Ադրբեջանը չի կարող այլընտրանք լինել Ռուսաստանին Եվրոպայի գազային շուկայում

20.07.2022 14:11
935

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ձեռք են սեղմում՝ ադրբեջանական բնական գազի ներմուծման ավելացման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

2022-ի փետրվարի 24-ին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը լուրջ հարված հասցրեց Ռուսաստան – Արևմուտք հարաբերություններին: Դրանք արդեն իսկ բավականաչափ լարված էին 2014-ի սկսած, սակայն չնայած առկա խնդիրներին, առնվազն Եվրամիության ծանրքաշային պետությունները՝ Ֆրանսիան և Գերմանիան, փորձում էին որոշակի երկխոսություն պահպանել Ռուսաստանի հետ: Դա պայմանավորված էր ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ աշխարհատնտեսական պատճառներով:

Ռուսաստանը Եվրամիություն բնական գազի հիմնական արտաքին մատակարարն էր, և ռուսական գազի համեմատաբար մատչելի սակագինը ապահովում էր եվրոպական, առաջին հերթին գերմանական տնտեսության մրցունակությունը, որի շարժիչ ուժը արտահանումն է: Դրանով էր պայմանավորված Գերմանիայի ցանկությունը ամեն կերպ ապահովել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի գործարկումը, որը տարեկան հավելյալ մինչև 55 մլրդ խմ գազ կարող էր ապահովել Գերմանիայի համար:

Ուկրաինական պատերազմը, սակայն, խառնեց բոլոր խաղաթղթերը: Եվրամիությունը վերջին հինգ ամիսների ընթացքում պատժամիջոցների վեց փաթեթ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում թիրախավորելով էներգետիկ ոլորտը: 2022-ի մայիսին Եվրամիությունն ընդունեց REPowerEU ծրագիրը, որտեղ նախանշվեցին ռուսական գազից և նավթից աստիճանաբար հրաժարվելու և էներգետիկ ռեսուրսների անվտանգությունը բարձրացնելու Եվրամիության պլանները:

Այս գործընթացների հետևանքով էականորեն կրճատվել են Ռուսաստանից ներմուծվող բնական գազի ծավալները: Արդեն մարտի 31-ի դրությամբ Բելառուսի տարածքով Եվրամիություն ներմուծվող ռուսական բնական գազի ծավալները նախորդ տարվա նույն՝ հունվար – մարտ ժամանակահատվածի համեմատ նվազել են 71 տոկոսով, իսկ Ուկրաինայի տարածքով իրականացվող գազի տարանցումը՝ 41 տոկոսով: 2022-ի հունիսի սկզբին Ռուսաստանը 60 տոկոսով կրճատեց «Հյուսիսային հոսք 1» գազամուղով իրականացվող մատակարարումները: 2022-ի առաջին եռամսյակում ռուսական խողովակաշարային գազը կազմել է Եվրամիություն ներմուծված բնական գազի ծավալի ընդամենը 28 տոկոսը, մինչդեռ ընդհանուր ծավալի 34 տոկոսը զբաղեցրել է հեղուկացված բնական գազը:

2022-ի առաջին եռամսյակում Եվրամիությունը 78 մլրդ եվրո է ծախսել գազի ներմուծման համար, այդ թվում` 27 մլրդ-ը՝ ռուսական գազի ներմուծման համար: 2022-ի մարտի 31-ի դրությամբ Եվրամիության գազի պահեստարանները լցված էին ընդամնեը 26 տոկոսով, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր 30 տոկոս: 2022-ի մայիսին Եվրամիության սպառողներին մատակարարվող գազի գինը նախորդ տարվա մայիսի համեմատ ավելացել էր 84 տոկոսով:

2022-ի առաջին եռամսյակում Եվրամիության տարածքում բնական գազի արդյունահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 9 տոկոսով: Զգալի անկում է նկատվել Եվրամիության երկու առավել խոշոր գազ արդյունահանող պետություններում՝ Հոլանդիայում և Ռումինիայում: Միևնույն ժամանակ վեց տոկոսով ավելացել է գազի արդյունահանումը Նորվեգիայում:

Ռուսական խողովոկաշարային գազի ներմուծման ծավալների անկմանը զուգահեռ 2022-ի առաջին եռամսյակում նվազել է խողովակաշարային գազի ներմուծումը Ալժիրից և Լիբիայից: Միևնույն ժամանակ, էականորեն ավելացել է հեղուկացված բնական գազի ներմուծումը՝ ընդհանուր ներմուծման ծավալում զբաղեցնելով 34 տոկոս: Եվրամիությունը սկսել է ստանալ նախկինում ասիական շուկաների համար նախատեսված հեղուկացված բնական գազ, ինչի պատճառը եվրոպական շուկաներում ձևավորված բարձր գներն են: 2022-ի առաջին եռամսյակում տրանսադրիատիկ գազամուղով Եվրամիություն ներմուծված ադրբեջանական բնական գազը կազմել է Եվրամիություն ներմուծված գազի 2,5 տոկոսը՝ նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ աճելով 136 տոկոսով:

Նշված ժամանակահատվածում բնական գազի սպառումը Եվրամիության տարածքում նվազել է 8 տոկոսով, կազմելով 130 մլրդ խմ: Առավել մեծ անկում է նկատվել Ֆինլանդիայում՝ 57 տոկոս, Լատվիայում և Լիտվայում՝ 33 տոկոս: Գերմանիայում սպառումը նվազել է 9 տոկոսով, իսկ Ֆրանսիայում 6 տոկոսով: 2022-ի առաջին եռամսյակում ամենամեծ գազ սպառողները Եվրամիությունում եղել են Գերմանիան՝ 31,4 մլրդ խմ, Իտալիան 25,2 մլրդ, Ֆրանսիան՝ 14,4 մլրդ, և Իսպանիան՝ 9,8 մլրդ խմ:

2022-ի հուլիսի 11-ին Ռուսաստանը դադարեցրեց բնական գազի մատակարարումը «Հյուսիսային հոսք 1» գազամուղով՝ դա պատճառաբանելով վերանորոգման աշխատանքներով: Պաշտոնական տվյալներով, այդ աշխատանքները պետք է ավարտվեն հուլիսի 21-ին, սակայն Եվրամիությունում առկա է մտահոգություն, որ Ռուսաստանը կարող է չվերականգնել գազի մատակաարումը՝ դա կիրառելով որպես ճնշման միջով Եվրամիության դեմ, և փորձելով հասնել պատժամիջոցների մի մասի չեղարկմանը, կամ էլ Ուկրաինային ցուցաբերվող ռազմական օժանդակության կրճատմանը:

Տե՛ս նաև՝ Բեռլինի և Կիևի միջև սրվել է լարվածությունը «Հյուսիսային հոսք» գազատարի շուրջ

Ստեղծված պայմաններում Եվրամիության պետությունները կանգնած են էներգետիկ լուրջ ճգնաժամի վտանգի առջև, և կարող են հարկադրված լինել առաջիկա ձմռանը զգալիորեն կրճատել ինչպես բնակչությանը, այնպես էլ արդյունաբերությանը մատակարարվող բնական գազի ծավալները, և անցնել էլեկտրականության և բնական գազի մատակարարման հովհարային անջատումների:

Ստեղծված իրավիճակը հարկադրում է Եվրամիությանը փնտրել բնական գազի մատակարարման նոր աղբյուրներ, և դրանցից մեկը դիտարկվում է Ադրբեջանը: Հուլիսի 18-ին Ադրբեջան այցելեց Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը և ստորագրեց Ադրբեջանից բնական գազի ծավալների ներմուծման կրկնապատկման մասին համաձայնագիր: Այն նախատեսում է մինչև 2027-ը Ադրբեջանից եվրամիություն բնական գազի մատակարարման ծավալները հասցնել տարեկան 20 մլրդ խմ-ի:

Հաշվի առնելով առաջիկա ձմռանը Եվրամիությանը սպասվող ծանր խնդիրները՝ ակնհայտ է, որ 2022-2023 թթ. Ադրբեջանը չունի հնարավորություն Եվրամիությանը տարեկան մատակարարել 10 մլրդ խմ-ից ավելի գազ: Սա նշանակում է, որ Ադրբեջանը չի կարող օգնել Եվրամիությանն ամենաանհրաժեշտ պահին, և Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցը և էներգետիկ ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուլիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագիրը Ադրբեջանի կողմից իրականացված հաջող փիառ ակցիա է՝ սեփական վարկանիշը և ազդեցությունը Եվրամիությունում բարձրացնելու նպատակով:

https://www.civilnet.am/

Սամվել Կարապետյանի դեմ սկսված քաղաքական հետապնդումը հանրության մեծամասնությանն ապացուցեց՝ իշխանությունը դատարանների անկախություն չի հանդուրժում․ Վարդևանյան

19.04.2026 20:53

«Զանգեզուրի միջանցքը» շատ կարևոր երթուղի է Թուրքիայի համար․ Ֆիդան

19.04.2026 16:51

81% հանրային վստահություն. Արման Թաթոյանը պատմում է, թե ինչպես է ՄԻՊ պաշտոնում հասել այդ արդյունքին

19.04.2026 16:46

ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան

19.04.2026 14:20

Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով

19.04.2026 11:19

Ովքե՞ր են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի առաջին հնգյակում

18.04.2026 21:36

«Միասնության թեւերի» ղեկավար Արման Թաթոյանի ոչ ֆորմալ շփումը երիտասարդների հետ

18.04.2026 21:27

ՔԿ-ն կնիքեց Խաչատրյանների գազալցակայանը. նոր իրադարձություններ Գորիսում

18.04.2026 21:21

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր, Մեղրիի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ

18.04.2026 21:19

Ուժեղ թիմ, ուժեղ առաջնորդ, փոփոխությունը ճանապարհին է․ «Ուժեղ Հայաստան»

18.04.2026 21:07

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է․ ներկայացվել է կուսակցության նախընտրական ցուցակը

18.04.2026 12:26

Վենետիկում բացվել է Ավետիք Իսահակյանի հուշատախտակը

18.04.2026 11:23