Ալին (Արին) ու Ժասմինը (Հասմիկը)՝ երբ բացահայտում ես, որ հայ ես

23.07.2018 15:48
1071

Ստամբուլի Սուրբ Երրորդության եկեղեցին 2018-ի Ճրագալույցին մարդաշատ էր: Եկեղեցու բակում լաց էր լինում մի քանի ամսական Միլան: Ի տարբերություն իր ծնողների՝ Ալիի եւ Ժասմինի, նա ծնվել եւ մեծանում է որպես հայ քրիստոնյա, եւ դեռ չի գիտակցում, թե ինչ յուրահատուկ ճակատագիր է բաժին ընկել իր ընտանիքին: 

Ինձ թվաց, որ ես ստացել եմ կարեւոր մի նամակ, որին վաղուց էի սպասում

Ալին ապրում էր Իզմիրում՝ թուրքական ընտանիքում, ուներ սեփական ընկերություն, ամուսնացած էր թրքուհու հետ, սակայն երբեք իրեն լիարժեք թուրք չէր զգում, կնոջը շարունակ բողոքում էր թուրքական բարքերից եւ մահմեդականությունից: 

Քառասունմեկ տարեկան էր, երբ հորական կողմի տատիկը մահից առաջ հավաքեց իր բոլոր երեխաներին եւ թոռներին՝ կարեւոր հայտարարություն անելու եւ ընտանեկան գաղտնիքը բացահայտելու համար: Ընտանիքի ավագի պատմածը շոկային էր ողջ ընտանիքի համար. «Ես ու Ձեր պապիկը ազգությամբ հայ ենք, մենք ստիպված էինք դա թաքցնել ողջ մնալու համար:» 

Մահից առաջ Ալիի տատիկն ուզում էր, որ իր ժառանգներն իմանան ճշմարտությունն իրենց ինքնության մասին: Ճշմարտությունը, սակայն, ընտանիքի ոչ բոլոր անդամների ուրախացրեց: Միակ բացառությունն Ալին էր: Սկզբում նա էլ մյուսների պես ցնցվեց, հետո խիստ զայրացավ, որ այսքան տարի իրենից գաղտնի են պահել իր ծագումը, իսկ վերջում նրան համակեց ուրախությունը: Զարմանալի էր՝ քառասուն տարի ապրելով թուրքական միջավայրում, իրեն երբեք թուրք չէր զգացել: 

Երբ իմացավ, որ մի մասով հայ է, միանգամից իր մեջ հայկականություն զգաց, ինչպես ինքն է ասում. «Ինձ թվաց, որ ես ստացել եմ կարեւոր մի նամակ, որին վաղուց էի սպասում»: Եվ սկսեց գնալ այդ «նամակի» հետքերով: Սկզբում փորձեց  բացահայտել իր ցեղի ծագումը: Պարզեց, որ իր արմատները սկիզբ են առնում Բիթլիսից, հետո նախնիները գաղթել են Բալիքեսիր եւ 60 հայ ընտանիքների հետ հիմնադրել Թաթլիսու գյուղը: Ալին զգում էր, որ ինքը հայ է, սակայն զգում էր նաեւ, որ հայի կյանքով չի ապրում ու հասկացավ, որ առաջին քրիստոնյա ազգի ներկայացուցիչը պետք է դավանի այդ կրոնը: Սկսեց Աստվածաշունչ կարդալ եւ ուսումնասիրել Հիսուսի կյանքը, հետո գնաց Կ.Պոլսի Հայոց պատրիարքարան: 

Այնտեղ նրան ջերմ ընդունեցին, սակայն պահանջվեց մեկ տարի եւ մեծ ջանքեր, որպեսզի Ալին եւ իր կինը պաշտոնապես դառնան Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ: Այդ մի տարվա ընթացքում Ալին շաբաթական երկու օր, կտրելով հարյուրավոր կիլոմետրեր, Իզմիրից հասնում էր Ստամբուլ՝ ներկա գտնվելու հայերենի դասերին եւ ամեն կիրակի պարտադիր մասնակցում էր պատարագին: 

Եթե ամուսինս հայ է, ուրեմն ես էլ եմ հայ

Հայ եւ քրիստոնյա դառնալու նրա որոշումն ընտանիքում բոլորը չէ, որ լավ ընդունեցին: Փոխարենը թրքուհի կինը՝ Ժասմինը, նրա կողքին էր եւ ամբողջությամբ աջակցում էր ամեն հարցում: Ալին ասում է, որ իր զարմիկների կանայք եւ ամուսիները թուրքեր են եւ չեն ընդունում հայերին: Զարմիկներն էլ վախենում են վերադառնալ իրենց արմատներին: Միայն զարմիկներից մեկի 21-ամյա աղջիկն է որոշել հետեւել Ալիի օրինակին: Կնոջ հարցում Ալիի բախտը բերել է, Ժասմինը ոչ միայն սիրով ընդունեց ամուսնու որոշումը, այլեւ ինքն էլ որոշեց քրիստոնյա դառնալ. «Եթե ամուսինս հայ է, ուրեմն ես էլ եմ հայ: Ցավում եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել հայ ազգի հետ: Ափսոսում նաեւ, որ ամբողջ այն ընթացքում, որ Ալին հաճախում էր Հայկական եկեղեցի, ես հղի էի եւ միշտ չէ, որ կարողանում էի միանալ նրան: Բայց, երբ նա վերադառնում էր տուն, միասին Աստվածաշունչ էինք կարդում»: 

Մահմեդական ընտանիքում ծնված թրքուհու քրիստոնյա դառնալու փաստը  Ժասմինի ընտանիքում նույնպես լավ չընդունեցին. «Հայրիկիս համար դա մեծ խնդիր է, նա չի հասկանում եւ չի ընդունում իմ որոշումը, մայրիկս ավելի հանդուրժող է, հարգում է իմ ընտրությունը»: 

Առհասարակ Ալիի եւ Ժասմինի համար հիմա բավականին վտանգավոր է Թուրքիայում: Ալին ասում է, որ վտանգն ամենուր է: Նրանց պարագայում վիճակն  ավելի սրված է, քանի որ չափահաս տարիքում Ալին գիտակցաբար նախընտրել է հայ լինել, հրաժարվելով թուրք լինելուց, իսկ Ժասմինն ընդհանրապես փոխել է կրոնն ու ազգությունը: «Մեզ համար հիմա Թուրքիայում շատ վտանգավոր է բայց ես վստահում եմ Ալիին, եւ հավատում եմ Հիսուսին: Հավատում եմ, որ Հիսուսը մեզ կօգնի, քանի որ մենք ճիշտ ճանապարհի վրա ենք, մենք բռնել քրիստոնյա դառնալու ուղին»:

«Հավատում եմ, որ Աստված մեզ կպահպանի»,- զրույցի ընթացքում այս խոսքերը Ժասմինը կրկնում է մի քանի անգամ: Ի դեպ, կարելի է ասել, որ հերոսների անունները մենք սխալ ենք նշում՝ գարնանը Ժասմինն ու Ալին մկրտվեցին, որից հետո ամուսնացան հայկական եկեղեցում՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանից ստանալով Արի եւ Հասմիկ անունները: 

Հասմիկը հպարտությամբ ասում է՝ պատահական չէ, որ եպիսկոպոս Մաշալյանը իր ամուսնուն տվեց Արի անունը, քանի որ Արին իսկապես շատ քաջ է:

Արին եւ Հասմիկն ասում են, որ հիմա մի նպատակը ունեն. տեղափոխվել Ստամբուլ եւ իրենց դստերը մեծացնել հայկական միջավայրում: Իզմիրում, ցավոք, այլեւս հայկական ընտանիքներ չկան, 1922 թվականին Իզմիրի (Զմյուռնիայի) հայերին եւ հույներին կոտորեցին այրեցին իրենց տներում եւ եկեղեցիներում: Սեպտեմբերին Միլան իր ծնողների պես կմկրտվի հայկական եկեղեցում, իսկ առաջիկայում Արին պատրաստվում է գալ Հայաստան՝ քաղաքացիություն ստանալու համար: Իսկ վերջնական նպատակն ու ամենամեծ երազանքն է տեղափոխվել Հայաստան՝ մշտական բնակության եւ աշխատել իր երկրի համար: 

Հասմիկն այս ընթացքում սովորում է եւ ծանոթանում է հայկական ավանդույթներին. «Շատ շնորհակալ ենք սրբազան Մաշալյանին, նա մեզ ծանոթացրեց եկեղեցի հաճախող հայերի հետ, եւ հիմա իմ հայ քույրերն ու եղբայրները ինձ շատ են օգնում, սովորեցնելով հայկական կենցաղը, - ասում է Հասմիկն ու հավելում,- մի օր բոլորս էլ մեռնելու ենք եւ մենք ուզում ենք մահանալ որպես հայ քրիստոնյաներ, իսկ դրա համար անհրաժեշտ է ապրել, որպես ճիշտ հայ քրիստոնյա»: 

Ինձնից գողացել էին հայ լինելու իմ իրավունքը

Արին եւ Հասմիկն իրենց խնդիրների մասին համեստորեն են խոսում, շատ թեթեւ ներկայացնելով այն բոլոր դժվարությունները, որոնց ամեն օր բախվում է իրենց ընտանիքը: Իրականում նրանց կյանքն ու այն նոր իրականությունը, որում իրենք ապրում են իրենց ընտրությամբ, ամենօրյա պայքար է: Հասարակությունը նրանց չի ընդունում, Իզմիրում հայեր չկան, միակ փրկության օղակը Ստամբուլի հայ եկեղեցական համայնքն է: Թուրքիայի տարբեր քաղաքներում Արիի պես հազարավոր հայեր կան՝ շատ ավելի շատ, քան մենք կարող ենք պատկերացնել: 

«Ինձնից գողացել էին հայ լինելու իմ իրավունքը, ուզում եմ, որ Միլայի միջոցով վերականգնվի արդարությունը: Նա պետք է հայ մեծանա»,- հանդարտությամբ նշում է Արին: 

Սոսսի Խանիկյան

Նկարներն՝ Արիի եւ Հասմիկի ընտանեկան արխիվից

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25