Ադրբեջանի 14.000 քառ․ կմ տարածքային նոր պահանջը Հայաստանին

17.01.2024 15:16
393

2024 թ. հունվարի 11-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը հարցազրույց է տվել մի խումբ, այսպես կոչված, ադրբեջանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների, որտեղ հանդես է եկել մի շարք ստերով ու հակահայկական հայտարարություններով: Այսպես,

1․ «Բարձրացնելով դրոշը Խոջալուում՝ ես մտածեցի, որ այսօր կարող ենք լիակատար վստահությամբ ասել, որ Խոջալուի զոհերի արյան վրեժը լուծված է։»: Հարկ է նշել, որ նախ ոչ թե Խոջալու, այլ՝ Իվանյան: Եվ երկրորդ, Իվանյան ավանում զոհերի մասին հայտարարությունը կատարյալ սուտ է:

Հայկական կողմը Իվանյանում, այսպես կոչված, ադրբեջանցիների ցեղասպանություն չի իրականացրել: Օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամը, ստեր տարածելով, տարիներ շարունակ մեղադրում է հայկական կողմին այդ առնչությամբ, մինչդեռ այդ դեպքի իրական մեղավորներին օբյեկտիվորեն մատնանշել է 1991-1992թթ. Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովը 1992թ. ապրիլի 2-ին «Независимая газета» ռուսալեզու թերթին տված հարցազրույցի ժամանակ՝ հայտարարելով, որ դրա կազմակերպիչը և մեղավորը Ադրբեջանի ժողովրդական ճակատն է, որը ցանկանում էր այդ ժամանակ հեռացնել իրեն իշխանությունից և վերցնել իշխանությունը:

22 տարի անց՝ 2014թ. փետրվարի 27-ին, արաբական «Ալ-Ջազիրա» միջազգային հեռուստաընկերության թուրքական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ, Ա. Մութալիբովը վերահաստատել է իր կարծիքը՝ հայտարարելով, որ «…Ադրբեջանի ժողովրդական ճակատի կողմից ստեղծված այդ սարսափն ուղղված է եղել իմ դեմ, քանի որ ես էի այդ ժամանակ նախագահը: …ընթանում էր պայքար իշխանության համար: Որքան Մութալիբովի համար վատ լինի, այնքան լավ նրա հակառակորդների համար:»:

2․ «1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության ստեղծումից մեկ օր անց, Երևան քաղաքը, ցավոք, փոխանցվեց Հայաստանին։ Չնայած սրա համար պատճառ չկար։ Սա հնագույն ադրբեջանական քաղաք է։ Ադրբեջանական ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ։»: Սուտ է ու կեղծիք: Այն ժամանակ, երբ Երևանը հիշատակվում է հայ և օտարազգի պատմագիրների աշխատություններում, Ադրբեջան անունով երկիր գոյություն չուներ:

3․ «1920 թվականի ապրիլին խորհրդայնացումից հետո, արդեն նոյեմբերին խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրի զգալի մասը դուրս բերեց Ադրբեջանից և փոխանցեց Հայաստանին։»: Կրկին սուտ է ու կեղծիք: Իրականությունը հետևյալն է. 1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»: Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:

4․ «Կա Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության քարտեզ, որտեղ Զանգեզուրը, ոչ թե արևելյան, կամ արևմտյան, այլ ամբողջ Զանգեզուրը Ադրբեջանի տարածքն է։»:

Խոսքը Ազգերի լիգային ներկայացված քարտեզի մասին է, որը Ազգերի լիգային անդամակցելու դիմումի հետ միասին ներկայացրել էր Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իշխանությունը: Սակայն Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեն 1920թ. դեկտեմբերի 1-ին բացասական եզրակացություն էր տվել Ադրբեջանի դիմումին, մասնավորապես արձանագրելով, որ «…դժվար էր պարզել այն տարածքի ճշգրիտ սահմանները, որտեղ Ադրբեջանի կառավարությունն իրականացրել է իր իշխանությունը: Հարևան երկրների հետ ունեցած սահմանային վեճերը թույլ չտվեցին ճշգրիտ որոշելու Ադրբեջանի սահմանները: Կոմիտեն որոշեց, որ Պայմանագրի պայմանները թույլ չտվեցին Ադրբեջանին անդամակցելու Լիգային ներկա հանգամանքներում»:

5․ «Մեր հողերը մաս-մաս տրվել են Հայաստանին, Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության տարածքի մակերեսը կազմել է գրեթե 100 հազար քառ. կմ:»: Կրկին սուտ և կեղծիք: Ստանալով Ազգերի լիգայի 5-րդ կոմիտեի մերժումը՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը վերացել է աշխարհի քաղաքական քարտեզից այդպես էլ չունենալով հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ, որի իրավահաջորդը այսօր հանդիսանում է ներկայիս Ադրբեջանը:

Oկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամի հայտարարած 100 հազար քառ. կմ թիվը նկատի առնելով՝ կարող ենք ասել, որ Ադրբեջանը 14 հազար քառ. կմ-ի չափով տարածքային նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին:

6․ Խոսելով Հայաստանի այն առաջարկի մասին, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիան և դեմարկացիան առաջարկվում է իրականացնել 1970-ականների քարտեզների հիման վրա՝ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը, մասնավորապես, ասել է. «Եթե ​​անդրադառնանք քաղաքական պատճառներին, ապա պետք է որպես հենակետ ընդունենք կա՛մ Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետության ստեղծման, կա՛մ խորհրդայնացման շրջանը»:

Հարկ է նշել, որ Ադրբեջանի պարագայում չկա իրավական հիմք ընդունելու ոչ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության շրջանի քարտեզը, ոչ էլ Խորհրդային շրջանի քարտեզը: Բանն այն է, որ 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագիր, իսկ 1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական ակտը: Թե հռչակագրով, թե սահմանադրական ակտով Ադրբեջանը հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից և իրեն հայտարարել 1918թ. մայիսի 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը։

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության գոյության շրջանում գոյություն ունեցած քարտեզների օգտագործմանը, ապա դա ևս հնարավոր չէ: Քանզի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը չի ունեցել հռչակված և միջազգայնորեն ճանաչված սահմաններ: Այս պարագայում հարց է առաջանում. ինչպե՞ս իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում և սահմանազատում:

Բանն այն է, որ Փարիզում խաղաղության վեհաժողովում Հայաստանի սահմանների սահմանագծման վերաբերյալ հանձնաժողովը 1920թ. փետրվարի 24-ին հրապարակել է զեկույց, որտեղ, մասնավորապես, նշել է հետևյալը. «Ինչ վերաբերում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի սահմաններին, Հանձնաժողովը գտնում է, որ այժմ գերադասելի է սպասել վերը նշված սահմանների հստակեցման վերաբերյալ համաձայնագրերի արդյունքներին, որոնք երեք հանրապետությունները կարտացոլեն պայմանագրերում: Այն դեպքում, երբ տվյալ հանրապետությունները իրենց սահմանների վերաբերյալ չգան որևէ համաձայնության, հարցը պետք է փոխանցվի Ազգերի լիգայի արբիտրաժին, որը կստեղծի միացյալ հանձնաժողով՝ վերը նշված սահմանները տեղում որոշելու համար՝ որպես սկզբունք հաշվի առնելով ազգագրական տվյալները»: Քանի որ այսօր գոյություն չունի Ազգերի լիգան, այլ գոյություն ունի դրա իրավահաջորդ ՄԱԿ-ը, ապա Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը լուծելու նպատակով կարելի է դիմել ՄԱԿ-ին՝ առաջարկելով ստեղծել համապատասխան հանձնաժողով:

7․ Խոսելով, այսպես կոչված, ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի օկուպացրած տարածքներից հետ քաշվելու մասին Իլհամը, մասնավորապես, ասել է. «…մենք, իհարկե, ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ։ Մենք մեկ քայլ չենք հեռանա և՛ 2021 թվականի մայիսի, և՛ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այս սահմանը պետք է հաստատվի։»: Օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները Հայաստանի սուվերեն տարածքի հնարավոր է հեռացնել միայն և բացառապես միայն զենքի ուժով:

8․ «Մենք կարծում ենք, որ խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի, և որքան շուտ, այնքան լավ …Իսկ սահմանազատման գործընթացը պետք է շարունակվի։»: Շատ լավ հասկանալով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման հարցի կարգավորումը տևելու է շատ երկար՝ Ադրբեջանը կարևորություն չի տալիս նշված հարցին:

Փոխարենն օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի սուլթան Իլհամը կենտրոնացել է խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի վրա և ձգտում է հասնել Հայաստանի հետ տվյալ փաստաթղթի ստորագրմանը, որով Հայաստանն առաջին անգամ գրավոր կերպով կընդունի Արցախի պատկանելիությունը Ադրբեջանին:

Ամփոփելով՝ կարող ենք հանգել հետևյալ եզրակացություններին

  • Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները զգալիորեն տարբերվում են միմյանցից: Այդ տարբերությունները պայմանավորող խնդիրներն այնքան արմատական բնույթ ունեն կողմերի համար, որ քիչ հավանական է թվում կողմերի կողմից արծարծված խնդիրների լուծման արդյունքում նրանց դիրքորոշումների մերձեցում:

Կողմերի դիրքորոշումների արմատական տարբերությունները լավատեսություն չեն ներշնչում ադրբեջանաարցախյան հակամարտության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ, խաղաղ և արդար կարգավորման առնչությամբ:

  • Հայաստանի տարածքի որոշ հատվածների և Արցախի Հանրապետության դեօկուպացիային հնարավոր է հասնել միայն զենքի ուժով: Պատմությունն անառարկելի փաստերով բազմիցս ապացուցել է, որ Ադրբեջանի համար գրոշի արժեք չունի իր կողմից ստորագրված որևէ փաստաթուղթ, նա հասկանում է միայն և բացառապես միայն ուժի լեզուն:

 

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
ՔԱՂԱՔԱԳԵՏ

168.am

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դիրքորոշումը՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ

04.11.2024 21:36

Վրաստանի նախագահի հերթական խառնակչությունը՝ հեռանալուց առաջ․ Վահե Սարգսյան

04.11.2024 20:34

Զուրաբիշվիլին մի շարք հայկական հուշարձաններ ներկայացրել է իբր թե «պատմական Վրաստանի» մաս

04.11.2024 20:06

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի COP29-ին

04.11.2024 19:44

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

04.11.2024 15:39

ԿԽՄԿ աշխատակիցները հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

04.11.2024 15:30

Վաղը Մոսկվայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերը կհանձնի Պուտինին

04.11.2024 14:51

Սահմանադուռ և սահմանապահ Ագարակ քաղաքը 75 տարեկան է

04.11.2024 13:17

Գորիսում առաջին անգամ անցկացվեց պատանիների բռնցքամարտի միջազգային մրցաշար

04.11.2024 12:20

Ռոբերտ Ղուկասյանը մասնակցել է մարզում առաջին անգամ կազմակերպված «Սյունյաց թևեր» սպորտային-տեղեկատվական փառատոնին

03.11.2024 22:46

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում. տեսանյութ

03.11.2024 21:43

Եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

03.11.2024 20:25