«Անում ենք եւ անելու ենք հնարավոր ամեն բան, որ հանրության վստահությունն արդարանա եւ ամրապնդվի»

16.02.2017 17:24
4054

«Առավոտ»-ը զրուցել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ


- Պարոն Հակոբյան, արդեն լրացել է Ձեր պաշտոնավարման 100 օրը: Համարվում է, որ սա մի շրջան է, երբ նոր պաշտոնյան լիարժեք տիրապետում է իր առջեւ դրված խնդիրներին եւ ունի դրանց լուծման ծրագրեր: Դուք ի՞նչ խնդիրներ եք արձանագրել եւ ի՞նչ լուծումներ եք պատկերացնում:

- Ճիշտ նկատեցիք, ես ընդամենը 100 օր եմ մարզպետի պաշտոնում, բայց պետք է ասեմ, որ մարզի խնդիրներին վաղուց եմ ծանոթ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատելիս ես ոչ միայն մոտիկից ծանոթ եմ եղել Սյունիքի մարզի խնդիրներին, այլեւ այդ ժամանակվանից մինչ օրս իմ գործընկերների հետ համատեղ մարզի եւ առանձին համայնքների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը միտված բազմաթիվ ծրագրեր եմ առաջ քաշել եւ իրականացրել: Այնպես որ, մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո մարզի առանցքային խնդիրներին ծանոթանալն առանձնակի մեծ ջանքեր չպահանջեց:

- Այս փուլում ի՞նչ բարեփոխումներ են իրականացվում մարզում: Ի՞նչ առաջնահերթ քայլեր եք պլանավորում:

- Ծրագրերը բազմաթիվ են, իսկ բարեփոխումների վեկտորը մեկն է՝ հասնել նրան, որ պետական եւ համայնքային միջոցներն արդյունավետ տնօրինվեն, որպեսզի հանրային, սոցիալական ծառայությունները հասանելի լինեն մարզի բնակչությանը: Ինչ վերաբերում է իրականացված բարեփոխումներին, կարող եմ հպարտությամբ նշել, որ այս գործում մենակ չեմ եղել: Մարզպետ նշանակվելուս առաջին իսկ օրվանից զանգեր եմ ստանում մարդկանցից, ում հետ ճանապարհ եմ անցել, ընկերներիցս, բազմաթիվ մտահոգ անձանցից, ովքեր մարզում առկա խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամություն էին հայտնում: Հենց այդ ժամանակ էլ ծագեց «Սյունիքի զարգացման եւ ներդրումների» հիմնադրամ ստեղծելու գաղափարը, որի նպատակն է աջակցել մարզում առկա սոցիալական խնդիրների լուծմանը եւ օժանդակել տեղական բիզնեսի զարգացմանը: Հատկապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը մշտապես առաջնորդվում է բիզնեսի սոցիալական պատասխանատվության սկզբունքով, առաջին իսկ օրվանից կանգնեց հիմնադրամի կողքին:

Իրականացվող քայլերի վերաբերյալ էլ ասեմ, որ շատ կարճ՝ ընդամենը մեկ ամսվա գործունեության ընթացքում արդեն իսկ լուրջ աշխատանքներ են կատարվել: Հիմնադրամի միջոցներով վճարվել է 2012 թվականի սերմացուների պարտքը, իսկ ընթացիկ տարում պլանավորվում է վճարել 2013 թվականի պարտքը:

Հիմնադրամն իրականացնում է Կապանի հասարակական տրանսպորտի գնի սուբսիդավորում, եւ 70 դրամի փոխարեն քաղաքացին վճարում է 50 դրամ: Հիմնադրամի միջոցներով կարգավորվում է ջրամատակարարման խնդիրներ ունեցող համայնքների հարցը: Տեղադրվում է հատուկ ձնապաշտպան ցանց Սիսիան-Գորիս ճանապարհի վրա, ինչը թույլ կտա հնարավորինս անցանելի պահել ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից: Հիմնադրամի միջոցներով ֆինանսական աջակցություն է տրամադրվում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին: Ի դեպ, այս պահին վավերագրական ֆիլմ է նկարահանվում ապրիլյան պատերազմում զոհված սյունեցիների մասին: Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի եւ Գորիսի պետական համալսարանի գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար կրթաթոշակ է սահմանվել: Աջակցություն է ցուցաբերվում տեղական բիզնեսին։ Ուսումնասիրություններ են սկսվել Կապան քաղաքի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ: Գյուղացիներին օժանդակելու նպատակով ծրագրում ենք Մեղրիում հիմնել սառնարանային տնտեսություն, ինչը կթեթեւացնի գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրները: Սիսիան եւ Տեղ համայնքներում ստեղծելու ենք գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի պարկեր, որի արդյունքում կբարձրանա հողերի մշակման արդյունավետությունը: Հիմնում ենք այգիներ, արտադրամասեր: Մեր կողմից իրականացվելիք ծրագրերը բազմաթիվ են, եւ այն իրողությունը, որ մեր աշխատանքն ակնհայտ դրական արդյունքներ է տալիս, վստահություն եւ լավատեսություն է ներշնչում:

- Այսօր գործազրկությունն առավել ցավոտ խնդիրներից է, եւ չնայած Սյունիքի մարզում կան բազմաթիվ ձեռնարկություններ, բայց այնտեղ էլ զբաղվածությունը լուրջ խնդիր է: Ի՞նչ եք նախատեսում անել այս ուղղությամբ:

- Աշխատատեղերի ստեղծմանը նպաստում է բիզնեսի զարգացումը, որի մասին քիչ առաջ խոսում էի: Կարեւոր պիլոտային ծրագիր ենք սկսել «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» եւ մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Սիսիանի, Գորիսի, Կապանի եւ Մեղրու 4 դպրոցներում ստեղծում ենք ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած զբաղվածության կենտրոններ, որոնցում ներգրավված բարձրակարգ մասնագետներն աշխատելու են մի քանի տասնյակ ընտանիքների հետ: Ուսուցանվելու են խոհարարություն, օտար լեզուներ, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացման հմտություններ։ Մարզում զբոսաշրջության զարգացման նպատակով նախատեսվում է վերանորոգել ծրագրում ներգրավված ընտանիքների տները, որը հնարավորություն կտա այդ ընտանիքներին իրենց տներում հյուրընկալել զբոսաշրջիկների եւ աշխարհում ընդունված B&B (bed and breakfast) ծառայություն մատուցել: Սա կանոնավոր եկամտի լավ աղբյուր կարող է դառնալ:

Ստեղծելու ենք եւ գյուղացիներին օգնելու ենք ստեղծել ջերմոցներ, բարելավել արտադրությունը եւ ամենակարեւորը՝ աջակցելու ենք արտադրանքի իրացմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ կարողանան իրենց աշխատանքով հոգալ սեփական կարիքները: Մեր պատկերացմամբ՝ սա օգնության լավագույն տարբերակն է եւ էապես կնպաստի մարզում զբաղվածության մակարդակի աճին: Մի կարեւոր բան էլ. հաշվի առնելով քաղաքացիների, տվյալ դեպքում մեր մարզի բնակիչների իրավունքների լիարժեք իրացման եւ պաշտպանության խնդիրը՝ հիմա քննարկում ենք եւ մոտ ժամանակներս գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ պետք է ներդնենք, այսպես կոչված, «իրավական կլինիկաների» գաղափարը, որտեղ յուրաքանչյուրը կարող է ստանալ անվճար առաջնային իրավաբանական օգնություն՝ սկսած պետական մարմիններին հասցեագրվող դիմումների շարադրանքից, մինչեւ դատական վերահսկողության դիմելը:

- Ձեր նշանակումից հետո ամենաաղմկահարույցը, հավանաբար, կադրային որոշումներն էին, մասնավորապես՝ առողջապահության ոլորտում: Ո՞րն է Ձեր մոտեցումը:

- Արդեն ասացի, որ մենք առաջնահերթ ենք համարում եղած միջոցների արդյունավետ տնօրինումը: Հայտնի է, որ սուղ նյութական ռեսուրսների պարագայում արդյունավետ եւ ազնիվ կառավարումը առավել կարեւոր է, իսկ եղած կադրային փոփոխություններն արվել են բացառապես այդ նպատակով: Չկա՛ անձնավորված մոտեցում, չկա՛ն այլ հանգամանքներ: Նպատակը մեկն է՝ բացառել աննորմալ միջադեպերը եւ վերականգնել հասարակության վստահությունը մարզի բժշկական հաստատությունների նկատմամբ: Առողջապահական ծառայությունները պետք է հասանելի լինեն մարզի բնակիչներին ժամանակին եւ պատշաճ մակարդակով: Պետք է մատուցվի որակյալ մասնագիտական ծառայություն, քանի որ գործ ունենք մարդկային կյանքի, առողջության հետ: Թերացումներն այս ոլորտում հաճախ անդառնալի հետեւանքներ են ունենում, ինչը պարզապես անթույլատրելի է: Որոշ մարդիկ թյուրիմացաբար կարծում էին, թե իրենց, մեղմ ասած, բացթողումները, մասնագիտական ու կառավարչական թերացումները անտեսվելու ու կոծկվելու են: Նրանք, հավանաբար, մոռանում են, որ Հիպոկրատի երդում են տվել ոչ թե աթոռից կառչած մնալու, այլ իրենց մասնագիտական պարտքը հավուր պատշաճի կատարելու համար: Մի բան հստակ է. թերացումներ չեմ հանդուրժելու՝ հատկապես առողջապահության ոլորտում:

- Մի պահ աղմուկ էր բարձրացել՝ կապված Գորիսում հացի թանկացման հետ: Ճի՞շտ է, որ գները կարգավորվել են Ձեր միջամտությունից հետո:

- Անձամբ ես համարում եմ, որ որեւէ մեկի բիզնեսին միջամտել չի կարելի: Հունվարի սկզբին տեղեկություն ստացանք, որ Գորիս քաղաքում հացը թանկացել է 20-40 դրամով։ Հաջորդ օրը մենք հանդիպեցինք Գորիսում հացի արտադրությամբ զբաղվող բոլոր գործարարների հետ: Քննարկման արդյունքում նույն օրը վերականգնվեց նախկին գինը: Ի դեպ, ասեմ, որ առաջիկա 1 ամսվա ընթացքում Կապան քաղաքում մեր գործընկեր մասնավոր ձեռնարկատիրոջ կողմից կգործարկվի լիովին նոր, գերմանական ժամանակակից սարքավորումներով հագեցած ալրաղաց, ինչը եւս իր ազդեցությունը կունենա մարզի հացամթերքի շուկայի զարգացման վրա:

- Եվ վերջում Հանրապետական կուսակցության մասին: Ի՞նչ եք կարծում՝ առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ին կհաջողվի՞ Սյունիքում ստանալ վստահության բարձր քվե:

- Հասարակությունն իր գնահատականը կտա: Այո, վստահ եմ, որ Հանրապետական կուսակցությունը Սյունիքի մարզում բարձր ցուցանիշ է գրանցելու: Համոզված եմ, որ եթե, իսկապես, ազնիվ եւ լավ ես կատարում աշխատանքդ, ապա արժանանում ես բարձր գնահատականի եւ վստահության: Մեր թիմի աշխատանքի լավագույն գնահատականն այս փուլում այն է, որ մարզում Հայաստանի հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար վերջին ամսում ավելի քան 5000 դիմում ենք ստացել, որոնք ուսումնասիրության փուլում են: Մարդիկ տեսնում եւ ընդունում են փոփոխությունները, ուզում են դրանց մասնակիցը դառնալ: Սա մեր թիմի հանդեպ վստահության դրսեւորում է, ինչն, անխոս, ոգեւորիչ, բայց միեւնույն ժամանակ խիստ պարտավորեցնող է: Մենք անում ենք եւ անելու ենք հնարավոր ամեն բան այս վստահությունն արդարացնելու եւ ամրապնդելու համար:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» 11.02.2017թ.

Հայաստանի և Իրանի ժողովուրդների միջև մշակութային խոր կապեր կան. Իրանի դեսպան

23.12.2024 23:31

Նախկին նախագահներին կոչ եմ անում, ևս մեկ անգամ մտածել բանավեճի մասին. Փաշինյանը տեսաուղերձով է հանդես եկել

23.12.2024 23:22

Կայացավ քաղաքացիների տարեվերջյան ընդունելությունը

23.12.2024 21:34

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

23.12.2024 20:08

1994 թվականից ի վեր բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ Նիկոլ Փաշինյան

23.12.2024 19:54

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25