«Անլռելի Զանգակատուն» … 60 տարի անց

17.09.2019 12:36
6585

Խորհրդային Հայաստանի գրական ու մշակութային կյանքում հիշարժան իրադարձության տարի հանդիսացավ 1959 թվականը: Երկրի պետական հրատարակչությունը հրատարակեց Պարույր Ռաֆայելի Սեւակի   (Ղազարյան) «Անլռելի Զանգակատուն» պոեմը: Այն լույս տեսավ հինգ հազար օրինակ տպաքանակով եւ անմիջապես սպառվեց: Պոեմն աննախադեպ ոգեւորություն ծնեց ընթերցողների շրջանում: Բանաստեղծի անունն ու իր ստեղծագործությունը հայտնի դարձան հայրենաբնակ եւ սփյուռքի հայության ամենալայն շրջանում:

Մեծ էր «Անլռելի Զանգակատան» թողած ազդեցությունը հայ գրական մտքի եւ հասարակական-քաղաքական ընդհանուր տրամադրությունների ու հոգեվիճակի վրա:

Ակնհայտ  էր, որ «Զանգակատունը» նոր էջ էր բացել գրական եւ հասարակական մտքի տարեգրության մեջ: Ոգեւորությունն ու խանդավառությունը համակել էր շատ-շատերին՝ հասարակ քաղաքացիներից մինչեւ անվանի գործիչներն ու բարձր պաշտոնյաները:

«Անլռելի Զանգակատունը» հայտնություն էր ոչ միայն գրական-գեղարվեստական ձեւերի մշակման բացառիկ  վարպետությամբ, այլեւ ընտրված թեմայով ու թեմատիկայով:

Մեծ ու անմահ Կոմիտասը, հայ ժողովրդի ապրած խորագույն ողբերգությունը՝ Մեծ եղեռնը, հայոց ըմբռնող ոգու հերոսական դրսեւորումներն առաջին անգամ Խորհրդային Հայաստանում դարձել էին գրական մեծ կտավի նյութ: Կոմիտասյան թեման բանաստեղծը վաղուց ի վեր փորձել էր բանաստեղծականացնել տարբեր ձեւերով ու կերպերով: Դա բնածին սեր ու պաշտամունք էր Կոմիտաս անհատի եւ կոմիտասյան երգի ու երաժշտության հանդեպ:

Կոմիտասյան թեմայով այսպիսի մի մեծ ու աննախադեպ գործն անպայմանորեն պիտի ծնվեր. «Իմ ամբողջ կյանքում ես մտքիս  մեջ գրել եմ «Զանգակատունը», գրել եմ զանազան «ձեւերով»՝ իբրեւ վեպ, իբրեւ վիպակ, իբրեւ ուսումնասիրություն, իբրեւ հոդվածների շարք, իբրեւ ողբերգություն կամ դրամա, ես գիտեի, որ դա մի օր պիտի գրվի»  (Ա. Արիստակեսյան, Պարույ Սեւակ, Ե., 1984թ., էջ 143-144):Կոմիտասն «Անլռելի Զանգակատուն» պոեմի գլխավոր կերպարն է, խորհրդանիշը, հերոսը, որի միջոցով եւ որի շուրջ տեղի են ունենում հայոց պատմության մի ճակատագրական դարաշրջանի զարգացումների գրական-գեղարվեստական անդրադարձումներն ու վավերագրումները:

Կոմիտասը դառնում է այն կերպարը, որով ժողովուրդը հայտնաբերում ու հայտնագործում է ինքն իրեն՝ իր առօրյա կյանքն ու կենցաղը, երգն ու խոսքը, պատիվն ու պատգամը, խրատն ու  քարոզը, հերոսականությունն ու ողբերգությունը: Այդ առումով բնութագրական է բանաստեղծի  հետեւյալ դիտարկումը. «Ժողովուրդ կոչվածը,- ինչ խոսք, կույր չէ, բայց նա ինքնատես չէ ու չի էլ կարող լինել, քանի որ ժողովուրդը մի անձ չէ, որ կանգնի հայելու առջեւ եւ տեսնի իր կան ու չկան: Ժողովուրդն ինքն իրեն տեսնում է՝ նայելով իր այն զավակներին, որ սերել  են նրա ոսկրից ու ծուծից, կաղապարվել ըստ նրա հավաքական կերպարի ու ժառանգել ամենայն  ծնողականը: Ժողովուրդն է ստեղծում նրանց՝ ի  մի հավաքելով իր ամբողջ ցանուցիր բազմանիստությունը, բայց հենց որ ծնեց՝ ինքը ժողովուրդն էլ լուսավորվում է այդ բազմանիստի ներքին ճառագումից: Այս վերառումով էլ՝ ոչ միայն ժողովուրդն է նրանց ծնում, այլեւ նրանք են ժողովուրդ վերածնում» (նույն տեղում, էջ 151): Ասված է առավել քան համոզիչ ու սպառիչ կեչպով:

Կոմիտասի կերպարը Պ. Սեւակը ներկայացրել է նախեւառաջ սույն կողմով՝ ոչ միայն ժողովուրդն է նրան ծնել, այլեւ նա է ժողովուրդ վերածնել իր գյուտով եւ հայտնագործությամբ: Հանճարեղ երգահանի կերպարը եղավ այն հենքն ու պատվանդանը, որի վրա հենվելով բանաստեղծը գեղարվեստի սքանչելի ուժով ներկայացրեց  մի ողջ ժողովրդի գրեթե մեկդարյա պատմության հավաքական համայնապատկերը:

«Անլռելի Զանգակատուն» պոեմի հրատարակությունը որպես ոչ շարքային երեւույթ ընկալվեց հայ գրական-քննադատական մտքի կողմից եւ այդպես է ընկալվում մինչեւ օրս: Պ. Սեւակի պոեմին  առաջինն արձագանքեց «Գրական թերթը», որի 1959 թվականի դեկտեմբերյան համարում «Գրողի վեհ կոչումը» վերնագրով խմբագրական հոդվածը տպագրվեց նաեւ «Սովետական գրականություն» ամսագրում: Գրական այդ առաջին արձագանքին հետեւեցին գրականագետ Սուրեն Աղաբաբյանի «Ոգեւորություն եւ վարպետություն», գրող Վահագն Դավթյանի «Հայրենաշունչ պոեմ» գրախոսականները : Այնուհետեւ հոդվածներով հանդես եկան այլ անվանի գրողներ ու գրականագետներ, այդ թվում՝ Ս. Սարինյանը, Հր. Թամրազյանը, Գ. Մահարին, Էդ. Ջրբաշյանը, Վ. Սաֆարյանը, Ե. Պետրոսյանը, Վ. Առաքելյանը եւ ուրիշներ:

Ջերմ ու ոգեւորիչ արձագանքներ եղան նաեւ ու հատկապես սփյուռքում: Այնտեղ լույս տեսնող ազդեցիկ պարբերականներից՝  «Պայքարում» գրախոսն այսպես արձագանքեց. «Ամեն հայ՝ մեր զարհուրելիորեն խոշտանգւած երկու միլիօն նահատակներուն ձոնւած այս երախտիքի կոթողը պիտի իր ծոցում պահի, իր սրտին վրա, իսկ գիշերները իր բարձին տակ, որպէս նոր Նարեկ, որպէսզի չմոռնա զարհուրելի եղեռնը… եւ հայ դատի  «պաշտպան» մեղապարտ պետութիւնները» («Պայքար», 2 մարտի, 1960թ.): 

«Անլռելի Զանգակատունը» հաղթանակ էր, մեծ,  փայլուն հաղթանակ: Այն Պ. Սեւակի անունը միանգամից կտրեց իր սերնդի բանաստեղծների շղթայից եւ մեկընդմիշտ առաջ մղեց : Այն հաղթանակ էր, ոչ միայն գրական առումներով  ու չափանիշներով, այլեւ պատմական:

Հաղթանակ՝ ընդդեմ պատմության կեղծարարների, ընդդեմ պատմության մոռացության, հանուն պատմական հիշողության վերականգման:

«Անլռելի Զանգակատունը» նոր խթան, ազդակ ու լիցքեր հաղորդեց հայ դատի, հայկական պահանջատիրության համար մղվող աննահանջ ու անուրանալի պայքարին ողջ մոլորակով մեկ, որտեղ հայություն ու հայ ոգի, հայ միտք ու սիրտ  կար:

«Անլռելի Զանգակատան» հայտնությունը սխրալից էջ եղավ ոչ միայն հայ գրականության, այլեւ հենց հայոց պատմության տարեգրության մեջ:

Բանաստեղծն իր կերպարով ու ճակատագրով եւս ներկա ու մասնակից է «Զանգակատան» ծիրում:

Սեւակ անհատը, Սեւակ բանաստեղծն իր գիտակցական ողջ կյանքի ընթացքում հոգեկան սերտ աղերսներ ունեցավ, հոգեւոր զուգահեռ տարածության վրա եղավ անմահանուն Կոմիտասի հետ: Մեծապես ազդվելով Կոմիտասյան աննման երգից, ապրելով Կոմիտաս-անհատի անձի եւ գործի  ներդաշնակ վեհությամբ, Սեւակը հայտնագործեց հայության ճշմարտացի ու ամբողջական ոգին ու ոճը:

Կոմիտա՛ս եւ Պարույր Սեւա՛կ…

Կան անհատներ, որոնք ժողովուրդների պատմության մեջ հայտնվում են նրա ճակատագրական պահերին միայն:

Ու՜շ- ու՜շ են գալիս, բայց ճիշտ ժամանակին….

Կոմիտասն ու Սեւակը ճիշտ այդպիսի անհատներ են եւ հայոց պատմական տարեգրության մեջ ընդմիշտ ունենալու են իրենց հավերժական ներկայությունը:

Նրանք գործել են միմյանցից զգալի պատմական հեռավորություն ընդգրկող տարբեր ժամանակաշրջաններում՝ Կոմիտասը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին, Սեւակը՝ 20-րդ հարյուրամյակի կեսերին:

Սակայն նրանց՝ մեր ժողովրդի երկու մեծ այրերի ճակատագրերը սերտորեն միահյուսված են ընդհանրականորեն բնորոշ մի շարք գծերով:

Երկուսն էլ հուզախռով եւ ողբերգական ճակատագիր ունեցան: Նրանք հայրենի երկրի եւ ժողովրդի լավագույն ապագայի համար մաքառեցին անմնացորդ նվիրումով՝ մինչեւ իրենց կյանքի վերջին ակնթարթը:

Երկու մեծ այրեր, որոնք աշխարհ էին եկել իրենց ժողովրդի ոգու եւ երազների արդար պահանջով, եկել էին կանգնելու ժողովրդական ընդվզման եւ արդարության համար պայքարի առաջին շարքերում:

Եվ եթե Կոմիտասը հայրենի ժողովրդի համար հրաշքներ կերտեց հնչյուններով, ապա Սեւակը  ժողովրդին հիացրեց խոսքի արվեստի իր բացառիկ տաղանդով:

Եթե Կոմիտասը 19-րդ դարավերջին եւ 20-րդի սկզբին երգով եւ երաժշտությամբ փորձեց զարթնեցնել հայության ազգային արժանապատվության նիրհող ոգին, ապա Պարույր Սեւակը 20-րդ դարակեսին բոցաշունչ բանաստեղծական խոսքով  զգաստության կոչեց ապրողաց՝ իր հայրենակիցներին:

Հզոր ու մեծ շնչի, կրքի ու թափի այրեր էին Կոմիտասն  ու Սեւակը, որոնց կատարած սխրանքն անանձնական էր ու վսեմ: Լույսի դաշնակիցներն էին նրանք, լույսով էր ողողված նրանց հոգին եւ լույս էին բերում իրենց ժողովրդին:

Կոմիտաս-Սեւակ եւ «Անլռելի Զանգակատու՜ն» …Հայ ժողովրդի դժբախտ, անագորույն ճակատագիրը  եղավ հենց նրանց ճակատագիրը:

Նրանք ասպարեզ ելան իրենց ժամանակի եւ ժողովրդի այրող թելադրականների կամքով ու կանչով, դառնալով ժողովրդական ոգու ընտրյալները ո՛չ թե կառավարական, իշխանական  կամ որեւէ այլ խորհուրդների որոշումներով, ոչ թե որեւէ  հրամանագրով ու ակտով, այլ բնության մի վերին խորհրդով:

Հերոսությու՜ն եւ ողբերգությո՛ւն: Միառժամանա՛կ, կողք-կողքի՝ զուգահեռի՜ վրա:

Այդպիսին է նրանց կյանքն ու գործը: Այդպես են նրանք մխրճվում ազգի  եւ ժողովրդի  պատմության խորքերը, հավերժանում սերունդների մշտարթուն հիշողության մեջ:

Վաթսուն տարի անց  «Անլռելի Զանգակատունը»  շարունակում է մնալ նույպես եւ նույնքան արդիական, որքան հեռավոր 1959-ին, երբ այն առաջին անգամ լույս աշխարհ եկավ: «Զանգակատունը»  շարունակում է կրթել ու դաստիարակել հայ դպրոցականների եւ ուսանողների միտքն ու հոգին, մշակել ու արմատավորել ազգային կամք ու մտածողություն, ձեւավորել ազգաշունչ մթնոլորտ ու միջավայր, ազգային տեսլական:

Բարձր, շատ բարձր է  «Անլռելի Զանգակատան» ղողանջը, քանզի այն հայ մարդուն, հայ ոգու  կրողին լսելի է աշխարհի բոլոր ծայրերում...   

Արմեն Կարապետյան 

Պատմական գիտւթյունների թեկնածու,

հրապարակախոս, ՀՀ լրագրողների

միության անդամ,ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող                                           

Անպտղության հաղթահարման ծրագրով այս տարի 486 երեխա է ծնվել, նրանցից 25-ը` զոհված զինծառայողի ընտանիքում. Անահիտ Ավանեսյան

24.12.2024 16:19

Էրդողանը և Ալիևը քննարկել են հայ - ադրբեջանական կարգավորման գործընթացը

24.12.2024 16:14

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

24.12.2024 15:30

Իսրայելը ստանձնել է Թեհրանում «Համաս»-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության պատասխանատվությունը

24.12.2024 14:11

Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ դեմ առ դեմ բանավեճի. Հայկ Դեմոյան

24.12.2024 14:07

Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին կամ դատերին. Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ նախկին նախագահներին

24.12.2024 12:33

Աշխատանքային 8 ժամը դարձնել 7, բայց նույնը թողնել աշխատավարձը. Սոցապ նախարարության առաջարկը

24.12.2024 12:25

Իրանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագիրը. Օվերչուկ

24.12.2024 12:19

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՀՀ առաջին նախագահի գրասենյակ

24.12.2024 12:14

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից նույնպես պատասխանել են Փաշինյանին

24.12.2024 12:04

Խորհուրդ ենք տալիս նրան բանավիճել համանախագահ երկրների նախագահների հետ, ովքեր 5 անգամ հայտարարել են՝ որ սկզբունքների հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը․ ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակ

24.12.2024 12:01

Հնդկաստան-Իրան-Հայաստան եռակողմ հարաբերությունները կարող են վճռորոշ լինել նրանց տնտեսական զարգացման համար

24.12.2024 11:57