եմ՝ չեն նայում, իսկ եթե նայում են, ուրեմն նրանք, ովքեր հասկանում են ադրբեջաներեն կամ նախկինում առնչվել են ադրբեջանցիների հետ։ Հիմնականում Մարտակերտի շրջանը կարող է լինել»,- ասում է նա։

Խաչատուր Մելքումյանը նաև նշեց, որ 95 տոկոսով Արցախի հանրային հեռուստաալիքը և հայաստանյան հիմնական ալիքները հասանելի է Արցախի տարածքում։

«Մենք խնդիր ունենք հիմնականում սահմանամերձ հատվածներում, որտեղ դեռ հասանելի չեն Արցախի այլ մասնավոր ալիքները։ Ամբողջ երկայնքով չէ, ավելի ցածրադիր գոտիներում՝ Շահումյան և Քաշաթաշի որոշ հատվածներում է, որ հասանելի չեն։

Տեղեկատվության անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշում է, որ այս ամենը հետևանք է այն բանի, որ թվայնացումը կատարվեց «կիսատ-պռատ»։

«Իրականում բարդ խնդիր է։ Ադրբեջնական ալիքներից մեկն անգամ հայերեն է նորությունները տալիս, այսինքն՝ նրանք հատուկ աշխատում են, որ հայալեզու բովանդակություն տարածեն և սահմանամերձ շրջանները իրենց թիրախն են։ Այդ ալիքը Արցախի որոշ հատվածներում է հասանելի և փաստացի մրցակից է հայաստանյան ալիքներին։ Ու սա շատ մեծ հիմնախնդիր է։ Սահմանային մարզերը ունեն տեղեկություն ստանալու խնդիր»,- ասում է նա։

Համացանցը ինչ-որ չափով այդ բացը լրացնում է, սակայն, ըստ Սամվել Մարտիրոսյանի՝ մարզերում ինտերնետ կապը նույն ստաբիլությունն ու հզորությունը չունի, ինչ Երևանում։

Ադրբեջանական կամ Թուրքական հեռուստաընկերությունների քարոզչությունից խուսափելու թեմային անդրադարձ եղավ նաև հունիսի 20-ին Ազգային Ժողովում։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին, ասելով՝ արդյո՞ք հնարավոր է գոնե խլացնել Թուրքական կամ Ադրբեջանական հեռուստալիքները, որ դրանք հասանելի չլինեն ՀՀ սահմանային բնակչությանը։ Արթուր Վանեցյանը պատասխանեց, որ խնդրից տեղյակ են․

«Ասեմ ավելին, ՀՀ-ում կան տարածքներ, որտեղ հարևան երկրների բջջային օպերատորների կապն է միանում հեռախոսներին։ Նախկինում եղել են, որ նայում ես, հեռախոսն աշխատել է Ադրբեջանի կամ Թուրքիայի ռոումինգում, սակայն այդ մարդը ոչ Թուրքիայում է եղել, ոչ Ադրբեջանում։ Բազմիցս քննարկվել է, որ պետք է խլացուցիչներ տեղադրվեն սահմանի ամբողջ երկայնքով։ Սակայն սա շատ մեծ ծախսերի հետ է կապված, որովհետև խլացուցիչները պետք է տարբերակեն մեր հեռուստաընկերությունների կամ ռադիոների ալիքները»,- ասաց Արթուր Վանեցյանը։

Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ խլացնելը շատ բարդ խնդիր է։ Նա նշում է, որ գուցե ավելի արդյունավետ կլինի սահմանամերձ բնակիչների մեդիագրագիտությունը բարձրացնել, կրթել, բացատրական աշխատանքներ տանել, թե ինչպես վերաբերվեն ստացած տեղեկատվության հետ, քան մեծ գումարներ ծախսել խլացուցիչների վրա։

«Դժվարանում եմ ասել, թե լուծումը որն է։ Միգուցե ինտերնետ կապի ինչ-որ ստաբիլ հասանելիություն ապահովելը ավելի հեշտ կլինի, քան թե փորձել ամեն տեղ հասանելի դարձնել հեռուստաալիքները։ Սովետի փորձը ցույց տվեց, որ խլացնելը չի աշխատում։ Առավել ևս արբանյակայինը խլացնելը շատ ավելի բարդ խնդիր է և անիմաստ, ավելի լավ է այդ ռեսուրսները այլ բաների վրա ծախսել»,- ասում է նա։

Ըստ նրա՝ հասանելիությունն ապահովելու համար ևս ֆինանսներ են պետք, բայց այդ դեպքում դա ներդրում է ենթակառուցվածքի մեջ։

«Այսինքն՝ զարգացնում ես փոքր-միջին բիզնեսը, կրթությունը, միայն ադրբեջանական քնձռոտ ալիքի խնդիր չես լուծում էլի։ Դա միանգամից ենթակառուցվածքային զարգացում է և փողը ջուրը չի գնա»,- ասում է նա։

Աստղիկ Գաուդյան

infocom.am

Խորհրդարանը քննարկում է Վահագն Ալեքսանյանի թեկնածությունը ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում

04.08.2026 15:57

Հայաստանում 2026 թվականի երկրորդ եռամսյակում գնաճը շարունակում է մնալ թիրախից բարձր

04.08.2026 15:52

Հովսեփ Առաքելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պետերի մասնակցությամբ

04.08.2026 15:33

«Ո՞ւր է գնացել տոմսերի վաճառքից ստացված 5 միլիոն դոլարը»․ Պեդրո Զարոկյան

04.08.2026 15:21

Ադրբեջանը զգուշացրել է Իսրայելին «Հայոց ցեղասպանության» ճանաչման հարցով․ Հաջիև

04.08.2026 14:38

ՌԴ ներկայացուցիչն անդրադարձել է ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հնարավորությանը

04.08.2026 14:37

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություն է իրականացրել Էկոպարեկային ծառայությունում․ կան ձերբակալվածներ

04.08.2026 14:09

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել բանակի նոր համազգեստի ներդրման ընթացքի վերաբերյալ

04.08.2026 13:57

Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան

04.08.2026 12:50

Բաքուն կրկնում է՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի նախապայման է

04.08.2026 12:37

Երկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք

04.08.2026 12:34

Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51