– Պարոն Կարախանյան, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումն ինչո՞վ եք պայմանավորում, և ի՞նչ զարգացումներ են հնարավոր առաջիկայում։
– Շատերի համար անհասկանալի իրավիճակ է։ Մարդիկ մի բան են ուզում պարզել՝ գործը զուտ հուզակա՞ն դաշտում է, քաղաքական պրոպագանդայի գործի՞ք է, թե՞ լուրջ հետևողական աշխատանք է տարվում ընդհանուր կոռուպցիայի, պետական հանցագործությունների դեմ պայքարում։ Մոսկվան հստակ ասում է՝ վերականգնում եք օրինականությունը՝ պայքարեք օրինականության շրջանակներում։ Բայց դա վերածվում է հուզական պոռթկումների, հիմա նպատակը պոռթկումնե՞րն են, թե՞ ազգային անկախ, օրինական պետականություն ստեղծելը։
Այս խառնաշփոթ իրավիճակի վերջը պետք է տալ։ Ազգային ժողովն անհասկանալի, հիբրիդային աննորմալ կենդանի է՝ տարբեր գլուխներից բաղկացած. այդ իրավիճակում այսօրվա մարտահրավերներին Հայաստանը չի կարող պատասխանել։ Կադրային նման կազմով հնարավոր չէ, պետք է շատ արագ հստակ բեկումնային փոփոխություններ իրականացնել, բայց այս կազմով, այս Ազգային ժողովով, այս ընդունակություններով, չունենալով արտաքին հարաբերությունների կոնցեպցիաներ՝ հնարավոր չէ։ Մենք այսպես գնում ենք փակուղի ու ժողովրդին կարող ենք կոտրել։ Այս ամեն ինչը շատ լավ է, բայց պետք է ուղեկցվի կոնկրետ ու կոնստրուկտիվ աշխատանքներով։ Արտաքին ուժերը՝ նաև Ռուսաստանի տեսակետից կարող եմ ասել, անընդհատ չեն հասկանալու, թե ինչ է կատարվում։ Հայաստանի պաշտպանության նախարարը Մոսկվայում էր, շատ դրական համագործակցություն եղավ, բայց ընդհանուր առմամբ այսպես իրավիճակը պահել չի կարելի։ Բռնեցին, բաց թողեցին, հիմա հասկանանք՝ մարդիկ ասում են՝ տարբեր պայմանավորվածություններ ունեք. ինչո՞ւ Սերժ Սարգսյանի մասին խոսք չկա, հետ գնացեք Հայաստանի թալանչիների ցուցակը նայեք։ Հարցնում են՝ ի՞նչ եք անում, ինչո՞վ եք զբաղված, անընդհատ չես կարող միտինգ անել, գոռալ, ճվճվալ։ Երիտասարդների համար գուցե լավ են այս հուզական դրսևորումները, բայց այդպես չի կարող շարունակվել։ Ասում են՝ արտակարգ երիտասարդին նշանակում ենք այսինչ տեղը, իսկ հետո ի՞նչ են անելու։ Եթե դու քայլ չես անում, կանգնում ես, դանդաղում ես, դու պարտվում ես, չի կարելի, պետք է անընդհատ առաջ գնաս, առավել ևս՝ Հայաստանի այսօրվա իրավիճակում։
– Կարծում եք՝ միայն ներքի՞ն տիրույթում պետք է դիտարկենք Քոչարյանի ազատ արձակումը, թե՞ նաև կար արտաքին՝ մասնավորապես Մոսկվայի միջամտությունը։
– Ռուսաստանի ղեկավարությունը չի ասում՝ բաց թողեք Քոչարյանին կամ ինչո՞ւ եք բաց թողել։ Մենք անընդհատ ինչ-որ հակաքարոզչությամբ ենք զբաղվում։ Ռուսաստանի իշխանությունն ասում է՝ խնդիր չկա, հաստատեք օրինականություն, ձեզ ով է ասել ՝մի արեք։ Ուղղակի Ռուսաստանի իշխանությունն ուզում է հասկանալ՝ օրինականությո՞ւն է, թե՞ ինչ։ Այսինքն՝ ռեալ օրինականությո՞ւն է, օրենքներով ապացուցո՞ւմ եք, թե՞ ոչ։ Նայենք առաջին դեմքերի տեսակետին. մարդիկ ասում են՝ հանցագործություն կա, ձեր օրենքներով լուծեք, իրենք կարող է ներքին քննարկումներ անեն, բայց չեն զանգում այս դատախազին ու այն քննիչին ասում՝ Վալոդին բռնել եք, բաց թողեք։ Իսկ մարդիկ Հայաստանում ահա այսպես են մտածում, բայց բացարձակ նման բան չկա։ Ռուսաստանի իշխանություններն ուզում են ճշտել՝ ընդհանրապես ինչ է կատարվում այդտեղ՝ ուրիշ ոչինչ։ Հայաստանի հեռ ռազմական կարևոր համագործակցություն է նախատեսվում, իսկ այդտեղ հիմա այսպիսի իրավիճակ է։ Հակաքարոզչություն է գնում, ասում են՝ հասկանում ենք՝ բնական է, կան արևմտյան կենտրոններ, ֆոնդեր, աշխատանքներ, կան զանգվածային լրատվական միջոցներ, որոնք այդ դաշտում աշխատում են։ Բայց երբ դեմագոգիայի է վերածվում այդ ամենը, գործնական արդյունքներ չկան՝ այստեղ այս նոնսենսն է։ Ռուսաստանից որևէ ճնշում չկա, ուղղակի երբ Ռուսաստանն ինչ-որ բառ է ասում, դա ընդունվում է որպես ճնշում, բայց այդպես չէ։
– Լավրովը բավականին խիստ արձագանքեց Քոչարյանի ձերբակալությանը, և այդ պատճառով էլ տեսակետ կա, որ այնքան էլ Մոսկվայի «սրտով» չէր նրա անազատության մեջ մնալը։
– Մոսկվայի սրտի հարց չկա։ Հարցն այն է, որ աշխատել են մարդկանց հետ, այսօրվա դրությամբ ուզում են հասկանալ՝ կա՞ իրական օրինական հիմք, ու ընդհանրապես՝ ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Բայց այնպես չէ, որ ասում են՝ Քոչարյանին կամ Պետրոսին բռնեք կամ մի բռնեք։ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանում իրավիճակը գնա օրինականության դաշտ ու ունենա կանխատեսելի գործընկեր։Նրանք մտածում են, որ այս իրավիճակում Հայաստանը դառնում է անկանխատեսելի գործընկեր ու խուլիգան երկիր։ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալն ասաց՝ ի՞նչ խնդիր կա, օրինականության հաստատո՞ւմ է տեղի ունենում հանրապետությունում, արեք ձեր օրինականությունը։ Իսկ Հայաստանում ամեն մի հասարակ իրավիճակ վերածվում է Ռուսաստանի դեմ հակաքարոզչության. սա է միակ խնդիրը։ Ռուսաստանն այս բռնոցի-բաց թողոցին չի հասկանում, լուրջ տպավորություն չեք թողնում։ Իրավական համակարգը պետք է մաքրել, Հայաստանը թող մաքրի այդ համակարգը, գա իրավական դաշտ ու այդ իրավիճակում վերականգնի օրինականությունն ու համակարգային մոտեցումները։ Այսօրվա դրությամբ, դժբախտաբար, չկան հստակ կանոններ, միայն ժողովրդի պոռթկումներ են, բայց սրանք Հայաստանի ներքին հարցերն են, իսկ այս անկայունությունը Ռուսաստանին վանում է, որովհետև Մոսկվան ունի իր շահերը տարածաշրջանում։
Հայաստանը պետք է իրեն դրսևորի որպես կայուն, իր ազգային շահերը պաշտպանող երկիր։ Մաքրում ենք Ազգային ժողովը, իրավապահ համակարգը, վերականգնում ենք օրինականությունը, առողջացնում տնտեսական իրավիճակը ներսում։
Այսպես ո՛չ Մարտի մեկ, ո՛չ Հոկտեմբերի 27 կբացահայտենք, ոչ էլ գումարներ կկարողանանք հետ բերել։ Բայց այս ամենին ուշադիր հետևելու փոխարեն՝ զբաղված ենք հուզական քարոզչական խաղերով. շատ վատ տենդենցներ են սկսվում, ու մեզ ասում են՝ ընկերներ, սա խաղ է, մեծ պայմանավորվածության շրջանակում՝ մեր գլուխը մի հարդուկեք։ Դժբախտություն կլինի, եթե այդ մարդիկ ճիշտ դուրս գան։