Ահա եւ Տաթեւի մայր վանքում ենք, որ Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաբաշխության աղբյուրն է (Մաս 1-ին)

28.03.2020 12:57
1566

«Ուխտագնացություն Սյունիք» ծրագրի առաջին փուլը, որ ներառում է Գորիսի տարածաշրջանը, սկսեցինք 2019 թ. հուլիսի 14-ին՝ Սռի եղցում Քերթողահայր Մովսես Խորենացու ենթադրյալ գերեզման այցելելով եւ ավարտեցինք Տաթեւի երկնակառույց քավարանում՝ 2020 թ. մարտի 6-ին:

Տարբեր անուններով է վանքը հիշատակվում մատենագիտության մեջ՝ Եվստաթե, Սուրբ Եվտաթեոս Առաքյալ, Ըստաթե, Ստաթե, Ստաթեի Առաքելո վանք, Ստաթեի վանք, Ստաթեւ, Տաթեւ, Տաթեւու վանք, Տատեւ, Տատիվ…

Վանքը տեղադրված է Տաթեւ գյուղի հարավ-արեւելյան ծայրամասում, Տաթեւ գետի եւ ձախից նրան միացող անդնդախոր ձորի ուղղաձիգ ժայռի գագաթի թեք հարթակի վրա, որն արհեստականորեն հարդարվել ու հարմարեցվել է շինարարության համար:

 Ենթադրվում է, որ նախաքրիստոնեական շրջանում վանքի տեղում գոյություն է ունեցել հեթանոսական մեհյան:

4-5-րդ դարերում այստեղ կառուցվել է մի անշուք քրիստոնեական եկեղեցի:

839 թ. Դավիթ եպիսկոպոսը Սյունիքի Փիլիպե իշխանից 10 հազար դրամով գնում է վանքի տարածքը:

895 թ. Հովհաննես եպիսկոպոսը Հայոց թագավոր Սմբատ Բագրատունու եւ Սյունիքի իշխանների օժանդակությամբ հիմնադրում է Պողոս-Պետրոս եկեղեցին, որի շինարարությունն ավարտվում է 906-ին:

Ստեփանոս Օրբելյանն այսպես է բնութագրում վանքի տեղանքը. «…գտնելով այս տեղը՝ խիստ համապատասխան ու հարմար, գրեթե վերին թելադրանքով առաջնորդվելով՝ եկան, հաստատվեցին այս տեղ՝ այս գեղատեսիլ վայրում, որը բարձր դիտանոցի նման նայում է դեպի արեւելք՝ շատ գավառների… Տեղը շատ առողջարար է, հարթ, շրջապատված բարձր ու սրագագաթ լեռներով, կիսաշրջանաձեւ՝ կարծես կարկինով քաշած: Վանքի առջեւում շատ խոր, դժվարամատչելի ծառապատ ձոր է՝ շատ ընդարձակ ու գեղեցիկ, որտեղով ահեղաձայն գոչգոչումով անցնում է Որոտան գետը: Ձորը լի է այգիներով ու դրախտացած զանազան բուսատեսակներով: Այնտեղ՝  խիստ բարձր քարաժայռի վրա եկեղեցի կար՝ անշուք ու անտաշ քարերով կրաշաղախ շարված, շատ հին ժամանակներից, Սուրբ Ներսեսի ու Սահակի օրերից: Տեղը հեռու էր թշնամիների ամեն տեսակ ավազակային հարձակումներից, որովհետեւ նահանգի կենտրոնական մասում էր, ապահով եւ խաղաղ, ամրացած Սյունիքի ու Բաղքի երկու աթոռների միջեւ»:

Հիշեցնենք՝ վանական համալիրի վերականգնման աշխատանքները մեկնարկել են 1979-ին:

Այդ գործն առաջինը ձեռնարկել է հանրապետության պետշինի նախագահ Գրիգոր Աղաբաբյանը:

1980-2015 թթ. Տաթեւի վերականգնման ճարտարապետության խմբի ղեկավարն էր Միհրան Բադիշյանը:

Վերջին տարիներին վերականգնվել է վանքի մուտքը, կառուցվել է աղբյուր:

Վերականգնողական աշխատանքներն իրականացվում են պատմական ճարտարապետությանը եւ ոգուն համապատասխան:

Վերջին տարիներին վերականգնողական աշխատանքներում հատկապես ուշագրավ է Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի վերանորոգումը,  որն ամենայն պատասխանատվությամբ եւ որակով իրականացրել է ճանաչված շինարար Մարատ Ասլանյանի գլխավորած շիանարարական կազմակերպությունը (Սիսիանից):

Այդ կազմակերպությունն է կատարել նաեւ հիմնական մուտքի վերականգնումը, աղբյուրի կառուցումը եւ թանգարանային մասի հիմանանորոգումը:

 

Վանքի անվանման խնդիրը

Վանքի հիմնադրման եւ անվանման մասին կան մի քանի ավանդություններ:

Մի դեպքում այն կապում են Եվստաթե Առաքյալի (1-ին դար), մեկ այլ դեպքում՝ Գահնամակում հիշատակված «Տաթեւյանք» անձնանվան հետ:

Ասում են նաեւ, որ իբր վանքի կառուցումից հետո քարագործ վարպետը, դիմելով ներքեւում գտնվող բանվորներին, երկու տաշեղ է պահանջում, հետո համբուրում է դրանք ու ասում՝ «Հոգին Սուրբ տա թեւ», եւ վանքի անունը մնում է Տաթեւ:

Ղեւոնդ Ալիշանն անվան ծագումը կապում է Սուրբ Թադեի անվան հետ:

 

Տաթեւի վանքը՝ աստվածության գանձարան

Աստվածության բազում գանձեր կան այս սրբավայրում…

Աստվածամուխ սուրբ նշանը, որ կենարար փայտից էր՝ բերված Հունաց աշխարհից Սյունյաց եպիսկոպոսների միջոցով եւ ի պահպանություն տրված առաջին իշխաններին:

Աստվածընկալ Բաբկենյան խաչը, որ մի տղամարդու հասակի չափով պատրաստված էր արծաթից՝ Անդոկի որդի Բաբիկի որդու՝ Վասակի կողմից եւ իր մեջ մաս էր պարունակում փրկական փայտից:

Գլխավոր ու երեւելի մարդկանց առաքելական, հայրապետական, մարտիրոսական նշխարներ, որոնք մեծ քանակությամբ հավաքել էին Սյունյաց իշխանները, որ Սուրբ Գրիգորի ու Սուրբ Ներսեսի հետ գնացին Կեսարիա եւ Մեծ Հռոմ, նույնպես եւ տարբեր ժամանակներում շատ փափագներով ժողովվածները:

Մեծ Հովհաննեսի ու Ստեփանոս Նախավկայի, տասնմեկ առաքյալների նշխարները:

Սուրբ Հռիփսիմեի աջը:

Գերազանց սրբուհի Աստվածածնի մազերը:

Գլխավոր եկեղեցու սյուների տակ դրված են երկու գլխավոր առաքյալի՝ Պետրոսի եւ Պողոսի նշխարները:

Այդտեղ է Սուրբ Գրիգոր Լուսավորչի նշխարը՝ գանգի մի կողմը եւ աջ թեւի բազուկը՝ դրված մի փայտե փոքրիկ սնդուկի մեջ, փակված եւ կապարե կնիքով կնքված:

 

Տաթեւի վանքը՝ Սյունիքի թագավորների եւ Սյունիքի գահերեց իշխանների պանթեոն

Տաթեւի վանքում է թաղված Սյունի մեծ նախարար եւ գահերեց իշխան Աշոտը, ում հրամանով Տեր-Հովհաննեսը Տաթեւ եպիսկոպոսարանում եկեղեցի կառուցեց:

Այդտեղ է թաղված նրա կինը՝ Շուշան բարեպաշտուհին՝ կանանց մեջ անհամեմատելին:

Վանքում է թաղված Սիսական աշխարհի առաջին թագավորը՝ քաջարի, հզոր եւ բարեպաշտ արքա Սմբատը:

Նրա որդին՝ Սմբատից հետո թագավորած Վասակը թաղված է իր հայր Սմբատի կողքին:

Այդտեղ է թաղված Սյունիքի գահերեց իշխան Փիլիպե 1-ինը (գերեզմանը Գրիգոր Սուրբ Լուսավորիչ եկեղեցու բակում է):

Այդտեղ է թաղված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու հիմնադիր Հովհաննես  եպիսկոպոսը, որի տապանաքարի մի մասը՝ կոտրված վիճակում, հայտնաբերվել է վերականգնողական աշխատանքների ընթացքում, սակայն հետագայում անհետացել է, ինչի մասին վկայում է Միհրան Բադիշյանը:

Ցավոք, նրանցից եւ ոչ մեկի տապանաքարը եւ գերեզմանի ստույգ տեղը հայտնաբերված չեն:

 

Արքայաշնորհ եւ աստվածապատիվ Տեր-Հովհաննեսը՝ հրեշտակների եւ մարդկանց սիրելին, ով կառուցեց Սուրբ Պողոս-Պետրոս կաթողիկե եկեղեցին

Սյունյաց մետրոպոլիտության աթոռակալն էր մոտ 38 տարի:

Նորիք գյուղից մի որբեւայրի աղքատ ու մուրացիկ մարդու որդի է եղել:

Տեր-Սողոմոն առաջնորդի օրոք Տաթեւի եկեղեցու փակակալն էր, ապա եկեղեցապանների ավագը:

Սողոմոնի վախճանից հետո սյունեցիներն իրենց առաջնորդ պահանջեցին Հովհաննես փակակալին:

Նա ձեռնադրվեց Հայոց Տեր-Գեւորգ կաթողիկոսի կողմից:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ ապա «Երազի մեջ հրեշտակից հրաման ստացավ՝ հինը մի կողմ թողնել եւ նոր եկեղեցու շիանարարություն սկսել եւ այն տեսիլը կրկնվեց ու երրորդվեց, մինչեւ որ հրեշտակը լրիվ հավաստի դարձրեց իրողությունը, որ խաբուսիկ երեւույթ չկարծվեր. իր գավազանով էլ սահմանագծեց տեղը ու հրամայեց կառուցել գլխավոր առաքյալներ Վեմ-Պետրոսի եւ Պողոսի անունով: Գործի համար քաջալերեց՝ ասելով. «Դա մարդու կողմից չի կատարվում, այլ Տերն է ուզում իր փառքի համար տուն կանգնեցնել»: Եպիսկոպոսը զարհուրեց եւ քնից արթնանալով երկար ժամանակ ապշած էր մնացել:

Վեր կացավ, եկավ այն տեղը եւ միաբաններին ցույց տվեց հրեշտակների սահմանագծածը: Այս մասին տեղեկացրեց նաեւ Սյունյաց մեծ եւ գահերեց իշխան Աշոտին` Վասակի եղբորը, Փիլիպեի որդուն, Սմբատի, Սահակի եւ Բաբկենի հորը, եւ նրա կին երանելի խորահավատ Շուշանին, Գեղարքունիք գավառում բնակվող մյուս իշխանին` Գրիգոր Սուփանի որդի Գաբուռ Սահակին, եւ Բաղքի Ձագիկ կոչված մյուս իշխանին` Ջեվանշերի հորը։ Նրանք ոգեւորվեցին եւ աստվածային տնօրինությամբ շտապ կերպով այնտեղ բերվեցին եւ հիացած այն սքանչելի երազով` համաձայնությամբ ու համամտությամբ գործի անցան եւ ջանում էին արագ կերպով կատարել։ Այնուհետեւ բացվեցին նրանց գանձարանները, եւ գանձերը առատապես ծախսվում էին շինարարության կատարման համար։ Բայց գլխավորապես մեծ իշխան Աշոտը եւ Տեր-Հովհաննես եպիսկոպոսն էին մեծամեծ ծախսերով ու ջանքերով կանգնած այդ գործի վրա եւ աստվածային կամակցությամբ սկսեցին կառուցումը։ Հիմքը գցեցին հայոց երեք հարյուր քառասունչորս թվականին,  Աշոտ թագավորի որդի Սմբատ Բագրատունի նահատակի թագավորության, Փիլիպեի որդի Աշոտի Սյունյաց իշխանության, Տեր-Գեւորգ Գառնեցի հայոց կաթողիկոսի գահակալության ժամանակ, Աշոտի հրամանով ու կամքով, Տեր-Հովհաննեսի միջոցով, որը եւ եկեղեցու վրա արձանագրել էր այսպես. «Այն տարում, երբ հայոց երեք հարյուր քառասունչորս թվականն էր, եւ զատիկը` նավասարդի 4-ին, ես` Տեր-Հովհաննեսս, որ Սողոմոնից հետո կարգվեցի Սյունյաց եպիսկոպոս, այս եկեղեցու կառուցման սկիզբը դրեցի»։

Եվ այսպես կառուցվեց եկեղեցին` երկնակամարի նման գմբեթահարկ, որպես հրեշտակների զբոսարան եւ մարդկանց` քավարան, տաշած վեմերով ու քերած քարերով, որմնադրական արհեստով հարմարեցված, տեսնողների աչքերը շլացնող։ Նրա բարձրությունը հարյուր կանգուն էր, երկարությունը` քառասունութ, լայնությունը` քսանչորս։ Իր մեջ ընդգրկում էր չորս խորան, բացի ավագ խորանից։ Եվ այդ շենքի մեջ Սողոմոնյան տաճարի կամ Զորաբաբելյանի նմանողությամբ կառուցել էր երկու հրաշակերտ սյուներ` բոյոսն ու հաքումը, որոնք ամուր կերպով միացված խարիսխներով եւ գեղեցկադիր ու բարձրաբերձ թակաղաղներով ամբողջապես վերցրած պահում են կամարակապ, քարակարկառ հարկի հսկայական ծանրությունը։ Սա ծառայում է որպես խորհրդանիշ երկու գլխավոր առաքյալների` Պետրոսի եւ Պողոսի համար, որոնց նշխարներից դրվեցին այդ սյուների տակ. առաքյալների, հայրապետների, նահատակների` այնտեղ հավաքված բազմաթիվ սուրբ նշխարներ դրվեցին եկեղեցու հիմքերի մեջ ու անկյուններում։ Տասմեկ տարում ահա այսպես ավարտելուց հետո եկեղեցու մոտ, հարավային դռան դիմաց կանգնեցնում է մի զարմանալի սյուն` սուրբ երրորդության անունով, երեսապատված մանր քարերով երեսուն կանգուն բարձրությամբ։ Պարսպում է եկեղեցին սրբատաշ քարերով, ապա եւ վանքը` կոփածո քարերով։ Եվ քանի որ տեղանքն անհարմար էր, ուստի գետնի հաստ թմբերը հարթում է, խոր տեղերը բարձրացնում կրաշաղախ պատերով։ Շինում է եւ գետնափոր գաղտնարաններ եկեղեցուց ներքեւ, հողի տակ ծածկված` բազմաթիվ կացարաններ ու դարաններ` եկեղեցու կարիքների համար։ Հարթելով ու հավասարեցնելով  տեղանքը` շինում է նաեւ սրբաշեն սեղանատներ, արհեստանոցներ, մթերանոց-պահեստներ, սրբատներ ու գրատներ։ Եկեղեցու բակում կառուցում է աղոթատուն եւ Սյունյաց իշխանների ու եպիսկոպոսների համար` դամբարանատեղ։

Մեծ տան հայրապետանոցի համար ահա այս բոլոր կառուցումները հոգատարությամբ կատարելով եւ հարմարություններ ստեղծելով ու ավարտելով` այն մեր Հայաստան աշխարհում դարձրեց ցանկալի բոլոր մերձավորների ու հեռավորների համար։ [Վանքը] լուսապայծառ լինելով, ինչպես արեգակն աստղերի մեջ` բոլոր վանքերից նշանավոր էր ոչ միայն շինություններով, այլեւ փայլում էր շուրջ հինգ հարյուր միաբանների կրոնավորական դասերով։ Լի էր խորաքնին փիլիսոփաներով, երաժիշտ-երգիչներով։ Ճոխ էր վարժարանը` վարդապետական կրթումով։ Կային նաեւ անհամեմատելի արհեստավոր նկարիչներ ու գրիչներ։ Դրա համար այսպիսի համբավից հիացած` թագավորները, իշխանները, եպիսկոպոսները գալիս էին տեսության եւ ընծաներ էին բերում սուրբ ու փառահեղ աթոռին։ Եվ երբ Տեր-Հովհաննես եպիսկոպոսն ավարտեց եկեղեցու մյուս կառույցների շինարարությունը, հետամուտ եղավ աշխարհախումբ հանդեսին` կատարելու մեծ եւ աստվածահրաշ տաճարի նավակատիքը։ Կանչեցին հայոց Սմբատ թագավորին` ուրիշ իշխանների հետ, եւ Տեր-Հովհաննես կաթողիկոսին, որը հաջորդեց Մաշտոց Սեւանցուն, հայոց մյուս եպիսկոպոսներով հանդերձ։ Իր եպիսկոպոսներով, իշխաններով ու ազատներով հանդերձ եկավ եւ Վասպուրականի Գագիկը, որն էլ [հետո] թագավոր դարձավ։ Եկավ նաեւ Աղվանքի կաթողիկոս Տեր-Սիմոնը` իր աշխարհի եպիսկոպոսներով եւ  մեծամեծ իշխաններով։ Ինչպես եւ հավաքվեցին Սյունյաց հայկազուն իշխանները, որոնց վերը հիշատակեցինք, այլեւ` մեր Սիսական աշխարհի ուրիշ վանականներ ու աշխարհականներ։ Նրանց մեջ իսկությամբ կարելի էր տեսնել, ըստ իր անսուտ հրամանի, Քրիստոսին` հորով ու ամենասուրբ հոգով` երկնային բոլոր զորքերով հանդերձ, այլեւ առաքյալների ու մարգարեների գնդերով, հայրապետախումբ, մարգարեական եւ նահատակախումբ բազմություններով։ Եվ գիշերային արարողության ժամանակ եպիսկոպոս Հովհաննեսը նրանցից տեսիլքով տեսավ Պետրոսին` ձեռքին երկաթե բանալի, եւ Պողոսին` գրկում առաքելական գիրքը, որոնք մտնելով եկեղեցի` պատրաստում էին աթոռը երկնային թագավորի համար եւ բանալին ու գիրքը տվեցին եպիսկոպոսին եւ ասացին. «Տերը հաճեցավ բնակվել սրա մեջ, եւ մենք նրա համար հանգստյան տեղ ենք պատրաստում. հենց մեզ էլ հրամայվեց այստեղ մնալ մինչեւ մեր թագավորի հաջորդ գալուստը. դա արքայության բանալին է, թող մնա այս եկեղեցու մեջ, որովհետեւ այստեղ է բացվելու դրախտի դուռը բոլոր այն մեղավորների համար, որոնք հավատով դիմելու են սրան. այս գիրքը եւս թող մնա սրա մեջ, որովհետեւ այստեղից է  բխելու վարդապետական շնորհը եւ սուրբ հեղինակների ողջամիտ քարոզները, այստեղ կմնա մաքուր ու անխառն»։

Այս տեսնելով ու սթափվելով` մեծ գոհունակությամբ դեպի երկինք փառաբանություն առաքեց, բայց ոչ ոքի ոչինչ չհայտնեց։ Ապա առավոտը բացվելիս հայրապետները եւ բոլոր եպիսկոպոսները զգեստավորվելով բեմ բարձրացան ու կատարելով հոգեւոր օրհնությունը` օծեցին աստվածաստեղծ յուղով։ Եվ «Թող օրհնվի, թող օծվի» ասելիս ամբողջ բազմությունն այնքան բարձր էր արտասանում, որ լսողներին թվում էր, թե հրեղեն ամպերից ահարկու որոտ ու ճայթյուններ էին գալիս. երկիրը դղրդում էր, շրջակայքը` ցնցվում։ Եվ ես այնպես եմ կարծում, թե լոկ մարդկային ձայները չէին, այլեւ դրանց խառնվում էին ոչ մարմնական ձայներ, որ այդպես ահարկու էին թվում։ Եվ այսպես կատարելով օրհնությունը` ութ օր նավակատիք արեցին ի փառս Աստծու։ Այնուհետեւ յուրաքանչյուրը վերադարձավ իր տեղը։ Բայց թագավորը եւ Սյունյաց իշխանները, տեսնելով այդպիսի հանդեսը եւ այնքան չքնաղագույն շինվածքը, առավելապես սիրեցին ու պատվի արժանացրին տեղը. մեծ նվիրատվություններով փարթամացրին եւ շատ ընդարձակեցին նրա սահմանները…» (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երեւան 1986, Էջ 206-210):

 

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի

Խոսելով 848 թվականին Լուսավորչի շինության մասին` նշվում է, որ այն կառուցվել է հին եկեղեցու հարավային կողմում։ Այստեղից հետեւում է, որ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում մինչեւ հիշյալ թվականը գոյություն է ունեցել  մի հին եկեղեցի։ Այս երեւույթը կարեւոր է հատկապես այն պատճառով, որ Պողոս-Պետրոս եկեղեցին հին եւ նոր ճարտարապետական ձեւերի ինքնատիպ հյուսվածք է։ Հորինվածքի հիմքում ընկած է եռանավ բազիլիկի հատակագիծը։ Սակայն արեւմտյան անկյունամասերը վեր են ածվել ավանդատների, որով էլ պայմանավորվել է եկեղեցու նոր կերպարը։ Միաժամանակ, ինչպես եւ վաղ միջնադարյան սրահներում, այստեղ պահպանվել են ենթագմբեթային կենտրոնի եւ խորանի միջեւ եղած տարածությունը, այն էլ գմբեթակիր մույթերի առկայությամբ։ Մույթերը հին շինության հիմնապատերից թելադրվող երեւույթ չեն։ Ստ. Օրբելյանն ընդգծում է, որ դրանք կառուցվել են հիմքից։ Այսպիսով, նորաստեղծ եկեղեցու մեջ նախատեսվել է նաեւ խորանի եւ մույթերի միջեւ եղած տարածության պահպանումը։ Ճարտարապետական տարրերի նմանօրինակ համատեղությունից հետեւում է, որ ճարտարապետը չի կամեցել հետեւել  հորինվածքային այն կերպարին, որի հիմքում ընկած է գմբեթի առանցքով ներքին տարածության կենտրոնացման սկզբունքը։

Այս տեղեկություններից, որ ներկայացրինք վերեւում,  պարզվում է, որ 895 թվականին հին եկեղեցու տեղում հիմքից շինվել է Պողոս-Պետրոս եկեղեցին, մուտքի մոտի սրահը, սեղանատունը, գրատունը, միաբանության պարիսպները, արհեստանոցները եւ կոմունալ այլ շինություններ։

Եկեղեցու եւ միաբանության այլ շինությունների նորոգման ու վերաշինման աշխատանքները սկսվել են 895 թվականին եւ ավարտվել 906 թվականին։ Կարելի է ենթադրել, որ աշխատանքները սկսվել են նորոգումներից։ 895 թվականին ավարտվել է Լուսավորիչ եկեղեցու նորոգումը եւ արձանագրությունն էլ փորագրվել է այդ թվականին։

Պողոս-Պետրոս եկեղեցու կառուցման վերաբերյալ մի վիմագիր հիշատակարան է փորագրվել, հավանաբար, շինարարական աշխատանքներն ավարտվելուց հետո` հատուկ պատրաստված խաչքարի վրա, որտեղ նշվում է, որ կառուցողը Հովհաննես եպիսկոպոսն է։

Խաչքարն ագուցված է մուտքի վերին մասում։ 885-906 թվականներին եկեղեցու հարավային մուտքի մոտ կառուցված խորանավոր փոքրիկ  սենյակը պատմիչն անվանում է «տուն աղօթից»։ Այս սենյակի արեւելյան պատը համընկնում է Լուսավորիչ եկեղեցու արեւմտյան պատի հյուսիսային կեսի հետ, որի մեջ շրջափակված է նաեւ մի T-աձեւ որմնամույթ։ Այս ամենից երեւում է, որ հիշյալ պատը եւս հետագա վերաշինությունների արդյունք է։

Պողոս-Պետրոս եկեղեցին մի քանի անգամ կործանվել եւ վերաշինվել է։ Առաջին անգամ այն ավերել են սելջուկները XI դարի կեսերին։ Երկրորդ ավերման պատճառը 1138 թվականի երկրաշարժն էր։ Եկեղեցին եւ գավիթը նորոգվել են 1187, 1253, 1605, 1646, 1862 եւ 1865 թվականներին։

***

Ժամանակին մեծ արժեք են ներկայացրել Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարները:

Դրանք Աղթամարի որմնանկարների հետ միասին 10-րդ դարի հայկական որմնանկարչության արվեստի ամենաերեւելի հուշարձաններից են:

Ցավոք, երբ 1931-ին եկեղեցին զրկվեց գմբեթից, անձրեւները, ձնհալի ջրերը սկսեցին թափանցել ներս, ինչի հետեւանքով գունաթափվել եւ շարքից հանվել են որմնանկարները:

Ըստ Միհրան Բադիշյանի՝ որմնանկարների խնդիրն ամենացավոտն են Տաթեւի վանքի վերականգնողական աշխատանքներում:

 

 

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի

Տաթեւի սրբավայրի մյուս եկեղեցին Գրիգոր Լուսավորիչն է: Եկեղեցին թաղածածկ է, հարավային եւ հյուսիսային պատերին կան մեկական որմնամույթ: Ավերվել է 1931  թվականի երկրաշարժի ժամանակ: Ըստ էության եկեղեցին չի ունեցել հյուսիսային պատ: Որպես այդպիսին օգտագործվել է Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատը: Թե ինչպես է ավելի ուշ կառուցված Պողոս-Պետրոս եկեղեցու պատն օգտագործվել այս եկեղեցում, իմանում ենք Ստ. Օրբելյանի թողած տեղեկություններից

848 թվականից հետո եկեղեցին վերաշինվել է երկու անգամ, ընդ որում՝ վերջին վերաշինությունը՝ հիմքից:

Երկրորդ վերաշինության վերաբերյալ կան Ստ. Օրբելյանի վկայությունը եւ շինարարական արձանագրությունը:

Երրորդ վերաշինությունը կատարել է ինքը՝ պատմիչը 1295 թվականին եւ եկեղեցու ճակատակալ քարին թողել է արձանագրություն։

Ահա թե ինչ է ասում Սյունյաց տան պատմիչը Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վերաշինության մասին. «Այնուհետեւ ձեռնամուխ եղանք Տաթեւի եկեղեցու շինարարությանը, որ Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունով էր: Այն փլվել էր  ու մինչեւ հատակը քանդվել: Եկեղեցու այս շինարարությունը երրորդ անգամն էր: Առաջին անգամ կառուցվեց Փիլիպե իշխանի կողմից Սյունյաց Տեր-Դավիթ եպիսկոպոսի օրոք: Երկրորդ անգամ կառուցվեց Տեր-Հովհաննեսի կողմից՝ Սմբատ թագավորի հրամանով: Երրորդ անգամ էլ սա է, որ մենք սկսեցինք ու Աստծո շնորհիվ հաստահեղույս քարերով եւ գեղեցիկ տեսքով կերտեցինք շենքը» (Սյունիքի պատմություն, էջ 376):

Իր ներկա վիճակում եկեղեցին XIII դարի վերջին վերաշինության կերպարն  ունի եւ հյուսիսային պատի տեղում այլեւս հին պատը չէ, այլ Պողոս-Պետրոս եկեղեցու հարավային պատը, որին կցել են եկեղեցու խորանը եւ մի որմնամույթ:

 

Սուրբ Աստվածածին եկեղեցի

Տաթեւի վանական համալիրի երրորդ նշանավոր շինությունը Սուրբ Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին է։ Իր ճարտարապետական տիպով միանավ գմբեթասրահ է։ Նկատի ունենալով նրա տարածվածությունը՝ գմբեթասրահի այս տիպը եւս կարելի է առանձնացնել որպես մի տարբերակ։ Գմբեթասրահներում որմնամույթերի միջոցով դահլիճը բաժանվում է երկու հիմնական մասերի` ենթագմբեթային եւ արեւմտյան։ Սակայն շինության փոքր չափերի եւ որմնամույթերի նկատելի զուսպ դրվածքի հետեւանքով ներքին տարածությունն առանձնապես չի մասնատվում։ Քանի որ շինությունը դամբարանական բնույթ ունի, այդտեղ ավանդատներ չեն կառուցվել։

Հյուսիսային, արեւելյան եւ հարավային պատերին արտաքուստ կան խորը որմնախորշեր։

Ստորին հարկում գտնվում են երկու թաղածածկ սենյակներ։

Շինության կառուցման մասին պահպանվել են Ստ. Օրբելյանի եւ վիմագիր տեղեկություններ։ Պատմիչը վկայում է, որ կառուցողը Հովհաննես եպիսկոպոսին փոխարինած Գրիգոր եպիսկոպոսն է։ «Սա արարեալ զարմանալի շինուածս յեպիսկոպոսարանին Տաթեւ, զի կանգնեաց կամարս ի վերայ դրան վանացն որ հայէր ընդ յարեւելս. եւ մերձ նմին տուն սրբաշէն. եւ ի վերայ սոցա եկեղեցի մի գմբէթաւոր գեղեցկայարմար յանուն սրբուհւոյ Աստուածածնին։ Եւ էր նա իբր դիտանոց բարձր որ հայէր ի վերայ վանացն. եւ ի չորեսին կողմանցն յօրինեաց գաւիթս. բայց յառաջի կողմն բարձրաբերձ սեամբք շինէր սրահս վայելուչս իբր քաղցր հովանոց. եւ գրէ ինքեան արձան յիշատակի ի վերայ եկեղեցւոյն»։

Արձանագրությունը գտնվում է հարավային պատին։

Թվականը, որ հաշված է հոբելյաններով, ճիշտ վերծանել է Ս. Բարխուդարյանը/ Ժ-10 հոբելյան-500+30+6+551=1087 թվական/։

Ստ. Օրբելյանի վկայությամբ` նախքան եկեղեցու շինությունը Գրիգոր եպիսկոպոսն այդտեղ կառուցել է մի կամար։ Ելնելով եկեղեցուն անմիջապես մոտ շինությունների մնացորդներից` թվում է, խոսքը բերդապարսպի հյուսիսային մուտքին կից կամարածածկ միջանցքի մասին է։ Այնուհետեւ Ստ. Օրբելյանը նշում է, որ եկեղեցու չորս կողմը կառուցվել են գավիթներ եւ մի սրահ` «բարձրաբերձ» սյուներով։ Եկեղեցուց հարավ ներկայումս կան երկու թաղածածկ շինությունների մնացորդներ, որոնցից մեկի միայն խիստ ընդգծված որմնամույթերն են մնացել եւ վկայում են նրա երբեմնի մոնումենտալ կերտվածքի մասին, իսկ սյունազարդ գավթի հետքն անգամ չկա։ Արեւմտյան կողմում՝ եկեղեցու եւ մուտքի կամարակապ միջանցքի միջեւ, գտնվում է մի թաղածածկ սենյակ` ուղղանկյուն հատակագծով։

 

Գավազան զորության եւ արդարության

Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցման տարում Հովհաննես եպիսկոպոսը կանգնեցրել է Տաթեւի հռչակավոր Սյուն գավազանը։ Այդ մասին ՅԽԴ (895) թվականի արձանագրության կողքին փորագրվել է եւս մի վիմագիր հիշատակարան` հետեւյալ բովանդակությամբ.

1. ՀՐԱՄԱՆԻ ԱԾԱՊԱՀ

2. ՏԵՐԱՆՑ ԵՒ ՅԱԻԺԱՐՈՒ_

3. ԹԵԱՆԲ ԻՄՈՅ ԿՐԱԻՆ_

4. ԱԻՈՐԱՆՑ ԵՒ Ի ՆՈՅՆ ՏԱ_

5. ՐԻՈՋ Ի ՅԵԻԹՆԵՐՈՐԴ

6. ԱՄՍՈՅՍ ՅԱՐԱՑ ԿԱ-

7. ՆԿՆԵՑԱԻ ԱՐՁԱՆՍ

«Ի նոյն տարիոջ» Ս. Բարխուդարյանը իրավամբ համարում է 895 թվականը, նկատի առնելով արձանագրության տեղադրությունը հիշյալ թվականը կրող արձանագրության կողքին։ Կարելի է ավելացնել նաեւ ամսաթիվը։ Արձանագրության մեջ նշված է արաց ամսի 7-ը` հունիսի 11։

***

Գավազան-սյունի մասին բազում ավանդազրույցներ կան, բազմաթիվ են նաեւ դրա խորհրդի ընկալումները:

Հայկական ճարատարապետության պատմության մեջ հայտնի են մի շարք նման հուշարձան-սյուներ:

Ըստ Վարդան Դեւրիկյանի՝ «դրանցից Տաթեւի սյունը, սակայն, տարբերվում է չորս հատկանիշներով:

ա) Տաթեւի սյունը նման սյուների մեջ ամենաբարձրն է՝ 7,89 մ:

բ) Այն միակն է, որ չի ավերվել եւ ավարտվում է սյունը պսակող ծակոտկեն խաչով: Շնորհիվ խաչի նման հորինվածքի, արեւի ճառագայթները թափանցում են խաչի միջով եւ լուսեղեն գծագրմամբ գծվում խաչի պատկերը եւ թվում է, թե խաչը ճախրում է երկնային լույսի մեջ:

գ) Դա սյուների մեջ միակ ճոճվողն է:

դ) Միայն այս սյունն է, որ անվանվում է Գավազան-սյուն:

Տաթեւի սյունը, սակայն, ստորերկրյա ցնցման կամ անգամ մարդկային ձեռքի հպումից սկսել է շարժվել, այսինքն՝ ճոճվել ու երերալ, եւ նայած ճնշման ու ցնցման ուժի, միաժամանակ տատանվելուց-ճոճվելուց հետո իր ելակետային սկզբնական դիրքին եկել:

Շնորհիվ այս հատկության այն դիմացել է տարբեր երկրաշարժերի ավերիչ հարվածներին: Համաձայն ավանդության՝ սյան հիմքում սնդիկ է լցված եւ ճնշման ժամանակ այն «լողում է» սնդիկի գնդի մեջ եւ աստիճանական ճոճմամբ իր նախկին վիճակին գալիս:

Սյան ճարտարապետը նման զարմանալի արդյունքի կարողացել է հասնել սյան վեր ելնելուն  զուգընթաց նրա մակերեսի միջին խտությունը գցելով, այսինքն՝ սյունը որքան վեր է բարձրանում իր խարսխից, այնքան շարվածքի քարերի խտությունը եւ ըստ այդմ ծանրությունն ընկնում են, որը թեթեւություն է հաղորդում սյան վերին մասին:

Ցավոք, սյան ճոճվելու առանցքը եւ ճնշման հանդեպ զգայունակությունը խախտվել են 1931 թ. երկրաշարժից հետո: Մինչ այդ, եթե, համաձայն ականատեսների վկայության, սյունը ճոճվում էր, երբ նրան կից շինության տանիքից անգամ ձեռքով հրում էին, ապա այդ երկրաշարժից հետո այն արդեն անհամեմատ փոքր շառավղով է ճոճվում եւ այն էլ՝ մեծ ուժ գործադրելուց հետո:

Տաթեւի սյան այսպես ճոճվելուն եւս մի հոգեւոր խորհուրդ է հաղորդվել եւ տարբեր ավանդություններ են հյուսվել սյան ճոճվելու մասին:

Այս ավանդությունների միջոցով է նաեւ պարզ դառնում, թե ինչու է այս սյունն անվանվել Գավազան-սյուն:

Ըստ ժողովրդական ըմբռնման՝ այս սյունը եղել է մի յուրօրինակ վարդապետական գավազան եւ Սյուն-գավազանով է որոշվել Սյունյաց աշխարհի վարդապետների ստացած վարդապետական աստիճանը, որի խորհրդանիշն է վարդապետական գավազանը, որքանով է վավերական եղել: Ասվում է, որ անցյալում աբեղային վարդապետական գավազան տալիս եպիսկոպոսը Ս. Պատարագից հետո եկեղեցականների հանդիսավոր թափորով դուրս էր գալիս տաճարից եւ երեք անգամ խունկ ծխում այս Գավազան-սյան առաջ: Եթե աբեղան արժանի էր վարդապետական աստիճանի, ի նշան հավանության Գավազան-սյունը ճոճվում էր, իսկ եթե ոչ՝ մնում էր անշարժ:

Գավազան-սյան միջոցով հարատեւությունն է շեշտվում նաեւ այն ավանդությամբ, որում պատմվում է, թե երբ Լենկթեմուրը մահ ու ավեր տարածելով գալիս, հասնում է Տաթեւ, չարությամբ լցված՝ ցանկանում է այս սյունը տեղից վայր գցել: Հրամայում է տասը զույգ գոմեշ լծել եւ նրանց լծերից գութանի փոկով կապել սյուն-գավազանը: Երբ գոմեշները սկսում են քաշել, փոկը կտրվում է եւ բոլոր գոմեշները ձորն են թափվում, իսկ սյանը որեւէ վնաս չի հասնում (Ազգագրական հանդես, 1898 թ., հտ. Գ, էջ 124)»:

 

Ավանդություն Տաթեւի հռչակավոր զանգերի մասին

Համաձայն ավանդության՝ վանքի զանգերով է պայմանավորված անգամ ողջ երկրամասի Զանգեզուր կոչվելը:

Ինչպես հայտնի է, ըստ այս ավանդության, երբ թշնամիները ներխուժել են Սյունյաց աշխարհ, ի նշան վտանգի, սկսել են խփել Տաթեւի վանքի զանգերը կամ առանձին մի հսկայական զանգ, եւ յուրաքանչյուր գյուղից մի զորաջոկատ է ելել ընդդեմ թշնամու: Եվ այսպես գումարված զորքը Սյունյաց աշխարհից դուրս է քշել թշնամուն: Ահա այս պատճառով նրանք գտնում են մի անարգ դավաճան, ով վնասում է զանգը եւ վտանգի պահին այն չի հնչում, ի մի չի հավաքում Սյունյաց աշխարհի քաջորդիներին, եւ ժողովուրդը ողբաձայն ասում է՝ Զանգն էլ զուր է, զանգն էլ զուր է, որից եւ երկրամասի անունը մնում է Զանգեզուր:

Նման մեկ այլ ավանդությամբ էլ պատմվում է, որ Լենկթեմուրը Տաթեւի վանքի զանգակատան տակը հսկայական խարույկ է վառում, որ զանգը հալվի ու թափվի: Զանգը չի հալվում, սակայն այն կորցնում է իր հնչեղությունը:

Զանգի շուրջ այդ ավանդազրույցները պատմական հիմքեր ունեն, իրապես հռչակված է եղել Տաթեւի վանքի զանգը, որը պատրաստել է տվել Սյունյաց տան մետրոպոլիտ Ստեփանոս Օրբելյանը:

Այս զանգի վրա եղել են երեք արձանագրություն, որոնցից առաջինը գրել է տվել Ստեփանոս Օրբելյանը, իսկ վերջին երկուսը գրվել են ի հիշատակ նրա:

Շարունակությունը՝ այստեղ

 

 

Մայիսի 15-ին Մոսկվայում բացվելու է Դավիթ Դանիելյանի անհատական ցուցահանդեսը

05.05.2024 19:06

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

05.05.2024 14:41

Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

05.05.2024 14:40

Մեր այս ընթացքը թող դառնա Անմահության երթ, վերադարձ մեր հայրերի ինքնությանն ու վերադարձ ճշմարտությանը․ Բագրատ Սրբազան

04.05.2024 22:44

Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը

04.05.2024 16:27

Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ

04.05.2024 16:22

Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը

04.05.2024 16:19

Հարգանքի տուրք Փարաջանովի եւ նրա թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հիշատակին

04.05.2024 12:00

ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն

04.05.2024 11:45

Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունների կապակցությամբ. Զախարովա

03.05.2024 20:04

Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն. Ուիլյամ Սքոթ Ռիթթեր

03.05.2024 16:49

Ի ՊԱՏԱՍԽԱՆ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ

03.05.2024 13:51